«Այսպես սպաննեցինք»
ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ
Ստամբուլից գրողնե՞ր, թե՞ լրագրողներ են եկել Երևան, մեկը՝ Յլտըզ Գյունեյը, տեսնելով, որ քիչումիչ թուրքերեն գիտեմ, ուզում է հետս առանձին զրուցել, իր ասելով՝ մեր երկու ժողովուրդների հարյուր տարվա թնջուկը հարթել: Այնպես էլ է խոսում, որ մարդ չի հասկանում, թո՞ւրք է, թե՞ քուրդ:
– Որտեղացի՞ ես,- համենայնդեպս զգուշանում եմ ես:
Կարո՞ղ է պապը Ակնի մեր կողմերում…
– Ինքս Ստամբուլում եմ ծնվել, մեծացել,- ասում է,- բայց նախնիներս Ուրֆայից, պատմական Եդեսիայից են: – Թուրքիայում այդպիսի քաղաք կա, լսե՞լ ես:
– Ինչպե՞ս չեմ լսել,- զարմանում եմ,- Հայաստանում Նոր Եդեսիա բնակավայր ունենք:
Հիմա էլ Յլտըզն է զարմանում:
– Անհնարին է,- ասում է,- մինչև աչքովս չտեսնեմ, չեմ հավատա:
***
Քաղաքը Հայաստանից հեռու, բայց հայկական էր: Ասում էին՝ այն հիմնել է Տիգրան աշխարհակալ արքան, Մեսրոպ Մաշտոցն այնտեղ է հայոց այբուբենն արարել: Հայերը պատմական Եդեսիայում, թուրքերի՝ Ուրֆա վերանվանած ոստանում ի սկզբանե զբաղվում էին գեղեցիկ ձեռարվեստներով՝ քարակոփությամբ, բրուտագործությամբ և, իհարկե, ասեղնագործությամբ: 1895 թ. նախճիրից հետո, սակայն, նաև թաքուն Րաֆֆու «Խենթն» էին կարդում, զենք գնում, զինվում:
1915-ն արդեն սկսվել, Պոլսի մտավորականությունը ձերբակալվել էր, բայց Ուրֆայի հայությունը դեռ չգիտեր, թե ինչո՞ւ են ոստիկաններն իրենց տները խուզարկում, զենք որոնում, ինչո՞ւ մի օրում՝ նույն օրը զորակոչեցին 1500 զինապարտ հայ երիտասարդներին, ո՞ւր տարան թեմի առաջնորդին՝ Արտավազդ վարդապետ Գալենտերյանին, ում այլևս ոչ ոք չտեսավ:
Իմացան, երբ մի օր…
ԿԱՐԵՆ ԷՓՓԷ (դանիացի միսիոներուհի).- «Մի օր էլ տարագիրների քարավաններ հասան Ուրֆա: Զեյթունցիներ էին: Մեր հարցմանը պատասխանեցին, որ նախ խաբել, զենքերը հավաքել, հետո տղամարդկանց խողխողել, կանանց, երեխաներին ու անզոր ծերունիներին տեղահանել են: Ո՞ւր են քշելու իրենց՝ չգիտեն…»:
ԲՐՈՒՆՈ ԷՔԱՐՏ (գերմանացի գործարար) .- «Պատառոտված հագուստներով, հիվանդ, անասելի տխուր զեյթունցի կանանց թշվառությունը սարսափելի էր, նրանց հոգնած աչքերում բույն էր դրել բութ վախն ու հուսահատությունը: Շատերը տառապում էին անտանելի սովից: Նրանց պատմությունները սահմռկեցուցիչ էին: Զինվոր-ոստիկանները ճանապարհին անխնա, ինչքան ուժ ունեցել, տրորել էին ոտքերով, քրդերը կողոպտել, պիղծ կտտանքների էին ենթարկել: Սաստիկ հոգնածության պատճառով շատերը ուժասպառ ընկած մնացել էին ճանապարհին: Ոչ ոք ապահովված չէր կողոպտվելուց ու վատթարից»:
Գիշերը հայոց ազգային քաղաքական ժողովը առաջնորդարանում խորհրդակցություն հրավիրեց: Բոլորը նույն կարծիքին էին՝ իրենք ուրֆացի են, զենքերը պիտի չհանձնեն, բռնագաղթի հրամանին չանսան: Որոշումը վերջնական, վճռական դարձավ, երբ հաջորդ օրը քաղաք վերադարձան 1500 զորակոչիկներից երկուսը՝ Սարգիս ու Գրիգոր Տարաղճյանները: Խոսել կարողանում էր միայն Սարգիսը: Նա էլ պատմեց.
ՍԱՐԳԻՍ ՏԱՐԱՂՃՅԱՆ (զորակոչիկ).- «Մեզ ոտքով Ուրֆայից երկու ժամ հեռու տարան, լցրին Գուտեմեիու Գարագյոփրուի խորաձորը: Կեսօրից հետո զինվոր-ոստիկանների ուղեկցությամբ մի սպա եկավ, հրամայեց շարք կանգնել: Մեզ պարաններով կապկպեցին իրար, ու լսվեց սպայի հատու հրամանը՝ «Մա՛հ դավաճաններին»: Զինվոր-ոստիկանները հարձակվեցին մեզ վրա: Նրանք կրակում էին ատրճանակներով, խոցում սվիններով: Ես սպանված ձևացա, մեռելների մեջ ընկա: Երբ թուրքերը հեռացան, քրդերը բոլորիս մերկացրին, մեր հագուստներն ու փողերը կողոպտելով, իրար քաշքշել սկսեցին: Մեկը մյուսին հանդարտեցնում՝ «Մի՛ վիճեք,- ասում էր,- գյավուրների այսպիսի քարավանների դեռ շատ կհանդիպենք, բոլորս էլ ունեցվածքի տեր կլինենք»: Գիշերվա կեսին դիակների միջից վեր կացա, որ Ուրֆա գամ, Գրիգորը ձայնեց՝ «Օգնիր, եղբայր, ես էլ եմ կենդանի»:
Քաղաքական ժողովի այդ նիստում, ազգի երևելիները, չզինաթափվելուն, չբռնագաղթելուն համամիտ լինելով հանդերձ, վարանում, թուրքական կառավարության դեմ զինված ապստամբություն բարձրացնելու, ինքնապաշտպանության պատասխանատվությունն ստանձնել չէին հանդգնում:
– Ե՛ս կստանձնեմ,- անսպասելի ժողովասրահ խուժեց մոտ 30 տարեկան վահագնատիպ մի երիտասարդ՝ Մկրտիչ Յոթնեղբայրյանը, ում Ավետիս Ահարոնյանը հետագայում դիպուկ պիտի բնորոշեր՝ «առաջիններից առաջինն էր, ահեղ ու սքանչելի»:
Ժողովականները Մկրտիչի կորովը գիտեին, նրա վճռականությունից ահաբեկվեցին, փորձեցին հեռու վանել այդ հեռանկարը:
ԺՈՂՈՎԱԿԱՆ.- Ինքդ էլ տեղյակ ես, որ մեր մարտունակ երիտասարդությանը նենգորեն բնաջնջեցին: Մի բուռ պաշտպաններով պիտի կարողանա՞նք կռվել կանոնավոր բանակի դեմ:
ՄԿՐՏԻՉ.- Ո՞րն է ավելի լավ, անապատ քշվելն ու ոչխարի պես մորթվե՞լը, թե՞ մինչև վերջին փամփուշտը կրակելը, մեր հողը, կանանց պատիվը պաշտպանելը: Երբ Զոհրապին ու Վարդգեսին զինվոր-ոստիկանների հսկողությամբ Ուրֆա բերեցին, փախցնել ուզեցի, չհամաձայնեցին: Ի՞նչ եղավ: Քաղաքից հանեցին, Տիգրանակերտի ճանապարհին, Սատանի ձորում քարերով գլուխները ջախջախեցին: Նույնը մեր վարդապետին՝ ձեռքերն ու ոտքերը կապեցին, մատաղի գառան պես կառափնատեցին…
ԺՈՂՈՎԱԿԱՆ.- Այդ ամենը մենք գիտենք, բայց քո ասած վերջին փամփուշտը կրակելուց հետո ի՞նչ պիտի անենք, մեռնե՞նք:
ՄԿՐՏԻՉ.- Ո՛չ, չիպիտի մեռնենք, պիտի զոհվենք, բայց հայի արժանապատվությամբ:
Յոթնեղբայրյան Մկրտիչը չսպասեց ազգային ժողովի վերջնական վճռին, սրահից ելնելուն պես, սկսեց զորահավաքը: Ցուցակում առաջինը կինն էր՝ վարժուհի Եղիսաբեթը, երկրորդը հարազատ եղբայրը՝ Սարգիսը: Ոչինչ, որ միակնանի էր, նրա վրեժը հազար աչք արժեր: Եղբայրներն այն զորակոչիկների հետ էին եղել, որոնց խողխողել էին Գուտեմեիու Գարագյոփրուի խորաձորում:
Կամավորականներին հավաքագրելուց հետո Մկրտիչը զինվորական խորհուրդ ստեղծեց, հայկական թաղամասը բաժանեց վեց պաշտպանական շրջանների ու երեսուներկու դիրքերի: Այդ վճռորոշ պահին նրան մոտեցան ուրֆացի դեռատի մայրեր, նույնիսկ պարմանուհիներ: Ո՛չ, նրանք նոր կազմավորվող պարենավորման բաժնում կամ թեկուզ զինագործարանում աշխատել չէին ուզում, զենք էին պահանջում, ստիպում էին, որ իրենց էլ զինվորագրի: Մկրտիչը տատամսեց, հետո կանանց երեք մարտախումբ կազմավորեց, որոնց խմբապետները իր ծանոթ օրիորդներն էին՝ Խանում Քեթենեճյանը, Մարիամ Չիլինգարյանը, Հռիփսիմե Կինջյանը:
Տեղահանության բոթը լսելուց, զեյթունցիների անապատ քշվող քարավանները տեսնելուց հետո Ուրֆայի հայ երևելիները արգելել էին քաղաքի լուսավորչական, բողոքական, կաթոլիկ եկեղեցիների զանգակները հնչեցնել, չէին ուզել թուրքերին իրենց ներկայությամբ գրգռել, ուշադրություն գրավել: 1915 թվականի սեպտեմբերի 29-ին իրենք էլ ցնցվեցին, երբ երեք հարանվանությունների եկեղեցիների զանգերը միաժամանակ ղողանջել սկսեցին: Հայ հավատացյալներին այս անգամ պատարագի չէին կանչում….
Վաղ առավոտյան ոստիկանները հայկական թաղերում հերթական շուրջկալն էին սկսել: Զինվորական խորհուրդը Մկրտիչ Յոթեղբայրյանի հրավերով նիստ էր գումարել Հարություն Ռասթկելենյանենց ներքնահարկում: Երևի մատնված էին: Երկու ոստիկաններ՝ Նուրի չավուշն ու Բաքր չավուշը անսպասելի նախասենյակ խուժեցին, պահանջեցին, որ մայրը ցույց տա, թե որտեղ է ժողովի հավաքվել զինվորական խորհուրդը: Ու քանի որ հեգ կինը համառում, անտեղյակ էր ձևանում, սկսեցին տանջել, նույնիսկ սպառնացին բռնաբարել: Այդ անարգանքը լսելուն պես, որդին՝ Հարությունը, չդիմացավ, ատրճանակը ձեռքին նկուղից դուրս խոյացավ, մի կրակոցով տապալեց Բաքր չավուշին: Մյուսը հազիվ ճողոպրեց…
Նույն պահին ոստիկանների մի ուրիշ խումբ հետապնդում էր Սարգիս և Գրիգոր Տարաղճյաններին: Տեղի իշխանությունների դուրը չէր եկել, որ նրանք հերիք չէ՝ սպանդից խույս էին տվել, հասել էին Ուրֆա ու դեռ պատմում էին, թե 1500 հայ երիտասարդներին ինչեր են արել թուրք զինվորականներն ու քուրդ հրոսակները: Ոստիկանները, դարձյալ մատնությամբ, Սարգսի և Գրիգորի թաքստոցը գտան, բայց քանի որ դռները կողպված էին, փորձեցին տանիքը ծակել, վերևից մտնել: Հրաման ստացել էին, որպես դասալիքների, երկուսին էլ տեղում գնդակահարելու էին: Առաջին ոստիկանը համեմատաբար նիհար էր, առաստաղի բացվածքից ուզում էր ցած ցատկել, չհասցրեց, գունդուկծիկ դարձավ, թրմփաց: Գրիգորը դիպուկ էր կրակել:
Ուրֆան դղրդաց փոխհրաձգությունից:
Թուրքերը հայկական թաղ ներխուժեցին իշխանությունների բաժանած հրացանները, յաթաղանները, ոմանք էլ կացիններն ու դաշույները ճոճելով: Ու շատ զարմացան, որ հայերը համր լռությամբ, ասես անտարբերությամբ նրանց դիմավորեցին:
– Մի՛ արձագանքեք, թողեք ավելի մոտենան, շատ մոտենան,- իր թռուցիկ խմբով դիրքից դիրք էր անցնում, հրահանգներն էր թելադրում Մկրտիչը:
Երբ թուրք խաժամուժը, մինչև վերջին ելուզակը, հայկական թաղ լցվեց, Մկրտչի հրամանով, միաժամանակ, ձեռնառումբերը տանիքներից տեղացին, ավազի պարկերով պատնեշված դիրքերից հրացաններ որոտացին: Հակառակորդը, 400 սպանված թողնելով, նահանջեց:
Պարտությամբ ավարտվեցին նաև թուրքերի երկրորդ, երրորդ գրոհները: Ուրֆայի կառավարիչը՝ Ալի Հայտարբեյը, համոզվելով, որ չեն կարողանալու հաղթել հայերին, նամակ գրեց Մկրտիչ Յոթեղբայրյանին, Ալլահի ու իր պատվի վրա երդվելով, հաշտություն առաջարկեց:
Մկրտիչը կարճ պատասխանեց. «Մենք այլևս ձեր ոչ մի խոսքին չենք վստահում»:
Ալի Հայտարբեյը այլազգի միջնորդների օգնությանը դիմեց՝ փորձեց բանակցությունների ուղարկել գորգագործարանի հիմնադիր, գերմանացի Ֆրանց Էքարդին, դանիացի միսիոներուհի Կարեն Էփփեին, որբանոցի տնօրեն՝ ամերիկացի Մայքլ Լեսլիին: Նրանք հրաժարվեցին՝ ինչպե՞ս հայերին զենքը վայր դնելու առաջարկ անեին, երբ ներքուստ նրանց զինված պայքարն արդարացի էին համարում, որքան որ հնարավորություն ունենում էին, կյանքները վտանգելով, հայ փախստականների էին պատսպարում: Ուրիշ միջոց չմնաց, Ալի Հայտարբեյը հեռագրեց Հալեպ, զորք պահանջեց: Վեց հազարանոց բանակով, նորահնար թնդանոթներով Ուրֆա փութաց Ֆահրի փաշան: Նրա ռազմական խորհրդականը գերմանացի գնդապետ ֆոն Էքսֆեյլն էր:
– Հայերի վերջը եկել է,- թրթուրների դղրդոցը լսելով՝ գոռգոռում էին Ուրֆայի թուրքերը, քրդերը, չեչենները, փողոց նետվում, ցնծության աղաղակներով թնդանոթներին ընդառաջ շտապում:
Այդ իրարանցման մեջ ոչ ոք չնկատեց, թե ինչպես թուրքական գերեզմանատնից քրդական տարազով յոթ հոգի դուրս եկան, խառնվեցին դիմավորողներին: Զորքի և ուրֆացիների ողջագուրման բերկրանքը, առաջապահների հարյուրապետի՝ հայերին ճզմելու հոխորտանքը մարեցին գնդացրային կրակահերթում: Քրդական տարազով յոթ հոգիանոց մարտախմբի խմբապետը Մկրտչի միակնանի եղբայրն էր՝ Սարգիսը: Հարյուրապետին նա տապալեց ձիուց: Զինընկերները գնդակահարեցին կրակափողերին թառած թնդանոթաձիգներին, շարքից հանեցին վառելահեղուկի լցամաններն ու աներևույթ եղան:
Ֆահրի փաշան, դեռ Ուրֆա չհասած, հասկացավ, որ հեշտ չի լինելու ապստամբներին ընկճելը: Նա, ինչպես զինվորականը՝ զինվորականին, Մկրտչին բանակցության հրավիրեց: Հանդիպումը տեղի ունեցավ Մասմանեում՝ հայերի ու թուրքերի դիրքերի միջև գտնվող չեզոք գոտում: Փաշան դրվատեց Մկրտչի խիզախությունն ու ապստամբությունը դադարեցնելու դեպքում նրան օսմանյան բանակի հազարապետի պաշտոն խոստացավ: Մկրտիչ Յոթնեղբայրյանը դարձյալ կարճ, կտրուկ պատասխանեց.
– Եթե ես էլ ձեր արածները ներեմ, պատմությունը չի ների…
Շրջվեց, խրամատ վերադարձավ:
Վերանորոգվելուն պես թնդանոթները վրաերթով սկսեցին հրետակոծել հայկական թաղը:
– Քար-քարի վրա չի պիտի թողնեմ,- Մկրտիչի արհամարհական մերժումից վիրավորված մաղձոտում էր փաշան:
Հեռահար արկակոծությունից ավերվեցին հայերի երկհարկանի առանձնատները, խոնարհվեց մայր եկեղեցու գմբեթը: Մկրտիչն արդեն ոչ թե թռուցիկ խմբով դիրքից դիրք էր անցնում, ապստամբությունը ղեկավարում, այլ զինվորների կողքին խրամատավորված թե՛ հրահանգներ էր տալիս և թե՛ դիպուկ նշանառությամբ պաշտպանում էր ներքնահարկերում պատսպարված կանանց, երեխաներին: Հերթական հրետակոծության ժամանակ արկի բեկորը փշրեց ծունկը: Նա պաշտպանական ուժերի համադրումը մտերիմ մարտընկերոջը՝ Հարություն Ռաստկելենյանին վստահեց, թույլ տվեց, որ իրեն դաշտային հիվանդանոց փոխադրեն: Բայց, երբ իմացավ, որ Հարությունը զոհվել է, հրամայեց պատգարակով խրամատ տանել:
– Տղե՛րք, այլևս մի՛ խնայեք փամփուշտը,- պառկած վիճակով նա կամք, կորով էր հաղորդում,- այնպես անենք, որ քաջությամբ սկսված գործը քաջությամբ ավարտենք:
Նա մինչև վերջին զինվորի զոհվելը ղեկավարեց պաշտպանությունը, և երբ խրամատներում ոչ մի զինվոր չմնաց, վերջին փամփուշտով իր կյանքն ավարտեց:
***
Ստամբուլից գրողնե՞ր, թե՞ լրագրողներ են եկել Երևան, մեկը՝ Յլտըզ Գյունեյը, տեսնելով, որ քիչումիչ թուրքերեն գիտեմ, ուզում է հետս առանձին զրուցել, իր ասելով՝ մեր երկու ժողովուրդների հարյուր տարվա թնջուկը հարթել: Այնպես էլ է խոսում, որ մարդ չի հասկանում, թո՞ւրք է, թե՞ քուրդ:
– Որտեղացի՞ ես,- համենայն դեպս զգուշանում եմ ես:
Կարո՞ղ է պապը Ակնի մեր կողմերում…
– Ինքս Ստամբուլում եմ ծնվել, մեծացել,- ասում է,- բայց նախնիներս Ուրֆայից, պատմական Եդեսիայից են:- Թուրքիայում այդպիսի քաղաք կա, լսե՞լ ես:
– Ինչպես չեմ լսել,- զարմանում եմ,- Հայաստանում Նոր Եդեսիա բնակավայր ունենք:
Հիմա էլ Յլտըզն է զարմանում:
– Անհնարին է,-ասում է,- մինչև աչքովս չտեսնեմ, չեմ հավատա:
Հաջորդ առավոտյան, Էջմածնի՞, թե՞ Գառնի-Գեղարդի փոխարեն մենք Նոր Եդեսիա ենք գնում: Յլտըզը երկար կանգ է առնում հերոսամարտի հուշակոթողի առջև, շոշափում է նորակառույց դպրոցի, մշակույթի պալատի, բնակելի շենքերի տուֆե պատերը, հայացքով ուզում է ընդգրկել ու չի կարողանում մինչև Քասախ ձգվող խաղողի այգիները, մանկապարտեզից՝ ասես պատմական Եդեսիայից ծայր առած, զբոսանքի ելած մանուկների անվերջանալի շարքերը, տարակուսում է.
– Բա մեր մեծերը պատմում էին, որ այն ժամանակ (թվականը չի հիշում), խռովությունը ճնշել, բոլոր հայերին կոտորել են:
Լռում, մտմտում, հոգոց է հանում.
– Երանի ձեզ, զոհերի տեղը նորերն եք ծնել, կորստի վիշտը ամոքել: Եթե չեք էլ ամոքել, գոնե մեղմել եք: Իսկ մեզ՝ ամոթի խարանը հավիտյան պիտի ուղեկցի:
Պահն է, ես հյուրամեծար լինելու իրավունք չունեմ, պիտի ասեմ այն, ինչ դո՛ւ կասեիր, ընթերցող.
– Դե՛ ինքդ որոշիր, այն ժամանակ դո՞ւք եք հաղթել, թե՞ մենք: