ՆԱԽԱՀԱՅՐ ԱԴԱՄՆ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է / Սամվել Կոսյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսլամական համագործակցություն կազմակերպության պաշտոնական տպագիր ամսագրում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ իսլամական աշխարհն այժմ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, և դրանցից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է: Ադրբեջանի նախագահը գրել է, թե հայտնի է՝ հայերը վերջին 200 տարում արյունոտ քայլերի են գնացել՝ Ադրբեջանի հողերին տիրանալու և այդ հողերի վրա հայկական պետականություն ստեղծելու նպատակով: «Ներկա հայկական պետականությունը ևս ստեղծվել է Ադրբեջանի բնօրրանը համարվող հողերի վրա»,- գրել է նա: Ադրբեջանական «Կուլտուրա պլյուս» հեռուստաալիքը մի շարք ֆիլմեր է նկարահանել՝ ներկայացնելով Երևանը որպես հնամենի ադրբեջանական տարածք, և ոչ միայն Երևանը: Ըստ այդ ֆիլմերի՝ պարզվում է, որ Գանձասարը բնավ էլ հայկական չէ, և որ հայերը ոչինչ չունեն, որ հայոց լեզուն միջնադարի պարսկերենն է, որ հայ գոյություն չունի, որ Ստրաբոնը կեղծել է և այլն, և այլն: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին բարձրաստիճան զինվորական Մանսուր Հաղիղաթփուրը, անդրադառնալով ԽՍՀՄ-ի լուծարումից հետո Իրանի կողմից Ադրբեջանի անկախության ճանաչման նպատակահարմարությանը, մասնավորապես նշել է. «Պատմությունը Արաքսից հյուսիս ընկած տարածքում Ադրբեջան անվամբ պետություն չի հիշատակում: Ազարբայջանը (Ատրպատական) Արաքսից հարավ է, իսկ հյուսիսում եղել են Առնանն ու Շիրվանի խանությունը»: Շարունակելով խոսքը՝ Հաղիղաթփուրը հավելել է. «Իհարկե, ԽՍՀՄ-ի ժամանակ այդ տարածքը հիշատակվում էր կեղծ անվամբ: Ես կարծում եմ՝ Իրանի հոգատար ու սիրալիր վերաբերմունքի շնորհիվ Թեհրանը չցանկացավ Հայաստանի հետ պատերազմական գործողությունների մեջ գտնվող նորանկախ հանրապետության անվան առնչությամբ հարց բարձրացնել»: Ի պատասխան, Ադրբեջանն այսօր փորձում է տարածքային պահանջներ ներկայացնել նաև Իրանին, ինչի առիթով Իրանի իշխանությունները հորդորել են Բաքվին զսպել ախորժակը՝ սպառնալով Ադրբեջանը Իրանին միացնել: Ազերիները, բացառությամբ Թուրքիայի, փաստացի հողային պահանջներ են ներկայացնում հարևան բոլոր երկրներին: Ազերիների քարոզչական մեքենան փորձում է պատմություն կերտել: Տարածքային նկրտումների պատճառաբանությունը մեկն է՝ դրանց ադրբեջանական լինելը: Սա այն դեպքն է, երբ կարելի էր ծիծաղել, եթե այս ամենն այդքան տխուր չլիներ: Պատմական ոչ մի փաստ, գիտական ոչ մի հիմնավորում: Հերթը հասել է նաև Ռուսաստանին: Դաղստանի Դերբենդ քաղաքն ու նրան հարակից մի շարք բնակավայրեր նույնպես հայտնվել են ազերիների պահանջատիրության շրջանակում: Եվ սա դեռ վերջը չէ: Ըստ վրացական «Կվիրիս պալիտրա» թերթի՝ Ադրբեջանի 8-րդ դասարանի պատմության գրքում նշվում է, որ Թբիլիսին նույնպես ադրբեջանական է, և այն վրացիների ձեռքն է անցել 1122 թվականին, երբ Դավիթ 4-րդը 1120 թ. հարձակվելով Շիրվանի վրա, քարուքանդ է արել Գաբալա քաղաքն ու հափշտակելով ազերիների հարստությունները՝ հեռացել է: Թեմայի առիթով պատմաբան, պրոֆեսոր Ջաբա Սամուշիան գրել է. «Զուտ գիտական տեսակետից այդ դասագիրքը ոչ մի քննադատության չի դիմանում: Այդ ժամանակ Ադրբեջանը որպես պետություն, երկիր գոյություն չի ունեցել: Դասագրքում Իրանի, Ալբանիայի, Շիրվանի և մասամբ Վրաստանի պատմությունն է ու այդ ամենը ներկայացված է որպես Ադրբեջանի պատմություն: Հիշյալ դասագրքով Թբիլիսին էլ է ադրբեջանական: Ինչպե՞ս կարելի է այդ գրքով սովորեցնել երեխաներին: Պատմական այսօրինակ սադրանքը դիվանագիտական մակարդակով պետք է դատապարտել: Ստացվում է՝ վրացիները զավթիչներ են, որ խեղճ ազերիներից խլել են Թբիլիսին, որ վրացական պատժիչ ջոկատները տանջել են դժբախտ ազերիներին և նույնիսկ մինարեթներում կախաղանի են հանել: Դա այլ բան չէ, եթե ոչ ազգային ատելության հրահրում: Բացի այդ, վերջերս Ադրբեջանում մի ամբողջ մենագրություն է հրապարակվել այն մասին, թե ինչպես են նրանք ապստամբել Հռոմի կայսրության դեմ (համաշխարհային պատմությանն այդպիսի դեպք հայտնի չէ), հընթացս աղավաղելով պատմական քարտեզները (դրանցում «Ադրբեջանը» նկարված է Առաջավոր Ասիայի ողջ տարածքի վրա)»: Սա է ադրբեջանական իրականությունը, երկիր, որը միջոցների մեջ խտրականություն չդնելով, փորձում է իր համար պատմություն հորինել: Առայժմ աշխարհը ադրբեջանական ռևանշիզմին քամահրանքով է վերաբերվում: Բայց միայն առայժմ… Մինչև Բաքուն կհայտարարի, որ Մոսկվան, Պեկինը, Բեռլինը և ընդհանրապես աշխարհը ադրբեջանական տարածքներ են, և բոլորն իրենց պետականությունը ադրբեջանական պատմական հողերի վրա են կառուցել: Եվ ամենազավեշտալին… Հնարավոր է՝ մարդկության նախահայր Ադամն էլ ադրբեջանցի է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։