ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ. ՏԻՊԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Հայրենիքը՝ ընդհանուր
աստվածություն,
հայրենասիրությունը՝ կրոն։
Գարեգին Նժդեհ

ՈՐՔԱՆ ՆՄԱՆ՝
ՆՈՒՅՆՔԱՆ ՏԱՐԲԵՐ
Թումանյանի մարդկային նկարագիրը մոտ ու հարազատ էր Տերյանին։ Թեև նրանք միանգամայն տարբեր էին կյանքի ու կենցաղի նկատմամբ իրենց մոտեցումներում։ Ամենայն հայոց բանաստեղծը սիրում էր աղմուկ, աշխուժություն, շփում, խինդ, խոսք ու զրույց, ուրախություն, բոլոր խնջույքների մշտական թամադան էր՝ խոսքաշեն ու սրամիտ, «հասարակության զարդն» էր։ Մինչդեռ Տերյանը ինքնամփոփ էր, լռակյաց, սովորաբար խուսափում էր հասարակությունից, մարդկանց բազմությունից։ Նա շատ էր սիրում ժամանակն անցկացնել սրճարաններում. նրան դուր էր գալիս այնտեղի ծուխն ու անցուդարձը, շատերի աչքից հեռու լինելը, նա կարծես ձգտում էր ապրել բոհեմական առօրյայով։ Երազում էր լինել Փարիզում՝ տեսնելու սիմվոլիստների ծննդավայրը։ Իր այդ ձգտման մեջ Տերյանը Թումանյանի հակապատկերն էր։ Մեծ լոռեցին չէր սիրում ռեստորաններ ու սրճարաններ. նրան գրավում էր ընտանեկան ջերմ մթնոլորտը, նա աշխատում էր Տերյանին թույլ չտալ դրսում ճաշել։ Հայտնի է ծխելու նկատմամբ Թումանյանի բացասական վերաբերմունքը։ Նրա աշխատասենյակի պատին փակցված էր. «Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել», թեև նույն սենյակում սեղանին դրված էր մոխրաման, որովհետև հյուրասեր տանտերը գրեթե ոչ մեկին չէր կարողանում ծխելն արգելել։ Սակայն այլ էր նրա վերաբերմունքը թոքերով հիվանդ, վատառողջ կրտսեր գրչակից ընկերոջ նկատմամբ։ Նա հայրական հոգատարությամբ և ամենայն խստությամբ արգելում էր Տերյանին ծխել, արգելում էր այնպես, որ Վահանը նրան ենթարկվում էր լռելյայն և միաժամանակ չէր նեղանում։ Չէր նեղանում, որովհետև գիտեր, որ հարազատի անհանգստությունն է ստիպում բանաստեղծին հետևել, որ նա չծխի ոչ միայն տանը, այլև առհասարակ՝ ամենուրեք։ Ամեն անգամ սրճարանում Տերյանին տեսնելիս Թումանյանն ասում էր. «Ի՞նչ ես կորցրել էս ծխի միջին, Վահա՛ն, մաքուր օդ դուրս արի, քի՛չ ծխիր, քի՛չ…»։ Հարազատի այդ վերաբերմունքը շատ էր հուզում Տերյանին։ Ցանկացած առիթով կամ անառիթ, երբ Թումանյանը տուն էր հրավիրում, նա ամաչում էր. «Չի լինի, անհարմար է, Թիֆլիսում տուն չունեմ, որ ես էլ Իվան ֆադեիչին ինձ մոտ հրավիրեմ, պատիվ տամ»։ 1917 թ. Նոր տարվա նախօրյակին Թումանյանը Տերյանին ուղարկում է սպիտակ շեփորուկի (յասամանի) տունկ։ Մյուս օրը Տերյանը գալիս է շնորհակալություն հայտնելու։ Բանաստեղծի աչքից չի վրիպում նրա առողջական վատ վիճակը։ Մի քանի օրից նկատելով պոետի բացակայությունը՝ Թումանյանը իր դստեր Նվարդի հետ այցելության է գնում «տխրանուշ» Վահանին։ Տերյանը պառկած էր անկողնում և շրջապատված էր ընկերներով (Կարեն Միքայելյան, հոգեբույժ պրոֆ. Գրիգոր Տեր-Հակոբյան, Արշամ Խոնդկարյան)։ Նվարդը հիշում է. «Երբ հայրիկին տեսավ, վեր թռավ տեղից. «Իվան Ֆադեիչն ինձ մո՞տ… իմ տա՞նը… ու նստեց զրույցի։ Ընթրիք պատվիրեց։ Ուշ գիշեր էր»։
Երկու բանաստեղծների հանդիպումները սակավ են եղել, սակայն Տերյանը կարողացել է նկատել Թումանյան-մարդու և ազգային-քաղաքական գործչի բնավորության որոշ կողմեր։ Թե՛ Թումանյանի ժամանակակիցները, թե՛ հատկապես խորհրդային տարիներին գրողի ազգային գործունեությունը ներկայացնող գրականագետներն ու պատմաբանները տարբեր բախումների ընթացքում ընդգծում էին նրա խաղաղասիրական առաքելությունը՝ անտեսելով բանաստեղծի՝ զինված պայքարին տված նշանակությունը։ Տերյանը առաջիններից էր, որ Թումանյանի բնավորության մեջ նկատեց արտաքին թշնամու դեմ ելած բանաստեղծ-մարտիկին և բարձրաձայնեց հանուն խաղաղության միշտ զինված պայքարի պատրաստ լինելու նրա հավատամքի մասին։ Ընդ որում, Խորհրդային տարիներին, երբ շրջանառվեց Թումանյանի 1905-06 թթ. գործունեության՝ առանց զենքի, միայն «սպիտակ դրոշով» խաղաղություն հաստատելու միֆը, Վ. Տերյանը, հակադրվելով Արտաշես Կարինյանի այդ կարծիքին, ասաց. «Բայց ինչո՞ւ եք կարծում, թե խոսելով և ակնարկելով խաղաղության մասին՝ Թումանյանը ձեր երևակայած պացիֆիստն է։ Ամենևին ո՛չ»։
Տերյանը չի եղել Թումանյանի տան հռչակավոր խնջույքների ու հյուրասիրությունների մշտական մասնակիցը, մի քանի անգամ է միայն վայելել Ամենայն հայոց թամադայի ներկայությունը նրա հյուրընկալ հարկի տակ, ընդ որում, նրա բնակարանում «տխրանուշ Վահանը» միշտ նստում էր թախտի ծայրին, վառարանի մոտ, անկյունում, նստում էր լուռ, սակայն զգում էր շրջապատի վրա տարածվող ու խինդ բերող Թումանյանի հոգու լույսը.
Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել։
Թումանյանի պալատում
Կգտնես, ո՛վ մարդ,
Անուշ, Արփի-արբեցում,
Ե՛վ վարդ, և՛ Նվարդ…
Թումանյանն ու Տերյանը Առաջին աշխարհամարտի տարիներին տարբեր մոտեցումներ ունեին նաև այդ շրջանում կամավորական ջոկատների գործունեության մասին։ Տերյանը տարակուսում էր նրանց պայքարի արդյունավետության և քաղաքական արդյունքի վերաբերյալ։ Ապրելով Ռուսաստանում և ավելի մոտ լինելով ռուս իշխանական շրջանների վարած քաղաքականությանը՝ նա կարծում էր, որ հայերի ինքնորոշման կամ ինքնավարության պահանջները տվյալ պատմական պահին կարող են ճակատագրական լինել ժողովրդի համար։ Թումանյանը նույնպես քաջ գիտակցում էր վտանգները, միաժամանակ անընդունելի էր համարում արևմտահայությանը միայնակ թողնելը և ամեն կերպ աջակցում էր կամավորներին, մասնավորապես Անդրանիկին՝ ընդհուպ նրա տրամադրության տակ դնելով իր չափահաս բոլոր երեխաների կյանքը։ Երկուսն էլ բարձրից էին նայում անցողիկ կյանքի դժվարություններին, հաճախ հերոսական զոհաբերություններին, քանի որ գիտեին՝ հավիտենականը ազգն է, հայրենիքը, կյանքն ու Մարդը. «Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա»,- ասում էր Տերյանը, «Էսօր դու, էգուց ես»,- ասում է Թումանյանը։

ՄԱՐԴՈՒ ԳՈՐԾՆ Է ՄԻՇՏ ԱՆՄԱՀ
Անկախ ստեղծագործական ու գրական տարբեր դավանանքներից՝ Թումանյանն ու Տերյանը ունեին մի մեծ ընդհանրություն։ Նրանց համար հայրենասիրությունը ոչ միայն արվեստ էր, զգացում և գիտակցություն, ցուցադրական «գեղեցիկ պատմուճան», այլև՝ պաշտամունք, կրոն ու առաջին հերթին գործ, ինչն ապացուցեցին՝ այրվելով ժամանակի հրդեհներում, այրվելով, սակայն լույս տալով, զոհաբերվելով, սակայն փրկելով կյանքեր ու վավերագրեր՝ հանուն ազգի հարատևման, հանուն ապագայի Հայոց Դատի, փրկելով պատիվ ու հույս։ Չնայած գրական հակադիր դավանանքներին, գեղագիտական տարբեր աշխարհընկալումներին՝ երկու գրողների մեջ էլ առկա էր մեծերին բնորոշ լայնախոհությունն ու խորաթափանցությունը, կյանքի, պատմության, մարդկանց, ազգերի և հասարակական հարաբերությունների մասին ընդհանուր մոտեցումները։
Երկուսն էլ գրչի մարդ էին, սակայն մերթընդմերթ զոհում էին գրիչը հանուն գործի։ Երկուսն էլ արվեստագետ էին ու ստեղծագործող, բանաստեղծ, որոնց քնարի հիմքում դրված էր սերը՝ որպես աշխարհը վերափոխող գործոն։ Տերյանը Սոնա Օտարյանին ուղղված 1905 թ. նամակում գրում է. «Համարձակվում եմ պնդել, որ սիրով կարելի է անել ամեն ինչ եւ միայն նրանով կարելի է անել ամեն ինչ» (ընդգծումը հեղինակինն է՝ Ս. Հ)։ 1909 թ. դեկտեմբերին Թումանյանն արտահայտում է «սիրով ամեն ինչի» իր բանաձևը՝ գրելով. «Ինչ որ լավ բան է լինելու, լինելու է սիրով, սրով – երբե՛ք»։ Երկու գրողներն էլ, ինչպես միջանձնային (հորիզոնական), այնպես էլ ազգերի հարաբերություններում, սերը համարում էին հիմք հավաքական ու համամարդկային «մենքը» կառուցելու համար: Սակայն արյունոտ ժամանակները ստիպեցին, որ ազգային գոյապայքարում երկու մեծ հայերը կարևորեն գործն ու պայքարը, որպեսզի համաշխարհային «Մենքի» մեջ մշտական ներկայություն ունենա հայն ու հայի հայրենիքը։
Չնայած Տերյանը շատ կարճ կյանք ունեցավ, բայց հասցրեց որպես ազգային գործիչ պայքարել այն ուղղություններով, որոնցով ընթանում էր Թումանյանը։
Բազմիցս ուսումնասիրվել ու հրապարակվել են ХХ դարասկզբի պատմության շրջադարձերին Թումանյանի ազգային գործունեության բազում դրվագներ, որոնց մի մասը լուսաբանվել են նույնիսկ դպրոցական դասագրքերում։ Այս իմաստով Տերյանի «բախտը չի բերել»։ Տերյանագետները ուսումնասիրության առարկա չեն դարձրել երիտասարդ բանաստեղծի ազգային գործունեությունը, նույնիսկ հպանցիկ ակնարկ չեն արել այդ մասին, ավելին, աղավաղել են նրա էությունը՝ ներկայացնելով նախկին դաշնակցական Տերյանին միայն ու միայն որպես հակադաշնակցական և բոլշևիկ հեղափոխական։
Թումանյանի ազգային գործունեության առաջին կարևոր հանգրվանը 1905-1906 թվականներն էր, երբ Ամենայն հայոց բանաստեղծն իր գործունեությունը ծավալեց Լոռու շրջանում և վտանգելով իր կյանքը՝ փրկեց բազում կյանքեր։ Երբ հայ-թաթարական կռիվների օրերին Թումանյանի գրչակից ընկերները անհանգստանում էին դարավոր թշնամու դեմ զենք վերցրած և միաժամանակ խաղաղության պատգամով առաջնորդվող բանաստեղծի կյանքի համար, նա պատասխանում էր. «Եթե ամենքս վախենանք ու հեռու կենանք, ի՞նչ կլինի մեր ժողովրդի դրությունը, կոտորածն ավելի սուր կերպարանք կստանա, և մեր ապրելը ժողովրդի համար գրոշի արժեք չի ունենա»։ Այդ պահին Թումանյանի անձնազոհությունը՝ հայ-թուրքական բախումների կենտրոնում ինքնակամ հայտնվելը բացառիկ համարձակություն էր։ Շիվանզադեն, օրինակ, խոսելով բոլորի անունից՝ ասում էր. «Գրականության տարի չէր 1905-ը։ Որքան էլ ամուր ներվեր ունենար գրչի մարդը, չէր կարող նստել գրասեղանի քով… Եթե նա կյանքից փախչելու կամք ունենար, ինքը՝ կյանքը կհետևեր նրան ու կհալածեր… Շատերի պես ես էլ հոգնել էի»։ Կատարվողի մասին լսելն անգամ հոգնեցնում էր և փախուստի ցանկություն առաջացնում։ Արվեստագետներից ու գրողներից քչերին էր տրված առաջնագծում լինելու համարձակությունը։ Ոմանք լռելյայն սպասում էին, ոմանք փորձում մխիթարություն գտնել իրենց արվեստի մեջ։ Նույն 1905-ին Կոմիտասը Մարգարիտ Բաբայանին գրում է. «Ես էլ մխիթարում եմ ինձ և ասում, որ կա բնության մեջ մի ազնիվ բան՝ գեղարվեստ, որին ամենքը մատչելի չեն, և հենց այնտեղ եմ գտնում իմ անդորրությունը և զգում եմ, որ մի վայրկյան հեռու եմ սլացել աշխարհի անօրինություններից»։ Մինչդեռ Թումանյանը կարողացավ հասնել նրան, որ իր տրամադրության տակ դրվեց, այն էլ Հայոց Հայրապետի՝ Խրիմյանի միջնորդությամբ, ռուսական զենք ու զորք, մի ամբողջ գունդ՝ հայերի զինված ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով։
Քաղաքական հալածանքները, երեք անգամ բանտում հայտնվելը, Պետերբուրգի կալանատան ամիսները, դատավարությունը չխանգարեցին, որ 1914, 1915 թվականներին Թումանյանը դարձյալ լիներ այնտեղ, որտեղ ժողովուրդը զգում էր իր կարիքը՝ Արևմտյան Հայաստանում, Վանում, Սարիղամիշում, այնուհետև Էջմիածնում զբաղվեր որբախնամ գործունեությամբ, ծավալեր գործունեություն որբերին ու գաղթականներին ողջ ու առողջ «Երկիր վերադարձնելու» ուղղությամբ։
Թվում է՝ ամենանուրբ հոգի ունեցող բանաստեղծը Վահան Տերյանն է, և նա էլ կարող էր «իր անդորրությունը» գտնել քնարերգության մեջ, արվեստում։ Բայց Տերյանն ավելի գործն էր նախընտրում, ինչպես որ Թումանյանը։ Գուցե ոչ նույն ծավալով, սակայն թումանյանական հոգսերն ուներ նաև Տերյանը։ Նա չէր կարող, ինչպես Ամենայն հայոց բանաստեղծը, պատերազմի տարիներին գնալ Արևմտյան Հայաստան, Վան. դրա համար ռուսական իշխանությունների ու գեներալների հատուկ թույլտվություն էր պետք, բայց Վանի հերոսամարտը նրան հուզում էր նույնչափ, որքան Թումանյանին, և նա որոշել էր պոեմ գրել այդ թեմայով։ Տերյանի շնորհիվ փրկվեցին Հայոց ցեղասպանության ամենահուզիչ վավերագրերը՝ հայ որբերի հիշողությունները, գրված հենց իրենց՝ երեխաների ձեռքով։ Տերյանի հանձնարարությամբ հայ մանուկների շարադրանքներում բռնությունների, զարհուրելի հանցագործությունների, ինքնապաշտպանության, գաղթի, կոտորածի, հարազատ ծնողների, ընտանիքի անդամների, հարևանների, ընկերների խոշտանգման նկարագրություններ են։ Շնորհիվ Գևորգ Էմին-Տերյանի՝ այդ վավերագրերը առանձին գրքով հրապարակվեցին 2016 թ. և դարձան հանրության սեփականությունը («Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. Հայ որբերի հուշերը»)։ Նույն կերպ Թումանյանը թողեց հատորներով վավերագրեր Առաջին աշխարհամարտում հայ ժողովրդի կրած ֆիզիկական ու նյութական վնասների մասին։ Նրա նախաձեռնությամբ և նախագահությամբ գործեց Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ ժողովրդի կրած վնասները ցուցակագրող Քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվեց 1918-ի նոյեմբերի 22-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (որի նախագահը նույնպես Թումանյանն էր) կենտրոնական խորհրդի նիստում: Նպատակն էր Հայոց եղեռնի, հայ բնակչության գույքի և ունեցվածքի կողոպուտի ամփոփ հուշագիր կազմելն ու Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացնելը։ Պահպանվել են հատորներ, որտեղ արձանագրված են հայերի սպանություններ, գազանաբարո արարքների փաստերը թուրքերի հարձակումների ժամանակ և այլն։
Ցեղասպանության հատուցման խնդիրը մտահոգել է նաև Տերյանին։ Նա ակտիվորեն մասնակցել է 1917 թ. դեկտեմբերի 31-ին հրապարակված «Թուրքահայաստանի մասին» դեկրետի ստեղծմանն ու ընդունմանը։ Այդ օրենքը Հայոց ցեղասպանության հատուցման պահանջ պարունակող՝ պատմության մեջ առաջին իրավական ուժ ունեցող փաստաթուղթն է: Այդ հատուցումը պետք է կատարվեր անկախ Թուրքահայաստանի ստեղծումով: Դեկրետում նշված էր, որ Արևմտյան Հայաստանը պետք է դառնար անկախ պետություն, իսկ Արևելյան Հայաստանը պիտի մնար Ռուսաստանի կազմում՝ ներքին ինքնավարության իրավունքով։ Իհարկե, դեկրետը իրականություն չդարձավ, բայց Վ. Տերյանի և Ս. Շահումյանի ջանքերը զուր չէին։ Նրանց շնորհիվ Ռուսաստանը փաստաթղթով ճանաչեց այդ պահին հայ ժողովրդի պատմական իրավունքները։
Երբ պետք էր զենքով ու նյութապես օգնել ժողովրդին, Թումանյանը բանեցնում էր իր դիվանագիտական հմտությունները։ 1918 թ. փետրվարին թուրքերն անցել էին հարձակման և գարնանը գրավեցին Երզնկան, Էրզրումը, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, Վանը։ Դարձյալ օրհաս էր։ Նույն օրերին՝ 1918 թ. մարտի 20-ին, Անդրկովկասի կառավարության նախագահ և ռազմական մինիստր Նոյ Ռամիշվիլիու հրամանով Թումանյանի տրամադրության տակ է դրվում զինված «կես հարյուրյակը» և մի սպա՝ թուրքերին դիմագրավելու համար հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով։ Պոետը հաստատվում է հիմնականում Ղարաքիլիսայում։ Թումանյանը և՛ զենք էր բաժանում, և՛ անդադար բանակցությունների մեջ էր հայ և այլազգի գործիչների հետ. Ղարաքիլիսայից ղեկավարում էր Լոռու Փամբակի ինքնապաշտպանության գործը։ Դուստրը՝ Նվարդը, վկայում է. «Նա հանգիստ չուներ, հուզված էր, գունատ, անքուն»։ Այդ օրհասի օրերին հուզված, գունատ ու անհանգիստ էր նաև Տերյանը։ 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում որոշվեց թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում ազատագրված Արևմտյան Հայաստանի տարածքները, Ռուսական կայսրության մաս հանդիսացող Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը։ Բանակցություններին ներկա էր նաև Տերյանը՝ առանց ձայնի իրավունքի, որպես արևելյան հարցերով խորհրդական։ Նա Մոսկվայից շտապ վավերագրեր բերել տվեց՝ ապացուցելու, որ Արևմտյան Հայաստանը հայերի հայրենիքն է։ Եթե Ամենայն հայոց բանաստեղծն իր կյանքը վտանգի էր ենթարկում՝ դեմ դուրս գալով արտաքին թշնամու դեմ, ապա Տերյանն իր կյանքը վտանգի ենթարկեց՝ բարձրաձայնելով իր անհամաձայնությունը Ստալինի, Տրոցկու և Լենինի հետ, վիճելով նրանց հետ, պաշտպանելով իր ազգի շահերը։ «Հեղափոխական» տեռորի շրջան էր։ Տերյանը չէր կարող չպատկերացնել վտանգները, բայց լռել նույնպես չէր կարող, աճուրդի առարկան Երկիր Նաիրին էր։ Բանաստեղծն այնպես է հակառակվում իր դաժանությամբ ու հիշաչարությամբ հայտնի Տրոցկուն, որ վերջինս վիրավորում է նրան՝ դիմելով «արմյաշկա» բառով։
Այդ պահին Տերյանն աշխատում էր ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատին առընթեր Հայկական գործերի կոմիսարիատում՝ որպես նախագահ Վ. Ավանեսովի տեղակալ, իրականում փաստացի ղեկավարում էր անձամբ։ Թուրքական ներխուժումից հետո, անշուշտ, ոչ առանց Տերյանի ջանքերի,  կոմիսարիատը կազմավորում է հայկական զորամասեր, որոնք մեկնելու էին Հայաստանին օգնության։ Թումանյանը՝ Թիֆլիսում, Տերյանը Մոսկվայում անում էին նույն գործը։ Նույն 1918-ին հուսախաբված, բայց և չհուսահատված, թոքախտից տառապող բանաստեղծը շարունակում է ծառայել իր ժողովրդին։ Նա կարողանում է սովետական կառավարությունից ստանալ ավելի քան 6 միլիոն ռուբլի գումար և 2 վագոն դեղամիջոցներ ու այլ ապրանքներ և քաղաքացիական պատերազմի օրերին դարձյալ վտանգելով իր կյանքը՝ բժշկասանիտարական խմբով Աստրախանով մեկնում է Հյուսիսային Կովկաս, աջակցում հազարավոր հայ գաղթականների: Բոլշևիկ որոշ ղեկավարներ նույնիսկ զենքի սպառնալիքով չեն կարողանում ստիպել Տերյանին իր մոտ եղած գումարները տրամադրել ինչ-որ կոմունիստական կարիքների համար: Պոետն այդ գումարները տրամադրում է բացառապես հայերին, որոշ հայ գործիչների ու մտավորականների ազատում է բանտերից, դրանով ստեղծում է «հիմքեր» իրեն նացիոնալիզմի մեջ մեղադրելու և աշխատանքից հեռացնելու համար։ Բոլորին օգնել նա չէր կարող։ Այստեղ էլ Թումանյանի և Տերյանի միջև ընդհանրություն կա։ Երբ Թումանյանը՝ որպես Հայ գրողների ընկերության նախագահ, որոշեց որդեգրել որբերի, նա ընտրեց շնորհալի, ստեղծագործող երեխաների, որպեսզի փրկի հայ մշակույթի ծառը։
Տերյանը նույնպես Հյուսիսային Կովկասում աջակցության ձեռք մեկնեց տեղի շնորհալի հայ երիտասարդներին, որոնց թվում էին քանդակագործ Երվանդ Քոչարը և ճարտարապետ Կարո Հալաբյանը: Եվ եթե նկատի ունենանք այն, որ կյանքի վերջին տարիներին թոքախտից տառապող Տերյանն արդեն սկսել էր իր կյանքի գնով կյանքեր փրկել, հրաժարվել էր կոմունիստական կուսակցության անդամությունից և ծավալում էր բացառապես հայանպաստ գործուեություն, ապա պարզ կլինի, թե դեռ որքան անելիք ուներ արդեն ձևավորված ազգային գործիչը իր կյանքի վերջալույսին։ Իսկ Տրոցկուն և Ստալինին հակառակվելը ամենադաժան, ճակատագրական հետևանքներն ունեցավ։ Տերյանին Օրենբուրգ ուղարկեցին մահվան՝ փաստորեն քաղաքական դատավճիռ իրականացնելով։ Իսկ Թումանյանին, ճիշտ է, թուրքի գնդակը չհասավ, փրկվեց նաև քաղաքացիական պատերազմի օրերին՝ հայտնվելով կրակահերթի տակ, մի քանի օր ավելի մնար Վանում, կդառնար Եղեռնի զոհ, և այսպես շարունակ, բայց նրա համար էլ իր գործունեությունը անհետևանք չանցավ։ Նա սերում էր երկարակյացների տոհմից։ Երկու կողմի պապերն ապրել են առնվազն 100 տարի, իսկ Թումանյանը, անկախ նախախնամության բարեհաճ վերաբերմունքից, կամովին իր կյանքը կրճատեց կես դարով։

***
Հայ ժողովրդի օրհասի պահերին, ճակատագրական թոհուբոհերի շրջանում Թումանյանը կարևորում էր անհատի դերը՝ անկախ ազգային պատկանելությունից։ «Այսպիսի ժամանակ,- ասում էր նա,- հայ-թուրքական կռիվների օրերին, ամեն մի լավ մարդ մեծ արժեք ունի, ով ուզում է լինի»։ Ժամանակի մեծարժեք «լավ մարդկանցից» ու «լավ գործիչներից» էին Թումանյանն ու Տերյանը։ Եթե Թումանյանը արդեն 36-ամյա հասակում դարձավ իր ժողովրդի համար Նահապետ, առաջնորդ, անառարկելի հեղինակություն և ազգի հավաքական կամքի, նրա խաղաղասիրական, բայց և պայքարող ոգու արտահայտիչ, ապա Տերյանի ազգային գործունեությունը մնաց տարիներով չլուսաբանված, ավելին՝ միտումնավոր թաքցված։ Բայց յուրաքանչյուր գաղտնիք մի օր բացահայտվում է, և անհայտը դառնում է հայտնի։ Եվ այսօր վստահ կարելի է ասել, որ Տերյանը նույնպես, ինչպես և Ամենայն հայոց բանաստեղծը, հայ ժողովրդի համար արհավիրքի, դաժան փորձությունների բախտորոշ տարիներին դարձավ հայ ազգի խիղճը։