ՐԱՖՖԻՆ ԵՎ ԻՐ ՃԱՆԱՉԱԾ ՄՅՈՒՍ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Րաֆֆին աշխարհի բոլոր դասականների հանգույն մեծ մարդասեր էր: Նրա մարդասիրությունն սկսվում էր իր ազգի հանդեպ ունեցած պաշտամունքով, շարունակվում էր այլ ազգերի հադեպ հանդուրժողականությամբ, հաճախ՝ խորին հարգանքով, առանց կողմնակալության, և ավարտին չէր հասնում իր ազգին նվիրվածությամբ, քանի որ նրա նվիրումը սահման չուներ:
Ըստ իս` Րաֆֆու տված տեղեկություններն իր ժամանակի, իր տեսած ասորիների, գնչուների, ջոլոների, գոլանիների, թարաքամիների, ինչպես նաև վրացիների, հույների, հրեաների, պարսիկների, գերմանացիների, քուրդերի, եզդիների, ռուսների մասին շատ արժեքավոր են մի քանի առումներով: Նախ, տեղային բնույթ կրելով` ուսումնասիրված չեն, քանի որ այդ հատվածներում ուրիշ ուսումնասիրողներ չեն եղել, երկրորդ՝ ժամանակային առումով, ժամանակաշրջանն այնքան խառնակ էր ու բարդ, որ մեկ կաթսայի մեջ եռացող իրադրությունները, դեպքերը, դեմքերը զատորոշելը, դրանց գնահատականներ տալը վիթխարի աշխատանք էր պահանջում: Եվ, իհարկե, չէր գտնվելու Րաֆֆու ուժեղ կամքը, նպատակամղվածությունը, դիտողականությունն ու մտահորիզոնն ունեցող մի այլ մարդ, որ աննկարագրելի դժվարությունների, զրկանքների, ֆիզիկական ուժերի գերլարումով հասներ այս բարձունքին: Երրորդ՝ գրաքննությունն ուժեղ էր ամենուրեք: Միշտ չէր, որ հնարավոր էր լինում խաբս տալ ցարական և տեղական, նախնական և հետհրատարակչական ցենզուրաներից: Ապրելով և ստեղծագործելով Թիֆլիսում, Րաֆֆին չէր վարանում խոսել իր ժամանակակից վրացու ազգային թերությունների, հաճախ՝ արատների մասին: Րաֆֆու ընտանիքը գտնվում էր Պարսկաստանում, և մեզ հայտնի է այն փաստը, երբ հայ գործարարները Թավրիզում Պարսկաստանի կառավարությանը մատնագիր հանձնեցին այն մասին, թե իբր՝ Րաֆֆին հայհոյում է պարսիկների կրոնը, պարսիկ մուֆթին նրան առավ իր հովանավորության տակ: Սակայն սա չխանգարեց, որ «Կայծերում» և այլ գործերում անաչառ բնորոշումներ տա պարսիկներին: «Պարսիկ աղան, որպես ֆեոդալական կալվածատեր, սեփականել է հողը, և իր կառավարության բոլոր խորամանկությամբ, շարունակ կերպով քամում է գյուղացու ձեռքի վաստակը: Քուրդը հափշտակել է հողը և ժամանակավոր կերպով միայն շահվում է նրանից: Պարսիկը, որպես կրոնական նախանձով ոգևորված ազգ, լի մոլեռանդությամբ հալածում է այլադավաններին, չի համբերում ուրիշ կրոնքների, ամեն միջոցներ գործ է դնում իր հպատակ ազգերին մտցնել մահմեդական մզկիթը: Քուրդը, բնության ազատ որդին, դեռ վարակված չէ կրոնական նախանձով:
Ունի քրդուհիների մի փոքրիկ պատկերասրահ, որից արժե առանձանացնել իր ամուսնուն կռվի մեջ կորցրած մորը, որ իր փոքրիկին նստեցրել էր մոխրակույտի վրա, նրա վզին գցել էր մի արյունոտ շապիկ ու երգում էր նրան վրեժի կոչող այս երգը.
Այն քաջ մարդու շապիկն է սա,
Որ իմ ձեռքով կարեցի.
Արյունոտ է, կարմիր ներկած,
Արտասուքով լվացի:
Դա շապիկն է այն քաջ մարդու,
Որ քեզի հայր կոչվում է,
«Վրե՜ժ, վրե՜ժ չար ոսոխից»
Գերեզմանից կանչում է:
Դե՜ մեծացիր, իմ նազելի,
Չարի արյունը խմե՜,
Քո մոր սրտի մխիթարանք,
Ուրախություն պագևե»:
Դժվար է այստեղ չնկատելը, որ սա Նալբանդյանի բանաստեղծության փոփոխված ձևն է: «Ահա թե ինչ կասեր քուրդ մայրն իր որդուն»,- հասկացնում է Րաֆֆին, կարծես գիտեր, որ «Իտալացի աղջկա երգը» դառնալու էր Հայաստանի 3-րդ հանրապետության օրհներգը, և մեզ հետ միասին վեճի էր բռնվում այնտեղ հնչող որոշ բառերի հետ:

Ահա նաև համեմատական բնութագրումը հայի և հույնի՝ ըստ Րաֆֆու իմացած թուրքի: «Հայը հավատարիմ է,- ասում է թուրքը,- նա լավ ծառայել գիտե»… Այո հավատարիմ է նա, և նրա հավատարմությունը հնար է տալիս նրան վայելել կառավարության վստահությունը: Բայց հավատարմություն բառը բռնակալի լեզվում ունի բոլորովին այլ նշանակություն, նույն իսկ նշանակությունը, որպես ավազակապետը իր ձեռքի տակ եղող սրիկաներին իր հավատարիմ պաշտոնյաներ է կոչում: -Հայ դրամատերերի այս տեսակ «հավատարմությունը» մի կողմից առիթ տվեց հեռանալու նրանց մի ավելի հաստատուն և ընդարձակ ասպարեզից, այն է՝ արդար և խղճմտանքով վաճառականությունը: Այս ասպարեզը մնաց հույներին»: Րաֆֆու մեջ, իհարկե, այս պարագայում խոսում է ազգային խանդը: Չէ՞ որ հույներին հաջողվել էր 1829 թ.-ին՝ մոտ 400 տարի օսմանյան լծի տակ գտնվելուց հետո, ազատագրում ստանալ: Թեև դա էլ չօգնեց Օսմանյան կայսրության հպատակության տակ գտնվող հույներին փրկվելու ջարդերից:
Րաֆֆու՝ այլազգիների բարքերի ու սովորությունների քաջատեղյակության, ինչպես նաև տոլերանտության փայլուն օրինակ է «Դավիթ Բեկում» Ասլամազ Կուլի-Խանի կերպարը: Նա պարսիկ խանին ներկայացնում է նախ որպես այդ մշակույթի կրող և ապա միայն` որպես մարդ, որին հատուկ են և՛ խառնվածք, և՛ բնավորություն, և՛ զգացմունքներ: «Այլևս ոչ ոք չէր նայում նրա վրա: Այժմ միայն տիրեց նրան զարհուրանքը Բայց նա այնքան սրտի և կամքի ամրություն ուներ, որ բոլորովին չշվարեցավ, չհուսահատվեցավ»:
Նույն «Դավիթ Բեկում» կա հրեա Հարունի փայլուն կերպարը, որի կերտման համար Րաֆֆին հոգեբանական այս հնարքին է դիմել՝ շեշտը դրել է հրեա ազգին վերագրվող այնպիսի գծերի վրա, ինչպիսիք են ագահությունը, խորամանկությունը, վախից մինչև գետնաքարշ քծնանքի դիմելու հատկությունը: Սա Րաֆֆու հոգեբանական գյուտերի շարքին է պատկանում:
Արժե անդրադառնալ վրացիների մասին Րաֆֆու դիտարկումներին, որոնք դարձյալ ազգային շեշտադրումներ ունեն և հիմնականում կառուցված են գրողի համար անընդունելի դրսևորումների վրա: Զարմանալիորեն այս ազգին վերաբերող հարցերում հաճախ պակասում է նրա հանդուրժողականությունը: ժամանակները ցույց են տալիս, որ ինչպես ըստ Րաֆֆու, այնպես էլ ըստ բազում պատմական փաստերի, գրեթե անկարելի է վրացիների հետ հուսալի գործընկերություն գտնելը:
Ասորիների և նրանց ջոլո ճյուղի մասին Րաֆֆին մեծ հարգանքով է խոսում, հիանում է նրանց հովվապետեր՝ Մար-Շիմոնների խիզախ կեցվածքով: Պատմում է, որ այս հոգևոր հայրերը հարկ եղած դեպքում միշտ պատրաստ էին զենքով կռիվ տալու հրոսակախմբերի դեմ: Ահա այս ազգությունից, որ ուներ հզոր թագավորներ, բայց Ք.ծ.ա. մ.թ.ա. 612 թ. Նինվեի կործանումից հետո կորցրեց իր պետականությունը, մնացել է աշխարհով մեկ ցրված 4 միլիոնից մի քիչ ավելի, որ դեռ մի կերպ պահպանում է իր լեզուն, մշակույթը, որի մի պատառիկն էլ հայրենիք է գտել ներկայիս Հայաստանում:
Քրիստոսից առաջ պետականությունը կորցրած այս տոկուն ժողովուրդը շարունակում է քրիստոնեական հավատով գոյատևել, թեև հալածվել ու դեռ հալածվում է տարածաշրջանում ապրող և հալածվող այլ ազգերի պես: Դեռ վերջերս Մոսուլից, որ հնագույն Նինվեն է, հավատի պատրվակով տեղահանվեցին 250000 ասորի, իսկ եղեռնի ժամանակ Թուրքիայում՝ հայերի հետ մեկտեղ կոտորվել է 750000 ասորի: Մոտ 10 տարի առաջ երգահան, երգիչ, ազնիվ մտավորական Վահան Արծրունու ջանքերով նոտագրվեց, կատարվեց, ձայնագրվեց և ԱՄՆ-ում լույս տեսավ ասորական պատարագը, որի գեղեցկությունը աննկարագրելի է: Րաֆֆին ինքն էլ կհիանար այս խորախորհուրդ երաժշտությամբ, ինչպես որ օրերից մի օր Ուրմիայում հրապուրվել էր ասորուհի Աննայի գեղեցկությամբ ու զարմացել նրա երգից:
Իր ժամանակակից քուրդերի և թուրքերի մասին Րաֆֆու թողած տեղեկություններին արդեն անդրադարձել եմ «Րաֆֆին և քուրդերը» էսսեում, բայց դեռ շատ մանրամասներ կան, որոնք արժե ուշադրության առնել և դիտարկել այլ տեսանկյուններից, օրինակ՝ հենց մեր պահանջատիրության և ապահովության առումով:
Րաֆֆու այս մտքերը պետք է պահել մեր արտաքին քաղաքականության շտեմարանում և չմոռանալ, որ նա Մարգարե էր: Եվ նրա մարգարեություններից մեկը, որ ասվելու պահին միայն նախազգուշացման միտում ուներ, իրականացավ ուղիղ 35 տարի անց: «Թե այսպես և թե այնպես, զանազանությունը մեծ չէ. քուրդն արդյոք գիտակցաբա՞ր կգործե, թե մեքենաբար, բոլորը միևնույն հետևանքին կհասնեն, որ Հայաստանում կոտորած տեղի կունենա»: «Թուրքիան նպատակ ունի իսպառ բնաջինջ անել հայկական տարրը»:
Բարեբախտաբար իրականացան Րաֆֆու բարի կանխատեսումները ևս: Եվ մենք, դեռ բախտ կունենանք կատարելապես իրականացած տեսնելու Խենթի երազը:
Րաֆֆին իր երազած հայի տեսակն էր կարծես գտել Ելենդորֆի գերմանական կոլոնիայում, որտեղ նա եղել էր ընդամենը կես ժամով: «Ցանկանում էի տեսնել, թե ինչպես է ապրում եվրոպացի գաղթականը Հայաստանում»: (Իհարկե, նրա ցանկացածը այլ բան էր. նա ուզում էր տեսնել, թե Հայաստանում հայը կարո՞ղ է եվրոպացու նման ապրել): Նա հիացած էր, թե ինչպես կես դարի ընթացքում շվաբ գերմանացիները իրենց հատկացված տարածքները վեր էին ածել մի բնակավայրի, որ թե՛ մշակույթով, թե՛ աշխատասիրությամբ, թե՛ համայնքային իրավունքներով ու պարտականություններով բարձր էր շրջակա գյուղերից ու քաղաքներից: «Հայն ասիական գերմանացի է,- ասում է Րաֆֆին իր «Ուսանող երիտասարդը» հոդվածում,- ինչ որ պակաս է մեզ, կարող ենք ստանալ նրանցից: Մեր նախնիքը Քսենոֆոնի օրերում գարեջուր էին խմում, իսկ գերմանացին խմում է այսօր: Մեր մեջ նմանություններ կան՝ ամեն կողմից նայելով»:
Րաֆֆին բարձր է գնահատում գերմանական ոսումնակրթական սկզբունքները, հատկապես այն, որ Գերմանիայում ուսում առածները «չեն խլվում» իրենց ազգից, այլ՝ «վերադարձնում ամեն ազգին իր որդուն»: «Մեր դպրոցների նշանավոր վարժապետները, տեսուչները, մեր այժմյան խմբագիրները, բոլոր գերմանական համալսարանների պտուղներ են»:
Իսկ երբ Հայաստանում համալսարան ունեցանք, հիմնադիրներից շատերը Գերմանիայում ուսանած և այնտեղ արդեն իսկ բարձր դիրքի հասած պրոֆեսորներ էին, որ ՀԱՅՐԵՆԻՔԻ կանչով թողել էին ամեն ինչ և շտապել իրենց երկիրը ծաղկեցնելու: Նրանցից քանիսնե՜րը իրենց մահկանացուն կնքեցին Սիբիրում կամ բանտում:
Րաֆֆու գործերում հիշատակվում են նաև հայ բոշաներ, գնչուներ, գոլանիներ, վռշիկներ, որոնց մասին չի զլանում տեղեկություններ հաղորդելը: Եթե կան նրանց հետնորդները ու, եթե ուզում են գոնե մի բան իմանալ իրենց անցյալից, թող դիմեն մեր հանճարին: