Երկիրը հայրենիք է դառնում… ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՄԲ / Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Վարդան-ՀակոբյանՎարդան Հակոբյանի «Ջրի հիշողությունը» գրքի առաջաբանում Սերգեյ Սարինյանը դիտարկել է. «Անդրադարձել եմ նրա գրեթե բոլոր ժողովածուներին, ստեղծել մի ամբողջ գիտություն` սահմանելով նրա ստեղծագործական ուղին` «Մեղեդիներից մինչև առասպել»: Թվում է, ավարտել էի իմ խոսքը բանաստեղծի մասին, և չէի ակնկալում նոր հայտնություն առասպելից հետո»:
Ասվածը եթե «մաքրենք» նրբանկատության խճեպից, կստացվի, որ Սարինյանը Վարդան Հակոբյանի բանաստեղծական «դիալեկտիկան» համարել է «ավարտված»: Հիշեցի Սերգեյ Սարինյան-Հրանտ Մաթևոսյան երկխոսությունը, երբ գրողը գեղարվեստական տողը գերադասում է մի էջ տեսական մտորումներից: Իսկ Պարույր Սևակն ասում էր, որ եթե գրականագիտությունը գիտություն է, ապա` գրականության մասին:
Գրականությունն, ահա, յուրովի «վրեժ­խնդիր է եղել»: Վարդան Հակոբյանը գրել է «առասպելի բանաստեղծություն»-ը, որ պոեզիա չէ, իմացության պոետիկա է, այն, ինչ ռուս բանաստեղծն անվանել է «ճանաչման հաճույք», իսկ Դանիել Վարուժանը երազում էր զգալ որպես «ցավն հաճույքի եւ հաճույքը ցավի»:
Ես չեմ հավակնում լինել այդ գրքի մասնագետ գրախոսը կամ քննադատը: Տարիների հետ բանաստեղծության իմ ընկալումները գրեթե «մաշկով զգալու» պես են դարձել: Բայց չեմ կարող չխոսել մի, իրոք, գրական հայտնության մասին: Դա «Տրիադներ» բաժնի «Գրառումներ` նշանի տակ» պոեմն է: Ավելի ստույգ` միջարկումներից մեկը, որ հեղինակն անվանել է «Դադունց Արմենի պատմածը»:
Դա «առասպելի բանաստեղծությունն» է: Երբ Շապուհն Արշակ հայոց թագավորի հավատարմությունն էր փորձում, բանտախցի հատակի կեսը կարգադրել էր ծածկել հայոց, մյուս կեսը` պարսից հողով: Եվ պարսից հողի վրա Արշակը դառնում էր հլու-հնազանդ, բայց հենց ոտք էր դնում հայոց հողին, գոտեպնդվում էր և Շապուհին անվանում ապօրինի թագավոր, որ գողացել է Արշակունիների գահը: Դադունց Արմենին Բայիլի բանտում «երկու բուռ հող են տալիս», թե` «ճանաչիր` ո՞րն է ղարաբաղյան»: Եվ կալանավորը կում-կում ջրով ցողում է երկու բուռ հողը` «տարբեր ամաններում»: Յոթերորդ օրը «սկսեցին մի ամանի մեջ երևալ կաղնի ծառի, ճապկենու, ճըռճռոկի, կինձմինձուկի, ծտըպաշարի ծիլեր»: Ղարաբաղի հողն է: «Մյուս ամանում աղից հողը սպիտակում էր ու մենակ ղամիշ ու ուղտափուշ էր աճում»: Օտար հողն է:
Թե Արշակ թագավորի, թե Դադունց Արմենի դեպքում խնդիրը հավատաքննության ենթարկվելու մեջ է, «հողն» ընդամենը պատմողի այլաբանությունն է: Բայիլի բանտում Դադունց Արմենին ընտրություն են առաջարկել «հողից բաժին չկա» նշանաբանով, իսկ նա ասել է. «Ոչ, ահա իմ հողը ես եմ, քոնը` դու, իմ հողը ես շնչավորում եմ, և կաղնի է ծլում, ճապկի, ճըռճռոկ, ծտըպաշար, գնա-դու էլ քո հողը շնչավորիր, իսկ ես այնտեղ միայն շամբ ու ուղտափուշ եմ տեսնում»:
Համարձակվում եմ ասել, որ Վարդան Հակոբյանը հայոց առասպելաբանությանը բանաստեղծական մարտահրավեր է նետել, ստեղծել «առասպելի բանաստեղծություն»` ոչ թե հողն է զորացնում մարդուն, ինչպես Արշակ-Շապուհ ասքն է հասկացվում, այլ մարդն է զորացնում հողը, իր սիրով, նվիրվածությամբ սոսկական տարածքից կերտում ՀԱՅՐԵՆԻՔ:
Այսպես է փրկվել Ղարաբաղը, որ թեև «դիպուկահարների նշանի տակ է», բայց այստեղ «փորձում են գրել բանաստեղծություն», ինչը, սակայն, զուտ պոետական զգացողություններ զեղելու ցանկություն չէ, այլ՝ համոզմունք, որ «անբանաստեղծություն երկիրը երբեք չի կարող հայրենիք դառնալ»: Ի՜նչ դիպուկ է բանաձևված, բայց դա այն բանաստեղծությունը չէ, որ գիտեինք: Ոչ, կռահումը Բայիլի բանտում Դադունց Արմենի «գրած բանաստեղծության» մասին է, այն նվիրումի, որով հայրենիքի զինվորների համար «հարձակման ոտնահող» է ստեղծվում, քանի որ «պաշտպանությունը մեզ անպաշտպան է դարձնում»:
Եվ` բանաստեղծական պատգամը` «ետևից// գնացողի // ետևից // մի գնա: // Գրողը տանի, ես քեզ սիրում եմ, Ղարաբաղ»:
«Առասպելի բանաստեղծությունն», այսպիսով, ժամանակի մարդուց ստեղծում է ՀԱՅՐԵՆԻՔ կերտողի կերպար: Այդպես տարածքն իմաստավորվում է այնքան, որ բանաստեղծի հայացքին Փոքր Մհերը «կարծես Մատենադարանի դռներից պիտի դուրս գա»: Որովհետև ճիշտ չէ էպոսի հերոսին փակել Ագռավաքարում և հուսալ, թե մի օր աշխարհը փոխվելու, գարին ընկույզի, ցորենը մասուրի չափ է դառնալու : Իսկ Դադունց Արմենը Բայիլի թուրքական բանտում իր շնչով հողից կաղնի է ծլեցրել: Ահա առասպելը, որ Ագռավաքարում փակվելու և արդարություն հուսալու` մեր դարավոր նիհիլիզմի-ինքնախարազանումի անտի-թեզն է:
Իսկ Մատենադարանի դռներից Փոքր Մհերի հայտնության տեսիլքի անտի-թեզն, ըստ երևույթին, պիտի հասկանալ այնպես, որ մեր ազգային առասպելի հերոսներին ասացողն է բանտել` Արտավազդ թագավորին` Մասսյաց անձավներում, Արշակին` Խուժիստանի Անհուշ բերդում, Փոքր Մհերին` Ագռավաքարում, և գրականությունը պետք է նրանց ազատի կապանքներից` ինչպես որ Բայիլի բանտում Դադունց Արմենն է բանաստեղծել. «Ես քաղաքականության հետ գործ չունեմ, տեսածս եմ ասում»:
Որպեսզի «գարին դառնա ընկույզի, ցորենը` մասուրի չափ»:

***
Վարդան Հակոբյանին
Երեկ ամբողջ օրը «Ջրի հիշողությունն» էի կարդում: Ուշ նստեցի և գրեցի` ինչ որ ուղարկել եմ: Առավոտյան գրածս կարդացի: Ինչ-որ բան այն չէր: Փորձել եմ ճշտումներ անել:
Դադունց Արմենի «բանաստեղծությունը» պարզապես փշաքաղեցնելու չափ ցնցող է: Իսկ Մատենադարանի դռներից Փոքր Մհերի հայտնության տեսիլքը շա՜տ մեծ կռահում է հայ բանաստեղծության, գեղարվեստական խոսքի ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ:
Էպոսի քո անտի-թեզով Հրանտ Մաթևոսյանին գերազանցել ես: Հիշո՞ւմ ես, ինքը փորձում է արդարացնել Ագռավաքարը, ասում է, որ թշնամին մանրացել է, Փոքր Մհերի դեմ Մսրա Մելիք չկա, Կոզբադնի թոռներն են` մանր, չնչին էակներ, Փոքր Մհերը նրանց դեմ կռվել չի ուզում, դրա համար է աշխարհաթող լինում-փակվում:
Սա էլ գյուտ է, բայց` մեկնաբանություն, պատճառի բացատրություն, թե ինչու և ինչպես ենք հայրենիք կորցրել, պարփակվել, աշխարհից խռովել: Դու անտի-թեզ ես բերել, «պատճառներն ինձ չեն հետաքրքրում, ես պիտի հարձակման համար զինվորի ոտնահող հայրենիք ունենամ, պաշտպանությունը պարտություն է մեզ համար, ուստի ես Փոքր Մհերին դուրս եմ բերում Մատենադարանի դռներից, ես նոր առասպել եմ գրում»:
Ոչինչ բարձրակոչ չասելով Շարժման մասին, դու բանաձևել ես Շարժումը- դա Փոքր Մհերի ելքն է Ագռավաքարից` Մատենադարանի դռներով:
Ի՜նչ լավ է, որ մեզանում մեկը կա` անվերջ հավատում է, որ անբանաստեղծություն երկիրը ՀԱՅՐԵՆԻՔ չի կարող լինել: Տերյանի «Հոգևոր Հայաստան»-ը հիշում ես, չէ՞:
«Ջրի հիշողությունը» վերնագիրն ընտրելիս էպոսի Կաթնաղբյուրը հո նկատի չե՞ս ունեցել:
Ես այդպես զգացի:

Հ. Գ. Հոյակապ է նաև «եգիպտուհուդ» առասպելը, բայց դա արդեն իմ թեման չէ:

One thought on “Երկիրը հայրենիք է դառնում… ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՄԲ / Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։