– Այսօր համարյա բոլոր ժանրերով բազմանուն գրքեր են հրատարակվում, որոնք վաճառվում են, նվիրվում, սակայն, ավա՜ղ, դրանցից քչերն են արժանանում ընթերցված լինելու երջանկությանը: Նման իրավիճակն ինչո՞վ է պայմանավորված:
– Առաջ…
Առաջ՝ այսինքն՝ Խորհրդային Հայաստանում, գեղարվեստական գրքեր տպագրող միայն մեկ հրատարակչություն կար: Պետական: Հեղինակի ձեռագիրը նախ երկու ներքին գրախոսության էր տրվում, եթե երկուսն էլ դրական էին լինում, ընթերցում էր բաժնի խմբագիրը, ապա՝ վարիչը, ապա՝ գլխավոր խմբագիրը, հարկ եղած դեպքում՝ նաև տնօրենը, վերջում՝ գրաքննիչը, որոնց ստորագրություններից հետո միայն ձեռագիրն իջնում էր տպարան: Ու երբեմն մի քանի տարի իր հերթին սպասելով, վերջապես հրատարակվում էր:
Այժմ…
Այժմ, այսինքն՝ ազատ, անկախ Հայաստանում, այս ամենն իսպառ վերացած է: Հիմա, գոնե Երևանում, հավանաբար ավելի շատ տպագրատուն կա, քան ըմպարան: Գի՞րք ես ուզում հրատարակել, մտնում ես այդ տպագրատներից մեկնումեկը, տնօրենի հետ ընտրում ես թուղթը (տարբեր հաստության, նաև կավճապատ, նաև մետաքսապատ, ռուսական, կանադական՝ կորչե՛ն խորհրդային խունացած գրքերը), կազմը (կարծր շապիկով, կրկնակ շապիկով, ցանկության դեպքում՝ դրվագանախշերով), պայմանավորվում ես գինը, հաշված օրերի ընթացքում ամբողջ տպաքանակը ստանում, տանում ես տուն: Չնչին բացառությամբ, այդ գրքերը չեն խմբագրվում, հաճախ չեն էլ սրբագրվում: Մոտ տասը տնօրենի հարցրել եմ, թե ինչո՞ւ են նման գրքեր հրատարակում, տասն էլ նույնն են պատասխանել. «Տպագրատունը ձեռնարկություն է, հեղինակը պատվեր է բերում, մենք բարեխիղճ կատարում, հանձնում ենք իրեն: Մնացածի հետ գործ չունենք»:
Մի տնօրեն ավելի մանրամասնեց. «Եթե ես այդ պատահական գրքերը չտպեմ, գրողների գրքերը չեմ կարողանա հրատարակել»:
– Ինչո՞ւ:
– Գրողներն իրենց ձեռագրերը բերում են, ինչ գին ասում ես, խեղճանում են, փող չունեն, ասում են՝ կեսը հիմա վճարենք, կեսը՝ վաճառելուց հետո: Գիտեմ, որ գիրքը չի վաճառվելու, եթե վաճառվի էլ, ինքնարժեքի գումարի կեսը նույնիսկ ետ չի բերելու, բայց ի՜նչ անեմ, ընդառաջում եմ:
Տնօրենը բացեց, ցույց տվեց պարտքերի ցուցակը, որոնցից մի քանիսը հինգ-վեց տարվա վաղեմություն ունեին:
Իսկ այն, այսպես կոչված, հեղինակները, որ խորհրդային տարիներին գիրք ունենալու մասին երազել անգամ չէին կարող, չգիտես՝ ինչպես, որտեղից միջոցներ են հայթայթում, տարեկան մի քանի գիրք են հրատարակում՝ այն էլ այնպիսի շքեղ գրքեր, որպիսիք Նարեկացին, Չարենցը դեռևս չունեն: Երևի չունենան էլ:
Ապա և վրա է հասնում ժամանակն ավետելու, որ հայ գրական երկնակամարում այդպիսի գիրք է ճառագել: Մեր ազատ, անկախ Հայաստանում թաղային, համայնքային, հավանաբար նաև մարզային գրադարաններ կան, որոնց անձնակազմը, քանի որ աշխատավարձ է ստանում, պարտավորվում է ընթերցողական միջոցառումներ կազմակերպել: Այդ առումով, նման գրքերի շնորհանդեսները հիանալի հնարավորություններ են, քանի որ հեղինակներն իրենք են հանդիսականներին, ելույթ ունեցողներին, ծաղկեփնջերը, հյուրասիրությունն ապահովում, ու ամբողջ շնորհանդեսի ընթացքում հաճախ գիրքը անգամ չթերթած անձինք այնպես են փառաբանում հեղինակին, որ եթե շատ միամիտ լինես, կհամոզվես՝ Հայաստանում հիմա շնորհալի, ի՜նչ շնորհալի, տաղանդավոր գրող էլ չկա՝ բոլորը մեծություններ են:
Հենց այս գրքերը չե՞ն, որ արտաքին տեսքով գրախանութում ուշադրություն են գրավում, ու պատահական գնորդները, մի քանի էջ շուռումուռ տալով, ընդհանրացումներ են կատարում.
– Է՜ս է էսօրվա հայ գրականությունը…
Ինձ ծանոթ տնօրենը, սակայն, ճիշտ էր ասում՝ գիրքը ապրանք է, տպարանի, գրախանութի, գրադարանի պահեստներում երկար մնալուց խոնավանում, խամրում է, հարկ է լինում դուրս գրել: Ահա այդ ժամանակ անհատ ձեռներեցներ են հայտնվում, կիլոներով գիրք են գնում, իրենց ձեռնարկությունները տանում: Ես եղել եմ նրանց արտադրամասերում, տեսել եմ, թե ահռելի թղթաղացներն ինչպես են խժռում գրքերի, լրագրերի տրցակներն ու… ո՛չ, անպայման վատթարը մի՛ մտածեք, կենցաղային օգտագործման սովորական անձեռոցիկներ են արտադրում…
Մեկը չկա հարցնի՝ քո ի՜նչ գործն է, հեղինակը գո՞հ է, տպագրողը գո՞հ է, գրավաճառը գո՞հ է, գրադարանավարը գո՞հ է, անգամ անհատ ձեռներեցն է գոհ…
Ճի՛շտ է, բայց, ախր, մեր հազարամյակների քաղաքակրթությունը, մշակույթը, գրականության ավանդույթներն ու չափանիշները…
Գլուխը քա՛րը: