ԴԱՐՊԱՍ (Հատված վեպից) / Փիթեր ՍՈՒՐՅԱՆ

1895: Քսանը դեռ չբոլորած Վահան Ստեփանյանը շատ կարճ քուն էր առել և անդադար արշավելով` ուժասպառ էր արել ձիուն: Անհամբեր էր, պետք է րոպե առաջ տուն հասներ, քանզի իր բացակայության չորս օրերի ընթացքում գուցե կինն արդեն զավակ էր պարգևել նրան: Այժմ լարելով տեսողությունը` ալիքվող տապի մեջ նշմարեց սեփական գյուղը, որ փռվել էր կոշտացած ու տափարակ դաշտից այն կողմ, ուր վերջապես հասել էր: Սառնասրտորեն խթեց ձիուն` հեռու վանելով կանխակալ վախը, թե ամեն պահ ձին կտապալվեր իր ոտքերի տակ: Տեսավ, որ ծուխն ու փոշին պարուրել էին ամբողջ գյուղը:
Գյուղից հեծյալներ էին դուրս թռչում: Քրդերն էին՝ ելուզակները: Բայց մինչ նրանք սրընթաց դեպի հյուսիսի հարթավայրն էին արշավում և թելատ սաթե մանյակահատերի պես շարան-շարան Սև ծովը գլորվում, նա նկատեց, որ հեծյալներն առաջ էին շարժվում կանոնավոր շարքով՝ հետզհետե ավելի հստակ ուրվագծվելով արևալույսի մեջ, հետո պարզորոշ երևացին նրանց բանակային դեղին համազգեստները` թուրքերն են:
Երբ գյուղի առաջին տանը հասավ և մարդկային առաջին մարմինը տեսավ, որ հասակով մեկ փռվել էր պատի երկայնքով, անմիջապես ճանաչեց` վարժապետն էր, պենսնեն թեք ընկած շփոթահար դեմքին, սև ժապավենը ծնոտի տակ՝ կատարյալ եվրոպական մորուքի մեջ կորած, վարժապետը, որ իրեն գրել-կարդալ էր սովորեցրել և հաճախ էր կրկնում՝ Վահանը պետք է Արմաշ մեկներ, հեռավոր Կոստանդնուպոլսի մոտերքը, որպեսզի ուսում առնի սուրբ հայրերից:
Ճանաչեց, բայց կանգ չառավ, ավելի ուժգին խթեց ձիուն, արագորեն անցավ մյուս մարմինների` ընկերների, զարմիկների, եղբոր կողքով, մինչև հոր դիակին հասավ և իջավ ձիուց: Ձին երերաց, ուժասպառ մի կողմ փլվեց, իսկ ինքը կանգ չառավ, վազեց և հայրական կիսախավար տունը մտավ, տեսավ մորը` բերանքսիվայր ընկած հանգած օջախի վրա, մազերի մեջ բրինձ ու գառան միս` իր բաժին ճաշը, տեսավ զվարճախոս, ծույլ հորեղբորը` վիզը կիսով չափ հատած, բայց էլի կանգ չառավ, դեպի մյուս սենյակը վազեց, ուր փոքրամարմին կինն էր ընկած մերկ` մեծ փորը գետնին սեղմած, սենյակի անկյունում, որտեղ երբեմն Վահանի հայացքն էր մեխվում գիշերը, անկողնում պառկած, երբ փակ աչքերով տեսնում էր, թե ինչպես էր խաղում այդտեղ մանուկ հասակում, և հիմա նույն անկյունում ընկած էր կնոջ պատառոտված, Տրապիզոնից բերված նուրբ կտորից բաց կապույտ խալաթը, որ գրեթե մաշվել էր, իսկ իր խուրջինում բոլորովին նոր խալաթն էր, որ նման չէր սրան, ընդամենը Երզնկայից էր գնված և հաստատ նույնքան նրբագեղ չէր, և նա կանգ առավ:
Վահան Ստեփանյանը դուրս եկավ տնից, տռուզ ճանճերը սև, բզզացող պարսերով իսկույն վերադարձան և կրկին թառեցին դիակներին: Դրսում անգղները, որոնց մինչ այդ չէր նկատել, անմիջապես մի կողմ թռան և իջան քիչ հեռվում: Կռացավ, փորձեց նայել հոր դեմքին, որ արդեն գորշացել էր սատկած թափառամկան լեշի պես: Փախցրեց հայացքը, կրկին ու կրկին շոշափեց զարկերակը հոր դաստակի վրա, նույն կերպ կյանքի նշույլ էր փնտրել կնոջ և մոր մարմիններում: Հետո հոր աջ ձեռքի բռից դուրս քաշեց փոքրիկ, ճերմակ բռնակով ատրճանակը:
Ձմռանը քրդերը կարճոտանի, փոքր ձիերը հեծած իջնում էին լեռներից և օթևան էին պահանջում իրենց և ոչխարների համար: Հին ցեղապետը մշտապես հետևում էր, որ նրանք նեղություն չտային հայերի կանանց, և երբեք սահմանվածից ավելի տուրք չէր գանձում` չորս հարյուր դահեկան, քսան ոչխար և չորս կով: Բայց նա մահացել էր: Եվ այդ ձմեռ երկու հայ աղջիկներ էին առևանգել, սպանել և մարմինները փոսն էին նետել: Վահանի հայրը նոր ցեղապետի մոտ էր գնացել, որն ասել էր. «Եթե թվանք չունես, ուրեմն կին ես: Իսկ ես կանանց ասածը չեմ լսում»: Վահանի հայրն էլ Երզնկա էր մեկնել և վերադարձել էր անօրինական ատրճանակը գրպանում: Գարնանը հեռանալիս քրդերը հինգ տղամարդ էին թողել գյուղում: Մի գիշեր հայրը, հորեղբայրը, եղբայրն ու Վահանը գնացել էին նրանց սպանելու: Քրդերը հանգիստ մրափում էին` ավելի քան վստահացած հայերի կանացի թուլակամությունից: Վահանի հայրը երկար ժամանակ հայացքը չէր կտրել նրանցից, բայց ի վերջո օրորել էր գլուխն ու իր ընտանիքի տղամարդկանց սուսուփուս առաջնորդել էր դեպի տուն:
Այժմ Վահանը թափառում էր լռության մեջ թաղված գյուղում, ծանր ու փոքրիկ ատրճանակը ճոճվում էր նրա ձեռքից կախ: Ո՛չ կով կար, ո՛չ ոչխար, հավանաբար քրդերը թուրքերից մի ոտք առաջ էին ընկել: Անհնար էր միայնակ թաղել մեռելները, մտածեց գլուխը կախ: Գյուղի սահմանագլխին հասնելով` հանկարծ շրջվեց և կրկին դեպի իրենց տունը վազեց` ճանապարհին հպանցիկ հայացք նետելով կոստանդնուպոլսցի վարժապետի դիակի վրա:
Գրպանի փողը հաշվեց, ուտելիք ու հագուստ խցկեց խուրջինի մեջ, ապա դադար առավ:
Մի պահ կանգնեց, երկնքին նայեց և սառած ու անհաղորդ խաչակնքեց: Ապա կտրուկ հեծավ ջրից հագեցած ձին և քառատրոփ արշավեց գյուղից դուրս` դեպի արևմուտք. անգղներն անհամբեր նրա հեռանալուն էին սպասում, որպեսզի կրկին թառեին լեշերին:
Շուտով դանդաղեցրեց ընթացքը, բայց այդպես էլ ետ չնայեց: Գիտեր, դեռ մի քանի ժամ գյուղը կերևար: Հայացքն առաջ էր ուղղել, գլուխը պահում էր անթեք: Երբ հասկացավ, որ գյուղն արդեն տեսադաշտից դուրս էր, իջավ ձիուց, հոգնատանջ անասունին ազատեց թամբից և հոր հաստ, բրդյա թիկնոցի մեջ փաթաթվելով՝ պառկեց գետնին: Գիտեր՝ անմիջապես կքներ, չնայած ատամներն ամուր սեղմել էր իրար:
Կոստանդնուպոլսի երկար ու ձիգ ճանապարհին հեռվում անմռունչ քայլող մարդկանց բազմություն տեսավ, որին հարավ` դեպի անապատն էին քշում մտրակելով ու խթելով խարազանի ծայրով որպես անասունների, մի մասին զինվորներն էին ուղեկցում, մյուսներին` ոստիկանները: Շլմորած շարունակեց ճանապարհը:
Քսանվեց օրում Բեյբազարի արևմտյան դարպասին հասավ, բայց ներս չմտավ, որովհետև մերձակա գյուղում` Թոփաչիի իջևանատանն իմացել էր, որ Բեյբազարում ժանտախտ էր:

1920: Էլիս Այլենդ: Շոգենավից ափ իջեցրին և նախրի պես քշեցին Էլիս Այլենդ: Հրամայված է քայլել զույգերով: Հրամայված է նստել կպչուն նստարաններին: Հրամայված է ոտքի կանգնել: Հրամայված է մերկանալ: Հրամայված է շարվել հետազոտվելու: Սպասում ենք քսան րոպեից ավելի, մորեմերկ, ուրիշ մերկ մարդկանց հետ: Հրամայված է հետևել, և ոչ մի բացատրություն: Կողպված եմ փոքրիկ, դատարկ սենյակում` միայնակ, չիմացության մեջ, տկլոր: Դուրս են հանում, դարձյալ բացատրություն չկա: Հրամայված է հագնվել: Հրամայված է հետևել կանաչ թղթերի շերտը ձեռքում բռնած տղամարդուն: Ժամանակից անտեղյակ` երեք օր քնում եմ նախնական պահման խցում` ընդարձակ, բամբասախեղդ, կողպված սենյակ, բազում այլ մարդկանց հետ, նեղվածք է, մրածեփ պատուհաններին` ճաղեր, կեղտոտ ներքնակները` հատակին: Վերջապես նավակով քաղաք են տանում և ազատ են արձակում վերերկրյա գնացքի զարհուրելի ոռնոցի ներքո:
Հետագայում` Կոստանդնուպոլսից Պիրեայով Ամերիկա ժամանելուց հետո, Սարգիսը բազմիցս էր նման դեպքեր լսում` ինչե՜ր եղան Էլիս Այլենդում, ի՜նչ ահավոր էր, նույնիսկ թուրք պաշտոնյան չէր հրամայի մերկանալ մարդկանց աչքի առաջ:
Սակայն տասնվեցամյա Սարգսի համար, որ քսանմեկ օր բաց ծովում մնալուց հետո էր ժամանել, այդ ամենը բոլորովին էլ այդպես չէր: Ճիշտ է, հունական շոգենավում մեկ օր կարանտին էր, և զույգերով էին ափ իջել: Բայց քայլել էր ուրախ, երգելով: Հետազոտությանը սպասելիս զամբյուղների մեջ թարմ մրգով կեսօրյա թեթև ճաշ բաժանեցին: Բժիշկը նրա աչքերը ստուգեց և երբ խշրուկ չհայտնաբերեց, աչքով արեց: Համբերատար հրահանգավորեցին, թե ինչպես պետք է ամեն երեկո Նյու Յորքից ուղևորվող նավով Բոսթըն հասներ: Չնայած գրասեղանի ետևում նստած շիկահեր ամերիկացին ո՛չ հայերեն գիտեր, ո՛չ էլ թուրքերեն, բարեկամաբար վերաբերվեց և գծագրելով ու ձեռքի շարժումներով հասկացրեց Սարգսին, որը Պողոս Պողոսյանի հասցեն նրան մեկնելուց հետո լայնաբերան ժպտացել, բացել ու վեր էր պարզել ձեռքի ափերը և ուսերն էր թոթվում:
Մանհեթենում Սարգիսը գլխարկ գնեց, իր կողքով անցնող տղամարդկանց գլխարկների պես: Եվ մնացած քսան դոլարն ու ամերիկյան փայլուն մանրադրամները գրպանում, կանգնեց վերերկրյա երկաթգծի տակ և հայացքը վեր հառեց` հիացմունքով սարսռալով, երբ գնացքը սլացավ գլխավերևում: Գլխարկը վայր ընկավ: Քամու հանկարծահաս հոսանքը քշեց-տարավ այն և սալաքարերի վրա նետեց: Վազեց գլխարկի ետևից և փրկեց, որպեսզի չճխլտվեր մեքենաների անիվների տակ:
Սեպտեմբերյան այդ օրը, ժամը հինգից մի քանի րոպե պակաս, ճերմակ նավը նստեց, խոր քուն մտավ պսպղացող անկողնում և հաջորդ օրը` կիրակի առավոտյան, արդեն Բոսթընում էր: Հեռվում զանգ էր ղողանջում, բայց ի՜նչ անդորր էր, խաղա՜ղ, աստվածասե՜ր աշխարհ:
Երբ վերջապես գիտակցեց, որ հավանաբար գլխի էր ընկել, թե ինչպես պետք է Դորչեսթըր հասներ, որտեղ Պողոս Պողոսյանն էր բնակվում, տրամվայ նստեց, որը կանգառում արգելակեց ճիշտ այն րոպեին, որի մասին վկայում էր պարզ ու ընթեռնելի տպված ցուցանակը:
Պողոս Պողոսյանը, որ լրջմիտ շտապողականությամբ էր նայում շողշողուն, անշրջանակ ութանկյուն ակնոցի միջով, իհարկե հիշում էր նրան, թեև Սարգիսը հինգ տարով մեծացել էր: Նա պատրաստվում էր Ֆրանկլին Փարք` զբոսախնջույքի գնալ յոթ ուրիշ տղամարդկանց հետ և Սարգսին նույնպես իր հետ տարավ:
Սարգսին ներկայացնելիս շռայլորեն գովաբանեց նրա հորը: Սարգիսը խոնարհեց հպարտությունից ծանրացած գլուխը և աչքի տակով նկատեց, որ տղամարդիկ հավանությամբ գլուխներն էին տմբտմբացնում:
Քայլում էին փողոցով ինը հայեր, Սարգիսը` ճամպրուկով, Պողոս Պողոսյանը` փառահեղորեն ճռճռացնելով ընտիր դարչնագույն կոշիկները:
Միատեղ փռվեցին անխռով-զմրուխտ խոտերին` հանդարտ ու անշարժ հսկայական ծառերի տակ, և սանդվիչներ կերան: Ի՜նչ հաց էր` փափո՜ւկ, քառակուսի շերտերո՜վ: Սանդվի՜չ: Հաճույքով խնդմնդաց իր համար բոլորովին նոր բառի արտասանության վրա` բերանում զգալով դրա համը: Գլխավերևում բարձր, շատ բարձր, մեղմիվ սփռվող զեփյուռն օրորում էր հազարավոր փսփսացող տերևները, իսկ նրանք փոքրիկ շշերով սառը, քաղցրանուշ ըմպելիք էին խմում: Շուտով սկսեցին հայկական հայրենասիրական երգեր երգել: Աշուղ Ջիվանու հայտնի տաղն էր` «Փուշը մեզ, վարդը մեր զավակներին»:
Ամենահաղթանդամը, ազգանունը` Հակոբյան, հանկարծ դադարեց երգել, գեղեցիկ տղամարդ էր, մեծաքիթ: Մյուսների ձայնը նույնպես մարեց: Սարգսի աչքը վերջին սանդվիչի վրա էր:
– Հայկական կերակուրներին, մե՛ր կերակուրներին ես կարոտել, չէ՞,- ասաց Հակոբյանը: Խոժոռադեմ Սարգսին էր զննում:
– Չէ՛: Այստեղի ուտելիքը հավանում եմ: Ինձ դուր է գալիս:
Պողոս Պողոսյանը մե՛րթ Հակոբյանին էր նայում, մե՛րթ` Սարգսին, և նրա ակնոցը պսպղում էր գլխի շարժումների հետ:
– Այստեղի սեխը մերի հետ չես համեմատի,- ասաց նա:
Փոքրամարմին, լրջախոհ ընկերը գլխով արեց:
– Ճի՛շտ է: Համ փոքր են, համ էլ մերի պես հյութեղ չեն: Մերի քաղցրությունը բոլորովին չունեն,- ասաց:
Հակոբյանն ու մյուս երկուսը ընդամենը մի քանի ամիս առաջ էին կռվել թուրքերի դեմ Կիլիկիայում` ֆրանսիական հրամանատարության ներքո և այժմ դառը քամահրանքով էին արտահայտվում հայերին միայնակ թողած ֆրանսիացիների դավաճանության մասին:
Սարգսի դեմքը լրջացավ, երբ սկսեցին ամեն կարգին հայի համար խիստ կարևոր քաղաքական հարցերի շուրջ խոսել: Նա էլ պետք է գյուղատնտեսի մասնագիտություն ստանա, որպեսզի երբ Հանրապետությունը վերջնականապես հաստատվի, հոր, խորթ մոր ու խորթ եղբոր հետ մեկնի արևելք` Հայաստան, և հացահատիկ աճեցնեն Արարատ լեռան ազնվական ստվերում: Կամ լրագրություն կսովորի: Հմուտ ամերիկացիները կուսուցանեն, թե ինչպես պետք է հուսալի ֆինանսական հիմքով լրագիր հրատարակել, որպեսզի երբ բոլորը հայրենիք վերադառնան, որը երբևէ չեն տեսել, հայրը նոր լրագիր հիմնի, իսկ ինքը` Սարգիսը, օգնի նրան: Մայրացուն անսասան էր ատամնաբուժության հարցում: Կոստանդնուպոլսցի ծանոթ ատամնաբույժ ուներ, որ Գերմանիայում էր ուսանել և այժմ շա՜տ հարուստ էր: «Երբե՛ք»,- Վահանն ասել էր մտքում:
Հիմա էլ քաղաքական տեսակետներ ու ենթադրություններ էին հնչում:
– Է՛հ, ազգը կառավարելու համար շա՜տ է տարիքն առած,- ասաց տղամարդկանցից մեկը:
– Չափից ավելի ծեր չէ, համենայնդեպս մյուսներից լավ է,- խոսեց մյուսը:
– Հետաքրքիր է, քանի՞ տարեկան է:
– Զորավարը նույնպես հարմար չէ: Քաջ զինվոր է, բայց հաջող պետական գործիչ չէ:
– Մտավորակա՛ն չէ:
Սարգսի դեմքին, որ դեռ պահպանել էր լրջությունը, ժպիտ խաղաց: Հակոբյանն ու մյուսները, ամեն մեկն իր հերթին, ուզում էր Հայաստան մեկնել և վարչապետ դառնալ:
Փարթամ խոտին մեկնված՝ Հանրապետության մասին էին երազում, բոլորը, բացի Սարգսից, որ ընդամենն առաջին քայլն էր անում: Բայց արդեն դրախտի դռանն էր, այստեղ և հիմա` Ֆրանկլին Փարքում, վստահելի կարգ-կանոնով, առանց ուշացման ժամանող ու մեկնող տրամվայներով շրջապատված, բարի, ջերմ ու ապահով աշխարհում, որտեղ ամերիկացի պաշտոնյաները հետևում էին, որպեսզի արդարություն տիրեր:

Թարգմանությունն
անգլերենից`
Արամ ԱՐՍԵՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։