ԾԵՐՈՒՆ ԹՈՐԳՈՄՅԱՆ – 120 / Մայրը

ԾԵՐՈՒՆ  ԹՈՐԳՈՄՅԱՆ
Թագուխ մորքուրը միայն մի որդի ուներ` Արմենը: Ամուսնու մահից հետո նա իր ամբողջ խնամքը նվիրեց մինուճար որդուն: Գիշեր-ցերեկ աշխատեց, աչքի լույսի պես պահեց ու որդուն մեծացնելով հասցրեց քսան գարնան շեմին:
– Միակ ուրախությունս է, աչքիս լույսը, բովանդակ կյանքիս հույսը, իմ Արմենը,- ասում էր նա` արտահայտելով իր անհուն սերը:
Թագուխ մորքուրը մեծացնում էր որդուն, և նրա ապագա կյանքի, բախտավորության մասին մտածում, զանազան ծրագրեր կազմում, թե ինչպես անի, որ տղան լավ ապրի, ընտանիք կազմի: Նրա ամուսնության մասին էր հոգում: Ինչպիսի՞ աղջիկ բերի տուն, որ իր օջախին, պատվին արժանավոր լինի, կյանք ու խնդություն բերի տուն, այդպես էր մտածում Թագուխ մորքուրը` բարվոք կյանքի լավագույն զգացմունքներով տարված: Վրա հասան 96-ի աղետալի դեպքերը: Սուլթան Աբդուլ Համիդի հրամանով ջարդարար խմբերը ինչպես երկրի բոլոր հայաբնակ վայրերում, Վանում էլ հարձակվեցին հայերի վրա` նրանց ջարդելու, ոչնչացնելու նպատակով: Սակայն Վանի երիտասարդությունը ոտքի կանգնեց, չթողեց, որ ջարդարարներն իրենց նպատակին հասնեն, արյունոտ ծրագիրն իրագործեն: Արմենն էլ մասնակցեց ինքնապաշտպանության հերոսամարտին, անխորտակ պատնեշի պես կանգնեց մարդակեր հրոսակների դեմ: Համիդյան կառավարությունը չկարողացավ հասնել իր նպատակին, ջարդարարներին ետ կանչեց, բայց պայման դրեց, որ ինքնապաշտպանության մարտիկները քաղաքից հեռանան: Եվ ահա գիշերով ռազմիկների խումբը լեռնային ճանապարհներով շարժվեց դեպի արևելք, դեպի Պարսկաստան: Սակայն սահմանամերձ շրջանում նախօրոք հավաքված սահմանապահ զորքերն ու քրդական ավազակախմբերը նրանց շրջապատեցին: Համառ, արյունոտ մարտ եղավ, ու մարտիկներն ընկան, նրանց թվում նաև Արմենը:
Թագուխ մորքուրը ծով արտասուք թափեց: Շարունակ վշվշում էր, լաց էր լինում, մինուճար որդուն կանչում: Բարեկամներն Արմենի ողբերգական մահը մորից թաքցրին` հավատացնելով, որ նա գնացել է Պարսկաստան, ուրիշ աշխարհ…

***
Իզուր էր Թագուխ մորքուրը որդուն սպասում` աչքը դռան հառած: Ամիսներ, տարիներ էին անցնում, և Արմենը չկար: Հապա ե՞րբ պիտի գա տղաս, գոնե մի նամակ գրեր, մի լուր ուղարկեր իր մասին: Արդյոք հիմա ո՞ւր է, ի՞նչ վիճակի մեջ է, խոմ հիվանդ չի՞: Խոմ տղիս գլխին մի փորձանք չի եկել, հա՞…,- մտածում էր նա վշվշալով, ծնկները կոծելով:
Նա հույս ուներ, որ որդին կգա, անպայման կգա: Մի օր չէ, մի օր դուռը բաց կանի, ժպտուն աչքերով ներս կմտնի: Եվ նրա երևակայության մեջ որդին պատկերվում էր ավելի մեծացած, բոյ քաշած, ավելի լրջախոհ տղամարդ:
«Ջանին մատաղ,- մրմնջում էր նա,- հիմա ինչպես է մեծացել, ավելի բանիմաց դարձել իմ տղան: Գալուն պես կպսակեմ…»:
Ու մտքի մեջ հաշվի էր առնում թաղի հասած աղջիկները: Նրանց մասին խորհրդածում, հարևաններից ու բարեկամներից լրացուցիչ տեղեկություններ հավաքում:
Մի կերպ ապրում էր Թագուխ մորքուրը, օրվա հաց ճարում: Այդ մասին նա երբեք չէր մտածում, մտահոգվում:
– Ճնճղուկն անգամ իր գլուխը կպահի, չի կորչի: Ես պիտի կորչե՞մ,- ասում էր նա անտարբեր, երբ նրան խորհուրդ էին տալիս ապրուստի մասին մտածել, հոգս քաշել:
– Թող մի բարով-խերով տղաս գա, Արմենս…:- Եվ նա, Թագուխ մորքուրը, օրերով կարող էր սոված մնալ ու տարվել, մխիթարվել որդու վերադարձի հույսով: Այդ հույսը նրան ուժ ու զորություն էր ներշնչում, որքան կարելի է ավելի երկար ապրելու զորավիգ դառնում: Այդ պատճառով էլ շատ սակավապետ էր: Երբեմն-երբեմն սրա-նրա համար գուլպա էր գործում, արջկան մանում, թել պատրաստում, մի կտոր հաց ձեռք բերում: Մերձավոր բարեկամներն էլ էին օգնում` եղբայրը, քույրերը: Նրան բավական էր մի կտոր հաց, պանիր, կամ մի պնակ մածուն: Այո, բավական էր, նա սովից չէր մեռնի, միայն թե որդու վերադարձի հույսը չկտրվի, չմարի…
Ի՞նչ էր անում Թագուխ մորքուրն իր մի սենյակից, թոնրատնից, հաշտից ու մառանից բաղկացած տանը, բակում կամ փոքրիկ այգում: Վաղ առավոտից վեր կենալուն պես, որդու անկողինն էր հարդարում, կարգի բերում, հագուստները մաքրում ու խնամքով պատից կախում, գրքերն ու տետրերը դասավորում: Ամեն առավոտ ու մի քանի ժամ: Ու երբ տղու վերմակն էր բարձրացնում, ասես տեսնում էր նրան անկողնում պառկած, իր խոշոր, լուսաժպիտ աչքերով, գանգուր մազերով:
– Ոտացդ մեռնեմ, տղա ջան, քնիր, էլի քնիր, մատաղ քեզ,- մրմնջում էին նրա շրթունքները:
Երբ որդու բաճկոնակն էր կախարանից կախում կամ վերարկուն, որդին աչքին պատկերվում էր պարթև հասակով:
– Բոյիդ մատաղ, ինչ չինար բոյ ունես…
Երբ կռանում էր կոշիկները շոշափելու, անհուն գուրգուրանքով մրմնջում էր:
– Վա՛յ, քոռանան աչքերս, կոշիկներդ թոզոտվել են, մաքրել է պետք…
Այդպես ասելով նա երկար և առանձին խնամքով մաքրում էր կոշիկներն ու տեղավորում մահճակալի տակ:
Վերարկուի գրպաններն էր շոշափում, տեսնելու համար թե արդյոք թաշկինակ կա՞ և մաքո՞ւր է թաշկինակը: Եվ այդպես ժամերով մաքրում, դասավորում էր Արմենի հագուստները, իրերը և այնքան տարվում, որ ո՛չ քաղց էր զգում, ո՛չ ծարավ: Հետո ելնում էր բակը, նայում պատի տակ դրած բաֆրիկին, որով ձմռան օրերին տղան տանիքի ձյունն էր մաքրում: Ապա ելնում այգին ու երկար-երկար նայում պտղատու ծառերին, որոնց տակ Կորյունը փոքր հասակում վազվզում, խաղում էր կամ հասած պտուղները պոկում, ուտում:
– Եկ, է, բալա ջան, դալասլին հասել է, մալաչեկն ու մալաղեկն էլ հասնում են, եկ, անուշ արա…
Երբ երեկոյան պառկում էր քնելու, քունն ասես խռովել էր, չէր մոտենում աչքերին: Կիսաբաց աչքերը մութին հառած, մտքով թռչում-գնում է ուրիշ աշխարհ, իր Արմենին որոնում, ասես գտնում էր նրան և աղերսալից ձայնով մրմնջում:
– Արի, որդի ջան, տուն դարձիր: Ճամփադ սպասելով աչքս ջուր դառավ…

***
Մոտ քսան տարի անցավ: Թագուխ մորքուրն սպասում էր որդուն և հույսը չէր կտրում: Արդեն մոտեցել էր ծերության դռներին, դեմքին ծալքեր էին գոյացել, աչքերի լույսը պակասել էր, բայց որդին չկար ու չկար:
Նոր և ավելի ահավոր կռիվ եղավ իրենց քաղաքում, մի ամիս տևեց արյունոտ պայքարը: Ջարդարարները շրջապատել էին հայոց թաղամասը, հրացաններն անխնա պայթում էին, թնդանոթները որոտում: Տագնապալի վիճակ էր: Թեև հրազենի ամեն մի զարկին կամ հրանոթի որոտին Թագուխ մորքուրի սիրտը թնդում էր, բայց նա դարձյալ օրորվում էր հույսերով: Նրան թվում էր, թե իր որդին էլ է մասնակցում այդ արյունոտ գոտեմարտին, քաջաբար կռվում թշնամու դեմ ու պաշտպանում հայկական թաղամասը, իրենց տունը, մորը…
«Կռիվը կվերջանա, ու տղաս տուն կգա: Այո, կգա Արմենս»,- մրմնջում էր նա ինքն իրեն մխիթարելով:
Երբեմն-երբեմն եղբայրն ու փեսաներն էին գալիս, ուտելիք բերում, ու Թագուխ մորքուրը կրկին մնում էր մենակ, տանջալից կարոտանքի ու սպասումների մեջ:
Կռիվն ավարտվեց, ժողովուրդը հանգիստ շունչ առավ, բայց Արմենը չերևաց: Թագուխ մորքուրը դարձյալ վշվշում էր և արտասուքով թրջում թառամած այտերը:
Ո՞ւր է հապա իր որդին, իր սիրասուն որդին: Ինչո՞ւ չկա, չի գալիս…
Նորից սահեցին օրեր, շաբաթներ: Ու մի օր էլ ահավոր գուժկանը կանչեց` գաղթ: Վաղ առավոտից խելացնոր վազքով ժողովուրդն սկսեց լքել տունուտեղը ու ճամփա ընկնել օտար աշխարհ: Եղբայրն ու քույրերը եկան ու պահանջեցին, որ Թագուխն էլ պատրաստվի գաղթելու: Սակայն Թագուխ մորքուրը համառեց:
– Ես չեմ գնա, չէ: Չեմ թողնի իմ տունուտեղը: Տղես չկա, մինուճարս: Էլ ո՞ւր գնամ,- ասաց նա ու փղձկաց դառնագին:
Մերձավոր բարեկամներն անհարմար էին համարում նրան թողնել, խղճի դեմ էր, և հորդորում ու ստիպում էին, որ միանա իրենց:
– Ի՞նչ տուն, ի՞նչ տեղ, երբ թշնամին մոտեցել է, և րոպե առ րոպե կարող է ներխուժել քաղաքը ու մեզ բոլորիս սրի քաշել, ասում էր եղբայրը:
– Առանց քեզ ինչպե՞ս գնանք: Ուրիշներն ի՞նչ կասեն: Մուր կքսես մեր ճակատին: Վեր ել, գնանք,- պնդում էր քույրը: Բայց Թագուխ մորքուրը կողի էր ընկել, չէր ուզում գնալ: Չէ որ չէ: Նա ավելի գերադասում էր իր տան, օջախի մեջ մեռնել, քան գնալ ուրիշ տեղ, դառնալ անբույն, թափառական հավք:
Ինչպե՞ս թողներ իր տունը: Բա Արմենի տեղաշորը, հագուստները, կոշիկները, գրքերը ո՞ւմ թողնի, անտեր մնա՞ն: Եվ վերջապես, չէ՞ որ ինքն արդեն հասակն առած կին է, ո՞ւմն է պետք որ, ո՞ւր գնա: Այսպես ամբողջ գիշեր մտածում էր Թագուխ մորքուրը ծանր խնդիր լուծող մարդու պես: Եվ նա որոշեց տեղից չշարժվել: Վաղ առավոտ եղբայրը ներս մտավ խիստ անհանգիստ: Նա որոշել էր ինչ գնով էլ լինի, թեկուզ բռնի ուժով քրոջը իրենց հետ տանել: Քաղաքն արդեն դատարկվում էր, և իրենք ուշանում էին, իսկ վտանգը դամոկլյան սրի պես կախվել էր քաղաքի վրա: Ներս մտնելուն պես նա պահանջեց, գրեթե հրամայեց, որ քույրը միանա իրենց: Բայց վերջինս պառկել էր իր անկողնում ու այնպես ձևացրել, որ հիվանդ է, չի կարող գնալ, թող իրենք գնան և իր պատճառով ետ չընկնեն:
Տեսնելով, որ ոչ մի բան չի օգնում, ոչ խնդրանքն ու ոչ էլ հրամանը, եղբայրը խորամանկության դիմեց.
– Թագուխ ջան, վեր ել, գնանք: Գնանք Արմենին գտնենք: Արմենն այնտեղ մեզ է սպասում, դե շուտ…
– Արմենս այնտե՞ղ է, մեզ կսպասի՞: Գնանք,- բացականչեց Թագուխ մորքուրը ու մեկեն վեր թռավ:
Ասես մի անհայտ, աներևույթ ուժ հզոր թափով նրան ոտքի կանգնեցրեց և առաջ մղեց: Եղբայրն ստիպված էր ինքը թակել նրա տան դուռը, Թագուխը այնպես էր աշխուժացել, իրար անցել, որ ո՛չ տունն աչքին կերևար, ո՛չ այգին և ո՛չ էլ ուրիշ բան:
«Գնամ որդուս գտնեմ, Արմենիս»,- մրմնջում էր նա անհուն կարոտով լցված:
Եվ այդ հույսով թևավորված, նա յուրայիններից առաջ ընկավ և քայլում էր պինդ-պինդ: Քայլում էր ծերունազարդ աչքերը մշուշապատ հորիզոնին հառած:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.