Բոգդանն աշխատանք էր փնտրում: Նա ծեծում էր երաժշտական դպրոցների, ուսումնարանների, կոնսերվատորիայի, ֆիլհարմոնիայի դռները, ծեծում էր երկրորդ, հինգերորդ անգամ: Մի սրտացավ քարտուղարուհի բացատրեց, որ ինքնահոսով ոչինչ չի ստացվի. ամենուրեք կլանայնություն է, կապեր, կաշառք, զանգեր վերևից… Կաշվե թղթապանակում, որ Բոգդանն զգուշորեն տանում էր իր հետ, անօգուտ դրված էին մոսկովյան կոնսերվատորիայի, ասպիրանտուրայի, դափնեկրության դիպլոմները… Տանն էլ համարյա ոչինչ չէր մնացել, որ կարելի լիներ վաճառել, նույնիսկ ռոյալը, որ իր կյանքի անբաժան ընկերն էր, հարկ եղավ գրավ դնել: Գունաթափ պատին կախված էր մնացել միայն ֆոկուսից ընկած լուսանկարը՝ Բոգդանը ֆրակով, այդ ռոյալի մոտ… Այն երկար, դժվարին ճանապարհը, որ նա անցել էր դաշնակահար դառնալու համար, այժմ նրան թվում էր անիմաստ…
Մի անգամ, անցնելով ստորգետնյա թատրոնի մոտով, Բոգդանը հսկա ապակեպատ պատուհանների միջով նշմարեց «Էստոնիա» համերգային ռոյալ, որ միայնակ կանգնած էր դատարկ նախասրահի մեջտեղում: Ասես մագնիսական մի ուժ նրան ձգեց դեպի այնտեղ: Ներս մտնելով, նստեց ռոյալի առջև և նախասրահի արձագանքող տարածքն իսկույն ևեթ լցվեց Բեթհովենի տասնյոթերորդ սոնատի վեհ երաժշտությամբ: Հնարավոր է, որ այն ներթափանցեց նաև ադմինիստրատորի առանձնասենյակ, քանի որ նա հանկարծ հայտնվեց ռոյալի մոտ, ծամծմելով շաուրման, որ «պերերիվին» նրան պատրաստակամորեն հասցնում էր թատրոնի գանձապահը:
– Արհեստավա՞րժ եք,- հարցրեց ադմինիստրատորը:
Բոգդանը շարունակում էր նվագել:
Ադմինիստրատորը նրան զննեց ոտքից գլուխ:
– Գործազո՞ւրկ եք,- հարցրեց:
Բոգդանը գլխով արեց, շարունակելով նվագել:
– Վերցնում եմ աշխատանքի,- հայտարարեց ադմինիստրատորը:
Երաժշտությունն ընդհատվեց, թեև Բոգդանի մատները դեռ ստեղների վրա էին:
Ադմինիստրատորի խոսքի երանգավորումից, ենթագիտակցորեն կամ ինչ-որ այլ ճանապարհով Բոգդանը կռահեց, որ առաջարկված աշխատանքը ոչ մի կապ չունի դաշնակահարի մասնագիտության հետ: Բայց փոքր-ինչ սխալվեց:
– Ինձ հարկավոր է ծաղրածու-դաշնակահար,- ասաց ադմինիստրատորը,- դա արտասահմանում վաղուց է կիրառվում, բայց Հայաստանի համար նորություն կլինի:
– Չհասկացա,- տարակուսանքով ասաց Բոգդանը:
– Դուք պետք է և՛ զարմացնեք հանդիսատեսին վիրտուոզ նվագով, և՛ զվարճացնեք նրան զանազան աճպարարություն-մաճպարարություններով՝ ընկնել աթոռից, նվագել քթով, գլիսանդո անել արմունկներով… Եվ այլն: Կարող եք այստեղ փորձեր անել, նույնիսկ ամեն օր: Մինչև շոու-մրցությունը դեռ մի ամիս կա: Աֆիշան արդեն պատրաստել են՝ «Ով ավելի արագ ու շուտ»: Այսինքն՝ ով բոլորից արագ և բոլորից շատ կուտի սարդելկաներ, խոզապուխտ, թխվածքեղեն: Աֆիշայում կտեղադրենք նաև ձեր ազգանունը: Եվ ես լավ կվարձատրեմ:
Ադմինիստրատորը նշեց գումարը:
«Ինչի տեղ է նա ինձ դնում»,- մտովի զայրացավ Բոգդանը և ահավոր զարմացավ ինքն իր վրա, ադմինիստրատորին ասելով.
– Համաձա՛յն եմ:
Իսկ ինչի՞ վրա զարմանալ, մտածում էր Բոգդանը՝ վերադառնալով տուն: Նման փողերով կարելի է և՛ ռոյալը ետ գնել, և՛ ապրել: Մայրն, իհարկե, չէր ուրախանա, թե որդին ինչով է մտադիր զբաղվել: Բայց ինքը կգնա գերեզմանատուն և նրանից ներողություն կխնդրի: Մանավանդ որ այդ ամենը ժամանակավոր է:
Տանը Բոգդանն ուժեղ հոգնություն զգաց, չհանվելով պառկեց մահճակալին և իսկույն քնեց:
Սկզբից մեծն Առնո Բաբաջանյանը նրա երկար, խճճված երազի մի մասն էր: Բայց բավական էր, որ Բոգդանը կեսգիշերին աչքերը բացեր, նույն պահին ամեն ինչը մոռացվեց, հիշողության մեջ մնաց միայն Առնոն: Ավելի ճիշտ՝ նրա ներկայության զգացումը և, միաժամանակ, միտք-հիշողությունը, ինչպես Առնոն, նեղ շրջանակում կատարելով իր ստեղծագործությունները, հանկարծ, ծիծաղի համար վերջին նոտան խփեց քթով: Իր հռչակավոր քթով… Կատակի, որ իրեն թույլ տվեց Առնոն և այն բանի միջև, որ առաջարկեց ադմինիստրատորը, Բոգդանը հեռավոր կապ որսաց: Դա նրան հանգստացրեց: Լայն բացած պատուհանից ներս էր լըցվում վաղորդյան թարմությունը և նրա կիսադատարկ սենյակն ասես ձուլվում էր արտաքին աշխարհի՝ տիեզերքի հետ, ինչի մասնիկն էր նաև ինքը… Այո՛, իհարկե, երբ դեռ փոքրուց նա ժամերով գամմաներ էր թխկթխկացնում, բակի երեխաները տարված էին աղմկոտ խաղերով: Բայց փարիզյան մրցույթում հաղթելուց հետո նրան թվաց, որ ինքը կարող է ինչ-որ հետք թողնել աշխարհում… Հիմա նրան մոռացել են: Եվ դրանում ոչ ոք մեղավոր չէ: Այդպիսին է ժամանակը: Կյանքը կրկես է, իսկ մարդիկ՝ ծաղրածուներ: Բայց նրանցից յուրաքանչյուրը՝ թերևս յուրովի միայնակ:
Բոգդանը մի հեռուստակադր հիշեց. հսկա հրապարակ՝ մարդկանցով լեփ-լեցուն: Բարձրախոսի դղրդյունի տակ բոլորը «Ֆիտի-Միտի» են երգում և պարում, տեղում դոփդոփում, քսվում միմյանց: Թիկունքները, փորերը, ձեռքերը, գլուխները՝ ամենը միահյուսվել է զարհուրելի, ռիթմիկ ցնցվող կծիկի մեջ: «Ֆիտի-Միտի, Սփոփիր ինձ, Ֆիտի»: Մարմինները ճոճվում են, ասես նմանակում զուգավորություն, ասես մասնակցում լայնամասշտաբ խմբակային սեքսի: Ինչ-որ մեկն ասաց, որ ջազը ուրախ երաժշտություն է մռայլ աշխարհում: Հրապարակի ամբոխին կարծես ջազն էլ պետք չէր՝ միայն ծեծված, նույնատիպ կրկնվող երկու-երեք նոտաների համակցություն. «Ֆիտի՜-Միտի՜: Սփոփիր ինձ, Ֆիտի՜…»:
Առավոտվա դեմ Բոգդանը նորից քնեց և երազում տեսավ լայնարձակ, հնաոճ մի դահլիճ՝ ծանր, առեղծվածորեն առկայծող մոմերով լուսամփոփներ, Լև Տոլստոյը՝ հյուրերի մեջ, Շոպենի «Մազուրկան» և գեղանի պարող զույգեր…
Բայց առավոտյան, 10-ի մոտ, Բոգդանն արդեն ստորգետնյա թատրոնում էր, և որպես սկիզբ փորձն անցավ բավականին հաջող: Եթե հավատալ ադմինիստրատորին, Բոգդանի մոտ, պարզվում է, նիրհում էր Ենգիբարյանի տաղանդը: Բոգդանն իր հետ վերցրեց Մանուել դե Ֆալիայի «Կրակե պարը», Արամ Խաչատրյանի «Սրերով պարը», Լիստի «Կամպանելլան», էլի ինչ-որ գործեր և ադմինիստրատորի ու կրկեսից հրավիրված խորհրդատուի հետ այդ բոլոր «աճպարարություններ-մաճպարարությունների» համար գործողությունների ստույգ պլան կազմեցին: Արդեն երկրորդ շաբաթվա վերջին նախասրահում, որպեսզի դիտեն Բոգդանի փորձերը, դերասանները, ռեժիսորները, գանձապահը և թատրոնի մյուս աշխատողները ոտքները կախ էին գցում, ադմինիստրատորն էլ պատվիրել էր ծաղրածուի մի տարօրինակ զգեստ, գաղտնի հույս տածելով, որ կհամոզի Բոգդանին հերթական շոուներում բեմ դուրս գալ ներքնաշորերով, գուցե նաև մերկ: Նա, ասես պատահաբար, հիշատակում էր արտերկրի ծաղրածու-երաժիշտներին՝ ծիծաղի իսկական ասպետներին, հիշատակում էր արտերկրի ծաղրածու-երաժիշտներին՝ ծիծաղի իսկական ասպետներին, ովքեր հանուն արվեստի զոհաբերում են նույնիսկ իրենց անսքող մարմինը:
Չի կարելի ասել, թե ամեն ինչ այնպես հարթ էր ընթանում, ինչպես թվում էր: Երբեմն գաղտագողի վրա էր հասնում ցավը: Եթե ազնվորեն, ցավը հազիվ նշմարելի, անխոնջ էր: Երբեմն էլ այն դառնում էր անտանելի և այդժամ Բոգդանին համակում էր անհաղթահարելի ցանկությունը՝ ի լուր ադմինիստրատորի և ողջ թատրոնի գոռալ՝ «Ո՛չ: Ո՛չ: Ո՛չ»: Թերևս նա այդպես էլ վարվեր, եթե չլիներ կանխավճարը, որ նրան տվել էին դրամարկղում, ինչի շնորհիվ մի որոշ ժամանակ ըմբոշխնում էր ազատության պատրանքը՝ վերջապես նա ձերբազատվեց կոմունալ վճարումներում պարտքի տակ ընկնելու վախից: Սակայն շատ չանցած, այդ պատրանքը փոխարինվում էր նոր վախերով՝ ծաղրատեղ դառնալ երաժիշտ մասնագետների աչքում, կրկին հայտնվել առանց փողի, զրկվել տանիքից, կորցնել խելքը… Լավ է, որ գիշերին հաջորդում էր առավոտը, և Բոգդանը, փորձի շտապելով ստորգետնյա թատրոն, կրկին ու կրկին սկսում էր ծաղրածուի իր ստանձնած դերը որակել որպես ժամանակավոր, բայց անհրաժեշտ անկում: Նրա մտքերը սլանում էին դեպի Չապլինը, Իլյինսկին, Տոտոն և այլ մեծն կոմիկներ ու նույնիսկ խեղկատակներ, առանց որոնց արքաները ոչ մի կերպ յոլա գնալ չէին կարող: Մի անգամ մի երգ հիշեց, որ դեռ մանկության օրերին լսել էր հորեղբորից.
Քողով ծածկված մի անկյունում
Շեկ ծաղրածուն է նստած,
Դեմքին գրիմ է նա դնում,
Մտքում՝ աղջիկը սիրած:
Չկա՛ նա, ուրիշին է սիրում,
Գրկում է հիմա ուրիշին,
Ծաղրածուն լացում է, հեկեկում,
Չի պառկում գրիմը դեմքին:
Փոքրիկ Բոգդանի համար տարօրինակ էր, որ այդ տխուր բառերին հաջորդում էր ուրախ կրկներգ.
Մինչդեռ կրկեսը գոռում-գոչում է,
Ծիծաղ է հնչում բոլոր կողմերից,
Ու կամարում արձագանքում է՝
«Ծաղրածու բրավո,
Շեկո՝ բի՜ս…»:
Երբ հորեղբայրը ինքն իրեն նվագակցելով կիթառի վրա, սկսում էր երգել երկրորդ տունը, Բոգդանը կարող էր սենյակից դուրս վազել, բայց, չգիտես ինչու, մնում էր ու երգը լսում մինչև վերջ.
Գմբեթի տակ՝ ճոճաձողին
Շեկոն անիվ է պտտում,
Սովորականի պես ժպտում է՝
Դեմքն անտարբեր ու տրտում:
Չկա՛ նա, ուրիշին է սիրում:
Չկա՛ նա, ուրիշի հետ գնաց…
Ծաղրածուն լացում, գլուխկոնծի տալիս
Ու, պոկվելով, ընկնում է ցած:
Բոգդանն ուժեղ սեղմում էր կոպերը, վախենալով տեսնել մահացու ջախջախված ծաղրածուին: Բայց հանդիսատեսը շարունակում էր ցնծալ, քանի որ կրկներգը նույնն էր.
Մինչդեռ կրկեսը
գոռում-գոչում է,
Ծիծաղ է հնչում
բոլոր կողմերից,
Ու կամարում արձագանքում է՝
«Ծաղրածու բրավո,
Շեկո՝ բի՜ս…»:
Շտապելով փորձի և այդ երգը հիշելով, Բոգդանը դառը քմծիծաղ տվեց. նա նույնիսկ մոռացել էր, որ ծաղրածուն վաղուց է տեղ գտել իր սրտում:
Գերեզմանատուն Բոգդանը գնաց շոուի նախօրյակին, գնելով յասամանագույն վարդերի յուրահատուկ փունջ, բայց մորից ներողություն չխնդրեց, միայն շշնջաց՝ «Անում եմ՝ ինչ հնարավոր է» և, չգիտես ինչու, արտասվեց: Վերադառնում էր աղտոտված ավտոբուսով. պատուհանից երևում ու անցնում էին հյուծված կովեր, որ արածում էին աղբավայրերի մոտ, գույնզգույն ցելոֆաններ ճամփեզրերին, մեքենաներ, տներ, մարդիկ, իսկ աչքերի առջև անդադար կանգնած էր մանկության օրերից մի պատկեր՝ գետ, որ իր հետ տանում էր ամպերի արտացոլումը… Հասնելով տուն, նա անսպասելիորեն զգաց նույնը, ինչ այն օրը, երբ ռոյալը տարան՝ բնակարանը այլ տեսք էր ստացել: Ռոյալի հետ ասես չքացավ այն ամենը, ինչ կապված էր երաժշտության հետ, և մինչև չհաշտվեց տեղի ունեցածին, նրան դժվար էր մնալ սեփական տանը… Այժմ զգացումները կրկնվեցին՝ բնակարանը Բոգդանին թվաց օտար: Նա հենվեց դռան կողափայտին և այդպես կանգնած մնաց մինչև մութն ընկնելը: Վերջապես, միացնելով լույսը, դարակից վերցրեց Էդուարդ Էրիոյի «Բեթհովենի կյանքը» գիրքը, որից անբաժան էր, գտավ այն նախադասությունը, որի մեջ ներդնում էր իր ողջ սերն ու ակնածանքը երաժշտության հանդեպ և որը նրա մեջ մարդու հանճարի առջև խոնարհումի զգացում էր առաջացնում. «… ինչի՞ց է, որ աղերսանքն այդ, այդպես նուրբ և այդպես թախծոտ, այդպես հուզում է մեզ…»: Բոգդանի կրծքից հառաչանք դուրս թռավ, բայց անմիջապես իրեն հավաքեց: Վաղն սկսվելու էր շատակերների շոու-մրցույթը, և նա չպետք է կորցներ ռոյալը ետ գնելու շանսը:
Առավոտյան Բոգդանը սովորականից շուտ զարթնեց: Բայց քիչ մնաց ուշանար թատրոնից: Վազքով անցնելով ազդագրերի և խայտաբղետ հսկա պաստառի կողքով, որտեղ, ի դեպ, երևում էր և իր ազգանունը, ու մի կերպ ճեղքել-անցնելով մուտքի առջև հավաքված բազմության միջով, Բոգդանն իրեն գցեց գրիմանոց, որտեղ թուխ, թախծոտ աչքերով դիմահարդարուհին ներկոտեց – անճանաչելի դարձրեց նրա դեմքը, օգնեց հագնելու նարնջագույն պուտերով կարմիր տրիկոն ու անհեթեթ պոմպոններով կանաչ բալախոնը, իսկ անհապաղ հայտնված ադմինիստրատորը ուղեկցեց նրան մինչև կուլիսների միջնամասը:
Բայց հենց Բոգդանը ոտք դրեց բեմին, արդեն չէր հիշում, թե ինչ է հագին և ինչ պետք է անի: Լրիվ մոռացավ, որ ծաղրածու է: Բեմը և դահլիճը նրա համար սովորական իրադրություն էին: Բոգդանը խոնարհվեց, նստեց նախասրահից բերված ռոյալի առջև, մատները հպվեցին ստեղներին և ասես ժամանակների խորքից սկսեց դուրս ցայտել, երկրի ու երկնքի միջև տարածվել վեհ, կախարդիչ երաժշտությունը: Լեփ-լեցուն դահլիճը լռեց: Ինչ-որ մի տեղ, բարձունքում, քամու տակ ճոճվեցին հոգի մղկտացնող հնչյունները: Ավտոկայանում, որ տեղավորված էր թատրոնի վերևում, վարորդները իրենց բենզինապատ մեքենաներում ավելի խորը շնչեցին, ասես հեռվից վրա հասավ դաշտերի ու սարերի բույրը կամ լսողությանը հպվեցին տիեզերական տավիղի առեղծվածային ձայները: Իսկ ինչ-որ տեղ շտապող մի օրիորդ ժըպտաց անծանոթ տղամարդուն, ակամա կիսելով նրա հետ չգիտես որտեղից հայտնված աղոտ ուրախությունը…
Բայց դա տևեց ընդամենը մի քանի րոպե. դահլիճ ներխուժեցին ուշացածները, և տղաներից մեկը, ականջ դնելով բեմից եկող ձայներին, բարձր ասաց.
– Արա՛, էս ի՞նչ ա նա էնտեղ նվագում,- ու քմծիծաղեց:
Քմծիծաղեցին նաև դահլիճի մյուս ծայրում, քրքիջն անցավ առաջին շարքով, որտեղ նստած էին «լավագույն շատակերի» կոչման հավակնորդները, փոխանցվեց վերջին շարքերին, և շուտով հռհռոցը ցնցեց ողջ դահլիճը: Իսկ Բոգդանը շարունակում էր նվագել: Անսանձ ծիծաղի հեղեղում Բեթհովենի երաժշտությունը փոքրիկ, աստվածային կղզյակ էր:
Զայրացած ադմինիստրատորը վախենալով, որ շոուն կտապալվի, կարգադրեց բեմ տանել ուտեստներով սայլակներ: Մի սայլակ պատահաբար կպավ ռոյալին, թեքվեց և Բոգդանի ոտքերի մոտ սկսեցին դուրս թափվել տաք, միմյանց հյուսված սարդելկաներ… Բոգդանը սարսափած վեր ցատկեց և «Ո՛չ» ճչալով, դուրս վազեց փողոց:
Ներկոտված, ծաղրածուի զգեստը հագին, նա վազում էր՝ ուր աչքը կտրեր, ուղեկցված անցորդների շվար հայացքներով, սուլոցով ու ծաղրուծանակով, իսկ կողքից անցնող մեքենաներից լսվում էին «Ֆիտի-Միտի» և երկու-երեք նոտաների այլ պրիմիտիվ համակցություններ, որոնք այս մռայլ աշխարհում այդքան ուրախացնում և սփոփում էին մարդկանց: