Հայ ժողովրդի պատմության վերջին 25-30 տարիները քաղաքական, տնտեսական, հասարակական, բարոյական, բնական, արհեստական… աննախադեպ ցնցումների տարիներ էին: Ահավոր երկրաշարժ, Համազգային զարթոնք, պատերազմ, շրջափակում, արտագաղթ: Այս ցնցումների էպիկենտրոնում գտնվելը արջաորսի գնալու նման մի բան էր: Իսկ արջաորսն ամեն մեկի խիզախության ու խելքի գործ չէ. առաջևը՝ վտանգ, նահանջելը՝ ամոթ, աջ ու ձախ էլ՝ անորոշություն: «Արջաորսի» գնալու մասին խոսում էին բոլորը, գլուխները տներից դուրս էր հանում նրանց կեսը, ճանապարհ էր ընկնում այդ կեսի կեսը. ճանապարհին էլ՝ ե՛ս տկար եմ, ե՛ս հոգնել եմ, ե՛ս… թավուտ էին հասնում մի ձեռքի մատների վրա հաշված «խենթեր»: Սամվել Բեգլարյանն այդ «խենթերից» մեկն էր, հաճախ էլ՝ «արջաորս» կազմակերպողը: Նրա «Արջաորսի այբուբենը» գիրքը այդ ցնցումների էպիկենտրոններում կազմակերպված «արջաորսերի» պատմությունների ժողովածուն է: Ասել է թե՝ մի յուրօրինակ տարեգրությունն է մեր ժողովրդի 25-30 փոթորկաշաղախ տարիների: Միաժամանակ կենսագրությունը հեղինակի՝ արջաորսը ջրի ճամփա դարձրած մարդու: Հենց միայն այդ փոթորկաշունչ ժամանակների դեպքերի մասնակցի ու ականատեսի կողմից գրված լինելը առանձնահատուկ արժեք ու հետաքրքրություն են հաղորդում գրքի 50-ից ավելի հրապարակագրական հոդվածներին, հարցազրույցներին, ակնարկներին, քննախոսություններին, դիտարկումներին… ամենատարբեր ժանրերով ներկայացված, մեծ գեղարվեստականությամբ գրված նյութերին: Հեղինակի լեզուն ու մտածողությունը հայեցի է, անթերի հայերենով, հղկված վարպետությամբ, ձգող, տանող ոճով: Հենց միայն վերնագրերը տպավորիչ են ու խոսուն՝ «Որպես ազատ ստրուկ», «Մեր հույսի ծիծեռնակները», «Թող չտնքա հող հայրենին», «Անիծյալ հայրենիքի անառակ որդիները», «Մեր վերընթաց կաղնին», «Մի՛ կրակեք միջնաբերդին», «Հաց հոգու համար» և այլն, որոնց ներքո չմարվող հետաքրքրությամբ են ընթերցվում բանակաշինությանը, ազգամիջյան պատերազմին, հայրենասիրությանը, հայրենիքը լքելուն, սովորույթներին, մշակույթին և հոգեհարազատ այլ թեմաների նվիրված հրապարակումները:
«Արջաորսի» տարեգրությունը սկսվում է 1988 թ. դեկտեմբերի 7-ից, մեծ աղետի էպիկենտրոնից՝ Սպիտակից: Այնուհետև ռեպորտաժներ են համազգային զարթոնքի ցնցումների՝ ցույցերի, հանրահավաքների էպիկենտրոններից: Սամվել Բեգլարյանը, բնականաբար, բարիկադների վրա էր: Հանրահավաքից առաջ ահաբեկում էին. «Միտինգն սկսելուց 10 րոպե հետո երեխաներդ…», բայց 12 րոպե անց հարթակի վրա էր՝ բարձրախոսը ձեռքին: Հանրահավաքից հետո դարձյալ ահաբեկում էին… Մի օր էլ դագաղ էին ուղարկել: Նա սառնասրտորեն զննել էր, հետո հետ էր ուղարկել.
– Տարե՛ք տվեք պատվիրողին, իր չափերով է պատրաստված, ինձ համար փոքր է,- ասել էր: Եվ հաջորդ օրը դարձյալ հրապարակում էր, փոթորկված մարդկանց առաջին շարքում:
Ս. Բեգլարյանը մի առանձին հպարտությամբ է գրում ամենավտանգավոր «արջաորսի»՝ պատերազմի ելած նվիրյալ տղաների մասին, որոնցից մեկն էլ ինքն է, տարածաշրջանում առաջին զինված ջոկատի հիմնադիրը, իսկ հանուն հայրենիքի ընկած ազատամարտիկների մասին գրում է արցունքաթաթախ գրչով: Նրա գնահատմամբ նվիրյալը նվիրյալ է՝ գեներալ թե շարքային, և նույն գրչով է գրում Վազգեն Սարգսյանի, Բերդավանցի Խամրու և բազում մեր զոհված, կամ ինչ-ինչ պատճառով կյանքի կես ճանապարհին մնացած «խենթերի» մասին: Նաև անզիջում ու անխնա գրչով ցեխաշաղախ է անում դավաճաններին, դասալիքներին, բանսարկուներին, փափկամորթներին. լինեն նախարար թե հասարակ մահկանացու:
«Արջաորսի այբուբենում» մեծ տեղ է տրված արտագաղթի խնդրին. մե՛կ ցավով, մե՛կ ցասումով, մեկ ամոթանք տալով, մե՛կ խնդրելով դիմում է հայրենակիցներին. «Կանգնե՛ք»… Ապացուցում է, որ բնօրրանից հեռու, օտարության մեջ գտնվող մարդը մեկ ոտքի վրա կանգնածի է նման, որ կես մարդ է: Ժամանակն առաջ է տալիս և օտարության մեջ ծնված թոռան բերանով սպանիչ ապտակում. «Պապի՛կ, ինչո՞ւ լքեցիր, ինչո՞ւ հեռացար, սա մեզ համար լոկ ապրելու տեղ է, իսկ ո՞ւր է մեր Հայրենիքը»: Ի՞նչ պատասխան է տալու այդ պապը:
Իսկ 1990 թ. ծանր օրերին մամուլում հրապարակված «Դեռ «Այրում են» մեզ հողմերը «Նոյեմբերյան» հոդվածում, խորիմացորեն վեր է հանում տարբեր դարերում մեզ պարտադրված օտարահունչ տեղանունների էությունը և նրանցից անհապաղ ազատվելու անհրաժեշտության խնդիր դնում: Ցավոք, մինչ օրս այս հարցը ո՛չ հասարակության լայն շրջաններում, ո՛չ պատկան մարմիններում քննարկման առարկա չի դառնում, այն դեպքում, երբ պատմություն չունեցող ազերիները, այդ անունները վկայակոչելով, իրենց համար պատմություն են «մոգոնում»:
…Մի օր էլ նստել, գրիչն առել ու կռիվ-ռեպորտաժ է սարքել այս մեր խելոք, համեստ նոյեմբերյանցիների գլխին: Մի կողմ է դրել նոյեմբերյանցու, նախանձ շարժող, բնավորության գծերը` պատվախնդրությունը, հայրենիքին, ընտանիքին անմնացորդ նվիրվածությունը, իր լեռների նման շիտակությունը, իր աղբյուրների նման զուլալությունը… և վեր հանել մի «դյուժին, ուրիշ-ուրիշ բնավորության գծեր…»: Կարդում ես ու զայրանում, զարմանում. մի՞թե դա մենք ենք: Հետո հանդարտվում, կարմրում ես. հա՛ էլի, մենք ենք, ու ոնց է տեսել, ինչպես է նկատել ու պեղել …
Մեկ այլ հոդվածում էլ ջարդուփշուր է արել անցյալում ու այսօր էլ տարածված, այսպես կոչված. միկրոհայրենասերներին. «…ե՛ս քյավառեցի եմ, ե՛ս նոյեմբերյանցի եմ, ե՛ս երևանցի եմ, ե՛ս ղարաբաղցի եմ… Արդեն իսկ շաաատ ենք փոքրացել, արդեն իսկ պուճուր ենք, սրտի չափ պուճուր ու մի բուռ… էլ ի՞նչ եք բաժանում, բաժանվելու համար արդեն իսկ շատ ենք փոքր…»,- սա է հեղինակի կոչ տագնապը, զգաստացնող ձայնը:
Այո՛, Սամվել Բեգլարյանն ուրիշ մտավորական է, ուրիշ հասարակական գործիչ, երբեք հանգիստ չունի. գործում է, գրում-գրում է, գործում: Արձակագիր է, դրամատուրգ, պոետ, հրապարակախոս, որ ժանրում էլ չկա՝ կլինի: Չգիտեմ` գրականագետներն ինչ կասեն, իմ կարծիքով, ժամանակակից հայ գրողների շարքում նրա տեղն արձակագիրների թիմում է, կենտրոնական «հարձակվողի» գոտում:
Հատկանշականն ու գնահատելին այն է, որ գրքի «ո՛ր հոդվածի, զրույցի, նյութի վրա ուզում ես՝ մատդ դիր», այսօրվա համար է, ժամանակակից և օրախնդիր: Ասվում է այն, ինչ դու էիր վաղուց մտմտում և ինքդ կուզենայիր ասել, մանավանդ որ դժվար ենք դասեր առնում և շարունակ կրկնում ենք նախկին սխալները: «Միտքը՝ ժողովրդի հոգուց, խոսքը՝ բերանից». սա չէ՞ արդյոք գրողի կոչումը, իսկական խնդիրն ու մեծությունը: 65-ամյա «արջաորսի» սիրահարն այսօր էլ` 25-30 տարեկան երիտասարդի նման, «արջաորսի» է գնում: Հավատացած եմ, տարիներ հետո լույս կտեսնի «Արջաորսի այբուբենի» երկրորդ գիրքը` արդեն նոր ժամանակների տարեգրությամբ, քանզի Սամվել Բեգլարյանը եղել ու մնում է իր ապրած ու ապրելիք օրերի հողմապտույտի էպիկենտրոնում, իսկ դեպքերի մասնակցի, ականատեսի ու վկայի ասելիքը միշտ էլ մեծարժեք և անփոխարինելի է: