ՉՀԱՂԹԵՑԻՆՔ, ԲԱՅՑ ԵՎ ՉՊԱՐՏՎԵՑԻՆՔ / Անահիտ ԱՐՓԵՆ

Մեր պատմության էջերից գիտենք, որ հաճախ ենք նաև բարոյական հաղթանակ տարել: Սովորաբար մենք նախահարձակ չենք լինում, և մեր առաջնորդները միշտ գթացել են թշնամու կանանց ու ծերերին, ազատ արձակել հարեմները: Եվրատեսիլի մրցակցությունն, իհարկե, պատերազմ չէ, և ճակատագրական «զոհեր ու կորուստներ» չեն լինում, սակայն կարելի է մի թեթև համեմատել ու ասել, որ «կատաղի մարտերի» արդյունքում մերը բարոյական հաղթանակն էր: Չհաշված, իհարկե, Իվետա Մուկուչյանի երկու խոշոր հաղթանակները՝ որպես մոդել և որպես լավագույն տեսահոլովակի երգչուհի: Իսկ Հայաստան երկիրը չհաղթեց, քանի որ Եվրատեսիլն ուղնուծուծը քաղաքականացված գործընթաց է: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ երբ սկսում են գնահատականներ տալ, երգչին կամ երգին չեն տալիս, երկրի՜ն են տալիս: Այդպես էլ հաղորդում են` այսինչ երկրի 12 միավորը գնում է այնինչ երկիր: Եվ կարելի է ասել, որ մենք աշխարհի մրցահարթակում ցածր հորիզոնական չենք զբաղեցնում: Յոթերորդ տեղում լինելը վատ չէ, և ինչքան էլ հայաստանյան իրադարձություններից և քաղաքական իրավիճակից կախված` մեր բարձունքից վերև ձգտենք թե ներքև շեղվենք (ինչպես մարտիմեկյան տարին եղավ կամ համեմատաբար ավելի բարենպաստ չորրորդ տեղը գրավելու տարին), աշխարհը գնահատում է մեր երկիրը՝ հորիզոնի վրա մեզ տեսնելով հիմնականում յոթերորդ տեղում, և սա, մեղմ ասած` ոչ ուժեղ պետականության ու տնտեսության պայ- մաններում, բնավ էլ քիչ չէ, երբ (դիվանագիտությունը մի կողմ, դա չքննարկենք) առաջնորդող քաղաքականություն չունենք: Նկատի չունեմ, որ երբեք նախահարձակ չենք լինում, այլ սպասում ենք մեկին տասով պատասխանելու կամ հուսալու, թե իրադրությունն այնպես կդասավորվի, որ հարձակվողն ինքը կընկնի իր փորած փոսի մեջ, ինչպես Եվրատեսիլում ադրբեջանցի լրագրողի դեպքում եղավ: Նկատի ունեմ, որ մենք նպատակամղված չենք ապրում ու գործում, մեր նպատակներն ազգաշինությանը չեն ուղղված: Իսկ դա բոլորն են տեսնում, առաջին հերթին` հենց մեր թշնամիները և մեզ մեզնից լավ են ճանաչում: Բնական է, որ ըստ այդմ էլ փոխում են իրենց քաղաքականությունը և կփոխեն տակտիկան՝ գիտենալով, որ մենք դեռ սպասում ենք՝ տեսնելու, թե հետո ինչ է լինելու: Մենք դանդաղում ենք, սովորաբար ինքներս ոչինչ չենք ձեռնարկում, մենք ազգաշինությամբ չենք զբաղվում, պետականության մտածողությամբ չենք առաջնորդվում, ուղղակի պետություն ենք, բայց դա քիչ է, երբ մեր թշնամիներն առիթը բաց չեն թողնում թմբկահարելու իրենցը և բոլորի համակրանքն իրենց կողմը շրջելու համար միջոցների մեջ խտրակա- նություն չեն դնում: Իսկ մենք, և շատ հաճախ մեր ալարկոտությամբ, անփութությամբ ու երկրի հեղինակության մասին մոռացող անտարբերությամբ, ուղղակի մեր դեմ ենք տրամադրում ուրիշներին:
Այս տարվա ապրիլյան ազգային ոգու բացահայտումից հետո, բնականաբար, Եվրատեսիլում հայոց պետականությունն այլ շունչ ու ոգի ունեցավ: Մրցակիցները մրցակից, իսկ թշնամին նույնն էր ու, ինչպես միշտ, քնած չէր, բայց ի՞նչ տեղի ունեցավ: Իվետա Մուկուչյանի թիմը և պրոդյուսերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը տարել էին հետները: Ճիշտ թե սխալ՝ շատ էլ լա՛վ էին արել: Սա նշանակում է միավորներ հավաքել սեփական ժողովրդի աչքում, ոչ թե ուրիշների: Մեր երկու երկրների դրոշներն օտար աչքի համար առանձնապես իրարից չեն տարբերվում և չէին էլ նկատվի, եթե այս հարցում իրենց անգնահատելի ծառայությունը չմատուցեին մեր թշնամի պետության ներկայա- ցուցիչները՝ լրագրողական հարցերով ու բողոքելով: Եթե մեկ-երկուսը նկատել էին Արցախի դրոշն ու լռել կամ ուշադրություն չէին դարձրել, ադրբեջանցիների օգնությամբ ի ցույց դրվեց, և Լեռնային Ղարաբաղը բոլորի ուշադրության առարկան դարձավ: Անմիջապես հաջորդեց Ամստերդամի վրայով սավառնող գրությունը՝ Ղարաբաղը սիրում է Իվետային: Սա արժանապատիվ քայլ է, փառք ու պատիվ մեր Անհատներին: Աշխարհն էր հետևում Եվրատեսիլին…
Երևում է` Եվրոպան էլ մի լավ օրի չի. հարցեր լուծելու, ջրից չոր դուրս գալու համար արդեն Ավստրալիաներից է չեզոքության խորհրդանիշեր փնտրում բերում, որովհետև ինքն արդեն վեճ ու կռվի բուն է դարձել: Եվ Ավստրալիայի մասնակցությունն էլ Եվրատեսիլի՛ համար եմ փրփուրներից կառչել համարում: Թե չէ, եթե Ասիայի ու Եվրոպայի սահմանագծին գտնվող մի երկիր է մասնակցում Եվրատեսիլին, հասկանալի է, իսկ մի ամբողջ մայրցամաք Եվրոպայի կազմի մեջ ընդգրկելն արդեն ծիծաղելի է: Պատճառաբանություններ ու բացատրություններ պետք չեն: Պե՞տք է, թող հյուրի կարգավիճակում երգեն, ոչ թե Եվրոպայի կազմում մրցեն: Հակառակ դեպքում, ուրեմն կա՛մ պետք է փակել Եվրատեսիլը, կա՛մ դարձնել համաշխարհային մրցահարթակ: Ինչո՞ւ ոչ: Թող համայն աշխարհի քաղաքական խաղերը ի ցույց դրվեն: Ամերիկայի՞ց են զգուշանում, Արաբական աշխարհի գլխացավանքների՞ց, թե՞ վախենում են, որ միշտ հնդիկ երգչու- հիները կհաղթեն: Քաղաքական խաղերի պատճառով Ֆրանսիան արդեն մրցելու չի ուղարկում, այլ ընդամենը ներկա է գրվում Եվրատեսիլում: Սա էլ է քաղաքականություն: Թուրքիան բողոքեց ու հրաժարվեց մասնակցել, սա էլ իր քաղաքականությունն էր: Աշխարհը վաղուց է վերածվել քաղաքական խաղահրապարակի, որտեղ բարոյա- կանությանը տեղ չկա: Լավագույն դեպքում, ինչպես ասում են` «Դավեն նստած, կուզեկուզ են գնում»: Իսկ մենք աշխարհի քաղաքական խաղերի մեջ, մեր մեջ ասած, ամենամաքուրն ենք, մենք միշտ մեր հաստատուն տեղն ունենք քաղաքակրթությունների մեջ և, ինչ-ինչ, բայց բարոյական հաղթանակ միշտ ենք տանելու: Ու կգա մի օր, երբ աշխարհի հույսը մենք կմնանք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.