Զորի ԲԱԼԱՅԱՆ / 80

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՄԱՐԴԸ

Զորի Բալայանի անվան մեջ ամբարված զորությունը նրան մղել է դեպի դժվար մարզաձև՝ ծանրամարտ (նա երկար տարիներ իր կրծքին հպարտորեն կրում էր ՍՍՀՄ սպորտի վարպետի նշանը), դեպի բժշկություն (աշխատել է Կամչատկայում, բուժել բազմաթիվ մարդկանց), դեպի գետագնացություն ու ծովագնացություն, նաև՝ աշխարհաճանաչություն (շնասահնակներով, «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով կտրել է երկրագունդը վերից վար ու վարից վեր), դեպի լրագրություն (եղել է թեժ վայրերում, երկու կրակների միջև գրել բազմաթիվ նյութեր), դեպի գրականություն (բազմաթիվ վեպ ու վիպակ, պատմվածքներ է գրել հող ու ջրի, արկածախնդրի ու բժշկի, հերոսների ու հասարակ մարդկանց մասին), դեպի Արցախ, Հայաստան ու Սփյուռք է թռել բազեի սրատեսությամբ, հասել՝ ուր անհրաժեշտ է եղել, սրտի մի քանի վիրահատություններն անտեսած՝ իր հոգին է պարզել որպես առագաստ բարու և չարի ծովաքամիների ու հողմերի դիմաց, ասելու ճշմարտությունը, իր խոսքը, թող որ սուր և վիճելի, նշտարի պես հաճախ կտրող ու բուժիչ:
Մի՞թե միջնադարյան մարդու զորավոր, բազմագետ տեսակ չէ, մի՞թե ճակատագրական պահերին գործելու անկասելի ուժով անհատի դերը զանգվածեղ թափի ու նշանակության չի վերածում մեր ժամանակի ողբերգակատակերգական բեմին:
Նա ճակատագրական մարդու առաքելություն կրող մարդ է:
Ձեռդ կանաչ, Զորի Բալայան:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ՝ ԳՐՈՂԻ ԵՎ
ՄԵԾ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԻ
ԾԱՆՐ ԽԱՉԸ

Դժվար է լիարժեք խոսքեր գտնել, որոնք համապատասխանեն արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի ողջ ստեղծագործական աշխարհին ու հայանպաստ գործունեությանը: Այն վիթխարի է և բազմածավալ:
Զորի Բալայանը մեր դարի և՛ փաստագրողն է, և՛ վավերագիրը (այն է՛լ ինչպես), ամենօրյա նրա «չՈջպՑփՌՍ»-ը և Արցախյան պատերազմի տեսիլքներով ծանրաբեռն նրա գեղարվեստական շիկացումների կրողն ու արտահայտողը:
Հենց առաջին արժանիքը, որ կցանկանայի նշել Զորի Բալայանի գրականության հարցում, հետևյալն է. քաղաքացիական պարտավորվածության և պատասխանատվության վիթխարի զգացումը: Նա յուրօրինակ պարտավորվածություն ունի Հայոց ազգի բոլոր դժվարին մաքառումների և վտանգների առաջ. լինի քաղաքական, պատերազմական, հասարակական կամ էլ պետական: Այնտեղ, ուր Հայոց աշխարհը օգնության կարիք ունի, այնտեղ Զորի Բալայան գրողը և հրապարակախոսը (հիշենք «Լիտերատուրնայա գազետայում» նրա շենշող հոդվածները) կազմ-պատրաստ կանգնած է և մասնակից է ոչ միայն գրչով, այլև անձամբ՝ կյանքը վտանգելով Արցախյան պատերազմի թեժ բովի մեջ…
Զորի Բալայանի վեպերը բարձրարվեստ միաձուլումներ են. գեղարվեստական արձակ, կյանքի հոծ լիցքեր, էսսեներ, նաև՝ հրատապ արձագանք Հայաստանում կատարվող բոլոր այն իրադարձությունների մասին, որոնք ճակատագրական են բոլորիս համար: Արձագանքելու և ճիշտ գնահատելու բալայանական այս ֆենոմենը նրա արձակի զարմանալի առավելություններից մեկն է արդի հայ գրականության մեջ:
Էռնեստ Հեմինգուեյի կարծիքով, պատերազմական արձակը ամենաբարդ և դժվարին ժանրն է: Նա օրինակ է բերում Ստենդալի «Պարմի մենաստանը» վեպը (Վաթեռլոյի ճակատամարտը) և Լև Տոլստոյի «Սևաստոպոլյան պատմվածքները»: Ահա այստեղ է, պատերազմական այս թոհուբոհի պատկերման մեջ է, որ երևում է Զորի Բալայան գրողի վարպետությունն ու մեծությունը (հիշենք այդ թեմայով նրա գլուխգործոցներից մեկը՝ «Դժոխք և դրախտ» վեպը՝ նվիրված Արցախի ազգային-ազատագրական պայքարին, գրքի ձևավորումն ու գծանկարները նույնպես հեղինակինն են): Բալայանի կյանքի իմացության չափը, նրա երևակայության ուժը, որով նա փորձում է «բռնել» և բացահայտել պատերազմում ծավալվող դեպքերը, աննախադեպ են այսօրվա գրականության մեջ:
Ահա այստեղ է, որ անձնական-անհատական էսթետիկան նրա գործերում ձևափոխվում է քաղաքական-հասարակական էսթետիկայի: Հայտնվում է պատասխանատվության և պարտավորվածության թեման, որը Զորի Բալայան գրողի մեծության և ձիրքի կարևոր դրսևորումներից մեկն է: Ազգային խնդիրների առաջ նրա համառ պարտավորվածությունը համարյա նոր «մեթոդ» է դառնում մեր արձակում: Եվ հայտնվում է իր պաշտելի ծննդավայրի՝ այնքան տառապած Արցախի թեման:
Զորի Բալայանի վերջին գործերը, փաստորեն, ցույց են տալիս, որ գրողը ավելի ու ավելի է համոզվում՝ բոլորովին էլ պարտադիր չէ, որ գրողական պատասխանատվությունը «բեռնաթափվի» կամ «պարպվի»՝ միայն ու միայն հիմք ունենալով անձնական տեսիլքները: Սա կարևոր երևույթ է նրա արձակում:
Կարևոր երևույթ է նաև շատերիս համար:

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սիրելի Զորի.
Ավագ քրոջ ջերմությամբ ու կորովով շնորհավորում եմ յոթանասունամյակդ՝ լցված դժվար մանկությամբ, սրտաբեկ պատանությամբ, հախուռն, արկածաշատ երիտասարդությամբ, խանդավառ, նպատակասլաց հասունացումով ու հիմա էլ յոթանասունը բոլորած մարդու ծանր, հաշվեկշռային խոհերով: Աստվածատուր քո շնորհներում բնականորեն միանում են գրողը, հրապարակագիրը, եռանդուն գործիչը, սրտացավ ընկերը, պատվախնդիր ամուսինը, որդիապաշտ հայրը, հոգատար ազգականը և, այս ամենի հետ միասին, իր ժողովրդին, իր ծննդավայր Ղարաբաղին միստիկայի հասնող սիրով նվիրված զավակը: Այս էլ 30-40 տարի ընկած երկրե-երկիր, դռնեդուռ, Մոսկվայի, Երևանի պաշտոնական անձանց, նշանավոր անհատների կաբինետները մտնել-ելնելով, նամակներ ու դիմումներ ներկայացնելով, բացատրելով, հորդորելով, այնուհետև Ստեփանակերտի, Երևանի հրապարակներում տասնամյակներով ցասումն ու վիրավորանքը զսպած ժողովրդին ոտքի հանելով, ազատագրական կռվի մղելով, քո ողջ էությամբ, հոգով, սրտով, խոսքով, գրքով դու մոտեցրիր երանելի այն պահը, երբ Շուշվա բարձունքից Ղազանչեցոց եկեղեցու վաղուց լռած զանգերը հաղթանակ ղողանջեցին համայն հայաշխարհի վրա:
Թանկագին Զորի, ես ուրախ եմ, որ մասնակից եմ եղել քո անխոնջ մաքառումներին և չնայած տարիքային տարբերությանը, մեր կյանքի մի ահագին հատված քայլել ենք միասին: Ես գիտեմ, որ հիմա փոքր-ինչ տարբեր են մեր համակրանքներն ու հակակրանքները, տարբեր են մեր կարդացած գրքերն ու մեր հավաքատեղիները, բայց այն էլ գիտեմ, որ այս խառնակ օրերում, երբ նախկին մարտիկներից ոմանք կառչել են աթոռներից ու թեքվել փողավորների կողմը, գայթակղվել բենզինի հոտով ու ադամանդի փայլով, դու մնացիր ղարաբաղյան կռվի խրամատներում, Աշոտ Ղուլյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի ու հազարավոր զոհյալների հիշատակի հետ, վիրավոր ազատամարտիկների, որդեկորույս մայրերի ու որբացած մանուկների կողքին: Այս ամենից բացի դու թանկ ես ինձ համար նաև նրանով, որ մնացել ես օրեցօր սակավացող թելերից մեկը, որ կապում է ինձ իմ կենսագրության ամենաոգեշունչ հատվածին, կապում է մեր ղարաբաղյան անցյալին, որ անցյալ չէ բոլորովին, այլ շարունակում է մնալ ներկա և կապել, միացրել մեզ իր տագնապներով, օտար ատյաններում սառնասիրտ առուծախի առարկա դարձած իր ողբերգությամբ, իր դժվարին ճակատագրով և իր հերոսական կերպարով:
Կրկին ու կրկին շնորհավորում եմ քեզ և զարմանում ու հիանում քեզնով, որ չնայած ժամանակի հեղաբեկումներին, չնայած քո սրտի գործերի մեջ վիրաբույժների բազմակի միջամտություններին, դու նույն ռոմանտիկն ես ու նույն խենթը, որ շարունակում է իր հանդուգն նավարկությունը կյանքի հորդահոս ջրերով՝ սկսած սիբիրյան լայնահուն գետերում լողացող ինքնաշեն լաստից մինչև հայոց դարերի ալիքները ակոսող «Կիլիկիա» առագաստանավը:
– Ողջ լեր,- կասեին մեր թանձրամորուս Կիլիկյան հայրերը:

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
2005 թ.

Մարդու անունը նրա կերպարն է

Զորի Բալայանն ասպետ է բառիս իսկական իմաստով: Նա ապրում է բարձր, ռոմանտիկ լույսի մեջ: Խիզախություն և բարոյականություն, արիություն և քնքշանք: Զինվոր, մարտիկ, աներկյուղ գլադիատոր՝ հայության քաղաքական ասպարեզում:
Նա տարիք չունի, որովհետև գալիս է դարերի խորքից. Մամիկոնյանների ժամանակներից, գուցեև ավելի հեռվից՝ Հայկի ժամանակներից: Նրանք հայերի հավերժական ուղեկիցներն են, ազգն է նրանց ծնում:
Ասպետները հաճախ անըմբռնելի են, հաճախ՝ մենավոր:
Զորիկն այդպիսին է իմ պատկերացումների մեջ: Մենք մտերմացանք Ղարաբաղյան շարժման նոր ալիքի վրա: Դժվարությամբ ճանաչեցի նրան: Հեշտ չէ նրա էությունն ըմբռնելը: Նա այնքան էլ բացսիրտ չէ: Որպես իսկական տղամարդ՝ չի սիրում անկեղծանալ, այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է հաճախ:
Իմաստնությունը հեռու է ցուցամոլությունից: Պայքարը նրա գոյության միջոցն է: Արցախը՝ նրա մոտակա նպատակը: Պայքար հանուն արդարության, հանուն ճշմարտության, ա՛յն ճշմարտության, որ անհամատեղելի է դիվանագիտական խորամանկությունների հետ, հեռու է մանր խարդավանքներից:
Գեղեցկությունը չի կարող փրկել աշխարհը, մարդկությունն արդեն բավականաչափ տեսել է դրանից:
Աշխարհը կարող է փրկել դաժան ճշմարտությունը: Նա համոզված է դրանում:
Զորին հավատում է մարդկանց, բայց ավելի շատ վստահում է գործին: Կլուծվի՞ Ղարաբաղի հարցը: Նույնպիսի կրքով նա կնախաձեռնի Նախիջևանի հարցը, որովհետև դա նպատակի շարունակությունն է, Արդարության ոտնահարման ևս մեկ օղակ:
Նա իր մեջ կրում է հայության երազանքը, իսկ այդ երազանքի սահմանն ընդարձակ է:
Նրա ուժը թշնամու հանդեպ ատելության մեջ չէ, նման զգացումը ժանտախտի պես ավերիչ է ու կործանարար: Նրա ուժը հայրենիքի սիրո մեջ է, ուստիև՝ այլոց հանդեպ հարգանքի մեջ: Այ թե որտեղ է նա անխոնջ:
Նրա եռանդը բազմիցս ապշեցրել է ինձ: Նա գործունյա է ինչպես ժողովրդի ոգին, ինչպես ոգու աշխատանքից ծնվող ժողովրդի իմաստնությունը:
Նա իսկապես իր մեջ ներծծել է ժողովրդական ամենայն բան:
Նա հայրենասեր է առանց շաղակրատանքի, վարող եզ:
Նա խստապահանջ է իր և գթասիրտ՝ այլոց հանդեպ, որպես իսկական քրիստոնյա: Նա մեր հիշողության պահապանն է: Քանի դեռ կան այդպիսիք, մեր հիշողությունը չի՛ քնի, չի՛ մեռնի: Նրա միտքը և՛ ժամանակակից է, և՛ ավանդական:
Նա մեր պատմության արթուն զինվորն է, որ պատասխան է պահանջում չլուծված բոլոր հարցերի համար:
Զորիկը պարզ է, բայց նրա համառությունը ուժասպառ կարող է անել հակառակորդին: Կաթիլը քար է ծակում…
Նա չի խորշում սև աշխատանքից, քանզի իսկական մտավորական է: Նա սիրում է բարեկամներին: Մշտապես բարեկամներ է որոնում իր ժողովրդի համար: Անխոնջ է և այս հարցում:
Նա ընտանիք ունի, որ սրբություն է իր համար, որովհետև իսկական հայ է: Նրա բարոյականությունը այդ ակունքից է սկզբնավորվում:
Նա, ինչպես իր պապը, հարգում է հացը, հարգում է իր ազգը, հարգում է արդարությունը, հարգում է իր ժողովրդին:
Նա ժամանակից դուրս անհատականություն է, շարժող, արարող ուժ:
Նա կարկառուն անհատականություն է:
Զորի Բալայանն աներկյուղ և անբասիր ասպետ է:
Մենք պարտավոր ենք նրան ճանաչել:

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ
1995 թ.

***

…Որտեղ ապրեցնելու էություն կա, այնտեղ ճշմարտությունը դառնում է անխոցելի: Անխոցելիորեն ճշմարիտ է Զորի Բալայանի «Օջախը»: Գրել է ազնվագույն հավատարմության պատվանդանից: Եվ սքանչելի է ասում «Աշխարհը պատկանում է միայն ազնիվ մարդկանց»:
Գրքում մենք հանդիպում ենք կարծես մեր տեսածին, կարծես մեր ներաշխարհում իմաստավորածին: Հենց այդպիսին է «Օջախը»: Վառ օջախ, շեն օջախ, պալան-պալան ծուխը վրան, հացի բույրով օջախ: Եվ ահա մի նոր ամփոփում. «Իմ ժողովուրդը տեսավ իր աստեղային ժամը»:
Գրքի էջերը դառնում են շոշափելի, ընկալելի, սիրելի: Քո առաջ քո հայրենիքն է` առողջ շնչող, վստահ քայլող դեպի վաղվա օրը:
…Այսպես, ուրեմն, կարդալով Զորի Բալայանի «Օջախ» նոր գիրքը, հավատում ես և՛ հեղինակին, և՛ այն բանին, որ մոխիրներից վերածնված մեր այդ հզոր օջախը հավիտենական է, ողջ հայ ժողովրդի ապագա շենության ու փրկության գրավականն ու պատվանդանը: Ապա հանդիպում ես այդ աշխարհաշեն գործերն արած մարդկանց, անթիվ անհամար մարդկանց, մեր մարդկանց զորավարի թե գիտնականի, հողագործի թե թունել կառուցողի, բժշկի, հովվի, գրողի, կուսակցական-պետական աշխատողների, անհամար երիտասարդների և հպարտությամբ ես լցվում քո այդ հարազատների հետ մեկ անգամ էլ շփվելով: Եվ այս մարդիկ ունեն իրենց գեղարվեստական ներշփող ուժը գրողի հոգեբանական քուրայով անցկացված, թրծված կերպարներ դարձած:

Հատված ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ
«Հավատ դեպի կյանքը» գրախոսությունից

ԱՄԵՆ ՐՈՊԵ` ԱՄԵՆՈՒՐԵՔ,
ԱՄԵՆ ՐՈՊԵ` ԱՐՑԱԽՈՒՄ

Զորի Բալայանի բառն ու քայլը նույն զուգահեռի վրա են: Նա իրենով կերպավորում է նվիրումի, սկզբունքի, սխրանքի փիլիսոփայական գաղափարը: Եվ բնական է, որ նրա հոգեկերտվածքի մեջ ճանապարհն ունի որոշակի տեղ ու բնավորություն: Մշտական վայրը, ուր նրան կարելի է միշտ հանդիպել, կիզակետն է: Բարու պոլեմիկան: Իր տարերքն է դա: Լինելության իր ձևը: Եվ դրա առհավատչյան նրա կյանքն է, նրա ամբողջ ստեղծագործությունը` գրական առաջին թոթովանքներից մինչև հեռավոր Կամչատկայում ու սիբիրներում գրած նրա գործերը, մինչև «Հայդուկը և աղջնակը» պատմվածքը:
«Հայդուկը և աղջնակը» նոր որակ է Զորի Բալայանի գեղարվեստական արձակում: Ամենակարևորը` բացակայում է երևույթի մատուցման գաղափարական կանխակալությունը, հանգամանք, որը ճշմարիտ գրականության առաջնային պայմաններից է: Ասել է թե` երկը որքան հեռու է «արհեստական թույնից» (Մ. Նալբանդյան), նույնքան ընդունելի է, բնական ու անմիջական:
Պատմվածքում հեղինակը ցույց է տալիս հայ ժողովրդին պարտադրված պատերազմի ամբողջական պատկերը. մի կողմից` նրա ավերիչ, համամարդկային դեմքը, մյուս կողմը` ազատության համար մարտնչող ժողովրդի անվեհերությունն ու խորը, մարդասիրական էությունը: Եվ որքան էլ պատերազմը սարսափելի, դաժան ու անտանելի է, հաղթանակած Արցախն, այնուամենայնիվ, ձեռք բերեց անկախություն. ահա թե ինչու սիրված գրող ու Արցախի հերոս, լեգենդար անհատականություն Զորի Բալայանն իրավունք ունի կրկնել իր մեծ նախորդի` Վիլյամ Սարոյանի իմաստությունը. «Ես կսիրեմ հայոց պատերազմները»:
«Հայդուկը և աղջնակը», իր թեմատիկ արծարծումներով ու գեղագիտական նուրբ հարցադրումներով, մեր գոյամարտի մասին գրված բոլոր գործերում` հայ և համաշխարհային իրականության մեջ, հնչում է որպես նորույթ` մարդու հայացքն ուղղելով դեպի մարդու… ներսը, դեպի մարդկայինը, տիեզերականը:
Եվ ամիսներ առաջ որոշեցինք Զորի Բալայանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ նրան անակնկալ մատուցել: Նախաձեռնության հեղինակը, խոստովանեմ, ես եմ, իրականացնողը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Մարատ Դավթյանն է` իր կոլեկտիվով: Զորի Բալայանի ստեղծագործական մոտիվներով պիեսի պատրաստումը հանձն առավ Արթուր Էդարը: Բեմադրական աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանական խումբը մեծ լարումով է աշխատում: Եվ, կարծում ենք, դա օրինաչափ է, որովհետև ամենուրական Զորի Բալայանը պիտի որ լիներ նաև թատրոնում: Այն էլ` Ստեփանակերտի:
Պատերազմական ծանր օրերին ինձ համար մի գաղտնիք եմ պարզել: Այն է՝ Արցախում աճում են չնաշխարհիկ բազում ծաղիկներ, բայց նրանց մեջ կա մի ծաղիկ, որ միայն Զորիի ներկայությամբ է թերթերը բացում, դա այն վարակիչ ժպիտն է, որ ճառագում է մարդկանց դեմքերին՝ որպես սիրո, հավատի և վստահության արտահայտություն…
Զորի Բալայանն ամեն րոպե ամենուրեք է, և ամեն րոպե Արցախում է ամենուրական Զորի Բալայանը: Սիրելի Զորի, շնորհավորում եմ ծնունդդ` սիրով, սրտով, Արցախով: Հաղթանակ` հայոց աշխարհին, խաղաղություն ու սեր բոլորիս:

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.