Սամվել Մկրտչյանի զվարթ ու զրնգուն առաջին սերը՝ «Միջամառային գիշերվա երազ»-ը / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Թե այն ձեզ դուր չի գալիս,
Ճվռնեկն է խոսք տալիս,-
Որ,-խուսափենք լեզվից չար,-
Կփոխի այն վերից վար,
Թե չէ՝ փչան լինեմ ես,
Հիմա ձեզ բարի գիշեր,
Դե, ծափ զարկեք միաձայն.
Ճվռնեկը կուղղի այն:
Այսպես է ավարտվում Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգություն-հեքիաթը՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ, ասես, թույլ տալով և հրավիրելով համահեղինակ լինելու, մասնակցելու և ներկա գտնվելու քառաշերտ իր կառույցում՝ կամ արքունիքում, կամ սիրահարների անրջալից աշխարհում, կամ արհեստավոր-վարպետների իրականության մեջ, կամ փերիների գերբնական-ցնորական աշխարհում: Համապատասխանաբար բազմաշերտ են կիրառված լեզվական հնարքները՝ դասային խոսվածքների բնական համուհոտով, տաղաչափական և գեղագիտական լուծումներով՝ ինչպես բնագրում, այնպես էլ՝ թարգմանության մեջ:
Գործող անձանցից՝ Աթենքի դուքս Թեսևս, ամազոնուհիների թագուհի և նրա հարսնացու Հիպոլիտա, Էգևս, Հերմիա և Լիսանդր, Հելենա և Դեմետրիոս, Փիլոստրատ, Կոճղիկ, Փիթըր, Նիք, Շվիկ, Թիզբի, Դնչիկ, Բողկլիկ, Ձգլիկ, Օբերոն, փերիներ և այլն, կենտրոնականը Ճվռնեկն է՝ Զվարճասեր Ռոբին. այս կերպարն է շաղկապում կատակերգության մեջ պիեսը պիեսին: Թե ինչու է Շեքսպիրը գրել այս գործը, ըստ էության բացատրվում է այն դրվագով, երբ սպասվող հարսանյաց հանդեսի համար ներկայացում ընտրելիս Թեսևսը մեկ առ մեկ մերժում է նման դեպքերում ընդունված ներկայացումները՝
«Ճակատամարտը կենտավրոսների հետ»- երգելու է մի ներքինի՝
Տավիղի նվագակցությամբ»:
Չէ, սա կհանեք: Ես մատուցել եմ սերն ու արժանին՝
Ի փառս զարմիկի Հերկուլեսի:
«Ինչպես տանջեցին երգչին թրակիացի
Քրմուհիները՝ կրքից կատաղած»՝
Սա էլ հին է շատ: Այն խաղացել են,
Երբ ես Թեբեսից այն վերջին անգամ ետ դարձա հաղթած:
«Ինը մուսաներ երիցս ողբան մահը գիտությանց՝
Մուրացկանության մեջ նահատակված»:
Սա քննադատող ու կծու ծաղր է
Եվ սազական չէ մեր ամուսնական ուրախ հանդեսին»:
Այն, ինչ Թեսևսի սրտով է՝ «Ամենաողբալի կատակերգությունն է»՝ այսպես է հյուսվում հեքիաթային-ցնորական այս կատակերգությունը՝ պիեսը պիեսի մեջ:
Մինչ Սամվել Մկրտչյանի թարգմանությանը վերադառնալը՝ թռուցիկ ակնարկով հիշեցնեմ, որ «Միջամառային գիշերվա երազ»-ը դեռևս 1912-ին թարգմանչի մղում է արթնացրել Վարդգես Սուրենյանցի մեջ. մեծ նկարիչը այն թարգմանել է «Միջամառնային գիշերվա երազ» վերնագրով, այն մինչև անգամ բեմադրվել է: 1960-ականներին պիեսը թարգմանել է նաև բեյրութաբնակ Լևոն Թորոսյանը, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցը. 1970-ականներին թարգմանված կատակերգությունը լույս տեսավ անցած տարի՝ Զավեն Բոյաջյանի խմբագրմամբ և ծանոթագրություններով:
Մեծավաստակ Հովհաննես Մասեհյանը, ըստ որոշ կարծիքների, նմանապես անդրադարձել է այս գործին. կան տվյալներ, որ կիսատ մնացած թարգմանությունը նա սկսել է Լոնդոնում. երկու էջ գրառված է լոնդոնյան մի հյուրանոցի բլանկի վրա: 25 տարեկանում Շեքսպիրի «Համլետ» թարգմանած Մասեհյանին հիշելիս արժե նկատել, որ Շեքսպիրի անգերազանց թարգմանիչը անընդհատ խմբագրում-վերախմբագրում էր իր թարգմանությունները՝ հաշվի առնելով գրողների ու թատերասերների կարծիքները և պարզապես կատարելության հասցնելու ձգտումով: Պատահական չէ, որ գերմանական Մելերյան հանրագիտարանի Շեքսպիրի բաժնում արձանագրված է, որ համարժեքությամբ հայերենը զիջում է միայն գերմաներենին:
Կարող ենք ենթադրել, որ Սամվել Մկրտչյանը իր առաջին թարգմանությունը հրատարակության պատրաստելիս՝ նախ այն արժանի է համարել հրատարակվելու և ապա՝ դեռ պետք է փոքր-ինչ խմբագրեր-հղկեր: Իսկապես էլ, երբ կարդում էի տեքստը, վրիպում կամ անավարտ տողեր էին պատահում՝ հեղինակային նշումներով, որոնց հետո պետք է անդրադառնար-բարեշտկեր: Ազնվորեն ճիգ էի անում՝ կռահելու, թե ինքն ինչից գոհ և ինչից դժգոհ կլիներ: Աչքից վրիպած մանրուքներ կային, որ նույնիսկ լավ ընթերցողը կարդալիս մտովի ուղղված կկարդար: Ակնարկները անբավարար համարելով՝ կրկին ուզում եմ ասել, որ Սամվել Մկրտչյանի այս թարգմանությունը՝ նրա ձեռամբ արդեն իսկ գրատպության պատրաստված, անպայման պետք է հրատարակվեր: Անթույլատրելի պիտի լիներ մի քանի մանր շտկելիքի /որոնք «ճվռնեկաբար» ուղղվել են/պատճառով մեզ զրկել այս զվարթ ու զրնգուն թարգմանությունից:
Այսպես՝ Սամվել Մկրտչյանի արվեստը գնահատողների ջանքով ու սիրով լույս ընծայվեց, ահա, առաջին թարգմանությունը՝ որպես վերջին գիրք… Նրա սիրելիներից Էլիոթի խոսքերով՝ «Իմ սկզբում է իմ վերջը»:
Նման բացատրության հարկը, թերևս, կար, քանի որ ուզում էի հասկանալ, թե Սամվել Մկրտչյանն ինչու է հատկապես այս պիեսով մոտեցել թարգմանական գրականության տաճարին: Երբ կարդում էի թարգմանությունը՝ խնամքով էջադրված- ձևավորված- պատկերազարդված, կարծես, հասկանում էի նրա ընտրությունը: Եթե Ռոսինիին, Գունոյին, Վերդիին, Լիստին և Չայկովսկուն ներշնչել են շեքսպիրյան խելահեղ մեծ կրքերը, ապա 18-ամյա Մենդելսոնը կախարդվել է հենց «Միջամառային գիշերվա երազ»-ով, նրան էլ, հավանաբար, ավելի սիրելի է եղել ռոմանտիկ-խորհրդավոր այս Շեքսպիրը, ինչպես պատանության շեմը նոր հատած 23-ամյա Սամվել Մկրտչյանին: Տեքստը կարդալիս համակվում ես հրճվանքով, որ Սամվելն է զգացել ճիշտ բառը, տողն ու պատկերը գտնելիս: Վայելել է տաղաչափության և դրամատուրգիայի այս ինքնօրինակ համադրումը, փորձելով հայերեն հաղորդել ոճի և բովանդակության այս զվարթ խաղացկունությունը:
Հետագայում Սամվել Մկրտչյանը, իհարկե, կրկին Շեքսպիրին անդրադարձավ՝ մեր շեքսպիրականը հարստացնելով մինչ այդ թարգմանված և չթարգմանված սոնետներով, պիեսներով և բանաստեղծություններով: Բարձրաճաշակ ընտրությամբ իր բաժին ժամանակը նվիրաբերեց համաշխարհային գրականության ընտիր էջերը հայերեն հնչեցնելուն՝ Ֆոլքներ, Բուքովսկի, Քոհեն, Մելվրիլ, Քիփլինգ, Սարոյան, անգլիական և ամերիկյան պոեզիա, նաև հայերենից անգլերեն թարգմանություններով/ հատկապես՝ Չարենցի ընտրանին/ իր չափով լրացրեց բացը… Իսկ Ջոյսի «Ուլիսես»-ին հայերեն շնչառություն և կյանք հաղորդելով՝ կրկին ու կրկին վերահաստատեց մեր տեղը մշակութաստեղծ ազգերի շարքում:
«Ուլիսեսի» ընթերցողը երկարատև մի ընթացք մշակութային կաթվածի մեջ է մնում. իսկապես, այդ վեպից հետո էլ ի՞նչ գրականություն: Մի՞թե հնարավոր է այլևս ինչ-որ ուրիշ մի բան կարդալ: Գրել՝ առավել ևս… Հասկանալի է, որ որպես թարգմանիչ՝ նա բազմապատիկ խորն էր ապրում այդ զգացումը: Եվ տաղանդավորին ի ծնե ներհատուկ գրականության նկատմամբ ակնածանքին գումարվեց նաև տատամսումն ու վարանումը. Սամվելի փայլուն և իր սեփական տիրույթը նախանշող արձակը այդպես զոհաբերվեց թարգմանության արվեստին:
Եվ ուրեմն՝ ինչո՞ւ էր Սամվելը գորովանքով տպագրության պատրաստել իր առաջին թարգմանական փորձը: Իսկ ավելի ճիշտ է ասել՝ մեզ փոխանցել թարգմանելով արարելու իր առաջին գեղարվեստական ապրումն ու բերկրանքները: Պատասխանը, հավանաբար, պետք է փնտրել թե՛ Շեքսպիրի հեքիաթ-կատակերգության յուրահատկության մեջ, թե՛ Սամվելի վստահության, որ առաջին հափշտակվածությամբ ձեռնարկված թարգմանությունը սրբազան է, ինչպես առաջին սերը: «Ուլիսեսի» անթերի թարգմանությունից հետո անգամ իր երախայրիքն, ուրեմն, փայփայել է սրտում և մտադրված եղել այն նվիրել իր ընթերցողին:
Իսկ ես ազնվորեն խոստովանեմ՝ ինձ դուր եկավ իմ փոքրիկ «Ճվռնեկ»-ությունը, թե չէ՝ փչան լինեմ ես…

Հ.Գ. Փետրվարի 25-ին Սամվել Մկրտչյանը դարձավ 57 տարեկան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։