Ահեղ դատաստանը` ահեղ դատաստան, բայց Ռուսաստանում ապրած մարդուն հարկավոր էր առանց այլևայլի դրախտ ուղարկել:
Կատուն նրբագեղ է ցանկացած դիրքում: Մարդու պարագայում այդպես չէ: Այդ դեպքում ի՞նչ են մեր պատկերացումները գեղեցկության, նրբագեղության ու այլնի մասին` եթե դրանց հարյուր տոկոսով համապատասխանում են միայն կենդանիները:
Ստիպված ենք եզրակացնել, որ երբ խոսքը քաղաքական համակարգի մասին է, տրամաբանության բացակայությունն առողջության նշան է:
Դոն Ժուանը, Կազանովան, Մարկիզ դե Սադը` բոլորը սեքսուալ հեղափոխության յուրատեսակ Ուլյանովներ են:
«Դուք պետք է ժողովեք ձեր ողջ համբերությունը»,- ասաց NN-ը, պոեզիայի բաժնի վարիչը: «Այդպե՞ս եք կարծում,- ասացի: -Իսկ իմ կարծիքով կարող եմ համբերություն արտածել»:
Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ առասպել է: Ինչպես Գիլգամեշը կամ Իլիականը: Սակայն` արդեն ժամանակակից առասպել: Նախորդ առասպելների բովանդակությունը Բարու ու Չարի պայքարն էր: Չարն ապրիորի է: Չարը կրողի դեմ պայքարողը ինքնաբերաբար վերածվում է բարու կրողի: Բայց երկրորդ համաշխարհային պատերազմը երկու Նեռի պայքար էր:
Արևմուտքում, հատկապես Նահանգներում, հայհոյանքը (գողական լեզուն, սլենգը և այլն) մտել է գրականության, թերթերի ու ամսագրերի մեջ: Այդպիսով գրականությունը հանրությունից գողանում է հայհոյանքը, քանզի հաստատ չէինք գործածի «քու մերը…», եթե կարդայինք «Պրավդայում»:
Եթե գաղտնի չէ, ուրեմն վավեր չէ:
Մեր մատերիալիստների շրջանում ուշագրավն այն է, որ ողջ մատերիան չէ մատերիա: Օրինակ՝ Արևմուտքի մատերիան այնքան էլ մատերիա չէ: Հակամատերիա է:
Դասական պոեզիան (հանգերը, չափը և այլն) այլ հանգերի, այլ չափի հնարավորություն է տալիս: Մոդեռնիստներն իրենց verse libre-ով հարթության գերիներ են, ինչը նման է կիսադեմի, երբ չես կարող ամբողջ դեմքը պատկերացնել: Ուրիշ միջոցների բացակայություն:
Հիմարը կարող է խուլ լինել, կարող է կույր լինել, բայց՝ ոչ համր:
Թարգմ.
Լեոնիդ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆԻ