ԱՍԵՍ ԱՔՍՈՐԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ… / Զավեն ԲԵԿՅԱՆ

Հենրիկ ԷդոյանՀենրիկ Էդոյանի, վերջերս լույս տեսած, «Հենման կետ» բանաստեղծությունների ժողովածուն («Անտարես» հրատարակչություն, 2015 թ.) մարդու երկրային ժամանակի (հիշեցի Հ. Էդոյանի գրքերից մեկի վերնագիրը` «Երկրային ժամանակ») փիլիսոփայության բանաստեղծական տարբերակումներն է ներկայացնում` ինչպես և նրա նախորդ ժողովածուներում:
Բաց տիեզերք դուրս եկող մարդը` տիեզերագնացը, նախապատրաստված է դրան, իսկ «բաց երկրային ժամանակ» մուտք գործող մարդու համար աշխարհը սարսռալի գաղտնիք է` ծնունդից մահ: Հարցն առանձնապես «սրվում է» այն դեպքում, երբ մուտք գործողը բանաստեղծ է.
Նա այնքան հեռավոր վայրերից էր գալիս, այնքան // անմատչելի դարերի խորքից, որ աշխարհն իր համար // անհայտ էր, անծանոթ, օտար կայարանում // սխալմամբ իջած մի ճանապարհորդ, // մաքուր ձայն, մաքուր քայլ, մաքուր մի ճառագայթ խիտ իրերի վրա իրականության («Սխալմամբ իջած մի ճանապարհորդ»):
Ի՞նչ է իրականություն կոչվածը բանաստեղծ էակի համար, որքանո՞վ է այն իսկապես իրական.
Այն, ինչ իրական է, իրական է միայն // իրականի համար» («Հարցրու Կաֆկային»):
Երկնայինից երկրայինին ցավոտ բախումից հետո (ծնվելուց հետո) երկրային ժամանակի ամենաթանկ հատվածը բանաստեղծի համար (ինչո՞ւ չէ` նաև ցանկացած մահկանացուի համար) մանկությունն է: «Իմ վայրեր» քառատող բանաստեղծության մեջ Հ. Էդոյանն ասում է.
Հողե տանիքով մի տնակ, մի թթենի – // նրանց նշաններով Դրախտում ես պիտի // ձեզ փնտրեմ, իմ վայրեր: // Եթե չգտնեմ, նշանակում է` ես Դրախտում չեմ» (ենթադրում եմ, որ սա մանկությունից եկող պատկեր է): «Կոշիկներիցս մեկը մնացել է այնտեղ, // մանկության փողոցում, երբ տուն էի գալիս // ցեխոտ նրբանցքով, // մյուսը մինչև հիմա մնացել է ոտքիս:» ( «Համարյա ոտաբոբիկ»):
Ի՞նչ է հետևում մանկությանը՝ հասուն կյանքը կամ տառապագին անցումը իրականության միջով, ճակատագիրը, երբ կարծես թե առավելապես ոչ թե քո, այլ մի ուրիշի ցանկություններն են կատարվում (ո՞վ է գրում մեր կենսագրությունը..).
Անցյալը այն չէ, ինչ որ եղել է, // այն, ինչ չի եղել, նրա մեջ ես դու» ( «Նոյեմբեր ամսին, ուշ երեկոյան»):
Բանաստեղծի կենսագրությունը…- թե գրես նրա կենսագրությունը, // դու կսխալվես, // քանի որ իր կյանքը // բոլորովին այլ էր: («Գ. Լորկա»):
Մնում է խոսքի մխիթարությունը, որ հոգու հետագիծ-պատմությունն է, և ըստ Հ. Էդոյանի` գործ չունի իրականության հետ. «Կյանքն աղմկում է փողոցում, սակայն // խոսքն է խոսք ծնում»: Եվ ապա.
Նա (խոսքը – Զ.Բ.) ինքն իր ծնունդն է, // ինչպես երկնքում մի աստղ է պայթում հանկարծ // և մոխիրներից ելնում է մի նոր աստղ, // թարմ ու երիտասարդ:»:
Պոեզիան, որ ավելի շատ ոչ թե երկրային ժամանակի, այլ Հավերժության` հոգու ասպնջականի հետ է կապված.
Պոեզիա, երբ դու փակում ես աչքերդ, մարդը հաշտվում է // սեփական մահվան հետ, առանց նայելու, թե ինչ կա // թիկունքում, և առանց հարցնելու, թե ուր է գնում ինքը» («Վերևն ու ներքևը»):
Հ. Էդոյանն իր «Շարժում դեպի հավասարակշռություն» աշխատության մեջ Աստված-մարդ-ժամանակ հարաբերության ընթացքը քննելիս գտնում է, որ այժմ եկել է մարդու աստվածացման «էտապը»: Բայց այն կարծես ընդմիջված է ամայաշունչ մի տեղատվությամբ, երբ նշաններն ամբոխի ու դեգրադացման, մշակութային արժեքների արժեզրկման «ցուցատախտակից» են: Այդ մասին ընդգծված մոտիվներ կան նաև նրա նախորդ երկու` «Երեք օր առանց ժամանակի» և «Փողոցի բաժանվող մասում» ժողովածուներում, «Ծովակալը» պոեմում և այլն:
Որպեսզի կարոտ խեղդեն – // արվեստից երես թեքեցին: // Որպեսզի ազատվեն մտքերից – // մտքերի խաբկանքին տրվեցին: // Որպեսզի մոտենան Կոսմոսին – // Քաոսը նախընտրեցին»:
Համացանցի (որը կարծես թե դարձել է ամբոխի կոլեկտիվ գիտակցություն…) դարաշրջանը, որի մասին խոսելիս բանաստեղծի խոսքը սարկազմի է հասնում. Համացանցից իմացավ, որ գարուն է, // նայեց ապակե թվատախտակին` ժամը // տասնմեկն էր, կարդաց` որ քաղցած է, պետք է // նախաճաշել…», «Մի երգչուհի պատրաստվում էր երեխա // ունենալ. Բոլորը հուզմունքից արտասվում էին // համացանցի մեջ»:
Մշակութային անկում, նոր հանճարների հոգիները գիսավորների պես շրջանցում են Երկիր մոլորակը, այստեղ այլևս չեն ծնվում. «Ամեն ինչ անում ենք,- ասում էր մի երգիչ,- ամեն ինչ անում ենք` կիրք, ջղայնություն, և այլն, և այլն, բայց ոմանք դժգոհ են, նրանք նախընտրում են երաժշտությունը: Բայց մենք հազիվ ենք ազատվել դրանից: Երաժշտությունը մեզ խանգարում է:»: Անցել է Հերոսականի, Անհատի ժամանակը. «…սողուններ թունավոր, ռնգեղջյուր ու տապիր, // ու՞մ մասին պիտի գրես, ապագա Շեքսպիր»: Եկել է Լեգիոնի, ամբոխի ժամանակը. «Նրանց ականջները փակված են ձայներով, // նրանց երակներով աղմուկ է հոսում, // նրանց պատուհանները վարագուրված են, // ( իբրև թե մենք կյանքի իսկական որդիներն ենք)»:
Արևմուտքում եկեղեցիներն ամայանում են, մարդիկ հավատը… վառում են ոչ թե ներսում, այլ… դրսում` մոմի տեսքով… Բայց հուսանք, երբ Հյոլդեռլինն ասում է. «Աստծո պակասը կօգնի»:- Երբ մարդու շնչառությունը նորմալ է` չի մտածում թթվածնի մասին, իսկ երբ շնչահեղձ է լինում…Աստծո պակասը կօգնի:
Այս բանաստեղծություններում երկակիության մի հոգեվիճակ կա-Երկինք և Երկիր, …երկկենցաղ էակ` բանաստեղծ:
Դու, միևնույնն է, սահմաններ չունես, // քանի որ ապրում ես ոչ միայն քո մարմնի մեջ, // այլ նաև նրանից դուրս, անանուն մի վայրում, // ուր բոլոր քնածների աստղերն են լույս տալիս // իրենց սուրբ ոլորտներից // քո մտքի դաշտերում:»: «Նույն հնչյունի մեջ երկու ձայն եմ լսում – // մեկն իմ անունն է տալիս, մյուսը ջնջում է այն, // կիսով չափ ես այստեղ եմ, կիսով չափ` ուրիշ մի տեղ» («Երկու ձայն»):
Ակամա հիշում ենք Հ. Թումանյանի քառյակի տողերը. «Ո՞ր աշխարհում ունեմ շատ բան` է՞ս, թե էն…»: Մի այնպիսի խոսակցական հեռավորություն կա բանաստեղծի և Աստնվորի միջև` ասես բանաստեղծությունները գրված են… երրորդ դեմքից (թող նախկին սովետական` քաղաքացիական – ներկա` սոցիալական – «ակտիվ» պոեզիայի ջատագովները չչարախնդան` սա հանդիմանություն չէ, այլ առավելության արձանագրում` եթե կուզեք…): Ասես թե դրանք մեջբերված են… աքսորականի օրագրից:- Ուստիև ավարտենք միգուցե անհաջող բառախաղով. «Ամեն Օվիդիոս Նազոն բանաստեղծ չէ, բայց ամեն մի բանաստեղծ Օվիդիոս Նազոն է, ինչ-որ չափով…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։