Երբ նրան բերում էին, երևում էր, որ չի հասկանում, թե ուր է ընկել… Կարծում էր, հիմա բոլորը, գլուխները խոնարհած, աջ ձեռքերը կրծքին սեղմած պետք է շարժվեն իր ցուցամատի ուղղությամբ: Բայց չէ՛, այդպես չեղավ: Երկու կողմերում հավաքված շեյթաններն ու բարի ոգիները մի ակնթարթում խառնվեցին, դարձան հետաքրքրասերների ամբոխ՝ ճիշտ և ճիշտ երկրային կյանքում իրարից առաջ խցկվող լրագրողների պես: Շեյթաններն իրենց ճուտերով արդեն անհամբերությունից շուրթերն էին կրծոտում, ծուռտիկ ոտքերով դոփում, նրա հետույքն էին ճմկտում, մեկ-մեկ էլ նույնիսկ ճլթթացնում: Իսկ բարի ոգիներն իրենց հոգածու, օգնության հասնելու քնքշագին, պատրաստակամ երթուգալով փորձում էին ետ վանել նրանց:
– Ոչինչ,- աչքերը խոլորելով վերջիններին հանգստացնում էր Ռեջեփը,- սրանք դեռ չգիտեն, թե ով եմ ես: – Վրայից պոկված ճերմակ սավանով փորձում էր ծածկվել, ձգում էր վիզը, որ երևա իր բարձր հասակը, թեև այս վերուվար ցատկոտող արարածների մեջ դա ուղղակի անհնար էր: Համոզված, որ հենց սկսի իր ոգեշունչ ճառը Մեծ Թուրանի, իսլամի աշխարհացունց հաղթանակների ու հաղթարշավի մասին, բոլորը ափիբերան, շունչները պահած ընկնելու են իր հիպնոսի տակ, և ինքը խոսելու է՝ Ալլահից ներշնչված: Հիտլերի նման նա էլ համոզված էր, թե ինքն է այն առաջնորդը, որ իր ընտրյալ ժողովրդին տանելու է չարի դեմ արշավանքների: Այս հայերն ու քուրդերը նույնպիսի «ունիվերսալ սատանայական գործակալություն» են, ինչպիսին ֆյուրերի համար հրեաներն էին: Ինքը նույնպես, Հիտլերի նման, պահանջել էր իրեն երիտասարդ ցուլի սերմնահեղուկ ներարկել, բայց բացատրել էր, թե դրանով անվախ ու կատաղի առաջնորդի և ոչ թե սեքս ռումբի հատկանիշներ է ուզում ձեռք բերել… Հիմա էլ էր կատաղի… Ուզում էր վռնդել այս անհասկանալի խաժամուժին, որ տիզի պես կպնում, պոկ չէին գալիս: Հանդարտվելու կոչող նրա ծափերը խլանում էին ախորժելի ու անախորժ ձայների ժխորից: Աջ ձեռքի լռեցնող շարժումները ոչինչ չարժեին: Հրվում էր ինչ-որ ուղղությամբ, որտեղից աննկարագրելի պայծառ լույսի հետ զգլխիչ անուշաբույր էր հորդում… Շեյթանները, այս լույսից, բույրերից ու հրեշտակաձայն երգերի մեղմությունից խրտնած, ետ-ետ սկսեցին քաշվել… Բարի ոգիները նրան անվնաս հասցրին մի վայր, որտեղ այլևս չէր կարողանում շուրջը նայել… Ինքը այսքան հզոր լույսի կարիք երբևէ չի ունեցել, ինչի՞ն է պետք… Բռունցքով շփեց աչքերը:
– Բերեցի՞ք իմ թանկագին զավակ Ռեջեփին,- հնչեց Գաբրիել Հրեշտակապետի մեղմանուշ ձայնը: Նա բարի ժպիտով սղալում էր իր ոսկեհուռ մորուքը:
– Դու ո՞վ ես, ինչո՞ւ ես այդպես քաղցր ժպտում, մտքիդ ի՞նչ կա,- կասկածը արդեն վախեցնում էր նրան, բայց հոխորտաց:- Գիտե՞ս, թե ում հետ ես կանգնած դեմ հանդիման:
– Գիտեմ, զավա՛կս, իհարկե գիտեմ, դու Ռեջեփն ես: Իսկ ես, դե, Ջաբրայիլն եմ, Ղուրանից պետք է իմանայիր: Հոգևոր ճեմարան ես ավարտել: Գործերս շատ էին, անձամբ չկարողացա գալ քո ետևից: Դու արդեն պատմության մեջ ես՝ քո հանցանքների ու ոճիրների, երկրներ, ցեղեր, բազմադարյան հնավայրեր ու հուշարձաններ ոչնչացնելու համար… Սա՞ էր ուզածդ: Երևի քեզ էր վիճակված մսխել այդ հին, խղճուկ զինանոցի վերջին փշուրները, քանի որ մարդկության զարգացման նոր փուլում հնաբույր այդ զենքերը մոլորակին այլևս պետք չեն:
Ռեջեփն սկսեց ծիծաղել (վաղուց չէր ծիծաղել)՝ մեծ ճիգ գործադրելով, որ իր ծիծաղը դիվային քրքիջի վերածվի: Նա այսպես էր վախեցնում իր կնոջն ու գեներալներին.
– Իմ զինանոցներում, երևի չգիտես, դեռ ինչքան զենք ու զինամթերք ունեմ ու թե դեռ ինչե՜ր եմ քանդելու դրանցով:
– Խոսքը այլ զենքերի մասին է՝ մեծամոլության, դաժանության, ստախոսության…
Ռեջեփի ճիվաղային ծիծաղի համար բացված թանկարժեք ատամնաշարի տեսքը ակներևորեն սպառում էր ներկաների երկնային համբերությունը:
– Քո մարդաբանական ուսումնասիրությունների ժամանակ հանդիպե՞լ ես սրա նմանին,- ոսկեհուռ մորուքի միջից ժպտում էր Գաբրիելը: Դա շատ էր զայրացնում Ռեջեփին:
Լոմբրոզոն, ում դիմել էր Հրեշտակապետը, առաջ թեքվեց իր գահավորակի վրա և նույնպես ժպտաց Ռեջեփին.
– Քեզ մեծ դժվարությամբ կարողացանք պոկել հոգեբույժներիդ ու մյուս բժիշկներիդ հոգատար ձեռքերից: Բայց հետո բոլորը միանգամից խորը շունչ քաշեցին: Հիմա հանգիստ խղճով կվայելեն խելացնորությունդ բուժելու վրա ընտանիքիդ զուր մսխած փողերը,- և դարձավ Հրեշտակապետին:- Ո՛վ Գաբրիել, դու շատ լավ գիտես, որ բոլոր դարերում էլ եղել են, և բոլորս ամեն ջանք գործադրել ենք, որ սրանք չվերանան աշխարհի երեսից, այլ՝ վերափոխվեն:
Ռեջեփը նույնիսկ չփորձեց թաքցնել իր կատաղությունը.
– Էդ ի՞նձ եք ուզում վերափոխել: Ինձ, որ Քասըմփաշայում ու… ու Ստամբուլի այլ անբարո թաղամասերում սիմիթ ու չայ ծախողից կարողացա ինձ վերափոխել, բարձրացնել, բարձրանալ մինչև…
– Գողից, սովորական խաբեբայից մինչև ոճրագործ, մինչև ցեղասպան,- նրա միտքը շարունակեց նարնջագույն ծաղիկների փնջերի մեջ ժպտացողը: Իսկ Գաբրիելը չէր դադարում բարի, մեղմ ժպիտով ժպտալ: Նա նորից շոյեց ոսկեհուռ մորուքն ու խոսեց.
– Քեզ հետ Մեծն Վիշնուն է խոսում:
– Կարծում ես, վախեցա՞ նրա աչքերի էդ ոսկե պեծերից: Գիտե՞ս՝ ինչ ֆոսֆորային ռումբեր են թափվել իմ հրամանով:
– Մոռացել էիր, թե ինչի՞ համար ես մարմնավորվել այս անգամ… գնացել էիր իբր քո նախնիների, նաև Էնվերի հոգու ահռելի չափերի կարման մաքրես: Իսկ դու ի՞նչ արեցիր:- Այս խոսքերը Մեծն Վիշնուն արտաբերում էր քաղցր ժպտալով, առանց քինախնդրության նշույլի:
Ռեջեփը մի պահ կորցրեց հավասարակշռությունը, բայց սովոր էր վայրկենապես տիրապետելու իր խռովքին, շատ անգամ էր ինքն իրեն ու բժիշկներին հավատացրել, թե կրկնվող ուշաթափությունները րոպեական թուլություն են: Չարչարվում էր, որ գուցե քնի ու նորից զարթնի: Բայց Հրեշտակապետը սպասում էր, նույնիսկ խրախուսում էր, որ խոսի.
– Դե, պատմի՛ր տեսնեմ, կարողանո՞ւմ էիր քնել էն ամենից հետո, ինչ ամեն օր լսում էիր քո հավատարիմ ծառաներից, շերբեթ խմելով դիտում էիր քո հրամանով կործանված քաղաքների ու գյուղերի զարհուրելի տեսանյութերը…
– Հա՛, քնելուց առաջ անպայման պետք է նայեմ էդ բոլորը, հանգստանամ, որոշեմ հետագա անելիքներս:
– Հանգստանա՞ս… Ստերիդ կծիկը բացեցիր, զավա՛կս, բայց չգիտես, թե ո՛ւմ ես պատմում հեքիաթներդ… մեկին, որ ամեն ինչ գիտի,- Հրեշտակապետը էլի ժպտում էր:
– Ես քո զավակը չեմ, ոչ էլ իմ հոր՝ էդ խեղճուկրակ Ահմեդի զավակն եմ… Ես իմ մեծ, թուրք ժողովրդի զավակն եմ:
– Էդ քո ո՞ր ժողովրդի, Ռեջե՛փ, այն միլիոնավորների՞, որոնց տան երեխաները վերմա՞կ էլ չունեն ձմռանը ծածկվելու: Եթե մինչև ամառ դիմացան՝ դիմացան: Էն, որ ցերեկը մուրում, իսկ գիշերը կիսաքա՞ղց են քնում:
– Ինչե՞ր ես խոսում, իմ հզոր Թուրքիայում, որ աշխարհում ամենահզորներից է, սոված, անվերմակ մա՞րդ կա, ասում ես: Մեր պապերը էնքան յորղան ու բարձ են հավաքել գյավուրների տներից, որ մի քանի սերնդի հերիք կանի: Հինգ երեխեքով մեր մեծ, նախշուն յորղանի տակ ենք մեծացել: Էնքան սիրուն է: Տարսոնի ամենահարուստ հայի տնից է հանված: Պահել եմ: Շուտով կբացվի Բեյօղլուի տուն-թանգարանս, կարգադրել եմ՝ էնտեղ ցուցադրեն:
– Շուտով,- Գաբրիելը նորից շոյեց ոսկեհուռ մորուքը, շարունակեց բարի, առեղծվածային ժպիտով ժպտալ:- Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ սրանք վերամարմնավորվեն:
– Սա նրա վերջին վերամարմնավորումն էր,- ասում էր Վիշնուի՝ նարնջագույն ծաղիկների կողմից հորդող պայծառակերպ, խորհրդավոր ժպիտը:
– Ռեջեփը ճիշտ և ճիշտ քո նկարագրած տիպաբանական ոճրագործ, ցեղասպան տեսակն էր ներկայացնում,- դիմեց Հրեշտակապետը 19-րդ դարի մեծ մարդաբան, քրեագետ, հոգեբան Լոմբրոզոյին:- Հոնքատակերը ուռած, խոսելիս ծնոտը դողում է, ավելի է մեծանում… նեղ ճակատ… Բայց,- հանուն արդարության ինքն իրեն ուղղեց,- ճակատը այնքան էլ նեղ չէ:
– Շատ նեղ է, եթե նայենք աշխարհը վերաձևելու նրա բռնած գործի զառանցական ծավալներին,- արձագանքեց Վիշնուն:
– Բայց,- ոսկեփալ մորուքը շոյեց Հրեշտակապետը- մինչև այստեղ գալը աշխարհը հաշվի էր նստում սրա հետ, մի ռուս մեկնաբան նույնիսկ «լավ դիվանագետ» և «նուրբ հոգեբան» անվանեց սրան, համարվում էր տարածաշրջանի փայլուն քաղաքագետներից մեկը: Աստծո այս արարածը չգիտեր, որ խաղալիք է աշխարհի հզորների ձեռքին, կարծում էր՝ ինքն է բոլորին մատների վրա խաղացնում:
– Ինչո՞ւ ես իմ մասին անցյալ ժամանակով խոսում, լա՞վ կլինի՝ ես էլ քո մասին անցյալ ժամանակով խոսեմ:
Ներկաները համերաշխ ծիծաղեցին։
– Բայց ինքը ի՞նչ մեղք ունի… ատավիզմի զոհ է,- ճոճաթոռի հետ առաջ եկավ Լոմբրոզոն:- Տեսե՛ք, պոչուկի ելուստը երկարում է, փշաքաղվել է ամբողջ մարմնի առատ մազածածկույթը: Ամեն ինչից երևում է, նա ոչ միայն չի հասել էվոլյուցիոն նոր փուլին, այլև դրա հետ որևէ կապ չունի…
– Վերջերս հրամայել էիր, որ քեզ այլևս ցույց չտան տեսաֆիլմերը: Երազումդ քուրդերի, հայերի փոխարեն, զինվորներդ թոռանդ ականջներն էին կտրում, մորթում էին տատիդ ու պապիդ, սիրելի Թենզիյե մայրիկիդ՝ այդ բարի, քաղցրաշուրթ կնոջը…- նորից խոսեց Հրեշտակապետը:
– Մորս բան չասե՛ս, նա իմ աստվածուհին էր: Լավ է, նրան մինչև 83 տարեկան թագուհու պես պահեցի, ուսս նրա դագաղի տակ դրեցի: Մենակ չասե՛ք, թե նրա մեջ հայի արյուն է եղել, սուտ խոսքեր են, չեմ հանդուրժի:- Ռեջեփի աչքերի զայրացած փայլը պղտորվում էր գլոր-գլոր արցունքներից:
– Լողանում էիր զոհերիդ արյան մեջ,- շարունակում էր Հրեշտակապետը,- փեսայիդ շատ հաճախ տեսնում էիր հռհռացող զինվորներիդ կողմից բռնաբարվելիս:
– Բայց աղջիկս՝ Եսրաս, չէր նախատում, այլ ասում էր. «Ոչինչ, աթա՛, դու քո գործին կաց, դրան չոռ չի կպնի»: Իսկը իմ կտորն է քյոփեկը: Ո՜նց եմ սիրում դրան…
Գաբրիելը սղալեց իր ոսկեհուռ բեղերն ու շարունակեց.
– Բիլալ որդիդ շատ հաճախ՝ ֆոսֆորային ռումբերից այրվածքներով, վրադ էր նայում…
Ռեջեփը բռունցքով շփում էր ակնախոռոչը, կարծես փուշ էր ուզում հանել այնտեղից:
– Բայրամի գիշերը քո Էմինե Գյուլբարանին տեսար գարշահոտ զինվորիդ գրկում, կատաղած վեր թռար, բարձիդ տակից հանեցիր ատրճանակը, փշրեցիր ննջասենյակիդ միլիոնանոց ջահը: Կրակոցից Էմինեդ վեր թռավ: Ասաց, որ նույն երազը ինքն էր տեսնում…
– Թե ինչների՜ս էր պետք ննջարանում ջահ: Գյուլբարանի ճաշակն է, արաբ հոր տանը ի՜նչ ախմախություն երազել է, պիտի ունենա հենց հիմի…
– Քո մյուս երազում քուրդը ականջներդ էր կտրել, անցնում էր մյուս անդամներիդ: Ահուսարսափից քրտինքի մեջ կորած՝ գոռգոռում էիր: Գյուլբարանդ քեզ փրկեց, տեսավ՝ ապտակելը չի օգնում, իրենից անբաժան մտրակով խփեց դեմքիդ, արթնացար:
– Էդ բոզի աղջկան էն շան օրը գցել տվի, որ էլ չուզեց մտրակ պահել: Լավ է՝ դրանից առաջ աղախինը գտել էր բարձի տակ պահվող ատրճանակը: Մի ծեծ էլ դրա համար էր կերել:
– Զինվորներիդ Ջաբրայիլում հայտնվելու օրը եկա քո երազում այն պահին, երբ բռնաբարված աղջկադ՝ Սումեյեի դիակի վրա ողբում էիր…
– Էդ դու էիր, հա՞… Ամբողջ էությունովս զգացի, որ կողքիս սուրբ է կանգնած, ուզում է ինձ մխիթարի:
– Ուզում էի քեզ խելքի բերել:
Վիշնուն արդեն ձեռքն էր առել սրինգը, և նրա քաղցրահունչ, հրեշտակային հնչյունների մեջ Ռեջեփն զգում էր, թե ոնց է փափկում, հալչում: Թափ տվեց իրեն ու հոխորտաց Հրեշտակապետի դեմքին.
– Ես էլ համոզված էի, թե եկել ես ինձ ուժ տալու, որ հանկարծ չթուլանամ, հանկարծ չտրվեմ ինչ-որ խղճահարությունների: Պատերազմ է, ի՜նչ խիղճ, ի՜նչ բան:
– Իսկ ի՞նչ է ասում Ղուրանը…- իր հետ լույսի մի նոր փունջ բերելով՝ առաջ եկավ Աբու Բաքրը, որ Մարգարեի կենդանության օրոք նրա մերձավորն էր, բոլոր իսկական հավատացյալներին հայտնի՝ իր բարի գործերով ու արդարամտությամբ:- Սուրբ Ղուրանն ասում է, Ռեջե՛փ,- խոսեց համեստափայլ Աբու Բաքրը,- «Նա, ով հույս ունի, թե կհանդիպի իր Տիրոջը, թող արդար գործեր կատարի և բացի իր Աստծուց, ոչ մեկին չերկրպագի»: Իսկ դու ու քո բոլոր մերձավորները երկրպագում եք Փող, Զենք, Փառք աստվածներին:
– Վա՛յ, ո՛վ Աբու Բաքր, դու է՞լ ես էստեղ՝ էս… էս ինձ չհասկացողների հետ: Ինչո՞ւ ինձ հենց իրեն՝ մեծ Մարգարեի մոտ չտարար: Նա ինձ կհասկանա, Նրա անունով եմ գործել միշտ:
– Այո՛,- նորից խոսեց Աբու Բաքրը:- Դեռ դպրոցում փորձում էիր բարեպաշտ մահմեդականի դիմակի տակ թաքցնել արատներդ՝ գող, խաբեբա էիր դպրոցից դուրս, ստախոսության համար դնքսում էր քեզ աստվածավախ հայրդ, բայց օգուտ չուներ, անգամ քո տնից էիր բաներ թռցնում: Մտադիր էիր բարեպաշտ պապիդ նման իմամ դառնալ, բայց հասկացար, որ բնածին հակումներդ քաղաքականության մեջ գործի դնելն ավելի շահեկան է:
– Նվագի՛ր սրինգդ, ո՛վ Վիշնու, քանի դեռ չենք հոգնել սրա բարբաջանքներից,- հորանջեց Հրեշտակապետը:
– Էլ չե՞ս ժպտում, էլ քո զավակը չե՞մ, հա՞- քմծիծաղով Գաբրիելին նայեց Ռեջեփը:
-Թո՛ղ սրինգդ,- մտափոխվեց Հրեշտակապետը,- ավելի լավ է՝ իմ այս կորսված զավակի համար շարադրես մարդկությանը սպասվող հայտնատեսությունդ:
– Ես ուզում եմ վստահեցնել,- սրինգը մի կողմ դրեց Վիշնուն,- որ մարդկությունն ընդհանուր առմամբ պատրաստ է իր գիտակցությունը փոխելու ճանապարհով անցում կատարելու Նոր Դարաշրջանին: Հետդարձի կետը հաղթահարված է: Հիմա խիզախություն է անհրաժեշտ:
– Խիզախություն: Տեսնո՞ւմ եք, ես ճիշտ եմ,- լսվեց Ռեջեփի խզված ձայնը:
– Այսպես սրա ձայնը խզվել էր 2017 թվականի ընտրարշավի ժամանակ,- հիշեց Աբու Բաքրը,- ու սա ստիպված հրաժարվեց Վանի ու Էրզրումի գավառներում իր ելույթներից: Նրան հուշում էի, որ դա Ալլահի նշանն է, թե այս տարածքներում, որ հայերինն է, իրավունք չունի խոսելու, բայց սա ե՞րբ է Ալլահի նշանները բանի տեղ դրել:
Վիշնուն շարունակեց իր ուղերձը.
– Նոր Դարաշրջանին բնորոշ կլինեն հանդուրժողականությունը, ազատությունն ու անկախությունը:
– Բա ասա՞ծս ինչ է: Անհավատները պետք է հանդուրժեն իմ բոլոր քայլերը, թուրք ժողովրդի ազատ կամքը:
– Եվ երեկվա կենսակերպի դինոզավրերը ստիպված կլինեն լքելու համաշխարհային թատերաբեմը:
– Հա՛, էլի, իսկ էդ հայ դինոզավրերը ոչ մի կերպ չեն ուզում հեռանալ համաշխարհային թատերաբեմից, որ մեր նախապապ Օսմանից սկսած՝ արյուն-քրտինքով ենք ներկել:
– Ամենայն առաջադեմ բան, որ չի հակասում Աստծո օրենքին, սկզբունքներին ու մեթոդներին, այսուհետև դրական մտածողության համամոլորակային ցանցով լույսի արագությամբ կտարածվի երկրագնդով մեկ: Մուտքագրվող անունը կլինի՝ Նոր Դարաշրջան, գաղտնաբառը՝ «Գիտակցության նոր մակարդակ»:
– Լսեցի՞ր, զավա՛կս, Մեծն Վիշնուին:
– Ասացի, որ ինձ հեչ պետք չի քո զավակը լինել, ես թուրք մեծ ժողովրդի զավակն եմ:
– Դու նա ես,- հանդարտ, իր ասածի ծանր կշիռն իմանալով ու սրտի խորը ցավով ևս մեկ անգամ միջամտեց Աբու Բաքրը,- դու նա էիր, որ չէր թողնում իր ժողովրդին գլուխը հողից բարձրացնել: Քո ժողովուրդը, օրը մի քանի անգամ, Մուհամեդից պետք է ծնկաչոք ներողություն խնդրի, որ քեզ ու քո նմաններին լույս աշխարհ է բերել: Էդ ինչե՞ր էիր անում Ալլահի անունով, ինչո՞ւ չէիր ծաղկեցնում երկիրդ, ուրվականների երկիր էիր դարձրել: Սպանդ էիր անում ամեն տեղ, ուր ոտքդ դնում էիր: Մեր Ալլահն ասել է, որ անմեղ արյուն թափողը դժոխքի բաժին է: Դու ու քո կամակատարները վաղուց խառնել եք հալալն ու հարամը:
– Արդեն ամոթի պես մի բան է հայտնվում դեմքին,- խոսեց Հրեշտակապետը,- կարո՞ղ ենք հուսալ, թե սա զղջալու է իր արածների համար:
– Ի՞նչ ամոթ, ի՞նչ զղջալ,- փորձում էր հոխորտալ Ռեջեփը, կարծես իսկապես առաջին անգամ էր լսում «ամոթ» և «զղջալ» բառերը, բայց Աբու Բաքրը լռեցրեց նրան.
– «Ամոթի զգացումը բարիք է իր ամեն ձևերի մեջ»,- ասում է մեր սուրբ Ղուրանը և էլի ասում է. «Ամոթ ունենալը հավատի նշան է»: «Ամաչե՛ք Ալլահից հարկ եղածի պես»: Բայց քեզ ամենահարմարը սա է, Ռեջե՛փ, որ ասել է մեր սուրբ Մարգարեն (խաղաղություն նրան և օրհնություն Ամենակալին). «Եթե ամոթ չունես, արա՛ ինչ ուզում ես»:
– Ինչի՞ ես ուրանում, ո՛վ Աբու Բաքր, ես չէի՞, որ ներողություն խնդրեցի էդ քուրդ ալիևներից 37 թվի Դերսիմի ջարդերի համար:
– Երևի քո արած ջարդերի համար էլ քո հաջորդներն են ներողություն խնդրելու,- իրեն զսպելու անհաջող ջանքերից սրտնեղեց Աբու Բաքրը:
Հանկարծ շուրջը բոլոր գույները փոխվեցին: Վիշնուն շուրթերին էր մոտեցրել սրինգը: Մեղեդին միանգամից ձուլվեց թափանցիկ լույսերին, կերպարանափոխվեցին ներկաները: Գաբրիել Հրեշտակապետի ոսկեհուռ մորուքը, վարսերը, ոսկեգույն աչքերը բարությունից զատ նաև կարոտ էին սփռում ամենուրեք… Կարոտ մի շա՜տ կարևոր բանի…
Շողարձակումները մանրիկ մարգարտյա գնդիկների պես խայտում էին…
Ռեջեփը շփոթվել, կանգնել էր անորոշ ու անպտուղ գորշ ամպի նման: Թաքնվելու տեղ չէր գտնում: Ուր որ է՝ կուրանալու էր… Բոլորի հայացքը հառվել էր դեպի վեր, որտեղից իջնող լույսը գերակշիռ էր նույնիսկ բոլոր այս շքեղաշուք լույսերից… Ռեջեփը բռունցքներով, ինչպես փոքր ժամանակ արցունքներն էր սրբում, երբ իրեն ծեծում էին վատահամբավ թաղերի աֆրիկյան գնչուները, գողանում իր վաստակած ղուրուշները, շփում էր աչքերը, որ չբացվեն, բայց հետն էլ շատ էր ուզում նայել վեր՝ բոլորի հայացքի ուղղությամբ: Վախով բաց արեց աչքերը… տեսավ Նրա՝ Տիրամոր իջնելու պահը… Փորձեց դողացող ծնկները միմյանց սեղմելով պրկվել, չփլուզվել: Չկարողացավ: Ծնկի ընկավ: Տիրամայրը մոտենում էր իրեն: Ռեջեփը չգիտեր՝ ոնց անի, որ հայացքը կտրի նրանից: Տեսնում էր, թե որքան ամոթ է Նրա հետ նույն հարթության վրա մնալը, բայց փախչելու տեղ չկար: Տիրամայրն իր գորովագութ ձեռքը երկարել էր, որ դնի Ռեջեփի ճաղատացող գլխին:
– Մի՛ վախենա,- ասում էր նրան:
– Չեմ վախենում,- դողդողաց նրա կոկորդը,- միայն թե այս մեծ լույսը կուրացնում է ինձ: Քեզ չեմ կարողանում տեսնել, քո գեղեցկությունը չի տեղավորվի իմ իմացած տարողություններից ոչ մեկի մեջ: Ինչի՞ ես եկել: Ո՞նց եմ բերանս բացելու, լեզուս շարժելու սրանց առաջ, երբ դու ես էստեղ: Էս վարդաբույրը հարբեցրել է բոլորիդ, բայց ինձ չեք առնի դրանով… Ի՞նչ եք աչքներդ վրաս պլշել, հոգեբուժարան է պետք տանել բոլորիդ:
Տիրամայրը արդեն մոտ էր, նրա աջը արդեն դրված էր Ռեջեփի ճաղատացող գլխին: Խեղճը խուճապի մեջ նայեց Տիրամոր ձեռքին, զարմացավ, որ այդ ձեռքը մաքուր, պայծառ լույս է ճառագում ու չի խորշում իր հողանյութ, գորշ քրտնակալած գագաթին հպվելուց… Ընկավ գետնին, որ պոկվի ձեռքի այդ հպումից, դեմքով թաղվեց զմրուխտ խոտերի մեջ… Չգիտեր՝ թրջված հրեշի իր տեսքով ուր թաքնվի… Շուրջը հավաքվածներից ոչ մեկին չէր կարող սարսափ ներշնչել:
– Թողե՛ք ետ գնամ,- տեղից վեր ելավ ու նորից ծնկի ընկավ, լացող դեմքը քսեց զմրուխտե կանաչ ծածկույթին:- Աղաչում եմ, Մեծ Թուրանը առանց ինձ կմնա միայն գաղափար: Մեկ էլ ե՞րբ է ծնվելու մի նոր Ռեջեփ, որ էս մեծ գաղափարը կյանքի կոչի…
– Քո ինչի՞ն է պետք Մեծ Թուրանը,- անկեղծորեն խղճահարվեց ու մի անգամ էլ խոսեց Աբու Բաքրը՝ խելամիտ պատասխան սպասելով պարանոյիկից:
– Ի՞մ ինչին է պետք,- զարմացավ Ռեջեփը:- Ուզում ես ասել, որ իզո՞ւր էին իմ բոլոր չարչարանքերը: Իզո՞ւր եմ էդքան զենք կուտակել: Ամբողջ իսլամական աշխարհին է պետք:
– Իսլամական աշխարհի սովյալներին զենքո՞վ ես կերակրելու:
– Զենքով անհավատներին եմ կերակրելու,- փորձեց քրքջալ, բայց ծղրտոց ելավ կոկորդից:- Մի՞թե դա չի Ալլահի ուզածը, որ Ջեննեթ տանի ամեն մի մուսուլմանի հոգին…
– Դու հույս ունես, որ Ջեննե՞թ ես գնալու,- անչափ խղճահարությամբ ևս մի անգամ խոսեց Աբու Բաքրը:
– Չէ՛, դեռ կիսատ գործեր ունեմ, շա՜տ անելիք ունեմ, թողեք գնամ ի՛մ, ի՛մ, ի՛մ երկիրը:
– Լա՛վ,- հոգնած արտաբերեց Գաբրիել Հրեշտակապետը,- թողնում ենք, գնա՛, բայց այս անգամ կանգնելու ես քո զինվորի կողքին, ահա այդտեղ,- Տիրամայրը, իր լուսափայլ ձեռքի տակ առած Ռեջեփի գլուխը, տիկնիկի գլխի պես շրջեց դեպի էկրանը…
Խեղված, գազաններից հոշոտված դիակների, գնդակոծումից վիրավոր գեներալի արյունլվիկ գալարումների, զինվորների սոսկահար հայացքների, հառաչների մեջ կանգնած էր Ռեջեփը՝ կարմիր ֆեսը գլխին, ատավիստիկ իր դրսևորույթով՝ փշաքաղված սև մազածածկույթով, իր հետզհետե երկարող պոչով դիվաճանճերին այսուայն կողմ էր քշում ու չէր ազատվում նրանցից…
Վերին դատաստանի առջև կանգնած՝ նա փորձեց հոխորտալ սոսկումնահար փախչող զինվորների ետևից, բայց կոկորդից միայն խզխզոց դուրս եկավ… Սկսեց բռունցքներով հարվածել աչքերին…
Տիրամայրը նորից նրան առավ իր լուսաշող ոլորտը, գլուխն առավ ձեռքերի մեջ ու գորովանքով նայեց ուղիղ աչքերին…
– Լա՛վ,- հուսահատ համաձայնեց Ռեջեփը,- ինչևէ, տարե՛ք ինձ Ջեննեթ:
– Ջեննե՞թ,- զարմացած իրար նայեցին ու մի պահ անշարժացան քիչ հեռվում խռնված, անհամբերությունից իրար հրհրող, շրթունքները լպստող ու տեղում անճոռնի ոստոստացող բոլոր շեյթաններն ու նրանց ճուտերը:
– Տարե՛ք,- կարգադրեց Գաբրիել Հրեշտակապետը նրանց: Դեմքից չքացել էր ոսկեհուռ ժպիտը…
Իսկ Տիրամայրն իր լուսաշող ափսոսանքով նայեց նրա ետևից, լաց եղավ մարգարտյա արցունքներով ու որոշեց մի անգամ էլ իջնել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու խորանին… Իջավ:
Իրեն Մուհամմեդի օծյալը համարող մի ընտանիք խուճապահար դուրս պրծավ եկեղեցուց, ցատկով տեղավորվեց արևից շիկացած «Ջիփի» մեջ… Տիրամայրը նրանց ետևից էլ նայեց ափսոսանքով ու խորը վշտով…
Օգտագործված են թեմային առնչվող հրապարակումներ և համապատասխան գրականություն: Փաստերը հնարավորինս ստուգված են: