
Հայ-ռուսական համալսարանում հեռավար հանդիպում տեղի ունեցավ ամերիկահայ գրող, հրատարակիչ, մատենագետ, թարգմանիչ, մանկավարժ և հետազոտող գիտնական Հովսեփ Նալբանդյանի (Յովսեփ Նալպանտեան) հետ։
Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց իրավիճակը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում՝ սկսած մերձավոր Սփյուռքից (Վրաստան, Իրան, Սիրիա, Լիբանան) մինչև հեռավոր Լատինական Ամերիկա և Ավստրալիա։ Տպավորությունը բանախոսությունից ուժեղ էր, քանի որ այն առատ էր տեղեկություններով և հատկապես փաստերի թարմությամբ։ Հատուկ անդրադարձ եղավ հայապահպանության առաջին պայմանի՝ հայկական ամենօրյա դպրոցների փակման փաստին և կարևորվեց նոր դպրոց ունենալու խնդիրը։ Առանձին վերցրած՝ օտարության մեջ ապրող հայ մարդու հոգեբանական, սոցիալ-բարոյական խնդիրները, աշխարհի մարտահրավերների առաջ նրա մենակ լինելը և, իհարկե, զուտ ֆիզիկական գոյության պահպանման համար կռիվը, նրան շատ արագ մղում է ազգային նկարագրի կորստի հետ համակերպմանը։ Այս հարցում հայի օգնականը և կողմնորոշողը պետք է լինեն բարեգործական և բարեսիրական կազմակերպությունները և հայոց պետությունը։ Բարեգործական և բարեսիրական ընկերությունները, ցավոք, ոչ միայն այդքան ուժ և զորություն չունեն, այլ հաճախ նաև՝ ցանկություն ու շահագրգռություն, քանի որ Սփյուռքը մասնատված է ոչ միայն երկրների սահմաններով, այլ նաև կուսակցական, խմբային շահերով։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ էլ ամեն ինչ չէ, որ ճիշտ է արվում և ամեն ինչ չէ, որ Սփյուռքի հարցում կանոնակարգված է։ Հայաստանը փոքր և ոչ հզոր երկիր է, չի կարող նյութական և բարոյական լուրջ օգնություն ցուցաբերել, և եթե ինչ-որ բան արվում է օգնության նպատակով, ապա դա էլ տարերային է և սուղ՝ ներկա իրավիճակում փոփոխություն մտցնելու համար։
Բանախոսությունից հետո Հովսեփ Նալբանդյանին ամբիոնի աշխատակիցները հարցեր տվեցին, քննարկեցին խնդիրներ և իրավիճակին առնչվող առաջարկներ եղան։
Ժենյա
ՌՈՍՏՈՄՅԱՆ
