Այսօր, երբ Արցախի հիմնախնդրի լուծման համատեքստում շատ է խոսվում հնարավոր փոխզիջումների մասին, թերևս, տեղին է մեկ անգամ ևս հիշեցնել, թե ինչ կատարվեց հայոց պատմական Նախիջևանի, նրա բնիկ հայ բնակչության և պատմամշակութային ժառանգության հետ` ավեր ու ավար, բարբարոսական ոչնչացում ու հայաթափություն, մի բառով` ցեղասպանություն… Զորի Բալայանի սույն հոդվածը գրված է անցյալի դառը փորձից անհրաժեշտ դասեր քաղելու և Արցախում ևս նույնի կրկնությունը թույլ չտալու անկեղծ մտահոգությամբ:
Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հայրենիքը սիրում ես ոչ նրա համար, որ այն մեծ է, այլ նրա համար, որ քոնն է:
ՍԵՆԵԿԱ
1988 թվականի փետրվարի 25: Մոսկվա: Կրեմլ: Սիլվա Կապուտիկյանի հետ սպասում ենք ընդունելության ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Մ. Ս. Գորբաչովի մոտ: Նախօրեին Սիլվայի հետ պայմանավորվեցինք. նա խոսելու է Ղարաբաղի մասին, իսկ ես՝ հիմնականում Նախիջևանի, նրա պատմության և այն ահավոր փաստերի մասին, որոնք անդրադարձել են հայերի ճակատագրին: Դրանց մասին, ես համոզված էի, Կրեմլում ոչ ոք ոչինչ չգիտեր, քանզի կրեմլյան զառամյալ ծերունիների համար Նախիջևանը «Ժողովուրդների բարեկամության» շքանշանի դափնեկիր էր, իսկ դա նշանակում էր, որ… լենինյան ինտերնացիոնալիզմի հարցում այնտեղ ամեն ինչ կարգին է:
Հանդիպման իմաստն ու էությունը հանգում էին ողբերգական ճակատագրերին, որ բաժին էին ընկել հայկական երկու ինքնավար կազմավորումներին՝ Նախիջևանին (որպես հանրապետություն) և Ղարաբաղին (որպես մարզ): Պատմեցի Գորբաչովին, որ «Լիտերատուրնայա գազետայի» ծրագրի համաձայն՝ 1978 թ. երկարատև ճամփորդություն եմ կատարել Հայաստանով, Նախիջևանի ԽԻՀ-ով և ԼՂԻՄ-ով, որից հետո գրել եմ «Օջախ» գիրքը: Պատմեցի, որպեսզի ընդգծեմ՝ ես, լինելով ԽՍՀՄ քաղաքացի, Նախիջևանի հայկական Ինքնավար Հանրապետության տարածք մուտք գործելուց տասը օր առաջ Հայաստանի ՆԳՆ-ի միջոցով պետք է դիմեի Նախիջևանի միլիցիային՝ մուտքի վիզա ստանալու համար: Եվ դա՝ ԽՍՀՄ-ի տարածքո՛ւմ:
Գորբաչովը սկզբում ինձ չհավատաց. նա պարզապես պատկերացում չուներ նման, մեղմ ասած, պետական կազուսի մասին: Սակայն հարկ է արժանին հատուցել. հանդիպումից չորս օր (և Սումգայիթի հայկական ջարդերից՝ երեք օր) անց՝ 1988 թ. փետրվարի 29-ին, ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստի ժամանակ խոսվեց նաև մեր հանդիպման մասին: Այստեղ էր, որ Գորբաչովն ասաց. «Լեռնային Ղարաբաղը հայկական ինքնավարություն է: Նույնիսկ Հայաստան տանող ճանապարհները բարձիթողի վիճակում են: Մշակութային կապը խզված է: Դա արվել է գիտակցաբար (Զ.Բ.): Թուրքական հեռուստատեսության հաղորդումներն ընդունվում են Լեռնային Ղարաբաղում, իսկ հայկականը՝ ոչ»: Այդ խոսքերից հետո նա անցավ Նախիջևանի թեմային (հավանաբար լավատեղյակ աշխատակիցների հետ ճշտել էր իմ ու Սիլվայի ներկայացրած տվյալները): «Ես հարցրեցի Վիկտոր Միխայլովիչին (ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախագահ Չեբրիկովին-Զ.Բ.)՝ դու ի՞նչ ես արել այնտեղ սահմանային գծի հետ: Նա ինձ ասաց, որ Նախիջևանը, որը հարակից է Թուրքիայի սահմանին, գտնվում է սահմանապահների հսկողության տակ: Կա սեփական սահմանաշերտ, որտեղ տեղակայված են ուղեկալները: Իսկ սահմանային գոտու ողջ խորությունը (այսինքն՝ ՆԻՀ ողջ տարածքը, այն է՝ 5500 քառ. կմ-Զ.Բ.) որոշում են տեղական, տվյալ դեպքում հանրապետական մարմինները (այսինքն՝ բացառապես ադրբեջանական-Զ.Բ.): Եվ ի՞նչ որոշում էր ընդունվել նրանց կողմից: Ողջ Նախիջևանը համարել սահմանային գոտի: Ազատ մուտքն այնտեղ արգելվեց: Բայց չէ՞ որ այնտեղ թաղված էին Հայոց ցեղասպանության զոհեր, այնտեղ կային գերեզմաններ: Այնտեղ կային 900 հուշարձաններ, որոնցից մնաց միայն մեկը: Եվ վերջ: Ոչ մեկին չեն թողնում այնտեղ, պատճառաբանելով, թե դա սահմանային գոտի է»:
Առաջ անցնելով հավելեմ. նույնիսկ վերը հիշատակված նիստում Մ. Գորբաչովի ելույթից հետո այդ առումով ոչինչ չփոխվեց: Իսկ սկսվել էր այդ անհավանական իրավիճակը 1924 թվականին:
Քաղբյուրոյում, բնականաբար, խոսվեց նաև «սումգայիթի» մասին:
Նիստն սկսվելուց առաջ Գորբաչովը հասցրել էր տեղեկանալ այդ մղձավանջի մասին, հետո բոլորի ներկայությամբ դիմեց ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Յազովին.
– Պատմիր, Դմիտրի Տիմոֆեևիչ, ինչպե՞ս են սպանում Սումգայիթում:
– Երկու կանանց կրծքերը կտրեցին: Մեկի գլուխն են հատել, իսկ աղջկան մաշկահան են արել: Ահա այդպիսի գազանություն: Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշաթափ ընկնում էին…
Թվում էր, թե այդ ամենից հետո Գորբաչովն ամեն ինչ պետք է անի, որպեսզի հրեշավոր հանցագործությունների կազմակերպիչներն ու կատարողները խստորեն պատժվեն: ԽՍՀՄ տասը քաղաքներում դատավարություններ անցկացվեցին Սումգայիթում հայերի ցեղասպանության գործով: Սակայն իր համաժողովրդական կաղապարված-կոմունիստական ելույթում Գորբաչովը ադրբեջանական ղեկավարությանը մեղադրեց լոկ «Սումգայիթում ստեղծված էկոլոգիական վատ իրավիճակի» մեջ, որտեղ, պարզվում է, կան «խուլիգանական շատ տարրեր»: Դրանից հետո խորհրդային բոլոր դատարանները լռեցին: Եվ շուտով «սումգայիթի» անպատժելիությունը ծնեց նոր չարիք՝ հայերի ցեղասպանություններ Բաքվում և ադրբեջանական այլ քաղաքներում, որտեղ դարեր ի վեր ապրել էին հայերը: Իսկ Նախիջևանից այդ ժամանակ արդեն արտաքսում էին վերջին մի քանի հազար հայ ընտանիքների:
…Գերագույն Խորհրդի նստաշրջանում ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորները Ղարաբաղի, Նախիջևանի, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Շուշիի հետ կապված բոլոր հարցերը քննարկեցին միայն փակ դռների հետևում, առանց լրագրողների: Բացառություն կազմեցին միայն համագումարները: Եվ արդեն 1-ին համագումարում ես ելույթ ունեցա, առաջարկելով ուղղել անհեթեթությունը, այն է՝ ԽՍՀՄ-ում 38 ինքնավար կազմավորումներից միայն երկու հայկականը՝ Նախիջևանը և Ղարաբաղը, կրում են ոչ թե ազգային հատկանիշով անվանումներ, ինչպես դա պահանջում է Սահմանադրությունը, այլ աշխարհագրական: Հարյուրավոր պատգամավորներ սատարեցին իմ, լիովին տրամաբանական, առաջարկին: Ապարդյուն: Միայն տարիներ անց իմ կողմից անչափ հարգված Եվգենի Պրիմակովը, ով որպես ԽՍՀՄ ԳԽ նախագահ հաճախ էր իր աշխատասենյակում ընդունում ղարաբաղյան պատվիրակներին, ասաց, որ Ղարաբաղի և Նախիջևանի տրամաբանական անվանումների հարցը քննարկելիս Գորբաչովը պատասխանել է. «Տրամաբանությունը՝ տրամաբանություն, իսկ գլխացավանքից չես ազատվի»:
…1990 թ. սեպտեմբերին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը և ես (որպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ) Մոսկվայում ընդունեցինք Նախիջևանի մեր հայրենակիցների մի մեծ խմբի: Նրանք, ըստ էության, «վերջին մոհիկան»-հայերն էին՝ զրկված հայրենիքից: Նրանք պատմեցին, թե ադրբեջանցիները ինչպիսի անթաքույց լկտիությամբ, չվախենալով պատժվելուց, այնտեղ ջարդում էին, ավերում, նույնիսկ պայթեցնում էին ամեն հայկականը: Խոսքը ոչ միայն Ջուղայի շիրմաքար-խաչքարերի, այլև այն մասին էր, որ բոլոր գյուղերն ու քաղաքները դադարել էին հայկական լինելուց: Ժամանակի հետ, ինչպես սրտի ցավից շնչակտուր պատմում էին մեր հյուրերը, վիճակն ավելի վատացավ, քանզի ադրբեջանցիները շարունակում էին սպանել հայերին միայն այն պատճառով, որ նրանք հայեր էին, ավերել հայկական մշակույթի գլուխգործոցներն արդեն ոչ թե գիշերով, այլ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ: Դա իսկական ցեղասպանություն էր: Եվ Վիկտոր Համբարձումյանը անդադար խոսում էր նախիջևանցիների հետ հանդիպման մասին ու անդադար կրկնում. «Նախիջևանում ցեղասպանություն է, իսկ մենք հանցավոր լռություն ենք պահպանում»:
Թեև չէինք լռում: Խոսում էինք: Գրում: Ելույթ ունենում: Ուղարկում էինք պաշտոնական դիմումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ֆրեդերիկո Մայորին՝ համառորեն պահանջելով ստեղծել միջազգային հանձնաժողով, փրկելու համար Նախիջևանի հնագույն հայկական պատմական և մշակութային հուշարձանները, այդ թվում (առաջին հերթին)՝ համաշխարհային քրիստոնեական տաճարաշինության իսկական գլուխգործոցները: Եվ, իհարկե, խորապես գիտակցում էինք, որ պետք է պահանջենք ու գործենք ողջ ժողովրդով, ողջ Հայաստանով, ողջ աշխարհով: Քանզի խոսքը, իրոք, ցեղասպանության մասին էր:
…Եվ ահա արդեն 1998 թ. հունվարի 28-ին նախագահ Հ. Ալիևը ոչ թե ինչ-որ միտինգում, այլ սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ, ոչ թե ադրբեջաներեն, այլ տեքստը հատուկ բազմաձայնելու նպատակով՝ ռուսերենով, ելույթ ունեցավ լկտի հայտարարությամբ (դատելով ըստ ամենայնի, տեքստը չէր խմբագրվել). «Նախիջևանի շրջակա հողերը նույնպես ադրբեջանական հողեր էին, բայց, չնայած դրան, այնտեղ ապրում էին հայերը: Ճիշտ այնպես, ինչպես նրանք զավթել էին այլ հողեր, օրինակ, որոշ հողեր ներկայիս Թուրքիայի տարածքում կամ ադրբեջանական հողեր՝ Զանգեզուրի երկրամասը, որը Նախիջևանը բաժանում է Ադրբեջանից: Եթե մենք այն ժամանակ վերցնեինք Զանգեզուրը, ապա, գուցեև Նախիջևանին պետք չէր լինի ինքնավարություն…»: Հ. Ալիևը չհապաղեց խոսել և ադրբեջանական այնպիսի «կորուստների» մասին, ինչպիսիք էին «Գաֆանի (Կապանի-Զ.Բ.) և Մեղրու շրջանները, նույնիսկ Էրիվանը (Երևան)»: Ընդգծում եմ, որ այդ ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ արդեն գործում էր Ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի խուլ լռությունը, մեր աններելի պասիվությունը թույլ տվեցին արդեն Ալիև կրտսերին լիովին ավերել Ջուղայի վերջին երեք հազար խաչքար-գլուխգործոցները, որոնք փշրվեցին և երկաթուղով հեռացվեցին բաց վագոններով: Եվ այս անգամ էլ լռեց ՄԱԿ-ի հիմնական կառույցներից մեկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Չկան գլուխգործոցները՝ չկան խնդիրնե՞ր: Շատ է թուրքավարի: Բայց եթե նույնիսկ հայերի հարազատ հողում չմնա ոչ մի հայ, ոչ մի տաճար, ոչ մի խաչքար, դեռևս չի նշանակում, թե Նախիջևանը հայկական չէ: Քանզի խոսքը հողի մասին չէ, տարածքի մասին չէ, այլ Հայրենիքի:
…Խորհրդային ողջ ժամանակահատվածում Նախիջևանի բնիկ հայ բնակչության համար մշտապես ու կանխամտածված ստեղծվում էին կյանքի անտանելի պայմաններ: Հայ բնակչությունը զրկված էր շփումներից իր հայաստանյան ազգականների հետ, ինչը շատ ընտանիքների ստիպում էր տեղափոխվել Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ այլ հանրապետություններ: Բայց չէ՞ որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի համաձայնագրի երկրորդ հոդվածում գրված է, որ «ցեղասպանության տակ հասկացվում է մի որևէ խումբ անձանց համար կանխամտածված կերպով այնպիսի անտանելի կենսական պայմանների ստեղծումը, որոնք հաշվարկված են լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման նպատակով»:
Ահա, ուրեմն, Նախիջևանի հայկական Ինքնավար Հանրապետությունը կանխամտածված կերպով մնաց առանց հայերի և ամեն հայկականի՝ լեզվի, ավանդույթների, ազգային տոների, պատմական հուշարձանների… Եվ աշխարհը լռում էր: Գուցե դա՞ էր պատճառը, որ Ալիև ավագը լկտիաբար խոստովանում էր. «Նախիջևանի ինքնավարությունը չափազանց լուրջ գործոն է, որը կարող է օգնել կորցրած մյուս հողերի (Զ.Բ.) վերադարձման հարցի լուծմանը, ծառայել այդ նպատակին: Նախիջևանի ինքնավարությունը պատմական իրադարձություն է Թուրքիայի հետ Նախիջևանի և Ադրբեջանի սահմանի ստեղծման տեսանկյունից»:
Հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը: Իսկ մենք այսօր Նախիջևանի հայ ժողովրդի ցեղասպանության հարցով համամոլորակային մակարդակով զբաղվելու փոխարեն թույլ ենք տալիս պատմական Հայաստանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրված հատվածները համարել «վիճելի»՝ այդպիսով դրանք վերածելով սակարկման առարկայի: Այնինչ մեծ արյան գնով ազատագրված անխտիր բոլոր հայկական տարածքները մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունն ընդգրկված էին, կրկնում եմ, պատմական Հայաստանի կազմում: Իսկ ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա առաջարկում եմ կարդալ Ֆ. Ա. Բրոկհաուզի և Ի. Ե. Եֆրոնի հեղինակավոր հանրագիտարանը. «Նախիջևան – հին հայերի մոտ Նաքսուանա, քաղաք Էրիվանի գավառում, Ղարաբաղյան բարձունքների նախալեռներում»: Դե տեսեք, թե աշխարհագրական որ գոտուն է հասնում Լեռնային Ղարաբաղ պատմական հասկացությունը:
Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի ստորագրումից հետո գրեթե ողջ Արևելյան Հայաստանը մտավ Ռուսական կայսրության կազմ: Այնպես որ, բոլոր խոսակցություններն Ադրբեջանի մասին՝ որպես այդպիսին, կարող են լինել միայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Դա Լենինի և Ստալինի նվերն էր Աթաթուրքին, որն, ի դեպ, տարիներ անց անկեղծորեն խոստովանեց. «Մենք արագացրինք կապի հաստատումը բոլշևիկների հետ, հուսալով, որ հաջողության դեպքում կոչնչացնենք հայկական պետությունը, որը թարախաբշտիկ է մեր երկրի մարմնին»: Այսօր մեզանից շատե՞րն արդյոք գիտեն այդ մասին:
Ս. Ն. Յուժակովի 22-հատորանոց հանրագիտարանի առաջին հատորում (1904 թ.) «Ադրբեջան» բառը գրված է ոչ այնտեղ, որտեղ ժամանակակից հանրագիտական հրատարակություններում նշված է Ադրբեջանի Հանրապետությունը: Պարսկաստանի հյուսիսային մասում կան մի քանի պատմական նահանգներ: Դրանցից մեկն է (մեջբերում եմ). «Ադերբայջանը, որտեղ ապրում են քոչվորական կենսակերպ վարող թուրքեր և քրդեր»: Ըստ որում, քրդերը ցածրադիր վայրերում զբաղվում են հողագործությամբ, իսկ թուրքերը (ադերբեջանցիները) միայն «քոչվորներ» են:
Ադրբեջանի ներկայիս տարածքում, իրենց հազարավոր քրիստոնեական տաճարներով ու եկեղեցիներով ապրող հայերի հետ մեկտեղ, ապրում էին նաև մահմեդական ազգություններ՝ լեզգիներ, թալիշներ, քրդեր, թաթեր, բուդուխներ, խրիզներ, խինալուգներ, թուրքեր, որոնք էլ մեծամասամբ ապագա ադրբեջանցիներն էին: Դա անվիճելի փաստ է: Ինչ վերաբերում է ադրբեջանական «թվաբանությանը», ապա, ինչպես գրել է քուրդ գիտնական Շաքրո Մգոնը, «ազգային պատկանելությունը Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցաբար փոխարինել և փոխարինում է կրոնականով»: Այլ կերպ ասած, Ադրբեջանը բնակեցնող մահմեդական ազգերի բոլոր ներկայացուցիչներին արհեստականորեն վերափոխում են ադրբեջանցիների, որոնց, կրկնում եմ, դեռ ոչ վաղուց անվանում էին «թուրքեր»: Լենինը նրանց անվանում էր «կովկասյան թաթարներ», Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտարանը՝ «ադերբեջանյան թաթարներ» կամ, նույն տեղում՝ «շիա մահմեդականներ», հիմնականում՝ պարսիկները:
…Որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան գլուխ հանի Նախիջևանի հայերի ցեղասպանության հարցից, պետք է լավ պատկերացնի, թե ինչ կատարվեց Ղարաբաղի հետ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: ԽՍՀՄ-ի փլուզումը, բնականաբար, Ադրբեջանին հնարավորություն տվեց վերջնականապես ավերել համառ Ղարաբաղը: Ըստ էության, Բաքուն սկսեց չհայտարարված պատերազմ: Բայց մեծ կորուստների գնով մենք ազատագրեցինք հայրենիքի որոշ (ոչ բոլոր) մասեր, որոնք դեռ Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ միացյալ Հայաստանի մասերն էին, որի մեջ, բնականաբար, մտնում էր ապագա ԼՂԻՄ-ը՝ խրթին սահմանագծերով: Ադրբեջանական քարտեզագիրները մշտապես սեղմում էին Ղարաբաղի քարտեզը: Իսկ փոխվում էր ոչ միայն քարտեզը: Հերոսաբար ազատագրված շրջաններում՝ Լաչինում, Քարվաճառում, Կուբաթլուում, Զանգելանում, Ջեբրայիլում, Ֆիզուլիում, Աղդամում ընդամենը հետքեր էին մնացել պատմական Հայաստանից: Նույն պատկերն էր Ելիզավետպոլի նահանգի, պատմական Գարդմանքի, Գյուլիստանի երկրամասի (Շահումյանի շրջան, լեգենդար Գետաշենի, Մարտունաշենի) ահռելի տարածքներում, մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի կախարդական գյուղ Չարդախլուում, որտեղ ընդհանուր հաշվով կային մոտ 800 տաճարներ, եկեղեցիներ, մատուռներ, հարյուրավոր ու հարյուրավոր գերեզմանոցներ՝ իրենց հազարավոր ու հազարավոր խաչքարերով: Եվ այդ ամենից հետո այսօր պահանջում են «ազատագրել» հայկական պատմական յոթ շրջանները, որոնք մինչև խորհրդային իշխանությունը մեկ ամբողջություն էին կազմում: Մասնատումն ու վերածումը շրջանների իրագործվեց հետո՝ Ստալինի օրոք: Այնպես որ, ողբերգությունը Արևելյան Հայաստան եկավ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Իսկ չէ՞ որ, ի դեպ, նույնպիսի ողբերգության մասին գրել է Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը. «Հեղափոխությունից հետո բոլշևիկները զանազան նկատառումներով, թող Աստված նրանց դատավոր լինի, Ուկրաինայի միութենական հանրապետության կազմում ներառեցին Ռուսաստանի պատմական հարավի նշանակալից տարածքներ: Դա արվեց՝ առանց հաշվի առնելու բնակչության ազգային կազմը»:
Ինչ վերաբերում է ԼՂԻՄ-ին, ապա դեռևս 1930 թ. Արցախյան թեմի եպիսկոպոս Վրթանեսը նամակատարի միջոցով հեռագիր ուղարկեց Էջմիածին. «Մեզ սկզբում ասացին, թե համաձայն պետական աթեիզմի ծրագրի՝ քանդելու են միայն յուրաքանչյուր երկրորդ եկեղեցին: Բայց ավերեցին համարյա բոլորը: Շնորհիվ Ղարաբաղի ղեկավարների համառ խնդրանքի՝ պահպանեցին ընդամենը մի քանի կիսաքանդ տաճարներ, որոնց մեջ են Ամարասը՝ IV դար, Դադիվանքը՝ IX դար, Գանձասարը՝ XIII դար, Շուշիի Սուրբ Փրկիչը՝ XIX դար: Այսպիսով, ոչնչացվել է 112 եկեղեցի և 17 տաճար»:
Նշեմ, որ Ղարաբաղի ազատագրման առաջին իսկ օրերից (1994 թ.) Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի ջանքերով հայրենիքի ազատագրված մասի ողջ տարածքում արդեն վերականգնվել է ավելի քան 70 եկեղեցի: Դրանց վերածնունդը շարունակվում է և այսօր:
Եվ, այնուամենայնիվ, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունը (առաջին տեղում նշում եմ Թուրքիան, քանզի Մոսկվայում և Կարսում բոլոր փաստաթղթերը ստորագրվել են բացառապես թուրքերի կողմից), պղծելով հայոց պատմությունը, հայերի հայրենիքի ազատագրված մասն անվանում են «օկուպացված տարածք»: Նմանատիպ համատեքստով Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը դեռևս 2006 թ. կարևորագույն հարց բարձրացրեց գործուն կերպով «պատմական ճշմարտությունը պաշտպանելու» անհրաժեշտության մասին: Եվ Ռուսաստանն անցավ գործողությունների: Բարձր մակարդակով ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ հակազդելու համար «պատմությունն ի վնաս Ռուսաստանի վերարտագրելու ավելի ու ավելի ագրեսիվ փորձերին»: Իսկ չէ՞ որ ճիշտ նույնպիսի խնդիր է կանգնած նաև Հայաստանի առջև:
Պատահակա՞ն է, արդյոք, որ միայն հանուն նրա, որպեսզի պատմության մեջ խցկի «Ադրբեջան» բառը, Ալիև ավագը դեռ 1998 թ. օրենսդրորեն ադրբեջանցիների… ցեղասպանության համար ամրագրեց հատուկ ամսաթիվ՝ 1918 թ. մարտի 31-ը, երբ դեռևս չէր կազմավորվել այդ միութենական (խորհրդային) հանրապետությունը: Ըստ Ալիևի, պարզվում է, բոլշևիկները, Վ. Լենինի և Բաքվի ԺԿԽ նախագահ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ (անհեթեթ ստի համար հայ էր հարկավոր), «1918 թվականի մարտին իրագործել են ցեղասպանություն, ընդհանուր առմամբ ոչնչացնելով 500 հազար ադրբեջանցիների»: Իսկ Կրեմլում, Լենինի թանգարանային բնակարանի պատին կախված է Անդրկովկասի մեծ քարտեզ (անձամբ եմ տեսել), որտեղ Ադրբեջան չկա: Միայն Հայաստան և Վրաստան: Մինչդեռ այսօր ադրբեջանական ժողովուրդը, մանավանդ երիտասարդ սերունդը, հավատում է Ադրբեջանում իբր 1918 թ. ցեղասպանության մասին այդ ողջ բարբաջանքին:
Իրականում հենց 1918 թ. սկզբին Ելիզավետպոլ և Շամխոր կայարանների մոտակայքում տեղի է ունեցել 2000 զինվորների ահասարսուռ կոտորած (փաստորեն, ցեղասպանություն) միայն այն պատճառով, որ նրանք ռուսներ էին: ԽՍՀՄ-ի օրոք այդ մասին գրելն արգելված էր: Ռուսների ջարդերը շարունակվել էին նաև Աղստաֆա, Դալլար, Եվլախ, Խաչմաս կայարաններում: Ռուսական ջարդերի անմիջական ղեկավարներն էին կովկասյան թաթարների մահմեդական ազգային խորհրդի անդամներ Ա. Զիյատխանովը, Ա. Սոֆիկյուրսկին, Լ. Մագալովը, Մ. Ռուստամբեկովը (վերջինս, ի դեպ, հայկական ջարդերի կազմակերպիչն էր Նուխի, Արիշ և այլ շրջաններում): Ահա թե իրականում ինչ է կատարվել 1918 թվականին: Եվ այդ ամենից հետո Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, գտնվելով Բաքվում, հանդիսավորապես հայտարարեց Ռուսաստանի և Ադրբեջանի մի ինչ-որ բազմադարյան բարեկամության մասին: Բարեկամություն՝ ասենք թե, բայց այ «բազմադարյան»՝ պատմական անհեթեթությո՛ւն է:
…Ես հարգանքով եմ վերաբերվում Ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Սակայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչու հենց որ Ադրբեջանը, խախտելով 1994 և 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, հերթական անգամ բարբարոսական արկածախնդրություն կազմակերպեց 2016 թ. ապրիլի 2-ի գիշերը, համանախագահ պետությունների նախագահներն ու արտգործնախարարները մտադրվեցին հնարավորինս ակտիվորեն արագացնել խնդրի լուծումը: Փոխանակ՝ առաջին հերթին պատժեին բարբարոսներին և սադրիչներին: Չէ՞ որ ապրիլյան առավոտվա սարսափները նորություն չէին: Բիշքեկյան համաձայնագրերից հետո՝ առաջին իսկ օրերից, առանց բացառության բոլոր 22 տարիների ընթացքում, ադրբեջանցիները գնդակոծել են նույնիսկ հրթիռներով ոչ միայն ղարաբաղյան գյուղերն ու ավանները, այլև ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բնակավայրերը: Եվ աշխարհը լռում էր ու լռում է:
2004 թ. Բուդապեշտում ադրբեջանցի սպան գիշերը կացնով կտրեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գլուխը միայն այն պատճառով, որ նա հայ էր: Թվում էր, ո՞րը կարող է ամենասարսափելին լինել բոլոր հանցագործություններից: Եվ Բուդապեշտի դատարանը վճիռ կայացրեց՝ «ցմահ»: Մի քանի տարի անց Ադրբեջանի նախագահն այդ գլխակերին դուրս կորզեց (ոչ հանուն գեղեցիկ աչքերի): Բայց դա քիչ էր: Գլխակերը (բառացի իմաստով) ոչ միայն ազատ արձակվեց, այլև հանդիսավոր պայմաններում ծաղիկներով ընդունվեց ուրախ տոնի ժամանակ, որ կազմակերպել էր ինքը՝ Ադրբեջանի նախագահը: Ողջ աշխարհի աչքի առջև բարբարոսը բարձրացվեց ոչ միայն պարզապես հերոսի, այլև երիտասարդության համար ընդօրինակման տիպարի աստիճանի:
2016 թ. ապրիլյան արյունոտ օրերին գտնվեց մի ադրբեջանցի զինծառայող, որը, այսպես ասած, ավելի հեռուն գնաց իր «բուդապեշտյան» ուսուցչից: Նա ոչ միայն կտրեց հայկական զինվորի՝ ազգությամբ եզդի 20-ամյա Քյարամ Սլոյանի գլուխը: Դժվար է պատկերացնել, որ մեր դարում զինվորական համազգեստով մարդը, ԻԼԻՊ-ի տականքների նման, ձեռքերում բռնած տանի կտրած գլուխ (թող ների ընթերցողն ինձ հարկադրված նատուրալիզմի համար) և ցուցադրի ամբոխի ծաղրալի վայնասունի տակ: Ցինիզմը կրկնվեց. այն նույն մարդը՝ Ադրբեջանի նախագահը, դարձյալ հանդիսավոր պայմաններում, դեմքին ժպիտ խաղացնելով, ոճրագործին է հանձնում Ադրբեջանի բարձրագույն շքանշանը: Այդ հրեշավոր ցինիզմը ցուցադրեցին ադրբեջանական հեռուստատեսությամբ:
Իսկ աշխարհը շարունակում է լռել: Իսկ համանախագահ երկրների նախագահներն ու արտգործնախարարները, անտեսելով այդ մղձավանջը, հանկարծ հենց հիմա գալիս են այն եզրակացության, որ պետք է որքան կարելի է արագ լուծել Արցախի խնդիրը, հիմնվելով 1994-95 թթ. փաստաթղթերի վրա: Իսկ չէ՞ որ լավ հայտնի է, թե այն ժամանակ ինչ էր կատարվում Ղարաբաղում և նրա շուրջ. ով սկսեց և ինչպես ավարտվեց պատերազմը 1994 թ.: Ինչպես հայտնի է, այն ժամանակ հաղթական Հայոց բանակը պետք է վերադարձներ (ի դեպ, առանց արյունահեղության) ադրբեջանցիների զավթած հայկական Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը, Շահումյանի շրջանի տասնմեկ գյուղեր, լեգենդար Գետաշենը, Մարտունաշենը և շատ ուրիշներ, որոնց բաժին էր ընկել Նախիջևանի ողբերգական ճակատագիրը: Բայց վերևից ինչ-որ մեկը կասեցրեց մեր հայրենիքի մասերը և մեր հայրենակիցներին փրկելու փորձը:
Այդ պատճառով ես խորապես համոզված եմ՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստել միայն այն ժամանակ, երբ կոնկրետ կիմանանք, թե ինչով են պսակվելու իրողություններն այն բանից հետո, երբ թանաքը չորանա թղթի վրա: Քանզի կասկածներ չի հարուցում ԼՂՀ-ի կազմավորման օրինականությունը՝ ազատագրված հայկական պատմական շրջանների հետ միասին:
…Հայ և ամերիկյան մեծ գրող Վիլյամ Սարոյանը, ում հետ երջանկություն եմ ունեցել երկարատև ճամփորդություններ կատարել Հայաստանով, Ռուսաստանով և Մերձբալթիկայով, մի անգամ իր սիրելի հայտնի գրող Հրանտ Մաթևոսյանի ներկայությամբ ասաց. «Ես ծնվել եմ Ֆրեզնոյում: Եվ մանկուց մտածում էի, թե Ամերիկան իմ հայրենիքն է: Բայց երբ արդեն հասուն գրող լինելով, այցելեցի իմ ծնողների և նախնիների տունը Բիթլիսում, ես հասկացա, որ իմ հայրենիքը Բիթլիսն է, որտեղ հիմա ապրում են թուրքերը: Այդ ժամանակից ի վեր ես ուրիշ մարդ դարձա: Ես համաձայն եմ Գյոթեի հետ, որը գտնում էր, որ «լուսավորյալ ժողովուրդների իսկական արիությունը հանուն հայրենիքի ինքնազոհաբերման գնալու պատրաստակամությունն է»: Նույնն էլ կատարվում է իմ բոլոր հայրենակիցների հետ, որոնք ցրված են հինգ մայրցամաքներով»:
…Կես դարի ընթացքում ինձ վիճակվեց այցելել գրեթե բոլոր հայկական համայնքները հինգ մայրցամաքներում: Եվ ամենուր համոզվեցի, որ, իրոք, չկա ավելի վեհ հիվանդություն, քան հայրենիքի կարոտը: Հիվանդությունն այդ քրոնիկական է: Հայերը դրանից հավանաբար երբեք չեն ազատվելու: Սակայն դա չի նշանակում, թե խոսքը պատմական հայրենիքի կորստի հետ հաշտվելու մասին է: Ես խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդը իրավունք չունի գերի տրվել «կատարված փաստի ֆենոմենին»: Իբր՝ արդեն ուշ է, իբր՝ գնացքը մեկնել է, իբր՝ գործելն անօգուտ է:
Ընդհակառակը: Միայն գործե՛լ: Ժամանակն է, որ մենք գիտենանք և պատմենք աշխարհին, որ չկա Ղարաբաղի խնդիր: Կա Ադրբեջանի խնդիր, որն իրականացրեց Նախիջևանի բնիկ հայերի հրեշավոր ցեղասպանություն: Իսկական ապարտեիդը ոչ միայն քաղաքական, սոցիալ-տնտեսական, քաղաքացիական իրավունքներից, այլև ազգային պատկանելությունից զրկելն է և նույնիսկ տարածքային մեկուսացումը: Մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Համաձայնագրի առաջին հոդվածը սկսվում է բարձրահունչ տողով. «Վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում հանցագործությունների նկատմամբ, անկախ դրանց կատարման ժամանակից»: Այստեղ կարևոր է այն, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Համաձայնագրի տրամաբանորեն ստուգված բազմաթիվ դրույթները բոլորովին «չեն նախատեսում բացառություն որևէ դեպքում»: Իսկ դա նշանակում է, որ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժվելու մասին համաձայնագրի VIII և IX հոդվածների, Հայաստանը՝ ի դեմս Ազգային ժողովի, իրավունք ունի, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, դիմել ՄԱԿ օրինական պահանջով՝ ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները»: Ինչը իր հերթին նշանակում է, որ համաձայն նշված IX հոդվածի՝ «նյութերը նույնպես հանձնվում են Միջազգային դատարանի քննությանը»: Հարկ է ընդգծել, որ Նախիջևանի դեպքում «պատժելի են ցեղասպանության փորձին ուղղված գործողությունները և մասնակցությունը ցեղասպանությանը»:
Այսպիսով, Նախիջևանում ցեղասպանությունն իրագործվեց Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եկած բոլոր սերունդների աչքի առջև: Նախիջևանյան վերջին մի քանի հազար հայերը արտաքսվեցին 1991 թվականին: Իսկ վերջին հազարավոր սրբազան խաչքարերը փշուրների վերածվեցին և դուրս բերվեցին բաց վագոններով արդեն երրորդ հազարամյակի սկզբին: Կրկնում եմ, խաչքարերը ոչ միայն փոքր ճարտարապետության գլուխգործոցներ են, այլև առաջին հերթին՝ շիրմաքարեր, որոնց տակ ննջում են հայերի նախնիների աճյունները: Հանճարներ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և բազմահազար տաղանդաշատ նախիջևանցիների նախնիների: Կարծում եմ, քչերն են տեղյակ, որ հայերի համար այդ սրբազան վայրում բարբարոսներն արդեն հիմա ստեղծել են ռազմական գոտի, մարտական հրաձգարան:
Մնում է չլռել: Ձա՛յն բարձրացնել: Գործե՛լ:
Հ.Գ. – Ես արդեն ոտք եմ դրել իմ կյանքի իններորդ տասնամյակը: 1937 թվականին զրկվել եմ հորիցս, որը Լեռնային Ղարաբաղի լուսավորության ժողկոմն էր և դատապարտվեց որպես «ժողովրդի թշնամի»: Ինձ մեծացրել է պապս, որը պատերազմի առաջին երկու տարիներին կորցրեց երեք զավակներին: Չորս տարի ծառայել եմ Բալթիական նավատորմում: Ավարտել եմ Ռյազանի բժշկական ինստիտուտը: Տասը տարի որպես բժիշկ աշխատել եմ Կամչատկայում: ԽՍՀՄ առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել եմ Առողջապահության գերազանցիկի մեդալով: Քառասուն տարի աշխատել եմ որպես Հայաստանում «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակից: Գրել եմ մոտ ութսուն գիրք: Եվ դրանցից գլխավորներն եմ համարում «Դժոխք և դրախտ»-ը՝ Ղարաբաղյան պատերազմի մասին, և «Հաղթելով մահին»-ը՝ ԳՈՒԼԱԳ-ում ծնողներիս ողբերգական ճակատագրի մասին: Եղել եմ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, և համագումարներում ու նստաշրջաններում իմ բոլոր ելույթները վերաբերել են բացառապես Նախիջևանի և Ղարաբաղի ճակատագրին:
Գործի իմացությամբ պետք է ասեմ, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտից և Բիշքեկյան, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո երեք անգամ փոխվել են նախագահները համանախագահ երկրներում: Եվ, իհարկե, որքան էլ մանրազնին նրանք ուսումնասիրած լինեն հարցը, շատ բաների, գլխավորի, մանրամասների մասին կարող են չիմանալ: Իսկ նրանց համար, ովքեր տիրապետում են տեղեկատվության ողջ ծավալին, միանշանակ է. միայն այն բանից հետո, երբ Նախիջևանում ցեղասպանություն գործելու համար Ադրբեջանը պատժամիջոցների կենթարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաձայնագրի օրինական կիրառմամբ, կարելի կլինի ձեռնամուխ լինել Ղարաբաղի հարցին:
Ստեղծված բարդ իրավիճակում ես խնդրում և խորհուրդ եմ տալիս բոլոր երեք նախագահներին, նախքան հարցի վերջնական լուծմանը ձեռնարկելը, որքան էլ դա միամիտ է հնչում, այցելել Ղարաբաղ: Լինել Ամարաս վանքում, որը մեկուկես հազար տարվա ընթացքում տեսել է մեկուկես հազար փորձանք ու դժբախտություն: Հենց այնտեղ է հայոց այբուբենի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցը բացել առաջին դպրոցը, որտեղ հայերը Հայաստանում առաջինը սովորեցին գրել և կարդալ մեսրոպյան երեսունվեց սրբազան տառերով: Հատկանշական և հուզիչ է (հատկապես այսօր) այն, որ Մաշտոցն իր երեսունվեց տառերը, որոնք ժողովուրդն անվանել էր «զինվորներ», սկզբում տարավ Ագուլիս նախիջևանյան (! – Զ.Բ.) քաղաքը, որտեղ դարերի ընթացքում վեր էին խոյացել տասներկու փառահեղ հայկական քրիստոնեական տաճարներ ու եկեղեցիներ: Ի դեպ, դրանց մասին սրտալի և արիաբար իր «Քարե երազներ» գրքում գրել է ադրբեջանցի տաղանդավոր գրող Աքրամ Այլիսլին: Մաշտոցն ասես կանխատեսել էր, որ բարբարոսներն ավերելու էին Ագուլիսը: Եվ իր դպրոցը բացեց ղարաբաղյան Ամարասում: Ամարաս վանքն առանձնապես Ղարաբաղյան պատերազմի տարիներին մշտապես գտնվում էր բարբարոսների նշանակետում: Ամեն ինչ վերականգնվեց հաղթանակից հետո:
…Ամարասից քիչ հեռու գտնվում է Մաճկալաշեն գյուղը, որտեղ մինչև վերջերս ապրում էր հիրավի սուրբ մի կին՝ Ռայա մայրիկը, որն իր որդու թաղմանը (ես ներկա էի այնտեղ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քոքսի և ռուս գրող Անդրեյ Նույկինի հետ) ասաց, դիմելով ժողովրդին. «Այսօր ես զոհաբերում եմ իմ երկրորդ որդուն, որը կյանքը տվեց հայրենիքի համար, Ամարասի համար: Բայց Աստված մի՛ արասցե, որ դուք թշնամուն թույլ տաք նորից սրբապղծություն անել և նորից անարգել մեր պապերի ու մեր երեխաների գերեզմանները և մեր սուրբ Ամարասը»: