Ամփոփվեցին Իրինա Գյուլնազարյանի անվան մրցանակաբաշխության արդյունքները

Սեպտեմբերի 30-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Իրինա Գյուլնազարյանի անվան մրցանակների հանձնման արարողությունը:
Արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունն անցկացնում է Իրինա Գյուլնազարյանի անվան հիմնադրամը, որն ստեղծվել է 2003 թ.-ին ԱՄՆ-ում՝ երիտասարդ բանաստեղծուհու վաղաժամ մահվանից հետո: «Արդեն տասը տարի նաև այս մրցույթով` պոեզիայով ու գրականությամբ, վառ է պահվում նրա հիշատակը»,- ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ներկայացրեց հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամներին` Մարիամ Մանուկյանին, Արտաշես Չախմաջյանին, Սեդրակ Սարգսյանին և Իրինա Հայրապետյանին:
Բանաստեղծ, ժյուրիի անդամ Էդուարդ Հարենցն ընդգծեց, որ մրցանակակիրներին ընտրելիս հիմնվել են սեփական ձեռագիր, որոշակի ընդգծված համակարգ ունեցող պոեզիայի և պոետիկայի վրա` ելնելով զուտ պոեզիայի խնդիրներից:
Ելույթ ունեցան նաև տնօրինության անդամներ Մ. Մանուկյանն ու Ս. Սարգսյանը` ներկայացնելով հիմնադրամի աշխատանքները: Մրցանակակիրներին շնորհավորանքի խոսք ասացին բանաստեղծներ Արտեմ Հարությունյանը, Անուշ Վարդանյանը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ կատարվել է ճիշտ ընտրություն, քանի որ նրանք նոր հառնող ձայներ են, որոնց պոեզիայում փոթորկում, մոլեգնում է աշխարհը: Ռոզա Եղիազարյանը ամփոփելով հավաստեց. «Ոչ մի մրցանակ հենց այնպես չի տրվել, քանի որ բոլոր մրցանակակիրները այս տասը տարվա ընթացքում մնացել են պոեզիայում և ճանաչելի դեմքեր են գրականության մեջ»:
Տասը տարվա ընթացքում 25 հոգի մրցանակ է ստացել, 15 հոգի` խրախուսական մրցանակ: Այս տարի մասնակցել է 13 հոգի՝ ներկայացնելով թե՛ անտիպ գործեր, թե՛ գրքեր: Եթե նախկինում մասնակցում էին միայն երևանաբնակ գրողները, ապա այս տարի գործեր են ներկայացվել նաև Ջավախքից, Լոռուց, Վայոց Ձորից, Արմավիրից, ինչը վկայում է, որ մրցույթն արդեն լայն արձագանք ունի: Ժյուրիի կազմում ընդգրկված էին մրցանակաբաշխության աշխատանքների կազմակերպիչ-նախագահ Ռոզա Եղիազարյանը, նախորդ մրցույթների հաղթողներ, բանաստեղծներ Էդուարդ Հարենցը և Հարություն Հովակիմյանը:
Մրցանակները (դրամային, հուշանվեր և Իրինա Գյուլնազարյանի բանաստեղծությունների ժողովածու) հանձնվեցին Արամ Մամիկոնյանին (առաջին մրցանակ), Մանե Գրիգորյանին (երկրորդ մրցանակ) և Նշան Աբասյանին (երրորդ մրցանակ):
Մրցանակակիրները ելույթ ունեցան շնորհակալական խոսքով և կարդացին իրենց բանաստեղծություններից:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։