Հաղթանակ` իր 10-ամյա կենսագրությամբ

Սեպտեմբերի 23-ին նշվեց «Գրեթերթ» ՀԳՄ գրական-երիտասարդական ամսաթերթի 10-ամյա հոբելյանը: Թերթի առաջին համարը լույս է տեսել 2006 թ. հուլիսի 1-ին: Պարբերականը իր շուրջն է համախմբում երիտասարդ ստեղծագործողների` արձակագիրների, բանաստեղծների, թարգմանիչների, գրականագետների: «Գրեթերթն» իրականացնում է ամենամյա մրցանակաբաշխություն, որը տրվում է թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության և հրապարակախոսության ոլորտի լավագույն ստեղծագործության համար, ընդ որում` հեղինակներն իրենք են ընտրում իրենցից լավագույններին:
«Գրեթերթի» խմբագիր Գուրգեն Խանջյանը, փաստելով, որ թերթի ձեռքբերումները բազմաթիվ են, միաժամանակ նշեց, որ գրական ոլորտում աչքի ընկնող երիտասարդների մեծ մասը մշտապես կապ է ունեցել թերթի հետ, ոմանք կայացել են հենց թերթի էջերում: «Մենք ճանապարհ ենք տալիս երիտասարդ գրողներին, որ այս դաշտը բաց չմնա, ապրի ժամանակակից գրականությունը»,- նշեց թերթի հիմնադիր, խմբագիր Գուրգեն Խանջյանը և հավելեց. «Այս ընթացքում թերթը տպագրվել է ավելի քան 40 անգամ, և չի եղել մի համար, որ նոր անուն չներկայացնի ընթերցողին»:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Գրեթերթի» կատարած գործը համեմատեց «Գարուն» ամսագրի հետ, որն իր շուրջ էր համախմբել 60-70-ականների սերնդին: «Ուրախ եմ, որ կրկնվեց երամային թռիչքի հաճույքը»,- ասաց նա` նշելով, որ այսպիսով ամեն ինչ արվում է՝ երիտասարդությանը օգնելու և սատարելու:
«Գրեթերթի» համախմբագիր Նառա Վարդանյանը, ով նույնպես գրական իր առաջին քայլերն արել է այստեղ, ընդգծեց, որ «Գրեթերթի» 10-ամյակը ուղիղ համեմատական է անկախության 25-ամյակին, քանի որ թերթում տպագրվել են անկախության սերնդի հեղինակներ: «Թերթը լայն հարթակ հանդիսացավ հենց իրենց` երիտասարդ գրողների համար և կայացրեց այն սերունդը, որ հիմա ունենք «գրականության սերուցք» անվանմամբ»,- վստահեցրեց նա: Ապա հավելեց, որ «Գրեթերթը» չի ենթարկվում ոչ մի խմբավորումների, պայմանականությունների, չի ենթարկվում ոչ մի ճնշման: «Գրեթերթը» սիրո թերթ է, այն մեծ սիրտ ունի, բոլորի համար մեծ տեղ ունի: Հաղթանակ է, որ այսօր կա «Գրեթերթը» իր 10-ամյա կենսագրությամբ»:
Ըստ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի` «Գրեթերթը» եկավ ծառայելու անկախության սերնդին և կոտրելու Խորհրդային Միությունից մնացած կարծրատիպերը գրողների և գրականության մասին: Գրական դաշտում առկա բազմաթիվ հայտնի ու սիրված հեղինակներ իրենց առաջին քայլերն արել են հենց «Գրեթերթում»: «Տասը տարվա ընթացքում «Գրեթերթում» տպագրվել է մոտ 300 հեղինակ, որոնց տրվել է ինքնարտահայտվելու, կայանալու հնարավորություն»,- նշեց Ա. Նիկողոսյանը: «Գրեթերթը» պատմություն է, որը յուրաքանչյուրիս հետ է, մեր կենսագրության այն կարևոր հատվածն է, որ երբեք չենք կարող մոռանալ»,- ամփոփեց նա:
Գրականագետ Սուրեն Աբրահամյանը, ով, ըստ Արքմենիկ Նիկողոսյանի, ընդարձակ հոդվածներով այսօրվա երիտասարդ սերնդի գրականությանն անդրադարձած միակ գրականագետն է, ընդգծեց. «Գրեթերթը» այն միակ գրական մամուլն է, որ ներկայացնում է գրական պրոցեսը և գրականությանը տալիս է նոր շունչ, նոր ճաշակ»: Աբրահամյանի ցանկությունն է եղել, որ նոր սերունդը գա հեղափոխությամբ, նոր մտածողությամբ, գա ժխտելով, և նրա կարծիքով` այդպես էլ եղել է: «Գրեթերթի նոր սերունդը արդեն ավանդույթ ունի»,- վստահեցրեց Ս. Աբրահամյանը:
«Գրեթերթին» շարունակականություն մաղթեցին նաև Հուսիկ Արան, Հասմիկ Սիմոնյանը և ուրիշներ:
«Գրեթերթի» տասնամյակի կապակցությամբ լույս է տեսել հոբելյանական համարը, որտեղ երեք ամփոփիչ հոդված կա` նվիրված տասը տարվա ընթացքում թերթում հրապարակված պոեզիային, արձակին, գրականագիտությանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։