Մինչև լույսը, լուսամուտը
Թակում էին ու թակում…
Ա.Ս. Պուշկին. «Ջրահեղձը»,
թարգմ.՝ Հ. Թումանյանի
Վերի ու վարի գոյությունը, իսկապես, արտատպված է ողջ տիեզերքում: Ճիշտ այդ կերպ` տիեզերական խոլանքի մեջ է Սամվել Խալաթյանն ընկալել վերն ու վարը և բանաստեղծական սահուն տողերով ամփոփել «Տիեզերքի խոլանքներ» կոչվող ժողովածուում: Ճիշտ իր` Սամվել Խալաթյանի բանաստեղծական տողերում ենք հանդիպում այնպիսի իրողությունների, երբ «քարը խաչ է դառնում», «պահը դար է դառնում», «խաչքարը` թագ, ու սարը` գահ», «հրեշտակներ են իջնում անտես», ու սկսվում է վերն ու վարը: Այսպիսին է կյանքը: Այստեղ տագնապներ են, կորստի ցավ, փնտրտուք, հիացմունք, մի տեղ ինքնամերժում, մի այլ տեղ` լույսի հետ թևանցուկ քայլելու բավականություն…
Ահա և այս ամենի խոր ու գեղեցիկ ընկալումը երկու բառով`«Աղոթածին աշխարհ»: Ի՞նչ կա ավելի անկեղծ ու ավելի մաքուր, քան մարդկային հոգուց բխած աղոթքները: Առավել ևս, եթե հոգին բանաստեղծական է, ուրեմն, յուրաքանչյուր իրավիճակում անապակ մաքրության հետ միախառնված գեղեցիկ զգացմունքներով տոգորված աղոթքների ականատեսն ենք դառնում: «Աղոթածին աշխարհ»` այսպես է վերնագրված ժողովածուի առաջին բաժինը:
Մինչև աշխարհի աղոթածին լինելու մեջ համոզվելը, Սամվել Խալաթյանը անցել է կյանքի երեք բովով, եռակրակ այրումի ցավն է զգացել, եռաթև խոհի մեջ տվել ու առել, տվել ու առել…
Հառնում է անդադար իմ հոգում, // Մի տեսիլք` ջրահեղձի ոգի- // Խնուսում` ավերակ մի տուն, // Լոռիում` անառակ որդի…
Զուր չէ, որ Ալ. Պուշկինի հայտնի բալլադը գրավել է Մեծ Լոռեցուն, ով աննախադեպ հրաշալի թարգմանությամբ այն ներկայացրել է հայերենով: Լոռու անդնդախոր ձորի, կուսական բնության մեջ ապրող մաքուր հոգին չի ուզում մասնակից դառնալ կյանքի թոհուբոհին, չի ուզում պատասխան տալ կյանքի բիրտ ու վայրագ օրենքներին, բայց և տագնապները չեն կարողանում լքել նրան: Տագնապներն այս անգամ «ջրահեղձի» ոգու կերպն են առել ու թակում են բանաստեղծի լուսամուտը, թակում, թակում…
Ահա եռակրակ այրումի առաջին կրակը, առաջին մորմոքը` ջրահեղձի ոգին: Ո՞վ էր ջրահեղձը. Երկիր մոլորակի անորոշ ցավը, որին տեր կանգնել ոչ ոք չի ուզում, ընդհակառակը` ետ են հրում կրկին` դեպի անորոշության ծովի մութ ու խավար խորքերը: Անորոշ ցավերը որոշակիացնել է փորձում բանաստեղծ Սամվել Խալաթյանը: Չէ՞ որ ցավերը դարմանելու առաջին քայլերը դրանց որոշակիացումն է:
Ես սիրում եմ, երկիր, // շատ եմ սիրում ես քեզ, // /բայց դե, մեր մեջ ասած,/ի՞նչ օգուտ իմ Ես-ից, // երբ վախվորած ու խեղճ // փեշի տակ եմ պահվել, // ձիուց ընկածի պես` // վախենում եմ էշից/…
(«Տագնապներ»)
Այսպես, ազնիվ հոգուն չի լքում ջրահեղձի ոգին: Բանաստեղծ Սամվել Խալաթյանին չեն լքում տագնապները ոչ միայն սեփական երկրի, այլև Երկիր մոլորակի համար:
…/բայց դե, մեր մեջ ասած, // դու ի՞նչ անես, // երբ սիրտդ խոցոտել, // պոկել են քո կրծքից, // ստիպված ես հոգուդ // վերջին շունչը պահել/:
(ն.տ.)
Հառնում է անդադար ջրահեղձի ոգին, թակում ու թակում բանաստեղծի լուսամուտը, և դա նրան այրող կրակներից մեկն է` եռաթև խոհերի մեջ առաջնայինը: Բնության նկարագրության մեջ անգամ անհանգիստ հոգի կա, ցավի թակոց կա բանաստեղծի նուրբ ու զգայուն հոգու լուսամուտին.
Օդում որոտի հոտ կա: // Ծիտը մրսում է: // Հանդում չհնձած խոտ կա: // Բերքը դրսում է: // Հնձվորն ախ քաշեց ահով- // Տունը կաթում է: // Հոգսը ձգվում է տարով, // Ահը սրտում է:
(«Օդում որոտի հոտ կա»)
Այսպիսին է ջրահեղձի ոգին… Այն ճիշտ պատկերն է ցավի ու ավերումի, որ հառնում անդադար և անհանգիստ տագնապների մեջ է մշտապես պահում բանաստեղծին:
Ս. Խալաթյանին այրող հաջորդ ցավի, եռաթև խոհի կենտրոնում «ավերակ մի տուն է Խնուսում»: Մի տուն, բայց և հառնումի մի ողջ աշխարհ է բանաստեղծական ինքնայրումի կենտրոնում.
…Հաղթանակներ բազում, պարտություններ անթիվ, // Կորուսյալ հի՜ն երկիր ու կործանված գահեր, // Աշխարհով ցաքուցիր հայի հույս ու պատիվ:
(«Դուռս թակում են»)
Տները, թեպետև ավերակ, սակայն երբեք լքված չեն, որովհետև նրանց մեջ ապրում է հայի ոգին, որովհետև նրանց մեջ ոչ թե անհանգիստ տագնապների մեջ ներքաշող ջրահեղձի ոգին է, այլ պապերն են` ազգի գենը փոխանցող «մի պուտ արյուն բռում»: Այստեղ իր գոյության կերպի, այրող եռաթև խոհերի մասին բանաստեղծի ինքնախոստովանությունն իր կիզակետում է. Կրկին դռան թակոց, ներքին անհանգստություն, սպասում, կարոտ, պատասխանատվություն.
Դուռս թակում են: Էրգրից պապս է եկել, // Մտազբաղ, հոգնած, սրտում` գարուն, // Հոգում` երգե՜ր, երգեր ու անամոք վերքեր, // Բռում ամուր սեղմած մի պուտ արյուն:
(«Դուռս թակում են»)
Բանաստեղծական տողի մեջ հայի հպարտություն կա: Արյան կանչին ընդառաջ գնացողի հպարտություն: Ոչինչ, որ պապերը հլու են, «հլու` չար ու բարուն»: Տան ավերակ լինելը հանդուրժել` դեռ չի նշանակում ստրուկ լինել: Այստեղ ոգեղեն վեհության խնդիր է, և եթե Խնուսում ավերակ է տունը, մտազբաղ ու հոգնած են պապերը, նրանց անամոք վերքերի հետ գարուն է, երգեր են, ընձյուղում…
Բնությունն անզուգական է Լոռվա աշխարհում: Անշուշտ, ծեծված խոսքեր են սրանք: Բայց յուրաքանչյուր ծեծված գոյություն իր ներսում տառապանքի ցավ ունի և նույն տառապանքից ծնված` լույսի հեղեղ, իմաստնություն: Խնուսում ավերված տան հիշատակը խորքում, ահա իսկապես` անզուգական Լոռին: Այստեղ լույսերի մեջ ծաղկել է Խնուսի ցավը, և այսպես է բացվել տառապանքի ծաղիկը.
Մի ոտն առավոտի Չաթին լեռ է հասել, // Մայմեխը էն ծերից շիկնել է մեկուսի, // Լալվարի ականջին հովը բան է ասել, // Բամբասում է անտառն էդ երկուսին:
– – – – – – – – – – – – – – – – – – – – –
Օրը անցավ ուրախ ճնճղուկների խաղով, // Հազար կոկոն պայթեց` ավետելով գարուն, // Մայմեխը քող գցած սպասում է դողով, // Լուր են տվել` էսօր խնամխոս են գալու…
(«Լոռուս գարունը»)
Ահա սա է ճշմարիտ կյանքը, որ հոսում է ոգեղեն վեհության միջով, հոսում է` պատրաստ պատվով կրելու մարդկային բոլոր թուլությունները, պատրաստ` ծնվելու, վերածնվելու, շարունակելու իր անընդհատությունը…
Մարդն ինքը բնություն է, կյանքն ինքը բնություն է, և բանաստեղծ Սամվել Խալաթյանի համար Լոռին բնության հետ միաձուլված ապրելու, ասել է թե` բացվելու, կանչելու, կարկաչելու, բարձրաձայնելու, վայելելու աղբյուր է: Լոռին լեռ է, ճնճղուկ է, հով է, ձոր է, կանաչ տերև է, ծառ է ու գետ, Լոռին բնություն է, որ կարող է շիկնել, զբաղվել բամբասանքով, լուր տալ, հարս գնալ, տուն ու տեղ դնել ու երգել, երգել… Այսպիսին է Լոռին Սամվել Խալաթյանի աչքերով, հոգով, մտքով ու բանաստեղծական զգացումներով: Որպես հավերժի մեջ հոսող կյանք գրավիչ է Լոռին, հեշտորեն տրված կյանքի պես գրավիչ է այն, սակայն արթուն է բանաստեղծի զգուշացումն «անառակ որդու» մասին: Իր դուռը թակող, անդադար հառնող ոգիների մեջ Լոռիում հառնողն Անառակ որդու ոգին է` իր մեղաներով.
Մեղա՜ Աստծու, Աստված, // Մեղա՜, հազա՜ր մեղա- // Անհավատ եմ եղել,
Չեմ իմացել, որ քո // Դրախտը երկրային- // Իմ ձորում է եղել:
(«Լոռու ձորը»)
Գնալով բացվում են Ս. Խալաթյանի հոգևոր աշխարհի աղոթածին լինելու հանգամանքները: «Տիեզերքի խոլանքների» մուտքն է «Աղոթածին աշխարհ»-ը, որտեղ նրա բանաստեղծական հոգու դռները թակողը երեք ոգիներն են: Հենց նրանք են բանաստեղծին մղում առ Աստված հղվող աղոթք երգերի, որոնք ոչ միայն փառաբանությունն են հայրենի եզերքների, այլև` մտահոգությունը.
…Հոգնեց ուսը մեր սարի // հերիք է բառնաք: // Հանեք արփին դարանից, թող փայլի նորեն, // Չնեղանան մեզանից // չծնված օրերն:
(«Երկինքը մաղ է դառել»)