ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության տարեմուտի նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց 2017 թ. ՀԳՄ գործունեության ամփոփ հաշվետվությունը: Հաշվետու տարում ՀԳՄ-ի կողմից իրականացվել է շուրջ 200 միջոցառում: Արդեն ավանդական դարձած` գիրք նվիրելու օր, մանկապատանեկան գրքի շաբաթ, թարգմանչաց տոն, սայաթնովյան «Վարդատոն» և այլն, տեղի են ունեցել բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներ` գրքերի շնորհանդեսներ, հոբելյաններ, հադիպումներ դպրոցներում և զորամասերում, պոեզիայի երեկոներ, թարգմանության և գրաքննադատության խնդիրներին առնչվող լիանիստեր: Ժանրային բոլոր անվանակարգերով իրագործվել է 11 մրցանակաբաշխություն, որոնցից երկուսը` երիտասարդական: ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպվել է երիտասարդ գրողների հերթական համաժողովը: Էդ. Միլիտոնյանը հատկապես կարևորեց Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովի անցկացումը, որին տեղացի գրողներից բացի, մասնակցել են Սփյուռքի 15 երկրից ժամանած 46 գրողներ: 2017-ին առավել արդյունավետ են աշխատել ՀԳՄ մարզային բաժանմունքները: Հաշվետու տարում շարունակվել է համագործակցությունը Մշակույթի, Կրթության և գիտության, Սփյուռքի, Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների և այլ կազմակերպությունների հետ: Ընդլայնվել են ստեղծագործական կապերը արտասահմանյան երկրների` Իրան, Վրաստան, Գերմանիա, Լեհաստան, Չինաստան, Բելառուս և այլն, ստեղծագործական կապերը: Հրատարակվել են հայ պոեզիայի և արձակի անթոլոգիաներ, ինչպես նաև առանձին հեղինակների գրքեր: Ավարտուն տեսքի է բերվել Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը և հանձնվել է տեղի թեմին:
Նախագահության նիստի օրակարգում էին նաև ՀԳՄ մի շարք կառույցների հաշվետվությունները: Հաշվետվություններով հանդես եկան Համահայկական գրական հիմնադրամի ղեկավար Լևոն Բլբուլյանը, ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը, ՀԳՄ գլխավոր հաշվապահ Բալենիա Բադասյանը: Խնդրո շուրջ ելույթներ ունեցան և իրենց առաջարկները ներկայացրին Դավիթ Մուրադյանը, Դավիթ Սարգսյանը, Արևշատ Ավագյանը, Ալիս Հովհաննիսյանը, Վազգեն Գաբրիելյանը, Գագիկ Դավթյանը: Վերջում Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց, որ այս տարի ՀԳՄ ամենամյա մրցանակների ցանկում ավելացել է նոր` Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը` թարգմանական գրականության համար, ապա համառոտակի անդրադարձավ եկող տարվա ծրագրերին:
Նախագահությունը միաձայն դրական գնահատեց ՀԳՄ 2017 թ. գործունեությունը:

***
Նույն օրը տեղի ունեցավ ՀԳՄ վարչության նիստը, որն ամփոփեց Գրողների միության հաշվետու տարվա գործունեությունը: Եղան ելույթներ, առաջարկություններ, ինչից հետո վարչությունը նույնպես ՀԳՄ 2017 թ. գործունեությանը դրական գնահատական տվեց:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը շնորհավորեց ՀԳՄ գրական ընտանիքի` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով առողջություն և ստեղծագործական նորանոր ծրագրերի իրականացում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։