Հանդիսություն՝ նվիրված արձակագիր Ֆելիքս Շաքարյանի 75-ամյակին

Ֆելիքս ՇաքարյանՄարտի 14-ին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված վաստակաշատ արձակագիր Ֆելիքս Շաքարյանի ծննդյան 75-ամյակին:
Միջոցառմանը մասնակցում էին ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, գրողներ, մտավորականներ, հյուրեր Երևանից, Ալավերդուց և Վանաձորից:
Բացման խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը՝ ներկայացնելով Ֆ. Շաքարյանի անցած ստեղծագործական ճանապարհը:
Հոբելյարին շնորհավորեց Էդ. Միլիտոնյանը՝ նշելով, որ Ֆ. Շաքարյանը ժամանակակից արձակում իր անջնջելի հետքն է թողել՝ նկարագրելով Լոռու բնաշխարհն ու լոռեցի մարդուն՝ իր հոգսերով ու ցավերով, տարբեր դրամատիկ իրավիճակներում:
«Առանց գրի, գրողի՝ մեր երկիրը շատ աղքատ կերևա աշխարհում: Այսօր էլ թե՛ պոեզիայում, թե՛ արձակում ստեղծվում են արժեքավոր գործեր: Միշտ հիշելով մեր դասականներին՝ չպետք է մոռանանք արժևորել մեր կողքին ապրող և ստեղծագործող ժամանակակից գրողներին: Դա ավելի շատ ոչ թե նրանց է պետք, այլ մեր գրասեր հասարակությանը: Այդ իսկ պատճառով պետք է պաշտպանենք գրողին ու գրականությունը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և Ֆ. Շաքարյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ: Էդ. Միլիտոնյանն առա­ջարկեց նաև հանրապետության մարզ­պետա­րանների հետ Գրողների միության համատեղ ծրագ­րերի շրջանակներում, Լոռու մարզում սահ­մանել Հովհ. Թումանյանի անվան մրցանակ՝ մար­զի գրողների լավագույն ստեղծագործությունների համար, ինչը դրականորեն ընդունվեց մարզպետ Ա. Նալբանդյանի և ներկաների կողմից:
Ջ. Սարգսյանն ընթերցեց մարզպետ Ա. Նալբան­դյանի շնորհավորագիրը, որում արժևորվում է Ֆ. Շաքարյանի գրական անուրանալի վաստակը:
Գրողին շնորհավորեց և խորհրդանշական հուշանվեր հանձնեց Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:
Հոբելյարին իր օրհնությունը և բարեմաղթանքները հղեց Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը: Ելույթ ունեցան գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մելս Սանթոյանը, ՀՀ գիտության վաստ. գործիչ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, բանաստեղծներ Ռազմիկ Պողոսյանը, Հրաչյա Սարուխանը և Լենա Անթառանյանը: «Հայաստան» հրատարակչության տնօրեն, բան. գիտ. թեկն. Վահագն Սարգսյանը տեղեկացրեց, որ տպա­գրության ընթացքի մեջ է Ֆ. Շաքարյանի «Օտարը» ծավալուն վեպը, որն ընթերցողի սեղանին կդրվի ամռանը:
Ֆ. Շաքարյանի «53 թվականից հետո» գրքից հատվածներ կարդացին Ջ. Սարգսյանը, Վանաձորի պոեզիայի թատրոնի արտիստ Իվան Անտոնյանը և պոեզիայի թատրոնի սան Դայանա Ամիրխանյանը:
Երախտիքի խոսք ասաց Ֆ. Շաքարյանը՝ շնորհակալություն հայտնելով Ա. Նալբանդյանին, Էդ. Միլիտոնյանին, Մ. Միկոյանին, Ա. Վարոսյանին, միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:
Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։