Եղիշե Չարենց 117

ՉարենցՄարտի 13-ին լրացավ Ե. Չարենցի ծննդյան 117-ամյակը: Այս տարի ևս մարդաշատ էր Չարենցի հուշահամալիրը շրջապատող պուրակը: Հավաքվել էին գրողներ, մտավորականներ, աշակերտներ, չարենցասեր հասարակայնություն` մեկ անգամ ևս զգալու բանաստեղծի շունչն ու ոգին և վերստին արժևորելու նրա ստեղծագործությունները:
Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը բացման խոսքում նշեց, որ բանաստեղծին նվիրված միջոցառումների շարքը կազմակերպվել է Ե. Չարենցի տուն-թանգարանի, ՀԳՄ-ի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ: Այնուհետև տեղեկացրեց, որ նույն օրը թանգարանում կբացվի «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Կոմիտասի անձնական իրերից, կոմիտասյան մասունքներ, բացատրություն կտրվի Չարենց-Կոմիտաս կապի մասին: Առաջին անգամ ցուցադրվող մասունքների մեջ է նաև Կոմիտասի թաշկինակը, որը հետագայում նրա սանուհի, դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը նվիրել է Չարենցի կրտսեր դստերը` Անահիտին: Այդ պատմությունը կլուսաբանի գրողի թոռնուհին՝ Գոհար Բազյան-Ջերրահյանը: Լ. Հակոբյանն ավելացրեց նաև, որ «Երկիր Նաիրի» վեպի գլխավոր հերոս Մազութի Համոյի ժառանգները թանգարանին նվիրել են Մազութի Համոյի` Համազասպ Նոհրադյանի անձնական իրերը, որոնք ևս կցուցադրվեն, ինչպես նաև տեղի կունենա Իտալիայում հրատարակված Ե. Չարենցի «Երկիր Նաիրիի» իտալերեն թարգմանության շնորհանդեսը: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ընթերցեց Ստեփանակերտ քաղաքի Ե. Չարենցի անունը կրող դպրոցի շնորհավորագիրը մեծ գրողի 117-ամյակի առիթով:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը Չարենցին բնութագրեց իբրև ազգային հպարտություն, մեր խոսքի, բառ ու բանի հպարտություն, մեր հազարամյա բանաստեղծության ինքնագիտակցություն: «Պոետի հավերժությունն իր բառի հավերժության մեջ է»,- ասաց նա և հավելեց, որ Չարենցի մասին լավագույն խոսքը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է: Նրա հավաստմամբ` եթե Ալեքսանդր Թամանյանը նախագծեց, նոր Երևանի հիմքը դրեց, ապա Չարենցը Վ. Տերյանի, Ավ. Իսահակյանի հետ մեր նոր բանաստեղծության քարտեզը գծեց:
Ըստ գրականագետ Սամվել Մուրադյանի` Ե. Չարենցը 20-րդ դարի բանաստեղծական ամենամեծ երևույթն է հայ իրականության մեջ և նույնպիսի մեծ երևույթ է համաշխարհային գրականության մեջ: Նա անցավ հայ մարդուն բնորոշ ճանապարհ, եղավ կամավոր զինվոր իր հայրենիքը փրկողների շարքերում, մարտնչեց հեղափոխության շարքերում դարձյալ իր հայրենիքի փրկության համար, ծառայեց խորհրդային երկրին` զարգացնելով նրա գրականությունն ու մշակույթը` հույս ունենալով, որ սկսվելու է հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի համար լավագույն մի ժամանակաշրջան: Ս. Մուրադյանը ցավով նշեց, որ Չարենցի անժամանակ հեռացման մեջ մեծ է թե՛ մեր, թե՛ նրա ժամանակակիցների մեղքի բաժինը: Եվ հիշեց Զապել Եսայանի խոսքը, որ ժամանակակիցներին զգուշացնում էր. «Լսեք, դուք միամիտ մի՛ եղեք, եթե ապագայում սերունդները ձեզ հիշեն, կհիշեն միայն այն առիթով, որ դուք առնչություն եք ունեցել Ե. Չարենցի հետ»: «Չարենցը մեզ համար, մեր ժողովրդի և սերունդների համար ընթացք է և ուղի, մեր ազգային մեծ երազանքների մարմնացումները տեսնում ենք Ե. Չարենցի բանաձևերում»,- ամփոփեց նա:
Այնուհետև բեմահարթակը տրամադրվեց Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտներին` ներկայացնելու Չարենցի ստեղծագործությունները:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։