«Հրանտ Մաթևոսյան» մրցանակը Ժենյա Քալանթարյանին

Նոյեմբերի 11-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ «Հրանտ Մաթևոսյան» ամենամյա գրական մրցանակբաշխության արարողությունը: Հերթական մրցանակակիրը դարձավ անվանի գրականագետ  Ժենյա Քալանթարյանը՝ «Հրանտ Մաթևոսյանի «Տաշքենդ» վիպակը. տիպաբանական զուգահեռներ» հետազոտության համար: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ մրցանակաբաշխությունն արդեն 10-րդ տարին է՝ ինչ գործում է, և մրցանակի են արժանացել Լևոն Խեչոյանը, Զորայր Խալափյանը, Վահագն Գրիգորյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ֆելիքս Մելոյանը, Վաչագան Գրիգորյանը, Հրանտ Մաթևոսյանի եղբայրը` Համլետ Մաթևոսյանը: Ապա ներկայացնելով այս տարվա մրցանակակրին՝ գրականագետ Ժենյա Քալանթարյանին՝ ՀԳՄ նախագահը նշեց, որ նա տարիների ընթացքում բազմիցս անդրադարձել է Հ. Մաթևոսյանի գրվածքներին, բազմաթիվ հետազոտություններ կատարել նրա ստեղծագործություների շուրջ: «Մեր քննադատության մեջ Ժ. Քալանթարյանի հմուտ, բանիմաց, խորը, ժամանակակից շեշտադրումներով լի խոսքը՝ և՛ արձակի, և՛ պոեզիայի մասին, մշտապես շատ կարևոր է եղել»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:

Գրականագետ Ժենյա Քալանթարյանը, խոստովանելով, որ մրցանակն իր համար անակնկալ էր, շնորհակալություն հայտնեց Մաթևոսյան ընտանիքին, որ միշտ բարեհաճ է եղել իր նկատմամբ՝ օգնելով նաև հետազոտությունների մեջ` փաստերի ճշտման, տվյալների ձեռքբերման կապակցությամբ: «Այս հանդիսությունը մի նոր առիթ է Մաթևոսյանի անունը հավերժացնելու, քանի որ Հ. Մաթևոսյանն այն եզակի մեծություններից է, ով կարողացավ իր ապրած ժամանակը գրով հավերժացնել և սերունդներին թողնել իր ապրած պահի, այն շրջանի, գյուղի կենցաղը, վարքը, որը ժամանակի ընթացքում արագ փոխվում է և դառնում պատմություն: Իսկ այդ պատմությունը ոչ միայն իմաստային, բովանդակային առումով, այլև բարձր վարպետությամբ վավերագրեց Հ. Մաթևոսյանը, ինչը թույլ է տալիս  մեզ այսօր զուգահեռներ անցկացնել նրա և համաշխարհային մեծությունների միջև»,- ամփոփեց գրականագետը:

Մրցանակակրին շնորհավորեցին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, գրականագետներ Վազգեն Գաբրիելյանը, Սամվել Մուրադյանը և Հրաչօն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.