Ապրիլի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Տալիթայի «Լռության րոպեներ. խնկաբույր ժամեր» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է ՀԳՄ հրատարակչությունը:
Շանթ Մկրտչյանը, ներկայացնելով Տալիթային, նշեց, որ ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ նա իր խոհերը, մտորումները չափածոյով ներկայացրել է ընթերցողներին: «Գիրքը խմբագրելիս այն զգացողությունը ունեցա, որ Տալիթան մեր օրերի մտածողության անմիջական արձագանքն է տալիս»,- ասաց Շ. Մկրտչյանը և հավելեց. «Բանաստեղծությունները ներկայացված են երկու բաժնով՝ Լռության րոպեներ և Խնկաբույր ժամեր խորագրերով, որոնք միավորվում են մի ընդհանրության մեջ: Լռության րոպեները ամողջությամբ արձագանք է արցախյան ազատամարտին, քառօրյա պատերազմին, ստեղծել է զինվորի ընդհանրական կերպարը և իր խոսքն ուղղել այդ զինվորին, ով այսօր ազգապահպանման, երկիր, պետականություն կայացնելու խնդիր է լուծում: Երկրորդ բաժնում Տալիթան իր քաղաքացիական, մարդկային խնդիրները արծարծում է արդեն որպես գրող-հեղինակ»:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գնահատելով հեղինակի տողերի, ապրումների անկեղծությունը, միաժամանակ նշեց, որ անկեղծությունը դեռևս գրականություն չէ: «Անկեղծությունն այնքանով է դառնում գրականություն, երբ հագնում է գրական, իսկապես ուրույն շապիկ»,- ասաց նա:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, ժողովածուն համարելով փոքրածավալ, բայց տարողունակ ժողովածու, ներկայացրեց իր նշումները այն կողմնորոշումների, ընկալումների, հոգեկան վիճակների վերաբերյալ, որոնք իրեն կարևոր են թվացել այդ ստեղծագործությունների մեջ: