Վրաց գրականության շնորհանդես

14801226_1356834081041054_755566031_n-tmbՄարտի 20-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բիբլիական երեք նովել» վերնագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը ներառում է ժամանակակից վրացի գրողների մի շարք ստեղծագործություններ՝ նովելներ, պատմվածքներ ու էտյուդներ, որոնք վրացերենից հայերեն է թարգմանել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) հայ-վրացական հարաբերությունների բաժնի վարիչ Հրաչյա Բայրամյանը:
Գրքի շնորհանդեսին մասնակցում էին և ելույթ ունեցան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, դեսպանատան ավագ խորհրդատու Նինո Ափցիաուրին և այլք:
«Այս գիրքը կարևոր առաքելություն ունի, քանի որ ներկայումս երիտասարդները, մասնավորապես ԵՊՀ-ում, հետաքրքրված են վրաց ժամանակակից գրականությամբ»,- նշեց ռեկտորն իր խոսքում: Նա հավելեց, որ երկար տարիներ է, ինչ Հրաչյա Բայրամյանը հայ ընթերցողին հաղորդակից է դարձնում վրաց մշակույթին ու գրականությանը և նպաստում դրա տարածմանը:
Դեսպան Գ. Սագանելիձեն շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանն ու վրացագետ Հրաչյա Բայրամյանին՝ արդի վրաց գրականության գոհարները հայ ընթերցողի դատին հանձնելու համար: «Ինձ համար մեծ տոն է այսօր: Ուրախ եմ, որ մեր հայ գործընկերները հետաքրքրված են վրաց գրականությամբ և հայ ընթերցողին նույնպես հնարավորություն են ընձեռում ծանոթանալու մեր մեծերի գործերին»,- նշեց նա:
Հրաչյա Բայրամյանը, խոսելով երկու համալսարանների համագործակցության մասին, նշեց, որ համալսարանների բարեկամությունը նախ և առաջ մեր ժողովուրդների բարեկամությունն է: Ըստ նրա՝ գեղարվեստական թարգմանությունը միջմշակութային հաղորդակցության կարևորագույն գործոններից է, երկխոսության լավագույն ձևերից մեկը. փոխիմացության արդյունքում հարստանում է ժողովուրդների գրականությունը, արվեստը, հոգևոր կյանքը առհասարակ: Թարգմանելով վրացական ինքնատիպ գրականությունը՝ այդ ժողովրդին մոտեցնում ենք մեզ, մենք էլ մոտենում ենք նրան: Այս գրքի հրատարակությունը ևս քայլ է, վկայություն՝ հայ – վրացական գրական նորոգվող հարաբերությունների:
Հավարտ իր խոսքի՝ Հրաչյա Բայրամյանն ասաց. «Ողջունելի է, որ հանրաշահ այս գործին իր նպաստն է բերում Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ նորին գերազանցություն պարոն Գիորգի Սագանելիձեն, ում նախաձեռնությամբ և աջակցությամբ տպագրվել է գիրքը, և որի համար հայտնում ենք խորին շնորհակալություն»:

Հրաչյա ԲԱԼՈՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.