Բանաստեղծություններ… և ուրիշ ոչինչ

downloadԱպրիլի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ժամանակակից հայ բանաստեղծների «Հայաստանի սիրտը. բանաստեղծություններ… և ուրիշ ոչինչ» գերմաներեն ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով գրող, թարգմանիչ Ագապի Մկրտչյանին, նրան համարեց մեր մշակութային դեսպանը Գերմանիայում, ով գերմանահայ մշակութային կյանքում ակտիվ գործունեություն է ծավալում, թարգմանում և հրատարակում է հայ հեղինակների գործերը Գերմանիայի տարբեր պարբերականներում` տարածելով հայ մշակույթը: Նա նաև հիշեցրեց, որ անցյալ տարի ՀԳՄ-ում նշվել է Ա. Մկրտչյանի թարգմանությամբ Պ. Սևակի բանաստեղծությունների գերմաներեն ժողովածուի շնորհանդեսը: Ապա անդրադառնալով անթոլոգիային՝ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ գիրքը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայկական պոեզիան, այլև Հայաստանի գրականության պատմությունն ու հայ ժողովրդի պատմական դառը անցքերը օտար ընթերցողին ներկայացնելու առումով: Նշելով, որ գիրքն արդեն ներկայացվել է Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառում, իսկ տարեվերջին կներկայացվի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում՝ Էդ. Միլիտոնյանն ասաց. «Կարծում եմ` գիրքն իր ճանապարհը կհարթի: Սա հայ հեղինակներին ժամանակակից գերմանացի ընթերցողներին ներկայացնելու փորձ է»:
Բանաստեղծ Արևշատ Ավագյանը, գնահատելով Ա. Մկրտչյանի՝ թարգմանական արվեստին ու պոեզիային նվիրվածությունը, վստահեցրեց, որ նա ճիշտ ազգային-մշակութային գործունեություն է ծավալում՝ հայ ժողովրդի ստեղծագործությունները ներկայացնելով ուրիշներին: «Թարգմանական գրականությունը եղել և մնում է հայ ժողովրդին, հայկական մշակույթը դեպի համաշխարհային գրականություն, մշակույթ տանող առաջատար ճանապարհը, որը պետք է միշտ ամուր պահել, որի հնարավորությունները պետք է ընդլայնել»,- շեշտեց նա:
Անուշ Ասլիբեկյանը, մեջբերելով Հենրիկ Հովհաննիսյանի խոսքը՝ «Թարգմանությունը փոխում է գեղարվեստական իրականությունը», վստահեցրեց, որ այն ի շահ հայերի է փոխվել, որովհետև Ագապի Մկրտչյանը հայ է և գերմանական մշակույթի քաջ գիտակ:
Ելույթ ունեցան նաև բանաստեղծներ Արտեմ Հարությունյանը, Հենրիկ Էդոյանը, Գագիկ Դավթյանը, Վահան Անդրեասյանը (Տեր Թովմա), Անուշ Վարդանյանը, Նանեն, Գոհար Գալստյանը, Արմենուհի Սիսյանը, Անի Տեր-Գուլանյանը և ուրիշներ՝ արժևորելով Ա. Մկրտչյանի բարեխիղճ և անբասիր աշխատանքը, ում շնորհիվ հայ պոեզիան հասանելի է դարձել գերմանալեզու ընթերցողին:
Ագապի Մկրտչյանը տեղեկացրեց, որ գրքում ընդգրկված են տարբեր սերնդի 25 բանաստեղծ իր հայեցողությամբ, յուրաքանչյուր հեղինակից ընտրվել է նվազագույնը երկու բանաստեղծություն` սիրային, խոհափիլիսոփայական, քաղաքական-հայրենասիրական թեմաներով: Նա խոստովանեց, որ իր համար մեծ ճամփորդություն էր բանաստեղծների ներաշխարհ մուտք գործելը և նրանց հույզերը, խոհերը, սերը գերմանացի ընթերցողին փոխանցելը: «Բանաստեղծություն թարգմանելիս ես պետք է մտածեմ, որ դա պետք է ընդունելի լինի ոչ հայ ընթերցողի համար»,- ասաց նա և հավելեց, որ գիրքը ներկայացվելու է Գերմանիայի մի շարք քաղաքներում:
Հայ-գերմանական գրական կապերի զարգացման և հայ գրականությունն այլ երկրներում ներկայացնելու համար Ագապի Մկրտչյանը պարգևատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրով:
Ժողովածուի թարգմանությունն իրականացրել են Ա. Մկրտչյանն ու Հելմուտ Մալոնեկը: Գիրքը լույս է տեսել Մայնի Ֆրանկֆուրտում, «Գղոսենվահն» հրատարակչության կողմից: Առաջաբանը գրել է հայկական ծագումով գերմանացի լրագրող Մյուրիել Վայսբախը, վերջաբանը՝ պատմաբան Թեսսա Հոֆմանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։