Մարտի 22-ին, ՀԳՄ-ի և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ, ՀԳՄ-ին հարակից՝ Լևոն Անանյանի անունը կրող պուրակում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված Պոեզիայի համաշխարհային օրվան:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, վստահեցնելով, որ պոեզիա կարելի է կարդալ և՛ տանը, և՛ դրսում, անգամ անձրևին, քանի որ պոեզիան այդ ամենն իր մեջ հավաքող, ապրեցնող մի գոյություն է, նկատեց, որ այն մարդկության պատմության ստեղծած, թերևս, լավագույն երևույթն է, որ բոլորին անհրաժեշտ է: «Գրական այս օրերը, շաբաթները մի նպատակ ունեն՝ մարդկանց պոեզիա հասցնել: Պոեզիան միայն քնքշություն ու գովերգանք չէ, այն սերը, գեղեցիկը, լավը, դժվարությունները, նաև ողբերգությունը հավաքում է իր մեջ և մատուցում մարդկանց: Այս պատերազմից հետո, կարծում եմ, մեր բանաստեղծությունը իր մեջ կրելու է այդ ցավը, ողբերգությունը, բայց նաև ուժ է հաղորդելու մեր ժողովրդին՝ այլ ժողովուրդներին հիշեցնելով հայ ժողովրդի բարի, ստեղծարար ոգու մասին»,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ Երևանի քաղաքապետարանի և հատկապես Կենտրոն վարչական շրջանի հետ տարբեր գրական, գեղարվեստական միջոցառումներ են կազմակերպում, որոնցից լավագույններից է Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված նախաձեռնությունը:
Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի՝ պոեզիան պատմություն պատմելու լավագույն ժանրերից է: «Մենք բազմաթիվ պատմություններ հենց հանգավոր ենք ընդունել, ժառանգություն ստացել՝ «Գիլգամեշ»-ից սկսած, «Իլիական»-ով, «Ոդիսական»-ով ավարտված: Նմանատիպ միջոցառումներով մենք փաստում ենք, որ պոեզիան լեզու է, որով տարբեր ազգեր ու մշակույթներ շփվում, առնչվում են իրար հետ: Այն վստահաբար սիրո, բարությամբ հարաբերվելու լեզու է»,- վստահեցրեց նա:
Երևանում «Дом Москвы» մոսկովյան մշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը ակտիվորեն նպաստում է պոեզիայի տարածմանը, ապացույցը այս տոնի շրջանակում տպագրվող գրքերն են և կենտրոնում կազմակերպվող գրական միջոցառումը՝ նվիրված Պոեզիայի համաշխարհային օրվան: «Սա ևս խթան է, որ ազգը լինի կրթված, մշակութային և ներկայացնի իր բացառիկությունը: Իսկ ինչո՞վ է հարուստ հայ ժողովուրդը՝ իր պոետներով»,- ընդգծեց նա:
Երգիչ, երգահան, բանաստեղծ Վախթանգ Հարությունյանի խոսքերով՝ բանաստեղծությունը երկնքից կախված մարգարեություն է՝ շատերի շուրթերին ծանր իջնող: «Այն բեռ դառնալով՝ շատերի համար հետագայում ուղենիշ է դառնում: Հուսով եմ, որ ցայսօր գրվող շատ-շատ բառեր լուսավոր կլինեն թե՛ մարգարեությամբ, թե՛ այն ամենով, ինչը պետք է ապրեցնի բոլորիս»,- ընդգծեց նա՝ կատարելով հեղինակային երգերից երկուսը:
Ցերեկույթի ընթացքում բանաստեղծություններ կարդացին Շանթ Մկրտչյանը, Վան Արյանը, Լևոն Բլբուլյանը, Բաբկեն Սիմոնյանը, Արմենուհի Սիսյանը, Հերմինե Նավասարդյանը, օտար լեզուներով տարբեր ստեղծագործություններ ընթերցեցին «Дом Москвы» կենտրոնի աշխատակից Սվետլանա Սահակյանը, վրացական մշակույթի դեսպան, բանաստեղծ, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա հ/կ-ի նախագահ Աննա Հարությունյանը և ուրիշներ:
Միջոցառման ավարտին հնչեցին դասական երաժշտական ստեղծագործություններ: Ցերեկույթը վարում էր հաղորդավար Կարեն Քոչարյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ