Մայիսի 23-ին ՀԳՄ հյուրերն էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, ռումինահայ գրողներ Վարուժան Ոսկանյանը և Պետրոս Խորասանջյանը: Զրույցը հյուրերի և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ու հանդիպմանը ներկա բանաստեղծ Վառլեն Ալեքսանյանի միջև հիմնականում առնչվում էր հայ-ռումինական մշակութային, գրական կապերին:
Վարուժան Ոսկանյանը, ով նաև Ռումինիայի Հայոց միության հիմնադիրներից է և նրա անփոփոխ նախագահը, Ռումինիայի գրողների միության փոխնախագահը, ներկայացրեց իր` ռումիներեն հրատարակված «Շշուկների մատյան» վեպը, որը համարվել է Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը և արժանացել Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին:
Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հ. Գասպարյանը ներկայացրեց Ռումինիայում հայտնի գրող և հրապարակախոս, «Հայոց հանրագիտարան» գրքի հեղինակ Պետրոս Խորասանջյանին, ով թեև ռումիներեն, բայց գրում է հայկական թեմաների շուրջ:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան մշակութային համագործակցության համատեղ ծրագրերին: Հ. Գասպարյանը, խոսելով 2011-2015 թթ. գիտակրթական և մշակութային ծրագրերի մասին, առաջարկեց Վ. Ի. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական հա-մալսարանի ռումիներենի բաժնի լավագույն ուսանողներին պետական ծրագրով ուղարկել Ռումինիա` վերապատրաստվելու, ովքեր հետագայում կնպաստեն ռումինական գրականությունը հայ ընթերցողին լավագույնս ներկայացնելուն: Էդ. Միլիտոնյանը, ողջունելով առաջարկը, հանդես եկավ Եղեռնին զոհ գնացած և ժամանակակից մի շարք գրողների գործերի անթոլոգիա կազմելու առաջարկությամբ: ՀԳՄ նախագահն անդրադարձավ նաև Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարում Եղեռնին անդրադարձած գրողների հետ հանդիպումներ կազմակերպելու ծրագրին: