Արդարացում / Աղվան Վարդանյան

15

Մի կարճ բան էլ ես պիտի ասեմ: Այսքան տարբեր՝ ինձ մինչև ոսկորները ճանաչող, իմ դրսերևույթին միայն հետևած, նաև ինձ լրիվ անծանոթ մարդկանց ներկայությամբ: Այն էլ՝ բանաստեղծության բերումով: Միակ տարբերակը ինքս ինձ խոսելն է, իբր ոչ ոք չկա: Մանավանդ՝ հասկացված լինելը անպտուղ ցանկություն է:
Չորս-հինգ տարեկանում, հորաքրոջս շնորհիվ, էպոսի թումանյանական մշակումը ծայրեծայր գիտեի ու արտասանել եմ օրը մի քանի անգամ: Այդ խոսքն է մարմինս ու ոգիս կառուցել:
Յոթ-ութ տարեկանում, Նախիջևանի մեր Գեմուր գյուղի սալքարերին պառկած, մի օր ճշգրիտ տեսել եմ՝ ինչպես է երկրագունդը պտտվում: Այդ ապրում-հիշողությունը ընտրված լինելու դրոշմ եմ համարել: Մնացածը այս տեղանքն ու այս կյանքն է՝ քարից բխող լույս, հայոց լեզու, ընկերներ, կանայք, քաղաքականություն, գինի, հաց, մեղքեր:
Պարտք, պատիվ, պատասխանատվություն:
Այս գրքում, գիտեմ, մի քանի բացարձակ, բացարձակին մոտ բանաստեղծություն կա: Դրանք ես եմ գրել: Ու այդ ինքնավստահությամբ էլ բախտ եմ համարել Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Հրանտ Մաթևոսյանի, Ալեքսեյ Մատվեյիչի, Սոս Սարգսյանի, Տիգրան Մանսուրյանի հավասար ընկերությունը:
Այս գրքի դժվար տպագրությունը արեցի, որ բանաստեղծությամբ մի անգամ էլ առնչվեմ իմ Տերյանին, Մեծարենցին, Թումանյանին, Չարենցին:
Ու նաև՝ Աշոտ Ավդալյան, Վազգեն Սարգսյան, Վրեժ Իսրայելյան, Հրաչյա Բեյլերյան, Լևոն Խեչոյան՝ այլևս երկրից ելած իմ գրչակից եղբայրներին:
Մենք բոլորս ելնելու ենք երկրից: Սա ես ասում եմ այստեղ ներկա իմ հոգեկից ընկերներին, բայց նաև յուրաքանչյուրիդ՝ անկախ՝ ով ինչով է ապրում, ով ինչ է թողնելու: Մեզ մնալու է այս զարմանք երկիրը՝ «այս Հայաստան վախը» և տխուր-ցնծալի մեր կյանքը:
Իսկ կյանքից բարձր մի բան կա՝ զվարթ-ճշգրիտ գիտություն բանաստեղծությունը: Որ իմ արդարացումն է:
Որ շունչն է Աստծո:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.