Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրող, թարգմանիչ, գրականագետ, գրադարանի բարեկամ Ֆելիքս Բախչինյանին նվիրված «Ֆելիքս Բախչինյանը՝ թարգմանիչ» գրական ցերեկույթ և նրա գրական ժառանգության ցուցադրություն։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Անդրիուս Պուլոկասը, Մայրոնիսի անվան լիտվական գրականության թանգարանի տնօրեն Դեյմանտե Ցիբուլսկիենեն, գրականության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ընդգծեց Բախչինյանի և գրադարանի երկարամյա բարեկամական կապը։ Տարիներ շարունակ նա սիրով գրադարանին է նվիրել ոչ միայն իր հրատարակությունները, այլև բազմաթիվ արժեքավոր գրքեր անձնական գրադարանի հավաքածուից, իսկ 2010 թվականին արժանացել է Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալի։
Ֆելիքս Բախչինյանի գրական և թարգմանական գործունեությանը անդրադարձավ Հայաստանի ազգային գրադարանի գլխավոր գրադարանավար Ներսես Հայրապետյանը՝ նշելով նաև, որ Բախչինյանի 75-ամյակի առթիվ 2025 թ. գրադարանի կողմից պատրաստվել և լույս է տեսել նրա էլեկտրոնային մատենագիտությունը, ինչը խոսում է նրա՝ հայ գրականությանը և մշակույթին մատուցած բացառիկ ծառայության մասին։ Նշենք, որ էլեկտրոնային մատենագիտության հեղինակն ու կազմողը Ներսես Հայրապետյանն է:
Դեսպան Անդրիուս Պուլոկասը, նշելով Բախչինյանի հետ անձնական մտերմությունը և բարձր գնահատանքի արժանացնելով նրա գրական-մշակութային ավանդը հայ-լիտվական գրական կապերի ամրապնդման գործում, շեշտեց «մի պարզ ճշմարտություն. Ֆելիքս Բախչինյանը ոչ միայն ճանաչված հայ գրող, թարգմանիչ, գրական գործիչ է, այլև մեծ լիտվացի, քանի որ մեծ է նրա գրական ավանդը հայ-լիտվական գրական բարեկամության ամրապնդման գործում:
Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը խոսեց Ֆելիքս Բախչինյանի ստեղծագործական անցած ուղու և մարդկային կերպարի մասին՝ արժևորելով նաև նրա գրականագիտական հայացքներն ու մարդկային կերպարը:
Միջոցառման կարևոր շեշտադրումներից էր Բախչինյանի բազմամյա աշխատանքը՝ լիտվական և այլ ժողովուրդների գրականությունները հայ ընթերցողին ներկայացնելու ուղղությամբ։ Այդ առումով առանձնահատուկ տեղ ունի Մայրոնիսի «Գարնան ձայներ» ժողովածուն, որը Բախչինյանը հայերեն է թարգմանել և հրատարակել 2016 թվականին։ Մայրոնիսը լիտվական ազգային վերածննդի կարևորագույն բանաստեղծներից է, իսկ նրա պոեզիան դարձել է նաև բազմաթիվ երգերի հիմք։
Մայրոնիսի անվան լիտվական գրականության թանգարանի տնօրեն տիկին Դեյմանտե Ցիբուլսկիենեն սահիկաշարով ներկայացրեց թանգարանի գործունեությունն ու Մայրոնիսի ժառանգությունը։ Նա երախտագիտությամբ փաստեց, որ իրենց թանգարանում պահպանվում են նաև Ֆելիքս Բախչինյանի՝ լիտվերենից թարգմանած բազմաթիվ գրքեր, և այդ թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողին հասանելի է դարձել լիտվացի դասականների գրական ժառանգությունը։
Բանաստեղծ Թադևոս Տոնոյանը, բարձր գնահատելով Ֆելիքս Բախչինյանի գրական գործունեությունն ու ստեղծագործական ժառանգությունը, պատմեց նաև լիտվական գրականությունից իր կատարած թարգմանությունների մասին, որոնք արել է Բախչինյանի հորդորով: Նա ընթերցեց Մայրոնիսի «Թանկագին Լիտվա» բանաստեղծությունը՝ իր թարգմանությամբ։
Գրական կամուրջն է՛լ ավելի կենդանի դարձավ միջոցառման ընթացքում, երբ միջոցառման առթիվ փոքրիկ գրքույկով հրատարակված Մայրոնիսի «Յուրատե և Կաստիտիս», «Տրակայի ամրոց» ստեղծագործությունները լիտվերեն ընթերցեցին Հայաստանի լիտվական համայնքի անդամները, իսկ Ֆելիքս Բախչինյանի հայերեն թարգմանությունը՝ Հայարփի և Հասմիկ Խաչատրյանները։
Երաժշտական կատարումներով գրական ցերեկույթին հանդես եկան Ֆ. Բախչինյանի հարազատ Հալեպի Կոմիտասի անվան սենեկային նվագախմբի վաղեմի բարեկամներ դաշնակահար Լուսնակ Սամվելյանը և ջութակահար Դավիթ Մելքոնյանը:
Ֆելիքս Բախչինյանի գրական ժառանգությունը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանի կայքում բացվել է առցանց գրական ցուցադրություն, որտեղ ներկայացված են նրա ստեղծագործությունները և տարբեր տարիների հրատարակություններն ու թարգմանությունները։
Հայաստանի ազգային գրադարանի, «Հայաստանում լիտվական համայնք» մշակութային հասարակական կազմակերպության և «Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ» հիմնադրամի համագործակցությամբ կյանքի կոչված գրական ցերեկույթը ոչ միայն հարգանքի տուրք էր Ֆելիքս Բախչինյանի հիշատակին, այլև նրա կատարած մշակութային աշխատանքի շարունակություն՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իսկական թարգմանիչը գրականությունների միջև պարզապես կամուրջ չէ, այլ այդ երկու աշխարհների փոխադարձ հանդիպման ստեղծողը, և որ Ֆելիքս Բախչինյանի թարգմանական ժառանգությունը կարևոր է ոչ միայն իր ընդգրկմամբ, այլև մշակույթների միջև ստեղծած երկխոսությամբ։
Հայարփի ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ» հիմնադրամի
գործադիր տնօրեն
