Փետրվարի 21-ին՝ Մայրենիի միջազգային օրը, ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով Մայրենիի միջազգային օրվան, նշեց, որ մայրենին դարերով լավագույնս արտահայտվել է գրականության մեջ և ընթանում է ժամանակակից գրականության հունով: «Մեր գրականությունը պետք է պահպանի հզոր, խորը արմատական և նաև ընթացքի մեջ եղող կենդանի լեզուն: Մայրենին քարացած օրգանիզմ չէ, երբեմն լեզուն հորինվում է, բայց կա գեղեցիկը, որը պետք է հարգել,- ասաց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը և նշեց,- առաջին տարին է, որ մրցանակները նաև մեդալների տեսքով են»:
«Ինձ համար թանկ է այս մրցանակը, որովհետև բանաստեղծական արվեստը իսկապես իմ տարերքն է, այս տարերքների մեջ առհասարակ լույսն է, աստղերն են, աստղաշխարհն է, որն իմ մտաշխարհում միշտ առկա է»,- ասաց Արևշատ Ավագյանը:
«Յուրաքանչյուր մրցանակի ետևում մեծ գրողներ են կանգնած, պարտավորեցնող մրցանակ է»,- ասաց Շանթ Մկրտչյանը:
Խաչիկ Մանուկյանը խոստովանեց, որ որդու՝ 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի գրածները կարդալով հայտնաբերում էր մեկին, որն իր համար տեսանելի չէր: «Այդ գիրը ինձ ուժ է տալիս: Հուզմունքս նաև նրանից է, որ իր ներկայությունը անընդհատ փորձում եմ ունենալ: Ինձ հիմա այս գիրքն է զորացնում»,- ասաց Խ. Մանուկյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցան Սուրեն Դավթյանը, Կարինե Խալաթովան, Մհեր Իսրայելյանի մայրը՝ Վրեժ Իսրայելյանի այրին՝ տիկին Գայանեն: Մրցանակակիրներին շնորհավորեցին Վան Արյանը, Սերգո Երիցյանը։
Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի (արձակ) արժանացավ Մհեր Իսրայելյանը՝ «Մեն ու միակ մոլորակ» գրքի, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի (պոեզիա)՝ Արևշատ Ավագյանը՝ «Տարերքների տարերքը» գրքի, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի (հրապարակագրություն)՝ Վաչագան Մանուկյանը (հետմահու)՝ «Չկորցնեք լույսը» գրքի, Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակի (թարգմանական գրականություն)՝ Սուրեն Դավթյանը՝ Նինա Գաբրիելյանի բանաստեղծությունների և Ջոն Բեյնսի «Աստղային մարդ» գրքի թարգմանությունների, Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի (գրականագիտություն, գրաքննադատություն)՝ Շանթ Մկտչյանը՝ «Պատմվածքներ և էսսեներ» գրքի, Վախթանգ Անանյանի անվան մրցանակի (մանկապատանեկան գրականություն)՝ Ֆելիքս Բախչինյանը՝ «Ներիր ինձ, բարեկա՛մ» գրքի, Սևանի ստեղծագործական տան մրցանակի՝ Ներսես Խառատյանը՝ «Վերջինը» վեպի, Ծաղկաձորի ստեղծագործական տան Ե. Չարենցի անվան մրցանակի՝ Կարինե Խալատովան՝ «Бесстрашная женщина» գրքի, Հովհ. Թումանյանի անվան մրցանակի՝ Վանո Եղիազարյանը՝ «Հովհ. Թումանյանը և նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» գրքի համար:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ