(ՀՍԳՄ 1955 թ. փետր. 28-ի ընդհ. ժողովի հաշվետվությունից)
Հ. Սահյանի ելույթից՝
…Թույլ տվեք, ընկերներ, երկու խոսքով պատասխանել ընկ. Սալախյանին ինձ արած նրա դիտողությունների համար: Նա ասում է, որ ես Որոտանի կիրճը խցկում եմ իմ ոտանավորների մեջ:
Ոչ, ընկեր Սալախյան, ես չեմ խցկում, այլ ինքն է գալիս ու թռիչքով մտնում: Ես այդ հողից չեմ կարող պոկվել, իսկ եթե փորձեք պոկել, պետք է կտրեք իմ ծնկներից, որովհետև իմ սիրտը սավառնում է մեր մեծ հայրենիքի լայնությունների վրա, մեկ-մեկ էլ անցնում է դեմոկրատական երկրների սահմանները, բայց ոտքերս կպած են Զանգեզուրի հողից…
Արձանագրություն
(ՀԽԳՄ քարտուղարության 1934 թ. մարտի 17-ի նիստից)
Լսեցին- Գարնանացանի գեղարվեստական սպասարկման մասին:
Արձանագրություն
(ՀՍԳՄ քարտուղարության 1951 թ. փետր. 22-ի նիստից)
Լսեցին- Հովհաննես Շիրազի դիմումը իրեն երեք տարով ստեղծագործական գործուղում տալու մասին:
Որոշեցին – 1) Դիմումը համարել անլուրջ:
2) Հանձնարարել ընկ. Վ.Համազասպյանին խոսել Շիրազի հետ, եթե կհամաձայնվի, երեք-չորս ամսով ուղարկել ստեղծագործական գործուղման Միության խոշոր քաղաքները:
Արձանագրություն
(ՀԽԳՄ քարտուղարության 1935 թ. հունվարի 5-ի նիստից)
Լսեցին – Ընկ. Հարություն Մկրտչյանի ինֆորմացիան Վահան Տերյանի երեկոյի համար կատարված աշխատանքների մասին:
Որոշեցին – Հանձնարարել ընկ. Ստ. Զորյանին՝ հուշեր պատմել ընկ. Վ. Տերյանից:
Լսեցին – Գրական խմբակներին կցված ընկ. ընկ. Ա. Վշտունու, Գ. Սարյանի և Վ. Նորենցի հրաժարվելու խնդիրը:
Որոշեցին – Ընկ. Գ. Սարյանի դիմումը մերժել և պարտադրել անպայման աշխատել:
Արձանագրություն
(ՀՍԳՄ քարտուղարության 1951 թ. օգոստ. 16-ի նիստից)
Լսեցին- Մկրտիչ Կորյունի դիմումը ճամբարների կյանքն ուսումնասիրելու համար իրեն ստեղծագործական գործուղում տալու մասին:
Որոշեցին – Նկատի ունենալով, որ չորս օր է մնացել ճամբարների փակմանը, մերժել:
Արձանագրություն
(ՀՍԳՄ քարտուղարության 1952 թ. փետր. 1-ի նիստից)
Լսեցին – Դեկադային ներկայացվելիք լրացուցիչ գործերի քննարկումը…
Հովհ. Շիրազի «Բիբլիական» պոեմի մասին (Գ. Բորյան).
ըստ էության արտահայտվեցին ընկ. ընկ. Ս. Սողոմոնյան,
Վ. Մնացականյան:
Որոշեցին – Մերժել, նկատի ունենալով, որ չի համապատասխանում դեկադային ներկայացվելիք գործերին:
Արձանագրություն
(ՀՍԳՄ քարտուղարության 1953 թ. հունիսի 2-ի նիստից)
Լսեցին – Սարմենի դիմումը ստեղծագործական գործուղում տալու Բաքու՝ իր նոր պատմառևոլյուցիոն պոեմի համար նյութեր հավաքելու մասին:
Որոշեցին – Հաստատել պոետական սեկցիայի բյուրոյի որոշումը, այն է՝ մերժել, նկատի ունենալով, որ ընկ. Սարմենը ուսումնասիրության շատ հարուստ նյութ կարող է գտնել այստեղ՝ Երևանում, մեր մամուլում և ԻՄԷԼ-ում, նկատի ունենալով նաև այն, որ ՍՍՀՄ Գրողների Միության որոշմամբ գործուղում տրվում է միայն այն գրողներին, որոնք աշխատում են ժամանակակից թեմաների վրա:
Լսեցին – Գ. Էմինի դիմումը ստեղծագործական գործուղում տալու թյուրքմենական ջրանցքի շինարարությունում:
Որոշեցին – Հաստատել բյուրոյի որոշումը: Մերժել: Պատճառները բացատրել ընկ. Էմինին բանավոր:
Արձանագրություն
(ՀՍԳՄ քարտուղարության 1953 թ. հունիսի 16-ի նիստից)
Լսեցին – «Կոմունիստ» թերթից ստացված Ստալինյան ռայոնի կուլտուրայի և հանգստի պարկի մասսավիկ Համբարձումյանի նամակը ընկ. Աղավնի Գրիգորյանի մասին:
Որոշեցին – Հանդիմանություն անել ընկ. Աղավնի Գրիգորյանին, որ մայիսի 14-ին չի ներկայացել Ստալինյան ռայոնի պարկում տեղի ունեցած երիտասարդության հավաքին, և նման դեպքեր կրկնվելու դեպքում ձեռք կառնվեն ավելի խիստ միջոցներ:
Առաջարկել ընկ. Աղավնուն մոտակա ժամանակներում լինել Ստալինյան ռայոնի պարկում ելույթի համար:
Ակսել Բակունց
«Ես պետք է ասեմ, որ ազգային գրականությունների հիմնական թերությունը համարում եմ ժանրերի հնացած լինելը, այն, որ այդ գրականություններն ընկնում են խոշոր վարպետների կողմից արդեն հաղթահարված ձևերի ազդեցության տակ:
…Որտե՞ղ է ճշմարիտ ուղին: Այդ ուղին վերադարձն է դեպի սկզբնաղբյուրները, դեպի ժողովրդական ստեղծագործությունը:
…Հայկական պատմական ժամանակագրությունների վիթխարի քանակությունը բոլորովին չի օգտագործված գեղարվեստական գրականության կողմից: Մեր գրողների պարտականությունն է քննել, ուսումնասիրել դրանք, քննադատորեն վերցնել այնտեղից էպիկականությունը, արտահայտման խստությունը, լեզվի հարստությունները, բառերի ժլատ տնտեսումը»:
(Խորհրդային գրողների համամիութենական առաջին
համագումարում արտասանած ճառից)
Դերենիկ Դեմիրճյան
«Լավ չի անում այն գրողը, որ չի որոնում և գտնում այսօրվա դեպքերի թելերը անցյալի հետ և չի բռնում դեպի ապագա գնացող թելերը, չի զգում այսօրվա դեպքերի կապը անցյալի և ապագայի հետ:
…Ամենավատ բանը գրողի մեջ անշարժությունն է: Անշարժություն մտքի, հայացքի, տեղի, ժամանակի, իրերի: Այդպիսին չի կարող ստեղծագործող լինել, քանի որ ստեղծագործողի միտքը անհանգիստ շարժման մեջ է: Գրողը որոնում է, նա կամենում է մի բանից որոշ բան կառուցել: Եվ ի՞նչն է նրա կառուցածը: Կյանքը՝ իր շարժողության մեջ, քանի որ այդ շարժումն է կյանքի էությունը»:
«Գրողի խոհեր»
Ստեփան Զորյան
«Արվեստի թե՛ նյութը և թե՛ աղբյուրը կյանքն է, և արվեստն ինքը ճշմարտություն է: Ուրիշ խոսքով՝ արվեստի նպատակն է վերարտադրել կյանքն ու բնությունը բյուրեղացած ճշմարտացիությամբ: …Ինչպե՞ս են արվեստագետները հասնում այս ճշմարտացիությանը: Իհարկե, կյանքը մանրազնին դիտելով և ուսումնասիրելով»:
«Կյանքն ու արվեստը»
«Գրող լինելը դժվար չի: Ամեն մարդ կարող է գրիչ վերցնել և գրել ի՛նչ ուզում է: Այդպիսի գրողներ մենք շատ ունենք, սակայն այստեղ հարցը վերաբերում է վարպետությանը: Պետք է դառնալ ոչ թե գրող-շարադրող, որոնց քանակը քիչ չէ, այլ գրող-արվեստագետ, որոնց թիվը շատ սակավ է մեզանում»:
«Զրույց երիտասարդ գրողների հետ»
Վահան Թոթովենց
«Ես կզգամ, մթության ժայռերուն ետև հևացող լույսի գունդերը ինձ այնպես զգացնել կուտան, որ դարերու խավարը պիտի պատառոտի, պիտի գա այն օրն որոտման և լույսի հաղթություններուն:
Զա՛րկ ճակատդ, ո՜վ Հայ Հանճար, դարավոր գիշերի քարերուն, թող ջախջախվի գանգդ և թող արյանդ ճաճանչը օգնե խավարի նվաճման սրբազան աշխատանքին: Դու պատրաստ ես այդ ահեղ ողջագուրումին, դու խավարին մեջ լուսակարկաչ լեզվի արարիչն ես, դու հավիտենական երգիչն ես ազատության, դու հաստիչն ես այն լուսեղեն իդեալին, որ կռիվ է հայտարարած մութին դեմ: Ո՛վ Աստղ բանտարկյալ, որ աղջամուղջի որմին առաջ կտրոփես դարերե ի վեր և կկանգնիս ջախջախված, բայց հաղթակա՜ն»:
«Հայ հանճարին»
Աղասի Այվազյան
«Ստեղծագործությունն ինքն արդեն ստեղծագործողն է: Նա ինքն իրենից վերանալ չի կարող՝ իր շունչն է, իր կյանքը, իր քայլքը: Կան գրողներ, որ ապրում են երկակի կյանքով՝ գրում են մի բան, ապրում՝ ուրիշը: Սրանք սուտ մարդիկ են, ես ստեղծագործող-ստեղծագործություն միասնության կողմնակիցն եմ»:
«Ազատությունն էլ ունի իր ներքին օրենքները: Հայհոյախոսությունը դեռ գրականություն չէ: Իսկ ազատությունը խմորվում է մեր ընդերքում: Ապա ժայթքում: Դա անպայման է»:
«Արվեստագետը ցեղի ձայնն է»:
Հրանտ Մաթևոսյան
«Գլխաբաց շքերթի ելած մեր անբարո իրականությունը պետք է գրողի քո այրական իր պատասխանը ստանա: Գրոտեսկայնորեն դաժան իրականությունը քեզանից տղամարդ մարդու պատասխան է պահանջում – որ ես, ահա, ձեզ ճանաչում եմ: Որ ես կսմիթով այլասացությամբ յոլա չեմ գնա:
Ճի՛շտ, կոպի՛տ, ճշգրի՛տ, շիտա՛կ պիտի լինես՝ այնքա՛ն, ինչքան իր ժամանակին Չարենցը եղավ»:
«Հարցազրույցից»
Վարդգես Պետրոսյան
«Ո՞րն ես դու, Հայաստան:
Ես քեզ որոնեցի երկար ու ցավագին:
Հազար անգամ գտա:
Չգտա:
Կորցրի:
Շփոթեցի ու կասկածեցի:
…Այս էսքիզներում ես գուցե ավելի կորցրել, քան գտել եմ քեզ: Բայց կորցրել եմ, փորձելով գտնել և հավատալով, որ կգտնեմ: Կգտնե՞մ արդյոք… Կգտնեն ուրիշները, և մի՞թե դա է կարևորը: Մենք շատ բան ենք կորցրել պատմության խաչմերուկներում և կորցրած տարածությունը կրճատելու համար պիտի վազենք: Մենք վազում ենք ետ նայելով, անընդհատ ետ նայելով: Այդպես չի անում ոչ մի իսկական վազող, այդպես շատ ուրիշներն էլ, որ հիմա դեռ գալիս են հետևից, առաջ կանցնեն: Մեզ թվում է՝ բավական է ետ չնայել և կմոռանանք մեր պատմությունը, մեր պարանոցները շատ են ծռված: Ես քեզ որոնեցի այդ վազքի մեջ և ուզում եմ, որ դու վազես առաջ նայելով: Առաջ, իսկ անցյալը մեր արյան մեջ է, մեր ճակատագրի, մեր լռության: Վերջակետից հետո ես նորից ճանապարհ կելնեմ: Քե՛զ որոնելու: Գտնելու: Կորցնելու: Կասկածելու: Քե՛զ համար ապրելու»:
«Հայկական էսքիզներ»