Երբ մեր տունը կար, և այնտեղ ամեն ինչ դասավորված էր՝ իմ ներսում ևս կար մտքի հստակություն: Ամեն բան ուներ իր կոնկրետ կամ լինելու ամենահարմար տեղը՝ անհրաժեշտ պահին չէիր փնտրում, իսկ հասանելի լինելը տրամադրում էր մտքինդ արագ իրագործել։ Եվ ինչպես որ գրքերս էին իրենց հավանական շարքերում կամ ձեռքիս տակ, գրասեղանիս դարակներում` թղթերս ու գրիչներս, խոհանոցում ամեն պարագա հասանելի իր տեղում, պահարանում` ամեն բան իր հարկին, այնպես էլ միտքս ու գործողություններս էին՝ հստակ ու անկորուստ…
Շփոթն իմ կյանքում սկսվեց տան կորստից… Մեր տնաքանդությունից:
Երևանի կենտրոնում հին քաղաքի մի ամբողջ շերտ կորսվեց, իսկ բնակիչները տնազրկվեցին հենց մարդկանց աչքի առաջ։ Բայց մարդիկ այդ տարիներին կաշկանդված էին։ Կաշկանդված էին վախով, անօրենության պարտադրանքով, ակամա անզորությամբ… Իսկ նրանք, որ կաշկանդված չէին՝ ա՛յն մարդիկ չէին, և նրանց համար ամեն բան միայն սեփական շահով էր չափվում… Ահա այդ՝ շահի մոլուցքով, ի թիվս բազումների, մեր շեն տունն էլ քանդվեց, և մի տուն-ճամպրուկ հարկադրաբար ամուսնուս ու իմ ուսերին դրված՝ մեզ կյանքի ուրիշ ընթացք պարտադրվեց…
Հենց սկզբից հասկացել էինք, որ կահույքի մեծ մասից պետք է ազատվել, և մեզ շատ հարմար իրերը, որ տարիների ընթացքում ձեռք բերել ու գործածել էինք սիրով, հիմա հապճեպորեն ու հնարավորինս արագ բաժանում էինք աջ ու ձախ… Մենք մեր ուժերի գերագնահատման տարիքում էինք, ես՝ քառասունի շեմը նոր ոտնած, ամուսինս՝ դեռ հրաժեշտ չտված քառասունին։ Կյանքն ասես ամենահամով տեղում զլանում էր մեզ այլևս տալ մեր բաժինը, նույնիսկ մեր տան դրամական համարժեքը, և այդ անհամության պարտադրանքը բերաններումս՝ մեզ խորթացնում էր իրենից…
Առանց օրենքի, առանց տրամաբանության, իսկ ավելի ճիշտ՝ իշխող ուժի պարտադրանքով, մեր սեփական տան հանդեպ վճիռ էր կայացվել որպես «գերակա շահ», և որոշված էր, որ՝ խաղաղ պայմաններում, օրը ցերեկով, մենք ճակատագրով պիտի զրկվենք մարդու պես ապրելու իրավունքից և հետագա բոլոր տարիներին (արդեն՝ անխնա ու անսիրտ) պիտի մեր ստեղծածը կա՛մ քարշ տանք մեզ հետ անորոշ հասցեներով, կա՛մ դրանից թեթևորեն ազատվենք՝ քանի որ ուրիշ թեթև բան մեզ կյանքում արդեն չի սպասվում…
Այդ օրերին դեռ հնարավոր չէր պատկերացնել իրականության ողջ ծանրությունը։ Էությամբ լավատես՝ մենք դեռ երկուսս էլ իրար քաջալերում էինք, թե՝ հույս կա արդարադատության… Դե՝ գոնե Եվրադատարանում… Դեռ վստահություն ունեինք՝ սեփական ուժերի լարումով, անհնարինը հնարավոր դարձնելով ոտքի կանգնել՝ անգամ այն ժամանակներում, երբ վաշխառուական օրենքները ո՛չ մի հնար չէին տալիս ազնիվ ճանապարհով, նույնիսկ հաջողած բիզնեսով հարցեր լուծել: Կլանային ցանցից դուրս բոլոր ձեռնարկները խեղդում էին ուռճացած հարկերի տակ, իսկ վարկային որևէ բեռ ստանձնելու դեպքում՝ ներքաշում մի այնպիսի ոլորանի մեջ, որտեղ արդար վաստակով փոքրիշատե հուսալի համարվող աշխատավարձդ ևս մի օր ենթարկվում էր կալանքի։ Ուրեմն և՝ ո՛չ մի հեռանկար չէր մնում նոր տուն ստեղծելու, առավել ևս, երբ հենց նույն օրենքի անկատարության պատճառով էլ տնազրկված էիր…
Վտարման պահին, իրականում, մեր ճամպրուկում տան միջուկն էր միայն. հոգին, որ մեր գրքերն ու ընտանեկան լուսանկարներով ալբոմներն էին, սիրտը, որ հիշողության թանկ պատմություն ունեցող իրերն էին՝ շրջանակով մի երկու գեղանկար, սիրելի մարդկանցից ստացած հիշատակներ, մարմինը, որ տնից զրկվածներիս ամենաանհրաժեշտ բրդե անկողինն էր, գորգը, կարի մեքենան, խոհանոցային ու ճենապակյա սպասքը, կենցաղային որոշ պարագաներ և, իհարկե, մեր թափառ մարմինները բոլոր պարագաներում արժանավորապես փաթեթավորող, արդեն՝ իրապես ճամպրուկային, մեր հագուստը…
Այսպիսին էր մեր նոր կյանքի ուղեբեռը, որը տնից տուն բազում տեղափոխությունների հետ նաև բազմաթիվ փոփոխություններ պիտի կրեր: Այն բոլոր հնարավոր քաշքշուկներում ջարդվել ու մանրացել էր, անելանելի պահերին՝ վաճառքի հանվել, առիթից առիթ՝ նվիրաբերվել… Ու նոսրացել էր՝ թեթևանալով ու պակասելով իր բոլոր մասերում, միայն թե նրա ծանրությունը, զարմանալիորեն, չէր պակասում… Դեռ ավելին, բեռը թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ավելի ու ավելի ծանրանում էր, և դա պարադոքս չէր, այլ՝ հատկապես տան հոգու և սրտի, այսինքն՝ գրքերի և հիշողության (մանավանդ՝ ծանր հիշողությունների) ավելանալու հաշվին՝ միանգամայն անկառավարելի իրողություն։
Գրքերի քանակը վերահսկելու համար՝ դժվարությամբ, բայց ընտրողաբար, որոշ գրքերից փորձեցինք հրաժարվել, այնինչ սա էլ իրեն մասամբ էր արդարացնելու։ Նոր լույս տեսած գրքերի հանդեպ որքան էլ անտարբեր ձևանայի, ինձ թույլ էի տալիս երբեմն-երբեմն սուղ միջոցներիցս մի բան էլ տրամադրել գրքերին: Մյուս կողմից՝ գրող ընկերներս էին իրենց նոր գրքերը նվիրում, որոնց նաև անդրադառնալ էր պետք, ուրեմն դրանք ձեռքիս տակ էր պետք պահել, և՝ արդեն գրքերի ու թղթերի կուտակումով իմ անկյունում մի նոր բլուր էր գոյանում… Իսկ երբ պատահում էր այնպիսի հրաշք, որ գալիս էր իմ նոր հրատարակված գրքի տիրաժը բերելու ժամանակը, հաշվեկշիռն արդեն կտրուկ փոխվում էր։ Մի խոսքով, գրքերս շատանում էին ավելի արագ, քան ես ինչ-որ գրքից կհրաժարվեի, և ահա, տան հոգին, իմ՝ հարստացող, որքան էլ որ տեղ-տեղ աղքատացող գրադարանը՝ ուզածս պահին անհրաժեշտ տեղում հասանելի լինելու փոխարեն, մեր թափառ կյանքի ռիթմին համեմատ, արկղերի մեջ էր բանտվում, պահեստավորվում էր ու նոր վարձու տան մեջ շատ անգամ տեղ ու հնար չէր գտնում վերստին դասավորվելու:
Հաճախակի դարձած տեղափոխությունների պատճառով շփոթ էր տիրում հոգեբանությանս, հույզերիս, անգամ ջլերիս մեջ, և դա ամեն անգամ սկսվում էր նախորդ տունը թողնելու լուրից։ Տանտիրոջ կողմից մեզ տրամադրված ժամկետի ընթացքում, երբ հետհաշվարկի ժամանակը սորուն ավազի պես արագ էր հոսում, իսկ մենք արդեն ճամպրուկային վիճակով ապրում էինք ասես հրաբխի վրա, հերթական անգամ բոլոր հրատապությունները հետաձգելու, ամեն ինչում ակամա թերանալու կամ կիսատ թողնելու ռիսկերով նախ՝ հնարավորինս արագ, պետք էր նոր տուն գտնել: Իսկ կաշկանդող գումարային սահմանափակումները մեզ դեռ երկար վազքի մեջ էին պահում, մինչդեռ՝ պետք էր նաև հասցնել հնարավորինս արագ տուն-ճամպրուկի մեջ մեր բոլոր իրերն ի մի հավաքել և, բոլոր իմաստներով մեզ կուլ տվող այդ ընթացքի մեջ, գոնե գազօջախի կրակը կաթսայի տակ ինչ-որ կերպ վա՛ռ պահել…
Նախորդ տունը ժամկետի մեջ տանտերերին հանձնում էինք այնպիսի վիճակում, որը ոչ մի կերպ համեմատելի չէր եղած վարձակալներից մեր ժառանգած խառնափնթոր վիճակի հետ։ Մեր խնամքն ամենուրեք էր, և դրա մասին երբեմն տանտերերն ակնարկում էին, իսկ երբեմն՝ միայն շաղակրատ խոսքեր ասում, թե՝ ափսոս, որ տունը ստիպված են վաճառել, կամ՝ այլ ծրագրեր ունեն, այլապես՝ մենք ամենահարմար վարձակալներն ենք… Իսկ մենք՝ թեև դրանից հետո իրար մեջ հասցնում էինք դառը հումոր անել, թե՝ փաստորեն քաղաքում տուն կարգի բերողի լավ համբավ ենք ձեռք բերել, նաև՝ մեզ հաշիվ էինք տալիս, թե քանի՛ տան արժեք կկազմեր այդքան տարիների մեր վճարած վարձը, և թե՝ որքա՛ն ուրիշ կլիներ իրականությունը, եթե ժամանակին գոնե հիպոթեկով տներ լինեին:
Բայց ահա՝ ամեն անգամվա պես նոր անծանոթի տան ներքին շփոթը կարգավորելուց հետո, երբ մի կերպ հաղթահարվում էր մեր տնափոխության առաջին փուլը և հերթը հասնում էր հապճեպորեն հավաքված մեր իրերին՝ ճամպրուկներից, կապոցներից, անթիվ-անհամար արկղերից ու փաթեթներից՝ մարմին-սիրտ-հոգի եռամիասնությամբ դարձյալ ի հայտ էր գալիս մեր տունը, որը, որքան էլ որ մեր համբերանքի ու գոհության կնիքն ուներ, նյութի աշխարհի մասը լինելով՝ հենց առարկայական շփոթ էր ինքնին։ Եվ մենք հնարավորինս չտրվելով իրերի սադրանքին՝ քմահաճություն չդրսևորելով, այլ ամեն ինչին հարմարվելով, կարգուկանոն էինք հաստատում՝ ամեն բան ինչ-որ կերպ հարմարեցնելու հնարամտությամբ…
Տեղափոխությունից շաբաթներ անց, երբ բոլոր անկյուններում ու եղած պահարանների դարակներում ամեն ինչ դասավորած-վերջացրած էինք լինում՝ եթե անգամ գրքերս գոնե մասնակի շարելու համար հաջողված էր լինում տեղ գտնել, ու ես դուրս էի բերում դրանք արկղերից, միևնույն է, մտքի շփոթից չէի ազատվում։ Արդեն որքա՜ն երկար…
Մտածումս իր հստակությունը սովորել էր կառուցել մտքիս շփոթից, որտեղ մարդկային կեցության առօրյա հոգսերի հրմշտոցով մեր բոլոր անվերջանալի պարտավորություններն ու պարտքերն էին, մեր տան թարմացված դատական գործի կամ վարկային տուգանքի հերթական ծանուցումները դատարանից, մեր փլուզված առողջությունը հոգալու՝ արդեն ծայրահեղ հրատապությամբ անցած զննությունների լաբորատոր պատասխանները… Ո՜վ զարմանար… Ամենեքյան ջանքեր՝ ջանքից դուրս, և՝ առանց հանգամանքների բարեպատեհության ակնկալիքի, այլ հիմնականում հակառակը՝ ի հեճուկս բոլոր հանգամանքների։ Այսօր էլ, հե՛նց հիմա…
Տասնյակ տարիներ առաջ՝ մի օր, ամռան սկզբներին, մենք՝ ո՛չ մեր կամքով, թողեցինք մեր տունը։ Այդ օրվանից քանի՜ տնափոխություն և դատական քանի՜ ու քանի՜ անվճիռ նիստեր են եղել։ Այսօր էլ ընթացքի մեջ են… Հիասթափությունից՝ հիասթափություն։ Այդպես կյանքում շատ բան փոշիանում է։ «Ամե՛ն ինչ» – գուցե ճիշտ լինի ասել։
Իսկ այդ «ամեն ինչի» հոգին հիմա ուրիշ չափման մեջ է… Իմ այն նոր գրքում, որը գուցե մի օր կհանգրվանի մեր նոր տան հոգին կազմող գրադարանի շարքերում։ Բայց ես հիմա այդ մասին չեմ հարցնում, այլ պատրաստվում եմ վարձով նոր տուն ճարել, քանի որ այդպիսին է տանտիրուհու կամքը։ Մարդն իր տունը նորոգելու է՝ հետագա ավելի բարձր վարձակալության գնի ակնկալիքով։ Տերն ի՛նքն է՝ ի՛ր իրավունքը, էնպես որ՝ մենք հիմա մեկնարկի վրա ենք…
Իմ քաղաքում մի տուն ևս հիշողությանս մեջ կմնա որպես ծանոթ հասցե.- ապրած ու վատնված տարիներիս մեջ՝ որպես քաղաքական ցնցումների, ամուսնուս սիրտը ստենտավորելու, ոտքս կոտրելու ու քովիդ հաղթահարելու, որպես Տավուշյան և 44 օրերով չավարտվող պատերազմ վերապրելու կոորդինատ, բայց և՝ որպես աղոթքներիս վերառաքման վայր, միամտված պահերիս՝ երգեցիկ թռչունների ու ծղրիդների ընկերակցությամբ հեքիաթներ, օրորոցային երգ գրելու և բանաստեղծելու, այնտեղ գրածս բոլոր տեքստերի ու նաև ա՛յս տեքստի գրության վայր…
Մենք նորից կանցնենք մեր՝ բազմիցս անցած փորձության բավիղներով, և կլինեն վարձու տան տերեր, որ գոնե մի քանի րոպեով իշխանիկ կխաղան մեր գլխին՝ մինչև որ իրենց «ամենա-ամենա» բնակարանի ամենասովորական պայմանները կներկայացնեն մեզ որպես չտեսնված-չլսված մի բան… Տանտերն ի՛նքն է՝ կմտածես - ի՛նչ կուզի, կանի…
Մարդու ու մարդու հարաբերության մեջ, ահա, տիրոջ իրավունքը սրբազան է, գոնե քեզ համար՝ հաստա՛տ։ Ու թեև հարց կառաջանա՝ «Բա իմ տան տերն ո՞վ էր, բա ո՞նց եղավ էսպես», կգիտակցես նաև, որ քո տան պատմությունը մի մեծ անարդարության մասն է միայն… Կլուծվի մեծը՝ քո՛նն էլ կլուծվի՝ կմտածես առանց ներքին շփոթդ հաղթահարելու, և նույն պահին էլ կպայծառանաս ու կհասկանաս, որ՝ չէ՛, իհարկե՝ հակառակն է ճիշտ։ Մեծի լուծումը հենց մասերի արդար լուծումից է սկսվում, միայն այդպես կարող է արդարությունն իրականանալ։
Իսկ առայժմ՝ մի քիչ էլ կհամբերես… Ի մի կբերես փորձառությունդ՝ սփոփանքի պես ինքդ քեզ համոզելով, որ այցելածդ տներից բացի, քաղաքում վարձով ուրիշ բնակարաններ էլ կան, և ցուցակիդ հասցեների շարքում` դրանք հստակ են ու անշփո՛թ…
6.05.2020/6.02.2022