Փետրվարի 9-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Մենք և աշխարհը» մատենաշարի հերթական՝ «Ֆրանսիայի մագնիսական ուժը» գրքի շնորհանդեսը: Գրքում ընդգրկված են Ֆրանսիային նվիրված հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ: Բացման խոսքով հանդես եկավ մատենաշարի նախագծի հեղինակ, բանաստեղծ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, այնուհետև ելույթ ունեցան բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Անուշ Վարդանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, արձակագիր Հովիկ Վարդումյանը: Գրականագետ Ավիկ Իսահակյանի խոսքը նվիրված էր Ավետիք Իսահակյանի և Վիգեն Իսահակյանի՝ Ֆրանսիայի, հատկապես Փարիզի մասին նրանց ստեղծագործություններին: Ի դեպ, գիրքը տպագրված է Մարտիրոս Սարյանի ձևավորումներով: Գրքում տեղ գտած հայ դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններից ընթերցեց Գայանե Սամվելյանը, իսկ Շառլ Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես եկավ կոմպոզիտոր, դաշնակահար և երգչուհի Էվա Ոսկանյանը:
Շնորհանդեսին ներկա էին Երևանի ԵՊՀ–ի, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, ինչպես նաև Ֆրանսիական քոլեջի դասախոսներ և ուսանողներ: Շնորհանդեսը վարում էր ասմունքող Գայանե Սամվելյանը: