«Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովի նյութեր» գրքի շնորհանդեսը

4633901394023415
Մարտի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովի նյութեր» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն ներառում է 2013 թ. մայիսի 23-25-ը Տավուշի մարզի Կողբ գյուղում կայացած երիտասարդ գրականագետների զեկուցումները, որոնք գիտական խմբագրական խորհրդի անդամների կողմից գրախոսվել, խմբագրվել և երաշխավորվել են տպագրության որպես գիտական հոդվածներ:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, կարևորելով գրական դաշտում գրականագետների երիտասարդ սերնդի առկայությունը, որն օժտված է նոր հայացքով, համաշխարհային գրականագիտության նոր որակներով ու չափանիշներով, նշեց, որ իրենց սերունդը ունեցել է «ուղեկցող» գրականագետների խումբ` Ալիկ Թոփչյան և այլք, բայց այսօրվա երիտասարդները կարծես չունեցան իրենց գործերը հետևողականորեն վերլուծողներ, գնահատողեր ու մեկնաբանողներ: «Այժմ երևում է, որ գրականագիտական այս հոսանքը շարժվում է»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: Նրա հավաստմամբ` գրքում ընդգրկված հոդվածները վկայում են լայն հայացքի մասին, որ նետված է դեպի մեր դասական և ժամանակակից, ինչպես նաև համաշխարհային գրականությունը:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը հիշեցրեց, որ այդ ծրագիրն անցյալ տարի իրականացվեց Լ. Անանյանի նախաձեռնությամբ և արդեն ավանդույթ է դառնում: Գրեթե ամեն տարի Գրականության ինստիտուտը երիտասարդ գրականագետների հանրապետական համաժողովներ է կազմակերպում, բայց այս անգամ լայնամասշտաբ լինելու պատճառով ընտրվել էր մարզերից մեկը, որպեսզի ավելի մեծ տարածում գտնի: Այնուհետև անդրադառնալով ժողովածուին՝ ներկայացրեց խմբագրական խորհրդի անդամներին` Սերգեյ Սարինյան, Ավիկ Իսահակյան, Արամ Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Վարդան Դևրիկյան, Սուրեն Աբրահամյան, Հրաչյա Սարիբեկյան, և նշեց, որ ընդգրկված հոդվածները ուսումնասիրում են այսօրվա հայ գրականության ընթացքը և համաշխարհային գրականության վերաբերյալ միջազգային համագործակցության եզրեր են տալիս:
Ըստ Սուրեն Աբրահամյանի` հոդվածներն ամբողջության մեջ չեն կարող լինել կատարյալ, քանի որ հեղինակները երիտասարդներ են, միաժամանակ գնահատելի է նրանց ընդգրկուն տեսադաշտը, հայացքը արտասահմանյան գրականության, գրական առնչությունների, կապերի ուսումնասիրության, Սփյուռքի գրականության, ժանրային հարցերի վերաբերյալ:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, ընդգծելով Գրողների միության հիմնական ուղղվածությունը՝ հայ գրականությունը դիտել միասնական դաշտի մեջ, դրվատելի փաստ համարեց այսպիսի ժողովածուներում երիտասարդ գրականագետների կողմից Սփյուռքի գրականության ներառումը նման ծավալով: Նա հույս հայտնեց, որ հետագայում նրանք նույն ջանասիրությամբ կվերլուծեն նաև ժամանակակից գրականության ընթացքը, այսօրվա սերնդի գրականությունը:
Ժողովածուն գնահատեցին և արդյունավետ շարունակություն մաղթեցին Հենրիկ Էդոյանը, Վարդան Դևրիկյանը, Վաչե Ղազարյանը և ուրիշներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.