Ավանդական տոնախմբություն Յոթ մուսաների այգում

Յոթ մուսաների այգում աշնանային գույները հետզհետե տիրապետող են դառնում: Այգու տերը՝ բանաստեղծ և նկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, այստեղ էր հրավիրել «Ծիր Կաթին» հասարակական մշակութային կազմակերպության, «Արագածոտն» գրական-մշակութային միավորման անդամներին՝ նշելու հերթական մրգատոնը: Մեր ընթերցողն արդեն գիտի, որ Աշտարակ-Օշական ճանապարհից աջ, Քասախի ափին գտնվող այս ծառաստանում յոթ մրգերի հասունացման օրերին նշվում են թթատոնը, կեռասատոնը, ծիրանատոնը, դեղձատոնը, խաղողատոնը, նռնատոնը… Եվ ահա ամենամյա տոների այս շարանը հոկտեմբերի 9-ին եզրափակվեց ընկույզատոնով:
Տոնախմբության մասնակիցները, ավանդության համաձայն, սկզբից այցելեցին Օշական, ծաղիկներ դրեցին հայ գրերի հանճարեղ արարող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին: Ապա տոնը շարունակվեց Յոթ մուսաների այգում: Եվ ինչպես ամեն աշուն, կրկին հնչեցին աշնանը, հայոց հողին, բերք ու բարիք արարող հողի մշակին նվիրված երգեր ու բանաստեղծություններ, իսկ նկարիչներն իրենց նկարակալները բացեցին բնության անկրկնելի տեսարանների առջև: Յոթ մուսաների ժամադրավայրը կրկին շողաց մշակույթի ու արվեստի գույներով…
Այս տոնին իրենց ներկայությունն էին բերել Հայաստանի գրողների միության անդամներ Ռուզան Ասատրյանը, Արսեն Համբարյանը, Արտակ Ավագյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Անահիտ Դանիելյանը, որոնք հանդես եկան բանաստեղծությունների ընթերցմամբ, բովանդակալից զրույց ծավալեցին մեր գրականության արդի խնդիրների շուրջը: Ընկույզատոնի հյուրերն էին սփյուռքահայ գրող Հակոբ Բալյանը իր տիկնոջ հետ, գրականագետ, հրապարակախոս և հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը, Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, պաշտոնական այլ անձինք:
Աշնանային տաք օրվա աշտարակյան այս յուրահատուկ տոնախմբությունը շարունակվեց մինչև ուշ երեկո:

Լ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։