Հուլիսի 16-ին ՀԳՄ Կլոր սրահում հյուրընկալվեցին պարսկական «Սալես» հրատարակչության տնօրեն Մոհամադ Ալի Ջաֆարիենը և արտադրական մասի ղեկավար Սինա Ջաֆարիենը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ այցելության նպատակն է հանդիպել հայ արձակագիրների հետ և իրագործել մի ծրագիր, որը հնարավորություն կտա պարսիկ ընթերցողին ծանոթանալ հայ ժամանակակից արձակին:
«Մեր դարավոր բարեկամությունը, մեր դարավոր մշակութային առնչությունները այսօր գրքի ձևով մատուցվում են Իրանում և Հայաստանում»,- ասաց ՀԳՄ նախագահը:
ՀՀ ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային իր խոսքում անդրադարձավ «Իմ հարևան երկրի ժամանակակից գրականությունը» խորագրով ծրագրին, որի շրջանակում ընտրվում, թարգմանվում և հրատարակվում է Իրանին հարևան երկրների ժամանակակից արձակը:
Մոհամադ Ալի Ջաֆարիեն, խոսելով հրատարակչության գործունեության մասին, ընդգծեց, որ այն 120 տարուց ավելի է, ինչ գործում է գրքի շուկայում (5 սերունդ) և մեծ ուշադրություն է դարձնում հայ գրականությանը՝ ոչ միայն պարսկերեն թարգմանելով ու հրատարակելով հայ գրողների ստեղծագործությունները, այլև աջակցելով հենց իրանահայերին, որպեսզի նրանց ստեղծած գրականությունը հասանելի լինի, հրատարակվի ու ներկայացվի հենց Իրանի գրքասեր հասարակությանը:
Նա նշեց, որ որոշել են առաջիկայում անդրադառնալ հայ ժամանակակից արձակին՝ վերջին տարիներին հրատարակված և արժևորված արձակ ժողովածուներին (վեպ, վիպակ, պատմվածք)՝ հաշվի առնվելով, թե իրանցի գրքասեր հասարակության կողմից որն ավելի ընկալելի և ընդունելի կլինի:
Հրատարակիչներին հարցեր ուղղեցին Ալիս Հովհաննիսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Դիանա Համբարձումյանը, Էդվարդ Հախվերդյանը, Խորեն Արամունին և ուրիշներ:
ՀԳՄ անդամ արձակագիրները գրքերը՝ ստեղծագործության վերաբերյալ հակիրճ նկարագրությամբ (առավելագույնը 2 էջ), կարող են ներկայացնել ՀԳՄ գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին: