ՀԱՅ ԳՐՔԻ ԵՎ ՄԱՅՐԵՆԻԻ ՄԵԾԱՐՄԱՆ ՀԱՍՑԵՆԵՐ / Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող թիվ 136 հիմնական դպրոց այցելած հյուրերին հաճելի անակնկալ էր սպասում: Ցերեկույթը սկսվեց վարչական շրջանի նախակրթարաններից մեկի սաների հետ յուրօրինակ հանդիպումով: Նոր ուսումնական տարում հենց այս կրթօջախ պիտի հաճախեն մանկապարտեզի ավագ խմբի սաները, այստե՛ղ պետք է գտնեն գիտության բարձունքներ տանող ճանապարհը: «Մենք միշտ ուխտ ունենք դեպի լույս» թումանյանական տողով ոգեշնչված՝ դպրոցում հյուրընկալված բանաստեղծուհի Հռիփսիմէն, գրականագետ Վահագն Սարգսյանը աշակերտներին գրքեր նվիրեցին` գրքի կարևորության մասին ինքնատիպ ընծայագրերով: Դպրոցականների համար անակնկալները շարունակվեցին, երբ գրողները դաս վարեցին, երկխոսության հրավիրեցին ներկաներին, ևս մեկ անգամ մատնանշելով գրքի և ընթերցանության տեղն ու դերը մարդու կյանքում:
Աշակերտները, ծնողները, հյուրերը ոգևորված էին: Նրանք իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին կրթօջախի տնօրեն Գրետա Թունյանին և մանկավարժական կոլեկտիվին, ովքեր արել էին հնարավորը` Գիրք նվիրելու օրը տոն դարձնելու համար:
***
Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանին հյուրընկալվել էին համայնքային գրադարան հաճախող մի խումբ շնորհալի աշակերտներ` Գայանե Զիրոյանի ուղեկցությամբ:
Դպրոցականները հանդես եկան ասմունքով, գրքեր նվիրեցին հյուրերին: Վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը նույնպես երեխաներին գրքեր նվիրեց` հույս հայտնելով, որ ընթերցանության, գրքի և գիտելիքի հանդեպ սերը կօգնի նրանց հաղթահարել կյանքի ճանապարհին հանդիպած դժվարությունները:

***
Տոնին յուրովի էին նախապատրաստվել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի աշակերտները՝ կազմակերպելով հանդես-ցերեկույթ` նվիրված գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանին: Բեմադրության մասնակից աշակերտները` փոխտնօրեն Ցողիկ Գրիգորյանի, գրադարանի պատասխանատու Հայարփի Վարդանյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ասմունքի խմբակի ղեկավար Նազելի Խաչատրյանի կազմակերպմամբ, հնարավորինս ամբողջական և համառոտ ներկայացրին երգիծաբանի կենսագրությունը, գրական ժառանգությունը, նաև աֆորիզմները:
– Նպատակը մեկն է,- հանդիսության ավարտին ասաց թիվ 161 դպրոցի տնօրեն Մուշեղ Սինանյանը,- նպաստել հայ գրի և գրականության առավել տարածմանը, երեխաներին ավելի մոտեցնել գրքին, ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի գիրքը նրանց մշտական ուղեկիցը դառնա:
***
Մայրենի լեզվի և գիրք նվիրելու օրերի կապակցությամբ յուրօրինակ «հաշվետվություն» էին պատրաստել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Արևշատ համայնքի Մետաքսեի անվան դպրոցի աշակերտները:
Միջոցառումը սկսվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արթիկի թեմի առաջնորդ տեր Նարեկ վարդապետի օրհնությամբ և բացման խոսքով: Հանդիսության առանցքում Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմից հատվածի բեմականացումն էր, որը աշակերտները ներկայացրին երգով, պարով և արտասանությամբ: Հանդիսատեսը ջերմորեն ընդունեց ուսուցչուհի Ռուզաննա Ղանդիլյանի կազմակերպած միջոցառումը:
Ցերեկույթի պատվավոր հյուր, Արևշատի հպարտություն, ՀՀ ժողո-վրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը իր անձնական գրադարանից 100 կտոր գիրք նվիրեց հայրենի գյուղի դպրոցին, որը երախտագիտությամբ ընդունվեց դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի, համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանի, մանկավարժական կոլեկտիվի և դպրոցականների կողմից:
Ելույթներով հանդես եկան և իրենց հեղինակած գրքերից դպրոցի գրադարանին նվիրեցին միջոցառմանը ներկա գրողները, շիրակցի բանաստեղծներ Անդրանիկ Կարապետյանը, Արա Արթյանը, Շնորհիկ Շահինյանը, Լուսինե Աղաջանյանը, մայրաքաղաքից ժամանած հյուրերը` արձակագիր Ներսես Խառատյանը, բանաստեղծ Հարություն Հովնաթանը, գրականագետ Վահագն Սարգսյանը: Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։