Օքսֆորդում լույս է տեսել մի շքեղ հատոր, որի շապիկին հայկական երկու մանրանկար է տպված: Հատորի վերնագիրը կարելի է թարգմանել այսպես՝ «Հայաստան: Մի հին մշակույթի գլուխգործոցներ»: Բայց այս թարգմանությունը չի արտացոլում բնագրի բոլոր իմաստները: Տալիս եմ անգլերենը. «Armenia. Masterpieces from an Enduring Culture»: Հեղինակները հատուկ բացատրում են enduring բառի օգտագործումը: Բառն անգլերենում երկու իմաստ ունի՝ տևող, երկար պատմություն ունեցող և տանջվող, դիմացող: Երկու իմաստներն էլ նկատի են առնված գրքում, բայց ավելի լավ է բացատրենք հենց իրենց խոսքերով. «Մեկը պարզապես հիշեցնում է հայկական մշակույթի մեծ պատմությունը, որը ձգվում է ավելի քան երկուսուկես հազար տարի, աքեմենյան Դարեհ I թագավորի (550-486 մ.թ.ա.) արձանագրության մեջ դրա առաջին հիշատակությունից մինչև ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և բազմաթիվ հայկական համայնքները Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում և այլուր. երկրորդ իմաստը ակնարկում է այն տառապանքներն ու դժվարությունները, որոնց հետ բախվել են հայերը բազմաթիվ անգամներ»: Պետք էր հասկանալ և սիրել հայկական մշակույթը` այսպես գրելու համար: Հեղինակներից մեկին մենք լավ ճանաչում ենք՝ Թեո Մաարտեն վան Լինթ, Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր (Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ), մյուսը Բոդլեյան հայտնի գրադարանի (նույնպես գտնվում է Օքսֆորդում) աշխատակից Ռոբին Մեյերն է: Պրոֆեսոր վան Լինթը տասնամյակներ շարունակ ուսումնասիրում է հայ գրականությունն ու մշակույթը և զեկուցումներով ու դասախոսություններով հանդես է եկել Երևանում, Վանաձորում, Արցախում:
Բոդլեյան գրադարանը Մեծ Բրիտանիայի հնագույն գրադարաններից է: 2015-ին, Ցեղասպանության 100-ամյակի առթիվ, այնտեղ կազմակերպվեց իրենց պահոցներում եղած հայկական նյութերի ցուցահանդես: Գրքի հեղինակները ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչների թվում էին: Ահա և նրանք ստեղծել են այս ալբոմ-կատալոգը՝ Հայաստանին ու հայ մշակույթին նվիրված հոդվածներով, որոնց հեղինակներն են Թեո վան Լինթը (Հայ ժողովուրդը: Պատմությունը և մշակույթը), Տիգրան Գույումճյանը (Հայոց գիրը: Հնագրությունը, էպիգրաֆիկան և գեղագրությունը), Սիլվի Ի. Մերիանը (Նկարազարդված ձեռագրեր), Ալեսանդրո Օրենգոն (Հայկական տպագիր գրքի 500-ամյակը): Երկրորդ բաժնում տրված են ցուցանմուշների բարձրորակ լուսանկարները և դրանց նկարագրությունը ըստ հետևյալ բաժինների՝ Սուրբ գրքերը՝ Ավետարանները և Աստվածաշնչերը; Պատարագամատույցներ, նվիրական գրքեր (Celebrating the Liturgy; Devotional Books), Խոսող քրիստոնեություն: Մեկնաբանություններ և աղոթքներ; Քերականություն, գիտություն, աստրոլոգիա և փիլիսոփայություն; Հայկական այբուբենը. ստեղծված մի ժողովրդի համար, բայց օգտագործված շատ լեզուներում; Պատմություններ, բանաստեղծներ, ասացողներ; Հայ վաճառականները կրոնի, լուսավորության մեջ և իրական կյանքում; Պիգմենտները; Պատմությունը դրամներում; Ժամանակակից Հայաստանը Ցեղասպանությունից առաջ, դրա ընթացքում և հետո:
Այս բոլորին կցված են Հայաստանի տարբեր դարաշրջանների քարտեզները և պատմության ժամանակագրությունը, ինչպես և գրականության մեծ ցանկ:
Կարծում եմ, թվարկումը արդեն բավարար գաղափար տալիս է ալբոմի բնույթի և ընդգրկման մասին: Բայց մի քաղվածք ևս ներկայացնեմ ընթերցողին: Հեղինակների առաջաբանը սկսվում է հայ ընթերցողին հայտնի և սիրելի բառերով, անգլերեն թարգմանության մեջ թեթև ձևափոխված. To you, young men of Armenia, I speak with all my heart, I beseech you learn ten languages, but your mother tongue, your faith keep strong («Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր ջանին ղուրբան. տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք»): Սրանք, ինչպես ընթերցողը հասկացավ, Աբովյանի խոսքերն են «Վերքի» երկրորդ գլխից. բայց պիտի ընդունենք, որ ժամանակակից անգլիական հեղինակների տեքստում այս խոսքերը հատուկ հնչողություն են ստանում, մանավանդ, երբ դրան հաջորդում է նրանց բացատրությունը. «Աբովյանի այս դիմումը հայրենակիցներին կոչ է անում երկու բան՝ ճկուն, հարմարվող և միաժամանակ կայուն լինել: Գրված 1841թ., Աբովյանի խոսքերը արդիական են այսօր, անցյալում և ապագայում: Հայաստանի պատմության մեջ տիրապետող են եղել տարբեր պետություններ և քաղաքական ուժեր, նվաճումներ և ներխուժումներ. միայն իրենց ընդհանուր լեզուն, հավատը և մշակութային ժառանգությունը պահելու շնորհիվ հայերը կարողացան դարերի ընթացքում դիմադրել օտար տիրապետողներին»: Սրանք խոսքեր են, որոնց տակ կարող էր ստորագրել ամեն հայ մտավորական:
Գիրքը, ենթադրում եմ, կգրավի հայ, մանավանդ միջնադարյան մշակույթի մասնագետների ուշադրությունը և կդառնա հանգամանալից քննության առարկա: Ներկա գրության նպատակը ավելի համեստ է՝ հայ ընթերցողին տեղեկացնել արժեքավոր գրքի հրատարակության մասին: