Լենա Անթառանյանի «Վերջին ժպիտ» գրքի շնորհանդեսը

Լենա--Անթառանյան

Դեկտեմբերի 4-ին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծուհի Լենա Անթառանյանի «Վերջին ժպիտ» գրքի շնորհանդեսը: Բացման խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: «Լենա Անթառանյանի ստեղծագործու­թյուններում ընթերցողին առաջինը գրավում է անկեղծությունը, անկեղծ զրուցելու կարողությունը: Նրա գործերը թարգմանվել են օտար լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն և ռումիներեն, ընդգրկվել են տարբեր հեղինակավոր անթոլոգիաներում՝ ընդլայնելով նրա ճանաչման աշխարհագրությունը»,- նշեց Մ. Միկոյանը՝ Լ. Անթառանյանին մաղթելով մշտական ժպիտ և ստեղծագործական հաջողություններ: Լ. Անթառանյանի պոեզիայի մասին խոսեց բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Մելս Սանթոյանը. «Նրա ստեղծագործություններում թևածում է սերը, նա ունի պատկերային յուրօրինակ մտածողություն, իսկ պատկերների առատությունը խոսում է կայացած բանաստեղծի մասին»:
«Վերջին ժպիտը» Լենա Անթառանյանի բարին է, որ կա՝ պարզ է ու անպաճույճ կաթնահունցով լցված խոսքից ցայտող լույսով, ինչն էլ անհատնում է բանաստեղծուհու մեջ»,- այսպես գնահատեց բա­նաստեղծուհուն ՀԳՄ Կոտայքի բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Հակոբ Հարությունը: Խոսք ասաց գրքի խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը: «Բանաստեղծուհին զգում և ընկալում է աշխարհը յուրովի, անհագորեն փորձում վայելել աշխարհի ներդաշնակությունը և ցավ է ապրում աններդաշնակ վիճակներից, սիրում է մարդուն, ուրախանում բոլորի երջանկությամբ, տրտմում բոլորի ցավով: Լ. Անթառանյանի պոեզիան իր քնարական ես-ի ինքնախոստովանանքն է՝ խորապես անձնական ապրված և հենց դրանով հասկանալի և հոգեհարազատ»: Լ. Անթառանյանի պոեզիայի մասին վերլուծական խոսք ասացին բան. գիտ. թեկնածուներ, դոցենտներ Վալերի Փիլոյանը և Արտակ Սարուխանյանը: Լ. Անթառանյանին շնորհավորեցին Վանաձորի պատվավոր քաղաքացիներ Հայկ Օհանյանը, ՀՀ վաստ. մարզիչ, գեղանկարիչ Վազգեն Բադալյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը, Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի պետ, երգահան Գագիկ Աղաբաբյանը, ՎՊՄԻ-ի ռեկտոր, բամ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը, վաստակաշատ մանկավարժ Ռիմա Մկրտչյանը և ուրիշներ:
Հանդիպման ավարտին «օրվա մեղավորը» շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքեր ասողներին և բոլոր ներկաներին:

Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։