Նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի ծննդյան 90 և «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի 55-ամյակներին նվիրված հուշ-ցերեկույթ:
Մինչ միջոցառմանը ներկա նախկին գարունականներ Մերուժան Տեր-Գուլանյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Գասպարյանը, Գրիգոր Ջանիկյանը, Ռոլանդ Շառոյանը կներկայացնեին իրենց հուշերը Վ. Պետրոսյանի և «Գարունում» աշխատած տարիների մասին, գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը տեղեկացրեց, որ այժմ Ազգային գրադարանը ունի նիշերի օպտիկական ճանաչման հնարավորություն: Ըստ այդմ՝ «Գարուն» ամսագրի առաջին տարվա համարներն արդեն տեքստային են ու որոնելի: Ամփոփելով խոսքը՝ նա խոստացավ մինչև տարեվերջ «Գարունի» բոլոր համարները նիշերի ճանաչում անցկացնել և ունենալ բոլոր համարները տեքստային տարբերակով:
Մերուժան Տեր-Գուլանյանը, մեծագույն գործ համարելով «Գարունը» թվայնացնելը, շեշտեց. «Գարունի» ցանկացած համար պարզապես թերթ, օրաթերթ չէր, որ կարդայիր ու թողնեիր սրճարանի սեղանին, գնայիր: Տպագրված նյութերը շարունակելու են հետաքրքրել նաև տասնամյակներ անց»: Անդրադառնալով Վ. Պետրոսյանին՝ նրան համարեց մեծագույն խմբագիր, որը գրական նախանձախնդրությունը երբեք չվերածեց գրական նախանձի: Մ. Տեր-Գուլանյանի հավաստմամբ՝ Վ. Պետրոսյանը սիրում էր անսովոր հայացք ունեցողներին և տպագրում էր երիտասարդներին, եթե տաղանդ ունեին: «Նա մեծ խմբագիր էր ու քաջ մարդ, որովհետև այդ շրջանում հրատարակել «Գարունի» նման ամսագիր, անհնարին էր պատկերացնել»,- ասաց Մ. Տեր-Գուլանյանը և հավելեց, որ 90-ականներին Արցախյան շարժմանը ոտքի կանգնեց «Գարունի» սերունդը, «Գարուն» կարդացած երիտասարդությունը:
Էդվարդ Միլիտոնյանը, վստահեցնելով, որ «Գարուն» ամսագիրը պատմական թռիչքներ է ունեցել Վ. Պետրոսյանի շնորհիվ, նրան բնորոշեց որպես և՛ «Գարունում», և՛ «Պիոներ Կանչում» խմբագրի, հետո նաև ԳՄ-ի նախագահ եղած ժամանակ բոլոր ասպարեզներում մարդկայինը, լավը, գեղեցիկը, տաղանդավորը փնտրող, սուր աչք ունեցող, գնահատող, արագ կազմակերպող մարդու: «Գարուն» ամսագիրը ոչ միայն գեղարվեստական, այլև հասարակական, քաղաքական, գիտական, հրապարակախոսական հանդես էր՝ բոլոր թևերով աշխատում էր»,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ հավելելով, որ հայրենասիրական գաղափարների արծարծման արժեքը ուներ «Գարունը»:
Գրիգոր Ջանիկյանը, պատմելով «Գարունի» 1-ին համարի տպագրության մասին, վստահեցրեց, որ «Գարունը» համահայկական համբավի հասավ Վ. Պետրոսյանի բացառիկ տաղանդի, հատկապես հրապարակախոսության շնորհիվ: «Գարունը» ստեղծեց բանաստեղծների մի հրաշալի սերունդ, որն այսօր մնայուն արժեք է հայ գրականության մեջ, նույնը վերաբերում է արձակին, թարգմանական արվեստին, հրապարակագրությանը»,- ընդգծեց նա:
Դավիթ Գասպարյանը, բարձր գնահատելով Վ. Պետրոսյանի տեղն ու դերը ազգային-հանրային կյանքում, և հատկապես գրական միջավայրը, որ ստեղծել էր «Գարունը», ասաց. «Սուտ, ակադեմիական սառը, չոր բաներից հետո «Գարունը» կյանք էր տալիս, կյանք էր բերում և կյանքի մեջ էր քեզ պահում, մարդկային կյանք կար, կենդանի միջավայր, որտեղ ստեղծվում էին արժեքներ»: Դ.Գասպարյանի կարծիքով՝ Վ. Պետրոսյանի մարդկային կերպարը լավագույնս արտահայտված է նրա «Հայկական էսքիզներ» գործի մեջ:
Ըստ Ռոլանդ Շառոյանի՝ Վ. Պետրոսյանը կարողանում էր գրական աշխարհը հավաքել, մեկտեղ բերել և այդ առումով շատ մեծ հոգևոր, մշակութային ներդրում ունի մեր ժողովրդի գրական աշխարհի մեջ:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ