«Գ.Թ.» – Ինչպե՞ս կգնահատեք անցնող տարվա գրական հունձքը:
Էդ. Միլիտոնյան – Տարվա կատարված աշխատանքների մասին խոսում են թվերը: 2017 թվականը ՀԳՄ-ի համար եղել է տարողունակ տարի` հագեցած տարբեր բնույթի շուրջ 200 միջոցառումներով` գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, հոբելյանների նշում, քննարկումներ, տարբեր նախարարությունների, գրադարանների, դպրոցների, ինստիտուտների հետ աշխատանքներ, համագործակցություն Պաշտպանության, Սփյուռքի, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների հետ, տարվա ընթացքում կազմակերպված 11 մրցանակաբաշխություն, որոնցից երկուսը` երիտասարդական: Արա Աբրահամյանի «21-րդ դար. գրականություն» մրցանակաբաշխության մեջ նույնպես հատուկ անվանակարգ է ընդգրկվել, երիտասարդների համար անվանակարգ ունի նաև ՀՀ նախագահի մրցանակաբաշխությունը: Յուրաքանչյուր տարի հունիսին Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպվում է երիտասարդ գրողների եռօրյա խորհրդակցություն, հրավիրվում են նաև ավագ գրողներ, որոնք վարպետության դասեր են անցկացնում, լինում են արձակի և պոեզիայի քննարկումներ, նոր գրքերի շնորհանդեսներ: Վերջերս Գրականության ինստիտուտի հետ համատեղ, նաև տարբեր համալսարանների բանասիրական ֆակուլտետների մասնակցությամբ կազմակերպվեց երիտասարդ գրականագետների համաժողով: Որոշվեց սահմանել երիտասարդ գրականագետի մրցանակ, որը անպայմանորեն պիտի արտացոլի ժամանակակից գրականության երևույթները:
Միությունն իր ամենօրյա աշխատանքներում ուշադրություն է դարձնում ոչ միայն ստեղծագործական, այլև սոցիալական հարցերին: ՀԳՄ անդամներն անվճար հանգստանում են Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներում. սա եզակի երևույթ է: ԳՄ-ն ոչ միայն ժամանակակից գրողների հարցերով է զբաղվում: Դասական գրողների հոբելյանների, ստեղծագործությունների տարածման ու քննարկման վերաբերյալ նույնպես բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում, հոբելյաններ ենք նշում: Տարվա մեջ կան օրեր, որոնք այլևս ամրագրված են օրացույցում. դրանք ավանդական գրական օրերն են` Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, որն արդեն տասը տարի նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Մարտին անցկացվում է Մանկապատանեկան գրքի շաբաթը, որի մեկնարկը տրվում է հանրապետության մարզերից որևէ մեկում, իսկ փակումը` Երևանում` Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Մեկ շաբաթ շարունակ հանրապետության տարբեր գյուղերի և քաղաքների դպրոցներում կազմակերպվում են հանդիպումներ գրողների հետ: Մայիսի վերջին Վրաստանի գրողների հետ նշում ենք սայաթնովյան «Վարդատոնը», որը երկու ժողովուրդների հարգանքի ու սիրո տուրքն է մեծ բանաստեղծ Սայաթ-Նովային: Հունիսին նշվում է Պարույր Սևակի հիշատակի օրը, հուլիսին, Գանձայում, Վրաստանի գրողների հետ նշվում է Վահան Տերյանի ծննդյան օրը: Օգոստոսին ավարտին հասցվեցին Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան նորոգման աշխատանքները: Այն լինելու է թանգարան, մշակութային կենտրոն, հանդիպումների վայր, ինչպես եղել է գրողի կենդանության օրոք: Նշվել է Չարենցի ծննդյան 120-ամյակը և մահվան 80-րդ տարելիցը:
Ուզում եմ անպայմանորեն նշել այն կարևոր քննարկումները, որոնք համահայկական լուրջ նշանակություն են ունեցել: Առաջինը Սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների համաժողովն է, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-12-ը: 15 երկրից ժամանած 46 գրողներ չորս օրերի ընթացքում քննարկեցին բազմաթիվ օրախնդիր հարցեր: Այս համաժողովը ինչ-որ առումով լրացրեց սեպտեմբերին կազմակերպված Հայաստան-Սփյուռք համաժողովին, որին հումանիտար կողմը բավարար ներկայացված չէր: Առաջիկայում կհրատարակվի ժողովածու, որտեղ կամփոփվեն մասնակիցների ելույթները, ստեղծագործությունները: Նշեմ, որ համաժողովները կազմակերպվում են ՀԳՄ ջանքերով և Համաշխարհային հայկական կոնգրեսի աջակցությամբ` ի դեմս Արա Աբրահամյանի: Այս տարի համաժողովի անցկացման աշխատանքներին մասնակցեցին մի շարք այլ կազմակերպություններ ևս, այսինքն` մեր համաժողովներն իրենց վրա են սևեռում տարբեր միությունների ուշադրությունը: Ծրագրել ենք ընդլայնել և համաժողով անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:
Կուզենայի առանձնացնել թարգմանության վերաբերյալ լիանիստը, որի ընթացքում քննարկվեցին, արծարծվեցին թարգմանական գրականությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, գնահատվեցին լավ թարգմանիչների գործերը: Թարգմանական գրականությանն է նվիրված Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հետ համատեղ կազմակերպվող ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը:
Մենք համագործակցում ենք ստեղծագործական միությունների հետ: Ճարտարապետների միության հետ ընթացքի մեջ է մի ծրագիր, որը նպաստում է Գրողների միության Սևանի ստեղծագործական տան` որպես ճարտարապետական կառույցի հանրահռչակմանը: 20-ական թվականներից հետո սկիզբ առած և 30-ականներին կառուցված հիմնական կառույցը և ճաշարանի շենքը, որպես մոդեռն ճարտարապետության նմուշ, արդեն համաշխարհային ճանաչում են ձեռք բերել: Գարնանից մի քանի միջազգային խորհրդակցություններ են անցկացվել Ֆինլանդիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանած ճարտարապետների մասնակցությամբ:
Թարգմանական ծրագրեր են իրագործվում տարբեր երկրների հետ: Եկող տարի ծրագրված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գերմաներեն հրատարակումը Գերմանիայում: Հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին թարգմանիչը` Գերմանիայում հայտնի բանաստեղծ Վիլհելմ Բարչը, կլինի Հայաստանում: Ի դեպ, Գրողների միությունը երկարամյա աշխատանքային փորձ ունի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ֆրիդրիխ Բոդեգեր գրական կազմակերպության հետ: Թարգմանվել և հրատարակվել են ժամանակակից հայ պոեզիային, արձակին նվիրված գրքեր, եղեռնազոհ գրողների անթոլոգիան:
Հատուկ ծրագրեր կան Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ռուսաստանի հետ: Կապերն ընդլայնվում են (Չինաստան, Վիետնամ), որոնք էլ դառնում են ստեղծագործական խթան: Հայ գրողների գործերը հրատարակվում են այլ երկրներում:
Գալիք տարվա ծրագրերից կարևորում եմ Ծաղկաձորում հունիսին կազմակերպվելիք երիտասարդ գրողների համաժողովը, որը պիտի միջազգայնացնենք և հրավիրենք տարբեր երկրներից հայագիր և օտարագիր հայ երիտասարդ գրողների: Կազմակերպեցինք գրական մարաթոն:
Արա Աբրահամյանի և ստեղծագործական միությունների նախագահների հետ ծրագրել ենք սեպտեմբերին մշակույթի գործիչների համաժողով անցկացնել Հայաստանում: Սա եղել է ՀԳՄ-ի առաջարկը, որն ընդունվել է Արա Աբրահամյանի կողմից: Փորձելու ենք մշակույթի զարգացմանը նպաստող հիմնադրամ ստեղծել:
Գրական կյանքի անբաղդատելի մասն է կազմում գրական մամուլը` «Գրական թերթը», «Գրեթերթը», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա», «Արտասահմանյան գրականություն», «Ցոլքեր» ամսագրերը:
«Գ.Թ.» – Անցնող տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձությունը:
Էդ. Մ. – ԵՄ համաձայնագրի ստորագրումն է: Եվրոպայի և Ասիայի, ինչպես նաև հարևան պետությունների հետ աշխատանքներում, իսկապես, պետք է ճկուն գործելակերպ որդեգրենք: Առաջնահերթը մեր ժողովրդի անվտանգության խնդիրն է:
«Գ.Թ.» – Անցնող տարվա ամենակարևոր մշակութային իրադարձությունը:
Էդ. Մ. – Մշակութային կարևոր իրադարձություն համարում եմ Սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների համաժողովը, ինչպես նաև Հայաստանում իրագործված միջազգային «Տրիենալե» մշակութային միջոցառումը, ոը ճարտարապետական մտքին է առնչվում: Երեք միջոցառումներից մեկը նվիրված էր Սևանի ստեղծագործական տան ճարտարապետությանը, որն այսօր համաշխարհային ճանաչում է ձեռք բերում:
«Գ.Թ.» – Անցնող տարում ստեղծագործական կյանքում ամենակարևոր իրադարձությունը:
Էդ.Մ. – Իմ մանկապատանեկան գրականությունը Հանս Քրիստիան Անդերսեն մրցանակաբաշխության վերջնական ցանկում է: Ներկայացվել է միջազգային կազմակերպության հայաստանյան բաժանմունքի կողմից և հայտնվել է հավակնորդների վերջնական ցանկում: Ընթանում են քննարկումներ: Շուրջ 60 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի անունը հնչեց միջազգային ասպարեզում: Նրանց կայքում ներկայացված է իմ ստեղծագործական ճանապարհը, գրքերի, աշխատանքային գործունեության մասին տեղեկատվություն: Նաև բելառուսական «Սոզվուչիե» կայքում առանձին նախագծով ներկայացված է իմ ստեղծագործական գործունեությունը:
Այս տարի հրատարակվել են «Հնարամիտ բադի ճամփորդությունը» պարսկերեն` «Սակու» հրատարակչության կողմից, «Մարդը և կրկեսը» բանաստեղծությունների ժողովածուն վրացերեն, ինչպես նաև «Մի բուռ խոսք» բանաստեղծությունների և «Քարկապ» արձակ ստեղծագործությունների ժողովածուները հայերեն: