ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ԳրականագետներՕրեր առաջ Տավուշի մարզի Կողբ գյուղի Զիկատար կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ գրականագետների հանրապետական եռօրյա գիտաժողով, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Հայաստանի գրողների միությունը:
Գիտաժողովին ներկա էին ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, գրականագետ Զավեն Ավետիսյանը, գրականագետ Վարդան Դևրիկյանը, արձակագիր, գրաքննադատ Հրաչյա Սարիբեկյանը, գրականագետ Վաչիկ Ղազարյանը, ՀԳՄ Տավուշի մարզային կառույցի ղեկավար, գրող Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ Զավեն Պետրոսյանը, ինչպես նաև մարզի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ, աշակերտներ:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց շատ կարևոր փաստ, որ գիտաժողովի մասնակիցները երիտասարդներն են, քանի որ այժմ ելույթ են ունենում նրանք, ովքեր փոխարինելու են ներկայիս ավագ սերնդին. «Գրականությունն այն ոլորտն է, որը որքան էլ ուսումնասիրես, անվերջ նորը կարող ես գտնել, իսկ երիտասարդները կարողանում են նոր շնչով նորը բացահայտել»:
Գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը նշեց, որ երիտասարդ գրականագետների համար լավ ցատկահարթակ են նման գիտաժողովները, քանի որ նրանք իրենց գիտելիքները և ձեռքբերումները ստուգում են կոնկրետ միջավայրում, փորձարկվում և կոփվում են վիճարկման մեջ: Ըստ նրա՝ բնության գրկում լինելն էլ իր հերթին նպաստում է, որ կտրվենք առօրյայից. միտքն ավելի թարմ է լինում, ընկալումը` սրվում:
«Գիտաժողովի առավելություններից մեկն էլ այն էր, որ մենք փորձեցինք մեր թեմատիկ սահմանափակությունը հաղթահարել. թեմաների ընտրությունը բազմազան էր` արտասահմանյան, սփյուռքահայ, ժամանակակից գրականությունից մինչև հրապարակախոսություն: Բավական հետաքրքրական զեկուցումներ լսեցի,- ասաց Սարիբեկյանը և հավելեց,- մյուս կողմից, պետք է նշել, որ մասնակիցների տեսական պատրաստվածու­թյունը մի քիչ թույլ էր: Գիտաժողովներին զեկուցումները շատ գիտական էլ չպետք է լինեն, քանի որ դրանք մտքի լարվածություն են պահանջում և երբեմն անցնում են մեր ընկալման շեմը»:
Բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանն առաջին հերթին կարևորեց գիտաժողովը մարզում անցկացնելու փաստը, քանի որ մայրաքաղաքում կենտրոնացումն իր բացասական հետևանքներն է ունենում. «Մարզերը չպետք է առանձնացնել. մեր օրերում, երբ հաշված գրախանութներ ունենք, երբ գիրքը չի հասնում ընթերցողին, գոնե գրական մթնոլորտ ստեղծելու համար նման գիտաժողովներ իրականացնելը շատ կարևոր է: Գրականագիտությունը փակ գիտություն չէ, այն պետք է ժողովրդին հասնի, այս դեպքում` երիտասարդների միջոցով»:
Նոյեմբերյանի հիմնական դպրոցի գրականության ուսուցչուհի Ալիսա Հակոբյանը կարծում է, որ գրականությունը հեռացել է իրականությունից, երիտասարդները քիչ են ընթերցում, քանի որ շատերի համար ինտերնետի ընձեռած հնարավորությունները նորույթ են:
«Երեխաները նախընտրում են այն, ինչ անմիջական կապ ունի արտաքին աշխարհի հետ, իսկ ինտերնետը լայն հնարավորություններ է տալիս ինֆորմացիա ստանալու և գայթակղում է շատերին: Սակայն մենք հաճելի զարմանք ապրեցինք, երբ տեսանք, որ մեր երիտասարդները հետաքրքրվում են գրականությամբ, ավելին, նրանք խորությամբ ուսումնասիրել են այն թեմաները, որոնց մասին զեկույց են ներկայացնում: Ողջունելի է, որ շեշտը դրվել է հենց երիտասարդների վրա, որոնք այսօր արդարացրին մեր սպասելիքները»,- ասաց Հակոբյանը:
Նույն դպրոցի գրականության ուսուցչուհի Արմինե Բաղրամյանը նշեց, որ գլոբալիզացիայի դարաշրջանում խիստ կարևոր է այն փաստը, որ հենց երիտասարդներն են զբաղվում գրականագիտու­թյամբ:
Ըստ նրա՝ երեխաները, երիտասարդները կարիք ունեն համացանցից կտրվելու և գրքի աշխարհով ապրելու. «Իսահակյանի կանխորոշած հոգու սովն այժմ եկել է. դժվար է երեխաներին գրական մթնոլորտում պահել: Կուզեի, որ հանդիպումներ լինեին մեր աշակերտների և երիտասարդ գրականագետների միջև, և նրանք իրենց օրինակով և իրենց փորձով կիսվեին աշակերտների հետ»:
Գիտաժողովին իրենց զեկույցներով հանդես եկան շուրջ տասնհինգ գրականագետներ: Գիտաժողովին գրականագետների ընտրած թեմաներն ուշագրավ էին և հետաքրքիր` «Թումանյանը Խաքանիի քառյակների թարգմանիչ» /Ա.Եղիազարյան/, «Երկու վեպ, երկու հայացք. Չարենց և Շահնուր» /Ա.Առաքելյան/, «Եղիշե Չարենց-Գարսիա Լորկա. գրական առնչություններ» /Ն.Սուքիասյան/, «Գեղարվեստական ժամանակի և տարածության ձևերը Համաստեղի արձակում» /Լ. Թունյան/, «Ավ. Իսահակյանի արձակ և չափածո լեգենդները» /Հ. Վանյան/, «Նագիբ Մահֆուզի «Հայելիներ» վեպի առանձնահատկությունները» /Տ. Հարությունյան/, «Մտքի երկրորդ կողմը Հենրիկ Էդոյանի «Քայլեր և ստվերներ» ժողովածուում» /Կ. Հարությունյան/, «Ճշգրիտ երևակայու­թյուն. Էդգար Պոյի «Տրամաբանական» նովելը» /Ա. Գալստյան/, «Հայրենիքի ընկալման նորօրյա երանգները իրանահայ ժամանակակից պոեզիայում» /Լ. Գևորգյան/, «Սամվել Բեգլարյան. ստեղծագործական ակնարկ» /Ա. Հասանյան/, «Մաթևոսյանի և Շուկշինի գրական առնչու­թյունները» /Ու. Կոստանյան/, «Կնոջ կերպարը Վ. Շուշանյանի պոեզիայում» /Լ. Ասլանյան/, «Պահքի շրջանի առակների մեկնությունը» /Հ. Բեյլերյան/, «Արցախյան ազատամարտը Զորի Բալայանի երկերում» /Մ. Մկրտչյան/, «Սերո Խանզադյանի «Կորած արահետներ» պատմվածաշարը» /Վ. Աղաբաբյան/:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։