Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

1. Իմ գրչընկերներից շատերի ոգևորությունը ԵՄ – ՀՀ համաձայնագրի ստորագրման առիթով, ցավոք, չեմ կիսում: Նախ` ռուսական նժարի ծանրությունը ի չիք է դարձնում ցանկացած եվրոպական հեռանկար: Երկրորդ` համաձայնագրում տեղ գտած բոլոր կետերն արդեն ու վաղուց ամրագրված են երկկողմանի հաստատված տարատեսակ փաստաթղթերում, նույն վիճակն է պարտավորությունների մասով: Մնում է սփոփվել մինչև 2020 թվականը մեզ խոստացվող, եթե չեմ սխալվում, մոտ 150 միլիոն եվրոյով, որ կստանանք որպես օգնություն ու գուցե (մեկ էլ տեսար) ճողոպրենք դեֆոլտից…
Ինձ համար ամենակարևոր քաղաքական իրադարձությունը ամեն օր երկրի անվտանգության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի զարգացման համար թեկուզ փոքրիկ, բայց դեպի առաջ միտված քայլն անելու քաղաքական կամքն է:

2. Երևանում Տիկնիկների պատկերասրահի բացումը և օգոստոսյան թեժ մի օր Կարապի լճում ժամանակակից քանդակագործ Աշոտ Հարությունյանի ինքնատիպ քանդակների ներկայացումը: Քաղաքը մայրաքաղաք է դառնում նաև այսպիսի մշակութային իրադարձություններով:

3. «Վերադառնում եմ, մոռացեք…», «Հրավիրված եք ծնունդի՞» (Հայաստան), «Թոռնիկ պատվիրե՞լ եք» (Թեհրան, Ազգային թատրոն, բեմ.` Բեհզադ Սեդիղի), «Ֆրիդա» (Լոս Անջելես, բեմ.` Ա. Ստեփանյանի, Ֆրիդայի դերում` մեքսիկուհի Ալեհանդրա Մեհուդո), «Սիրային քառանկյունի» (Ուլյանովսկի Գոնչարովի անվան դրամատիկական թատրոն) պիեսներիս պրեմիերաները: Ի դեպ, Գոնչարովի թատրոնը այդ ներկայացումով էր մեկնել Իսրայել` միջազգային փառատոնի և հյուրախաղերի` 5 քաղաքներում: Բոլոր արձագանքների մասին` համացանցում…
Բայց 2017 թվականի անակնկալը հեռավոր Ուրուգվայում ապրող թարգմանիչ Ալբերտո Գուարնիերին էր, ով համացանցում կարդացել էր պիեսներս և սկսել թարգմանել: Ինչն է ինձ ոգևորում` Ա. Գուարնիերին վստահեցնում է, որ պիեսներիս և՛ սյուժեները, և՛ հերոսները այնքան հասկանալի ու հոգեհարազատ են, ասես գրվել են օվկիանոսից այն կողմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։