ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՄԵՂԱՎՈՐ

2024 թ. հոկտեմբերի 6-ին Հանրային հեռուստատեսության լրատվական թողարկման ռեպորտաժներից մեկում կրկին անդրադարձ եղավ Հայաստանի 27000 շենք-շինությունների սեփականության իրավունքին ու դրանց պետականացման խնդրին։ Ռեպորտաժում կարծիք են հայտնել դատախազության ներկայացուցիչը, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահը և Նկարիչների միության փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Շահառուներից ոչ մեկը՝ ո՛չ կադաստրի կոմիտեն, ո՛չ ստեղծագործական միությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, չեն ընդգրկվել այդ թողարկման մեջ, և մենք մեզ թույլ ենք տալիս ասել, որ դա միակողմանի ու միտումնավոր մոտեցում էր, դատական պրոցեսի վրա ազդող միջոց։ Այն տպավորությունն էր, որ Ազգային ժողովի օրենքի նախագիծը օրենքի ուժ է ստացել, դատերն արդեն ավարտվել են, մեղավորները՝ պատժվել։
Ի դեպ, սեպտեմբերի 24-ին Նկարիչների միության դահլիճում տեղի ունեցած մամուլի ասուլիսում քննարկման էր դրված ստեղծագործական միությունների և մի շարք հասարակական կազմակերպությունների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի պետականացման մասին ՀՀ դատական մարմինների որոշումը։ Եվ այդ ասուլիսը չի լուսաբանել Հանրային հեռուստատեսությունը։
Հոկտեմբերի 6-ի Հանրայինի լրատվականի թողարկման մեջ հնչեց անհասկանալի մի լուր. իբր ստեղծագործական միություններն ու հասարակական կազմակերպությունները ֆինանսավորվում են պետության կողմից, և խոսքը միլիոնների հասնող գումարների մասին է։ Մեր պարտքն ենք համարում հիշեցնել՝ ստեղծագործական միություններին, ՀՀ անկախացումից հետո, պետության կողմից ֆինանսավորման որևէ ձևաչափ չի եղել, և այդ միությունները իրենց գոյությունը պահել, շենքերի պահպանման խնդիրները լուծել են սեփական միջոցներով և հովանավորների օժանդակությամբ՝ միշտ գտնվելով հարկային դաշտում։ Իսկ սովետմիության տարիներին յուրաքանչյուր գրողի գրքի հոնորարներից միութենական և մշակութային այլ հիմնադրամներ են փոխանցվել տոկոսներ, որոնց շնորհիվ էլ կառուցվել, նորոգվել են ստեղծագործական միություններին պատկանող շենքերն ու շինությունները։
Այդ ռեպորտաժում խոսվեց նաև ՀԳՄ շենքում գործող «Բոհեմ» թատրոնի և «գիշերային ակումբների» մասին։
Կրկին փոքրիկ հիշեցում. «Բոհեմը» մշակութային օջախ է, այնտեղ բեմադրվում են նաև ժամանակակից ու դասական գրողների ստեղծագործություններ։ Ի միջի այլոց, անկախացման առաջին տարիներից սկսյալ՝ մեր դահլիճը վարձակալությամբ տրվել է նաև այլ թատրոնների։
Ինչ մնում է «գիշերային ակումբներին», դրանցից մեկը, դեռ սովետմիության ժամանակներից, գործել է իբրև սրճարան և հասարակական սննդի կետ։ Իսկ մյուսը առնետներից մաքրված, նորոգված, նկուղային հարկում գտնվող հասարակական ակումբ է։ Հավելենք, որ վերջին 24 տարում ՀԳՄ գույքից ոչինչ չի վաճառվել, և վերջերս տեղի ունեցած ՀԳՄ համաժողովում կայացվել է որոշում, որ ՀԳՄ անշարժ գույքը վաճառքի ենթակա չէ, բնականաբար, սեփականության իրավունքի գոյության պայմաններում։ Այս հարցի շուրջ ակնհայտ են պետական տարբեր օղակների միտումնավոր որոշումներն ու մոտեցումները, որոնց, ցավոք, տուրք է տալիս նաև Հանրային կոչվող հեռուստատեսությունը, որը սնվում է նաև մեր հարկերով։ Համոզված ենք, որ ստեղագործական միություններն ու հասարակական կազմակերպությունները Հանրայինի այդ ռեպորտաժից հետո նույն զգացումն են ունեցել։
Մենք հաստատում ենք մեր փաստաբանների կարծիքը, որը հնչել է տարբեր ասուլիսներում, Ազգային ժողովում և լրատվամիջոցներով. ստեղծագործական միությունների շենքերը երբեք պետական գրանցում չեն ունեցել։
Եվ ամենաանհասկանալին. պարզվում է, որ 25 տարի անց պետությունն ինքն իրեն ճանաչում է մեղավոր և պատժի արժան։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։