ԳԻՏՑԵ՛Ք, ԱՌԱՆՑ ԱՐՄԱՏ, ԾԱՌ ՉԻ ԼԻՆՈՒՄ… / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

 

…Ու թե Թումանյանը ողջ լիներ, սպիտակ դրոշը ձեռքին բռնած՝ կմոտենար ոչ թե հայ թուրքական դիրքերին, ինչը որ արեց 1915-16 թվականներին պատերազմը դադարեցնելու նպատակով, այլ՝ երևի 2024 թվականի սեպտեմբերի 24-ին անսպասելի կմտներ Հայաստանի նկարիչների միության դահլիճ ու երեք օր անց էլ, իր իսկ պատմվածքի հերոս Գիքորի ձեռքից բռնած, որպես ներկա օրերի մտավորականների ապրելակերպի սոցիալական խորհրդանիշ ու վկա՝ քափ-քրտինք մտած բանաստեղծ մարգարեն կմտներ ՀՀ Ազգային ժողովի դահլիճ, ուր հազարամյա դեգերումներից փրկված ստեղծագործական միությունների տանջահար ներկայացուցիչներին փորձում էին համոզել, որ նրանք իրենց  միությունների անուններով սեփականաշնորհված տները պետք է հանձնեն պետությանը… Նա անպայման կմտներ, սակայն Մեծ լոռեցուն այնպես կթվար, որ վատ երազ է տեսնում, և եթե դահլիճից շտապ դուրս չհանեին, ուշաթափվելու էր… Որովհետև գրողին իր տնից հանելը վատ նշան է, հիշո՞ւմ եք, Դանիել Վարուժանին, Ռուբեն Սևակին, Գրիգոր Զոհրապին, տնից որ հանեցին, ինչ եղավ, նրանց գրիչը սառեց… Իսկ երգիչ, երգահան Կոմիտասին հո չե՞ք մոռացել… Անցնենք առաջ ու ասենք, որ գրողները, նկարիչները, կոմպոզիտորներն ու մյուս արվեստագետները ազգի այն շաղախն են, որոնք եղել և մնում են որպես ազգի հոգևոր զարգացման, նրա դարավոր գոյատևման ու առաջընթացի, ազգի ինքնահաստատման ու ինքնության այն բարձրագույն արժեքը, որի համար կենսագրություն չունեցող ազգերը հազարամյակներ անց ու մինչև օրս պատերազմներ են մղում, քանզի եթե չկա մշակույթ, չի լինելու ազգը, այն կդառնա գաղութարարների կերակուր, պարզապես «գոյ», ինչպես հաճախ շեշտադրում են հրեաները: Պարոնայք, ձեզ հիշեցնեմ  Անգլիայի վարչապետ Չերչիլի հանրահայտ ու բազմիցս նաև «Գրական թերթում» մեջբերված խոսքերը. երբ նրան հարցնում են, թե ինչու մշակույթի ոլորտին հատկացրած տարեկան գումարներն ավելի մեծ են, քան ռազմական ոլորտինը, նա պատասխանում է. «Եթե չենք ֆինանսավորում մշակույթը, էլ ինչո՞ւ ենք պատերազմում»:
Մշակույթի գործիչները, հատկապես  գրողները, ազգային գաղափարների տարածման առաջին նահատակներն են մշտապես եղել, նաև՝ առաջին փառքն ու պատիվը: Հիշեք Չարենցին, որի գերեզմանը մինչ օրս գաղտնի են պահում, որ հայ ոգու սրբավայր չդառնա շիրիմը: Հիշեք Ակսել Բակունցին ու մյուսներին, իսկ մեր օրերի արձակագիր Սպարապետին ի՞նչ դաժանությամբ սպանեցին, գիտե՞ք՝ ինչո՛ւ. որպեսզի ազգը նրանց ոգու հերոսականությունը չժառանգեր և մշտապես մնար գաղութահպատակ, ինչին այսօր ձգտում են նորօրյա զավթիչները: Կարեն Դեմիրճյանի և Վարդգես Պետրոսյանի մտերմությունը մեզ «Գարուն» ամսագիր բերեց, որը դարձավ հայ երիտասարդության հայրենասիրության առաջնորդող ջահ, ստեղծագործական ազատ մտքի փառահեղ հաղթանակներ պարգևեց մեզ: Իսկ Գրողների տունը սրբավայր է եղել մեր տաղանդավոր նախնիների համար և այսօր էլ`  մեզ  համար: Եթե  կան շտկելիքներ, իսկ որտե՞ղ դրանք չկան, ինչու չշտկենք միացյալ ջանքերով…
Համոզված եմ, նույն ողբերգությունը կապրեին Արամ Խաչատրյանն ու Առնո Բաբաջանյանը, ինչն այսօր զգում են նկարիչներ Հրանտ Թաթոսն ու Հաղթանակ Շահումյանը… բոլորը: Ի՞նչ է սա՝ մշակույթի արժեզրկո՞ւմ, թե՞ հիշողության կորստի դանդաղ  ու ավերիչ ձեռագիր, որն ազգին տանելու է բարոյալքման ու կորստի, որովհետև, հազար անգամ կրկնեմ, չկա մշակույթ, չկա ազգ: Այո, ոչ ոք դեմ չէ բարեփոխումներին, սակայն ո՛չ արժեզրկումների հաշվին: Եթե գրողը զգաց, որ օտարված է իր հայրենիքում, նրա գիրը չի թաթախվի ազգի ցավի և առաջընթացների ավազանը, նրա զարկերակը չի բաբախի ո՛չ իր և ո՛չ էլ Հայրենիքի համար:
Ձեր երազների թռիչքները կանգառներ պետք է ունենան: Ազգը հոսող գետ է, որը փրփրելուց ափ է հանելու խորքի մրուրը: Հեռու մնացեք  հայ մշակույթից, ձեզ մի՛ հանեք ձեր դեմ: Մշակույթը իրենով իսկ հայոց ազգն է, հարգենք մեր անցյալը, որ կարողանանք ապահովել ապագան: Գիտցեք` առանց արմատ ծառ չի՛ լինում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։