Խ. Աբովյանի անվ. Մանկավարժական համալսարանում կայացավ Տիգրան ՊետրոսՅանցի «Հայաստան, իմ սեր» գրքի շնորհանդեսը: Այն նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Շնորհանդեսի նախաձեռնողը համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն էր: «Այս գրքում զարմանալի հայի հետագիծն է ուղենշված՝ Մաշտոցից մինչև 21-րդ դար, Այբ-ից, որը նշխար է, մինչև մերօրյա հիշողություններ, որոնք կտակ են ու աղոթք, իսկ ամեն մի բանաստեղծական տող լույս է ու ջերմություն»,- իր խոսքում նշեց բանասիրական ֆակուլտետի դեկան, դոցենտ Աշոտ Գալստյանը: Պրոֆեսոր Ա. Դոլուխանյանը, ներկայացնելով ժողովածուն, մասնավորապես ասաց. «Հեղինակը հայրենիքի նվիրյալ է, մեր ազգային ճակատագրի քաջատեղյակ տարեգիր… Ինչպես Մարտիրոս Սարյանը Հայաստանը ներկայացնում է իմպրեսիոնիստական ներկապնակով, այնպես էլ ՊետրոսՅանցի համար սպիտակ հագած Հայաստանը հարս է, կանաչագույն Հայաստանը՝ սեր պարգևող կին, իսկ ոսկեգույնը՝ սիրառատ տատիկ»: Տ. ՊետրոսՅանցին շնորհավորեցին մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մնացական Մանուկյանը, ֆակուլտետի մագիստրոս Էդգար Ապրեսյանը, ուսանողներ Անի Ղալաչյանը և Կարինե Հովհաննիսյանը ասմունքեցին բանաստեղծի բանաստեղծություններից, իսկ նրա հեղինակած «Զորավար» երգը կատարեց Լիլիթ Համբարձումյանը: Գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը Տ. ՊետրոսՅանցին պարգևատրեց «Տիգրան Մեծ» շքանշանով: Շնորհակալական խոսքով շնորհանդեսը եզրափակեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ