Ցավակացական խոսքեր, հեռագրեր

Անանյան-2ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀ  ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում:
Խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին և գրական հանրությանը, որին նա ծառայեց մեծ նվիրումով ու եռանդով»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱԺ նախագահի հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի անժամանակ մահվան մասին:
Լևոն Անանյանն անուրանալի հետք է թողել ժամանակակից հայ գրականության և լրագրության մեջ թե՛ որպես արձակագիր ու հրապարակախոս, թե՛ որպես «Գարուն » ամսագրի երկարամյա գլխավոր խմբագիր: Նրա հիմնադրած «Ապոլոն» հրատարակչության միջոցով հայ ընթերցողին հասանելի դարձան համաշխարհային գրականության գլուխգործոցները: Լևոն Անանյանի շնորհիվ Հայաստանի գրողների միության գործունեությունը բարձրացավ նոր մակարդակի, ավելի սերտ դարձան հայրենիքում և նրա սահմաններից դուրս ապրող ու ստեղծագործող հայ գրողների կապերը: Մինչև կյանքի վերջն էլ Լևոն Անանյանն ակտիվ գրական-հասարակական գործունեություն էր ծավալում և մեր հիշողության մեջ կմնա որպես երկրի ու հասարակության հոգսերով ապրող սկզբունքային մտավորական: ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Զաքարի Անանյանի վաղաժամ մահվան մասին:
Լևոն Անանյանը մեծ հայրենասեր էր և պատկանում էր հայ ժողովրդի այն զավակների շարքին, ովքեր անմնացորդ նվիրվել են հայրենիքին ծառայելու, նրա հոգսերով ապրելու, հարազատ երկիրը համայն աշխարհին ներկայացնելու պատվաբեր առաքելությանը:
Անգնահատելի է Լևոն Անանյանի ներդրումը հայ գրականության զարգացման գործում: Նրա բազմաթիվ արժեքավոր ստեղծագործություններն արդեն իսկ իրենց արժանի տեղն են զբաղեցրել հայ դասականների շարքում:
Լևոն Անանյանը մեծ հարգանք ու պատիվ է վայելում նաև Արցախում, որտեղ մեծ գրողին գիտեն որպես ազգային-ազատագրական պայքարի երախտավորի, ով ակտիվ աշխատանք է տարել միջազգային մշակութային շրջանակներում արցախյան հիմնախնդիրն արդարացիորեն ներկայացնելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում արիություն ու ոգու կորով: Լևոն Անանյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- ասված է հեռագրում:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Ցավով տեղեկացա Հայաստանի գրողների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան լուրը:
Աշխատանքային ու գրական գործունեության ընթացքում Լևոն Անանյանն իր զգալի ավանդն է բերել հայ գրականության, հրապարակախոսության ու լրագրության զարգացման գործում: Նա գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ: Լևոն Անանյանի հիմնադրած «Ապոլոն» հրատարակչության շնորհիվ էր, որ հայ ընթերցողը հնարավորություն ունեցավ առաջին անգամ մայրենի լեզվով ընթերցելու համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ»,- նշված էր ուղերձում:
Տարոն Մարգարյանը նշել է, որ Հայաստանի գրողների միությունը Լևոն Անանյանի ղեկավարության տարիներին համալրվել է բազմաթիվ երիտասարդ շնորհալի ստեղծագործողներով, ովքեր այսօր իրենց կայուն տեղն ունեն հայ գրական ու մշակութային կյանքում: Հարյուրավոր հայ լրագրողներ իրենց մասնագիտական հմտությունները ձեռք են բերել նաև Անանյան մանկավարժի շնորհիվ: «Լևոն Անանյանի մահը հիրավի մեծ կորուստ էր Հայաստանի ու Երևանի գրական-մշակութային կյանքում: Խոր վշտով ցավակցում եմ նրա ընտանիքին, բոլոր հարազատներին ու մտերիմներին»,- ասված է ուղերձում:

Լևոն Անանյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին,
Հայաստանի գրողների միությանը, մտավորականությանը

Սրտի անասելի կսկիծ ու ցավ եմ զգում: Եվս մեկ անդառնալի կորուստ…
Անհավատալի է, որ գրիչս պետք է վերցնեմ ու ցավակցական խոսք ասեմ մի մարդու մասին, որ դեռ երեկ մեզ հետ էր` իր բազում ծրագրերով, պահանջներով ու անսպառ եռանդով: Մարդ, որ իր գործի նվիրյալն էր, հետաքրքիր մտավորական, լավ ընկեր, որ իր ետևից թողեց երբևէ չլրացվող դատարկություն:
Լևոն Անանյանը, որպես իր ժողովրդի զավակ, անցավ բազմաթիվ փորձությունների միջով, բայց կարողացավ գրողի ու լրագրողի, հրապարակախոսի ու թարգմանչի ինքնատիպ հետագիծ կերտել: Նա անասելի, պաշտամունքի հասնող սեր էր տածում գրքի հանդեպ, սեր, որ իրականացրեց իր այն բոլոր նախագծերը, որոնք նպատակ ունեին բարձրացնելու հայ գրականության արժեքը, ճանաչելի դարձնելու աշխարհասփյուռ հայ գրողների ստեղծագործությունները, գրական մթնոլորտ ձևավորելու Հայաստանում:
Նա հաջողությամբ ղեկավարեց Գրողների միությունը, ձևավորեց ավանդույթներ, իր ակտիվ, ոգևորիչ բնավորությամբ Հայրենիքին կապեց սփյուռքահայ և օտարագիր հայ գրողներին, ովքեր, վստահ եմ, այսուհետ կզգան լավ գործընկերոջ ու բարեկամի բացակայությունը:
Խորն է յուրաքանչյուրիս ցավը… Համոզված եմ, որ Լևոն Անանյանի բարի անունն ու հիշատակը միշտ վառ է մնալու նրան ճանաչողների հիշողություններում: Նրա կորուստը ոչ միայն իր ընտանիքի, այլև մեր գրական աշխարհի կորուստն է:
Ընտանիքի անդամներին, հարազատներին, գրչակից ընկերներին մաղթում եմ ուժ և կամք` դիմագրավելու այս անպատմելի և խորը վշտին:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեծ ափսոսանքով տեղեկացանք Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի գրող Լևոն Անանյանի մահվան մասին:
Նա մշակութային, հասարակական ու ազգային խնդիրներով ապրող մտավորական էր, հանրային գործիչ, որն իր լուման է ներդրել Հայաստանի նորանկախ պետականության կայացման գործում:
Նրա կորուստը մեծ է ու անդառնալի ոչ միայն գրական-մշակութային, այլև հասարակական կյանքում:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։